Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան խորհրդավոր դրվագն իր ավետարանական կանոնիկ պատկերումով, բայց նաև նոր մոտիվներով, գեղարվեստական արտահայտության ինքնատիպ միջոցներով ու աստվածաբանական նորովի ընթերցմամբ ներկայացվում է Սուրբ Գրիգոր Նարեկացու Գանձարանում ու տաղերգության մեջ։ Իր գանձերում, փոխերում («Գանձ անապական, ծածկեալ Մեծութիւն ահաւոր», «Գոհաբանութիւն միշտ ի մէնջ՝ ըզմեզ Փըրկողիդ․․») և տաղերում («Էին աջոյ՝ Աջոյ ձեռին․․․», «Մեղեդի ծննդեան») Սուրբ Գրիգորը Սուրբ Ծննդի ու Աստվածահայտնության խորհուրդը մեկնաբանում ու ներկայացնում է հղում կատարելով ծննդյան ավետարանական պատկերին, հիշատակում գործող անձերն ու խորհրդանշանները, սակայն առավելապես կենտրոնանում է ծննդի նշանակությանը՝ որպես հոգևոր զարթոնք ու գարուն, որպես աստվածային մեծ նախախնամությամբ մարդկությանը տրված փրկության միակ ճանապարհ։ Ըստ այդմ էլ՝ ամբողջ տիեզերքը, բնությունն ու մարդիկ հետևելով հովիվներին ու մոգերին՝ պետք է երկրպագեն Աստվածային Սուրբ Երրորդությանն ու նաև Սուրբ Մարիամ Աստվածամորը, որի միջոցով մարդկությանը տրվեց այս մեծ օրհնությունը։ Այս սքանչելի ու խորախորհուրդ ստեղծագործություններում կենտրոնական նշանակություն ունի Սուրբ Մարիամ Աստվածածինը՝ որպես ծածկված անապական գանձ, որպես անաղարտ անոթ, որպես առագաստ, որը Քրիստոսի ծնունդով մասնակից դարձավ նոր աշխարհի կերտմանը։ Ըստ այդմ էլ՝ այս գործերը Տիրամոր յուրօրինակ գովքեր են, միաժամանակ նրա բարեխոսությունը հայցող աղոթքներ։ Դրանք հրավեր են բոլոր հավատացյալներին՝ բաց հոգով, անխախտ հավատով, ցնծությամբ ու խոնարհումով մոտենալ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդին ու Հայտնությանը, որը նոր կյանք, հոգևոր զարթոնք ու փրկություն է բերում։
Ներկայացնում ենք Սուրբ Գրիգոր Նարեկացու «Էին աջոյ՝ Աջոյ ձեռին․․․» սկսվածքով տաղի Փոխը («Յորդորակ Ծննդեան», «Տաղ քաղցրիկ») գրաբար և Հենրիկ Բախչինյանի աշխարհաբար փոխադրությամբ ու մեկնաբանություններով։
— Սեաւ եմ, գեղեցիկ,
Դուստր Եւայի Երուսաղէմ.
— Ահա նա՛, հարսն իմ ցանկալի՝
Սիրով կապեալ ընդ Փեսային։
— Նման է Եղբօրորդին իմ
այծեման, որթուց եղանց։
— Ահա նա՛, ձայն Եղբօրորդւոյն՝
խանդաղատեալ սիրով լըցեալ։
— Ե՛կ, իմ սիրելի՛
ե՛կ, մերձաւոր իմ Հարսնուհի։
Ահա նա՛, խայտայր․ — Խնձորով զիս պատեցէք,
տարեալ մուծէ՛ք ի տուն գինւոյ։
— Աչք իւր՝ աղաւնոյ․
շըրթունք՝ լար կարմիր՝ մանեակ՝ ոսկւոյ.
— Ահա նա՛՝ Լեառն կընդըրկի,
հոտ նարդոսի եւ զըմըռսի։
Գեղ էր գովելի,
Մանուկ՝ անհաս անժամանակ։
— Ահա նա՛՝ Լեառըն դիտարան,
Շուշան հովտաց, Ծաղիկ դաշտաց։
Դասք մարգարէիցն
երգեն ի ձայն բըլրին վերայ։
— Ահա նա՛՝ հին աւուրցն Աստուած,
է մանկացեալ, մարմին զգեցեալ:
Որդիք Սիօնի,
ելէ՛ք, տեսէ՛ք ի Բեթղէհէմ։
Ահա, ելէ՛ք դուք ի յայրին,
Երկիր պագէք թագաւորին։
Ընդ հովիւս երգեցէ՛ք,
եւ ընդ մոգուցն երկի՛ր պագէք։
Ահա՛ զոսկին Թագաւորին,
զխունկն՝ Աստուծոյ Հօր Միայնոյ:
որում փա՜ռք եւ գոհութիւն
եւ հանապազ փառատրութիւն
յաւիտեանս յաւիտենից․
Քրիստոս օրհնեալ ի համայնից։
ՓՈԽԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մեւ եմ, Եւայի գեղեցիկ դուստր Երուսաղէմն եմ:
- Ահա նա՛՝ ցանկալի Հարսը սիրով կապուած Փեսայի հետ:
- Եղբօրորդին այծեամների է նման, եղնիկի ձագերի։
- Ահա ձայնն իմ Եղբօրորդու` գորովալից սիրով լցուած։
- Եկ, իմ սիրելի, եկ, իմ մերձաւոր Հարսնուհի։
Ահա Հարսը խայտում էր.
- Խնձորով ինձ պատէք, տարե՛ք, գինետուն մտցրեք:
Հարսի աչքն աղաւնու էր, շրթունքը՝ կարմիր լար, մանեակը՝ ոսկէ։
- Ահա նա՛՝ Լեռը կնդրուկի, հոտաւէտ նարդոսի եւ զմուռսի:
Փեսան գեղեցիկ էր գովական, երիտասարդ էր՝ դեռահաս յաւիտենական։
- Ահա նա` Լեռը դիտարան, հովիտների Շուշանը, դաշտերի Ծաղիկը։
Այն բլուրի վրայ երգում են մարգարէների խմբերը:
- Ահա նա՛՝ հինաւուրց Աստուած, մանկացել է, մարմին է առել։
Որդիներ Սիօնի, ելե՛ք, տեսե՛ք նրան Բեթղէհէմում:
Ահա, ելե՛ք դուք դէպի այն այրը, երկրպագէ՛ք Թագաւորին։
Հովիւաների հետ երգե՛ք, մոգերի հետ երկրպագէք:
Ահա ոսկին Թագաւորի, խունկը՝ Հայր Աստծոյ Միակի, որին փա՜ռք եւ գուութիւն յաւիտնան
Քրիստոսն օրհնուած է բոլորից:
ՎԵՐԾԱՆՈՒԹՅՈՒՆ
1-4-րդ տողեր. Երգ երգոցում հարսը ներկայանում է ոչ թէ իբրեւ Եւայի դուստր Երուսաղեմ, այլ դիմում է Երուսաղէմի աղջիկներին՝ ասելով: «Սեաւ եմ ես եւ գեղեցիկ, դստերք Երուսաղէմի»: Նարեկացու մեկնութեամբ, այս տողը պետք է հասկանալ, «Սեւ էի ես, որ գեղեցկացայ»: Հարսի նախկին տգեղութիւնը (սեւութիւնը) Եւայի գործած մեղքի արդիւնքն է, սակայն Քրիստոս Փեսան դարձեալ գեղեցկացրել է նրան «վասն անչափ սիրոյն իւրոյ»։
5-րդ տող, Եղբօրորդի բառը Երգ երգոցում գործածուած է սիրելի, մերձաւոր իմաստով եւ նույնական է փեսային: Նարեկացու խորհրդաբանութեամբ, Եղբօրորդին եւ Փեսան Քրիստոսն է։
11-12-րդ տողեր, խնձորը, Նարեկացու խորհրդաբանութեամբ, աստուածային բարութեան ու սիրոյ խորհրդանիշ է: Գինետունը եւս նա համարել է «տուն բարութեանց» , որտեղ մատուցում է Քրիստոսի անմահարար արիւն-գինին։
13-14-րդ տողեր. Աղաւնին Սուրբ Հոգու կերպաւորումներից է եւ խորհըրդանշում է հոգեւոր մաքրութիւնը: Երգերգոցեան հարսը, Նարեկացու մեկնութեամբ, «ցուցեալ փեսային զոգւոյն աչսն մաքուր որպէս զաղաւնի...»: Դարձեալ Երգ երգոցից քաղուած լար կարմիր շրթունքը Նարեկացին այսպէս է մեկնել. «Նախ՝ կարմրութիւն գովելի այն է հարսինն, որք արեամբն ներկանին շրթունքն, եւ ապա այն, զի աւետարանական բանիւն խօսին եւ ամենայն հոգեւոր խօսիւք: Բայց զլարն չէ արժան թողուլ, զի բազում ինչ այն է, որ լարիւս թակարդի: Արդ, ասէ, թէ որ ի կարմրացեալ շրթանց խօսք ելանէ, շար է եւ կարթէ զմարդիկ եւ առ Աստուած ձգէ ի բարօք քարշումն»:
15-րդ տող, կնդրուկը, որ մանուկ Յիսուսին մոգերի ընծայած նուէրներից է, խորհրդանիշն է կեանքի եւ մասնաւորապէս՝ Քրիստոսի «անուշահոտ վարուց»: Երգերգոցեան կնդրուկի լեռը, ըստ Նարեկացու, նշանակում է, թէ Քրիստոսը «Աստուածութեամբն միացելով կոխեաց զհնձանն ի խաչին» . այսինքն՝ իր մահով ջնջեց մահը եւ հաստատեց կեանքը, անմահութիւնը:
16-րդ տող. Նարդոսը խորհրդանշում է Քրիստոսին , իսկ զմուռսը, որ նոյնպէս մոգերի նուէրներից է, ըստ Նարեկացու, «մեռելութեան նշանակ է» . ըստ այդմ լեառն զմռսի՝ «զմահն, որ վասն մեր (Քրիստոս) միայն պատերազմեալ՝ մենամարտիկ կրեաց»:
18-րդ տող. Քրիստոսը համարւում է յաւէրժ երիտասարդ՝ Մանուկ անժամանակ, քանի որ դուրս է ժամանակից ու տարածութիւնից եւ հանդիսանում է «կեանք յաւիտենական»:
19-րդ տող, դիտարան լեռը այլաբերութիւնն է դէտ կամ դիտանոց խաչի։
20-րդ տողում եւս Քրիստոսը ներկայացուած է Ծաղիկ այլաբերութեամբ, առաւել որոշակիօրեն՝ իբրեւ երգերգոցեան դաշտային Ծաղիկ (ծաղիկ դաշտաց) եւ Հովտաշուշան (շուշան հովտաց): Նարեկացու մեկնութեամբ, «Փեսայս՝ գեղեցիկ այսմ ծաղկանց օրինակաւ»:
22-րդ տողում ակնարկուած է Բեթղէհէմի այն բլուրը, որի այրերից մէկում ծնուել է Յիսուսը: Երուսաղէմին մերձ Բեթղէհէմ գիւղաքաղաքը ծննդավայրն է թէ՛ Յիսուսի եւ թէ՛ Դաւիթ թագաւորի:
25-րդ տողի Սիօնի որդիները Եկեղեցու զաւակներն են, ճշմարիտ հաւատացեալները:
31–32-րդ տողերում ակնարկուած են մոգերի նուէրները՝ Քրիստոս-Թագաւորի իշխանութեան եւ զօրութեան խորհրդանիշ ոսկին եւ կեանքի խորհրդանիշ կնդրուկի հոմանիշ խունկը:
Աղբյուրը՝ Հենրիկ Բախչինյան, Գրիգոր Նարեկացու Գանձարանը, Երևան, 2016: