Եդեսիայի Աբգար թագավորին Փրկչի անունով բժշկելու եկած Սուրբ Թադեոս առաքյալի քարոզչությամբ Հայաստանում սկսվում է քրիստոնեության հաստատման ընթացքը: Թադեոս առաքյալը, Հայաստանում ներկայացնում է մեր տեր Հիսուս Քրիստոսի ուսմունքը, նրա զորությամբ հրաշքներ գործում ու բժշկություններ կատարում: Նրա նահատակությունից հետո Հայաստան է գալիս Բարդուղիմեոս առաքյալը: Մովսես Խորենացին իր Հայոց պատմության մեջ շատ հակիրճ է նշում Բարդուղիմեոս առաքյալի գրոծունեության մասին. «...Բայց հայերին վիճակվեց նաև Բարդուղիմեոս առաքյալը, որ նահատակվեց մեզ մոտ Արեբանոս քաղաքում․․․»: Սակայն Պատմահոր մեկ այլ երկում՝ Սահակի թղթի պատասխանը...(Պատասխանի թղթոյն Սահակայ), գտնում ենք Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի գործունության մանրամասներ, գործված հրաշքների մասին վկայություններ: Այսպես, առաքյալը Պարսկաստանից Հայաստան է գալիս և Վասպուրականի Անձևաց գավառում եկեղեցի հիմնում, այնտեղ զետեղելով Ս.Աստվածածնի պատկերը, որը նրան էին փոխանցել առաքյալները և եկեղեցին անվանում Հոգեաց վանք: Այնուհետև եկեղեցիներ է հիմնում նաև Գողթն, Վանանդ գավառներում և այլուր: Այս ուշագրավ բնագիրը, բացի քրիստոնեության հաստատման մասին տեղեկատվությունը, կարևոր տվյալներ է հաղորդում հեթանոսական պաշտամունքների, դրանց վայրերի ու միջոցների, հին ծեսերի ու առասպելների մասին: Այս ավանդությունը ներկայացնում ենք ստորև.
ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ
ՍԱՀԱԿԻ ԹՂԹԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ…
…Բարդուղիմէոսը յոյժ վշտացաւ, որ չհասցրեց տեսնել Սուրբ Կույսին եւ չլսեց վերջին օրհնութիւնները, ինչպես միւս առաքեալներն ու Տիրոջ աշակերտները, եւ ոչ էլ գերեզմանի մէջ գտաւ. եւ նա աւելի ու աւելի էր տրտմում: Երանելի առաքյալներն, այս տեսնելով եւ իրենց եղբօրը մխիթարել կամենալով, տուեցին նրան փայտի վրայ նկարուած Տիրամօր պատկերը՝ հաստատուած [Աստուծոյ] զօրութեամբ: Բարդուղիմէոսն, այն վերցնելով, ուրախացաւ եւ կենդանի [հոգի] համարելով էր նայում: Ապա Սուրբ Հոգու հրամանով մեծ փութով Հայք ուղեւորուեց, որովհետեւ Թադէոս առաքեալը սպանուել էր Սանատրուկ արքայի կողմից Հայոց Արտազ գավառում:
Իսկ նա, Հայաստան գալիս գնաց մոգերի եւ պարսիկների երկիրը եւ, հասնելով նրանց մայրաքաղաքը, որն այժմ նրանց լեզուով Խորասան է կոչւում, կրակարանի մէջ հրեղէն լոյսի սիւն կանգնեցրեց եւ, սուրբ պատկերն արեգակի դէմ պահելով, կասեցրեց նրա ճառագայթները եւ վեց ժամ խաւարեցրեց. եւ [ոչ ոք] չհաւատաց, բացի այն ութ մոգերից, ովքեր երկրպագեցին Փրկչին եւ եկան մկրտվեցին առաքեալի կողմից, որը նրանց անբարիշտների միջից հանեց եւ իր հետ Հայք բերեց:
Եւ եկան Անձաւացեաց աշխարհը մի քարի համբաւի մասին լսելով, քանզի բազում դեւեր էին բնակւում այնտեղ եւ խաբում տեղի մարդկանց՝ անտեղից ախտական դեղեր տալով նրանց՝ ախտերի պղծութիւններ կատարելու համար, կռանաձայն դարբինների ահաւոր հրաշքներով արհաւիրքներ էին գործում, որոնց [այդ] աշխարհի մարդիկ սովորած լինելով՝ այնտեղ դեգերում էին քուրայի շուրջը՝ չաստուածներից պատրող ախտերի թաքրախածոր ծրարներ վերցնելով, ինչպէս Կիպրիանոսի ծրարները Յուստինէ կոյսին պատրելու համար. եւ այն տեղի անունը կոչում էին Դարբնաց քար: Աստծո սուրբ առաքեալն այնտեղ հասնելով, հալածեց չարի գործակից դարբիններին եւ փշրեց կուռքերը, որոնք Անահիտի անունով էին: Եւ այս պատճառով դեւերի բազմութիւնը, Հիւսիսային կողմի վրա [գտնվող] բարձր լեռան վրա ժողովուելով անթիւ բազմութեամբ քարեր նետելով, սաստիկ ձայներ, ճիչեր եւ գոչիւն էր արձակում: Իսկ սուրբ առաքեալի մի փոքրիկ խաչ տեառնագրեց եւ կանգնեցրեց քարէ լեռան վրայ, եւ դեւերն իսկույն չքացան:
Հետագայում սուրբ հայրապետ Գրիգորիոսն այդ առաքելական խաչը շրջեցնում էր իր հետ ՝ մինչեւ իր՝ այս աշխարհը թողնելը: Իսկ որոշ ժամանակ անց [այն] դրուեց Հայոց Տրդատ թագաւորի գերեզմանին: Եւ այն տեղը, որտեղ դեւեր կային [գտնւում է] վէմերի լեռնամիջում, Տիգրիս
անունով մեծ գետի ափին, այն ամուր բերդի, որ կոչւում է Կանգուար, եւ Ագռաւաց քար անունով միւս [բերդի] մօտ, որտեղից՝ ամրոցի լեռներից բազում ջրեր, գարնանը հոսելով, գալիս անցնում են Տիրուհու տաճարի հիմքի մօտով եւ խառնուելով օժանդակում մեծ Տիգրիս գետին: Այնտեղ սուրբ առաքեալն, իր իսկ ձեռքով դնելով Սրբուհու տաճարի հիմքը, շինեց մի փոքրիկ եկեղեցի, այն Սուրբ Աստուածածին անուանեց, նրա մէջ դրեց Տիրուհու պատկերը եւ այն տուեց սուրբ կանանց. եւ այնտեղ գլխաւոր նշանակեց Յուսիկի քրոջը եւ Որմզդատի ու Մաքովարի քրոջը եւ այլ կանանց էլ նրանց ձեռքի տակ է դնում, եւ վանքի խուցերն է շինում, [կանանց] հրամայում տեսուչ լինել հաւատացեալներին, այնտեղ քահանայ կարգում իր աշակերտներից մէկին եւ տեղն անանուանում Հոգեաց վանք՝ Տիրամօր եւ սուրբ Կօյսի անունով, որովհետեւ աստւած բազում սքանչելիքներ էր այնտեղ կատարում սուրբ Կոյսի միջոցով:
Եւ ինքը՝ սուրբ առաքեալը, ուղեվորուեց Հայքում ավետարանելու եւ նահատակվեց Ուրբանոս քաղաքում, առաքեալի անուամբ Բարմա կոչուող վայրում, իսկ Հուսիկի քոյրը՝ Մարիամ անունով, անցաւ գետի միւս ափը , մի շատ փոքր քարաժայռի ստորոտում իր խուցը շինեց եւ առանձնանալով վախճանուեց: Եւ նոյն տեղում տեղի տեսուչներ կարգեց քոյր Աննային, Մարթային եւ Որմզդատի ու Մաքովարի քրոջը: Իսկ Աննան իր խուցը շինեց ձորի միւս կողմում, որ Դարբնաքար էն կոչում. այնտեղ առանձնանալով՝ վախճանուեց՝ տեղի տեսչութիւնը Մարթային տալով: Եւ Աստուած բազում նշաններ եւ սքանչելիքներ էր կատարում սուրբ կանանց ձեռքով: Ուր սուրբ Գրիգորը հետագայում գալով վանք
հաստատեց, եկեղեցիներ շինեց. բայց Սրբուհու տաճարը չքանդեց, քանզի առաքելական ձեռքի գործ էր՝ թողնելով այն ի փառս եւ ի պատիւ Ամենասուրբ Երորդութեան. եւ մինչեւ այսօր էլ կայ, որտեղ բազում բժշկութիւններ եւ ոչ սակաւ ուրախութիւններ են լինում:
Բնագրի աղբյուրը՝ Ս. Մովսես Խորենացի, Սահակի թղթի պատասխանը, որի մէջ [գրուած] մարգարեական խոսքեր, նաեւ Աստւածածնի վերափոխման մասին, թէ ինչպէս եղաւ, կամ պատկերի անարատ կերպարանքն ինչպէս շնորհուեց փայտի վրայ եւ թէ՝ ում ձեռքով. եւ ինչը եղաւ խնդրի պատճառը, կամ էլ ու կողմից բերվեց Հայք, գրաբարից փոխադրությունը՝ Գ. Գասպարյանի, Գանձասար, Երեւան 1992: