Հայ սիրային պոեզիայի թերևս ամենահայտնի տողը՝ Պարույր Սևակի «Նորից չեն սիրում, սիրում են կրկին» արտահայտությունն է համանուն շարքի համանուն բանաստեղծությունից։ Սակայն սևակյան սիրերգությունը չի սահմանափակվում միայն այս բանաստեղծությամբ։ Սիրո ամենատարբեր դրսևումները կարող ենք գտնել Պարույր Սևակի գրեթե բոլոր շարքերում և գեղարվեստական արտահայտության ամենաբազմազան ձևերով, հոգեբանական ու մոտիվային նրբերանգներով։ Սիրերգության ավանդական-քնարական մոտիվները Պ․ Սևակի բանաստեղծություններում ներկայացվում են նրա պոեզիային բնորոշ վերլուծական մոտեցմամբ, անսպասելի պատկերներով, տպավորիչ ու հիշվող սահմանումներով։ Սևակյան սիրերգության քնարական հերոսը ավելի հաճախ հասուն տղամարդն է, որը ոչ միայն ապրում է սիրո թրթիռներն ու ազդակները, վայելում սիրո հրաշքը, գովերգում սիրելի կնոջը, այլև փորձում է վերլուծել, համակարգել, սահմանել իր զգացմունքները, ձգտում հասկանալ սիրո նշանակությունն իր կյանքում, նաև հավատում, որ տղամարդու և կնոջ հարաբերությունները՝ ներդաշնակ կամ խաթարված, անդրադառնում են համընդհանուր տիեզերական երևույթների վրա։
Բանաստեղծի ծննդյան առիթով և Պարույր Սևակին նվիրված մեր ՝ «Սևակն ափի մեջ» գրական նախագծի շրջանակում ներկայացնում ենք սևակյան սիրերգության ոչ այնքան հայտնի ու տարածված նմուշների մի ընտրանի։
Փակիր աչքերդ
Պատահում է և ... շատ հաճախ,
Մարդ մտովին կրակում է ինքն իր վրա՝
Հստակ ջրի կամ հայելու,
Ինչ–որ մեկի աչքերի մեջ արտացոլված իր պատկերին,
Եվ տեղն ու տեղն սպանվում է։
Բայց մնում է նրա երկրորդ օրինակը՝
Ինքն է մնում – մնում ենք մենք։
Եվ ինքներս առանց ողբի մեզ թաղելով՝
Սկսում ենք ապրել նորից
Նախ՝ բուսական–կենդանական,
Իսկ բյուրավոր դարեր հետո՝
Նաև մարդու կյանքով ծանր ու դժվարին։
Եվ տևում է այս ամենը
Անծայրածիր մի պահ գուցե,
Գուցե շաբաթ մի անսահման
Կամ թերևս մի կարճ տարի...
Տե՜ր իմ աստված, դու լա՛վ գիտես,
Թե ես քանի՜–քանի՜ անգամ
Այս սրախիճ տատասկապատ ճանապարհը
Կրկնել եմ ոտաբոբիկ։
Եվ հոգնել եմ,
Շա՜տ եմ հոգնել
Թե՛ ինքս ինձ սպանելուց,
Թե՛, առավել, վերապրելուց...
Եվ կարիք կա՞,
Որ ես նորից նու՛յնը փորձեմ՝
Այս անգամ էլ ի՛նքս ինձ վրա կրակելով
Ա՛յս աղջկա աչքերի մեջ։
Փակի՜ր աչքերդ, սիրելիս.
Սարսափով եմ ես մտածում,
Որ կարող է այս անգամ էլ ե՛ս չսպանվեմ,
Այլ ... ավիրեմ քո՛ աչքերը...
Չանախչի
25.X.1965թ.
Սիրո փոխարեն
Դու մի՛ լինիր այսքան բարի:
Բարությանըդ Ես կարող եմ լոկ մե՛կ բանով փոխհատուցել՝
Իմ անարժե՜ք շփոթությամբ
Եվ թերևըս ա՛յն թախիծով,
Որ տարորեն շատ է նման
Անվերջ մեռնող ու հարություն անվերջ առնող
Հին դիցերին...
Չէի՞ ուզի:
Շա՜տ կուզեի
Առաջվա պես հրճվել գեղջուկ այս կանաչով,
Որ հիմա քո
Զսպանակվող կողի տակ է զսպանակվում,
Եվ բարբարոս երգը լսել այն առվակի,
Որ հիմա քո
Մերկ ոտների կաղապարն է ուզում հանել:
Չէի՞ ուզի:
Շա՜տ կուզեի
Մե՛կ անգամ էլ
Չճանաչել ո՜չ մի արգելք ու խոչընդոտ,
Դանդա՜ղ գնալ - շտա՛պ հասնել
Մեր մարդկային հայրենիքը սկզբնական,
Այսինքն ՝ իմ ափով ապրել քո ափի մեջ,
Ինձ կապել ու շաղկապել քեզ
Այնպե՛ս,
Որ մենք երկուսովըս մեկտեղ դառնանք
Անքակտելի ՝ խաչբառի՜ պես:
Չէի՞ ուզի:
Շա՜տ կուզեի:
Բայց, սիրելի՜ս, չի հոգնում նա՛,
Ով գնում է շատ հեռավո՜ր հանդիպումի:
Իսկ ես հիմա
Զբոսնում եմ միայն ի՛մ իսկ արվարձանում
Եվ զբոսնում`
Ձեռքերովըս փորագըրած մակնիշները ընթերցելով,
Ու քերծելով շատ ավելորդ գրություններ,
Ու քերծելով առանց մուրճի և տաշիչի ՝
Եղունգներո՛վ իմ սեփական...
Եվ իզո՜ւր ես քո բարությամբ,
Քո այս ծածուկ - հայտնի սիրով
Ջանում ապրել իմ կալվածքի մի անկյունում:
Ու ես հիմա
Այս ասում եմ ո՛չ լսելուդ համար արդեն,
Ո՛չ էլ իմ իսկ արդարացման,
Ո՛չ էլ իմ իսկ արդարացման:
Եթե կուզես ճիշտն իմանալ ՝
Ասելիս էլ բա՜ն չեմ ասում, ամենևի՛ն,
Այլ պարզապես զբաղմունքս եմ շարունակում ՝
Իմ սեփական կալվածքի մեջ Հ
ոգնածորեն զբոսնելով,
Եվը՛ս մի նոր
Գրություն եմ ավելացնում ջնջածիս տեղ.
«Չի հոգնում նա՛, Ով գնում է շատ հեռավո՜ր հանդիպումի»:
Իսկ դու... իսկ դու շա՜տ ես մոտիկ:
Ու ես... ու ես շա՜տ եմ հոգնած...
25.X.1965թ.
Չանախչի
Անահիտ
Դու օտա՞ր չես, չէ՞:
Բայց ի՞մն էլ չես, հա՞...
Դու՝ վաղընջական հինավուրց բագին
Փակ շրթունքներով ու բաց աչքերով:
Ես՝ մի հեթանոս առ այսօր ծպտյալ:
Դու՝ հավերժաբուխ աղբյուր տասնակունք,
Քո ամեն մատից՝ մի ակըն ցայտիչ:
Իմ թաց աչքերի երկու ափերով՝
Եղեգնիկներով իմ թարթիչների,
Քո կամքից անկախ ըմպում եմ ես քեզ:
Անշարժությունը քո պիրկ ոտների
Դարձընում է ինձ մի խոյ օրուկված,
Որ պտտվում է չորսբոլորքը քո
Ողջ շառավիղով իր ոտնակապի:
Նա արածում է այն, ինչ աճում է
Իր ոտների տակ և քո շուրջբոլոր,
Բայց որոճում է... միայն քե՛զ ու քե՛զ
Ու բառաչում է... միայն քե՛զ համար:
Քո ստինքները՝ պարսատիկի պես,
Սպառնում են միշտ ջարդել գանգն իմ պիղծ,
Երբ ասում եմ քեզ, որ դրանք հետո
Կաղապար դարձան... սկիհի՜ համար:
Թվում է, թե քո շրթունքները փակ
Ուր որ է պիտի բարկությամբ բացվեն,
Երբ ասում եմ քեզ, որ հետագայում
Քեզ գրկել տվին մի... թո՜ւխ մանուկի:
Բայց ամեն անգամ խաղաղվում ես դու,
Երբ թաց աչքերիս երկու ափերով՝
Եղեգնիկներով իմ թարթիչների,
Քո կամքից անկախ ես ըմպում եմ քեզ:
Եվ հասկանում եմ, որ ամեն անգամ,
Երբ սկսվում է նո՛ր դարագլուխ,
Ջանում են մի կերպ խուսափել քեզնից,
Իսկ դարագլխի ավարտի վրա՝
Ինքնակամորեն քե՛զ վերադառնում:
Անտեսանելի վերջի՛դ ժամանակ,
Անտեսանելի սկզբի՛ս պահին
Հանդիպում ենք մենք... ու տրվում իրար:
Եվ չե՜ն տեսնում մեզ... չի տեսնում նույնիսկ
Ո՛չ պատվանդանըդ,
Ո՛չ կոշկատակըս...
Դու դիցուհի՞ ես,
Բայց և ի՜մն ես դու...
Մոսկվա Երևան
09.VII.1961թ. 24.II.1964թ.
Ագահության գինը
Եվ պե՞տք է արդյոք
Քեզ միշտ ունենալ իմ կողքին:
Ինչո՞ւ:...
Ու ես ծխում եմ,
Որ ծխի տեսքով
Այս ջլախախտիչ ագահությունը դուրս փչեմ ինձնից,
Ջանամ գոհանալ իմ ունեցածով,
Որ շա՜տ է այնքան:
Մի՞թե, տե՜ր աստված, շատ չէ իսկապես:
Բայց կյանքի փշոտ շարժուձևերից,
ինչպես կեռերից,
Կախված ճոճվում են
Ու մեզ են կանչում ագահ ըղձանքներ:
Բայց կյանքի փշոտ շարժուձևերից,
ինչպես կեռերից,
Կախված ճոճվում են
Կարկատանները մեր ծվատ հոգու...
Ես չե՛մ կամենում, որ իմ պատրանքը փոխվի պատանքի
Եվ հետո, ծվա՜տ, կախվի աշխարհի կեռերից փշոտ:
Ես սիրում եմ քեզ
Ու քեզ հետ նաև... անհնարինը`
Ա՛յն գոհությունը,
Ում չի՜ հանդուրժում մեր գոյությունը:
Ուրեմն ի՞նչ անել,
Ինչպե՞ս սիրել քեզ - սիրվել քեզանից և......Էլ չուզենալ
Ոչի՜նչ ավելի.
Սեփական իղձը, դավաճանի պես,
Գամել չորս մեխով,
Սեփական ցավին
Չորստապակ մեղր քսել ու կլլել`
Տհաճ, բայց բուժիչ դեղահատի պես,
Սեփական մտքից
Կտրել ուղղանկյուն մի քառակուսի
Ու վրան գրել սեփական արյամբ.
«Եղա՜ծն էլ շատ է»,
Գրել ու մեխել սեփական ափին,
Եվ ամեն վայրկյան ընթերցել ծածուկ`
Դասը չիմացող աշակերտի պես...
Դիլիջան
11.III.1964թ.
Բեռան ներքո
Անցնում էիր:
Ողջ երեկոն քոնն էր կարծես,
Ողջ երեկոն` իր բույրերով ու ջերմությամբ:
Երկարափեշ եթե լիներ հագուստը քո`
Ես կասեի,
Որ երեկոն քարշ էր գալիս քո ետևից`
Քո հագուստի փեշի նման:
Սակայն կարճ էր հագուստը քո:
Եվ երեկոն Ամփոփվում էր քո ծնկների ծալերի մեջ`
Կարճ հագուստիդ կարճ փեշերի կարի ներքո...
Վերջալույսի արևը շեղ գտել էր քեզ
Ու շուլալվել քո հագուստի կոճակներին:
Վերջալույսի շեղ շողերի միջնորդությամբ
Երկարում էր քո ստվերը` հմայքի՛դ պես,
Ու քայլում էր քեզնի՛ց առաջ` հմայքի՜դ պես...
Եվ արթնացավ մեջըս հանկարծ
Ինքնաձաղկման և ամոթի
Տարօրինակ մի ցանկություն.
Եթե կյանքում կա քեզ նման մի թանկություն,
Ես ինչպե՞ս եմ կյանքին նայել էժան աչքով`
Ոչ թե անո՜ւշ մի հիացքով,
Այլ մի տտի՛պ,
Հաճախ դա՛ռըն,
Նաև կծո՜ւ մի հայացքով:
Եվ ինչպե՞ս եմ հաճախ իջել-ստորացել`
Բարկանալու և դատելու աստիճանի,
Չարանալու և ատելու աստիճանի,
Ու թույլ տվել, որ նողկանքը տեղից հանի
Հիացմունքի՜ն:
Հոգով-սրտո՜վ ներողություն...
Այսուհետև, ինձ հավատա՛,
Է՜լ չպիտի ես խառնըվեմ ո՛չ իմ գործին.
Է՜լ չպիտի այսուհետև
Հակվեմ կյանքի աղտ-աղարտի ծանրության տակ:
Առանց այն էլ ես հակված եմ բեռան ներքո
Ա՛յն վիթխարի երգեհոնի, որ ի ծնե
Սապատվել է իմ շալակին:
Թող հնչի նա՛:
Եվ անցիր դո՛ւ:
Միայն թե դու... «մե՜ քիչ կա՛մաց գնա, գո՛զալ»,
Որ քո կամաց և անշտապ քելքի չափին համաչափվի
Մեր խեղճ սրտի տրոփյունը հաճախակված,
Որ քո տեսքից հանգստանան աչքերը մեր,
Եվ քեզ թաքուն ունենալուց
Ջղերը մեր քիչ խաղաղվեն,
Ու երկարի այս անդորրը` շուքի՛դ նման,
Ու կարճանա հոգնությունը` փեշերի՛դ պես...
Երևան
26.XI.1963թ.