Ընդհանրական եկեղեցու սրբերի մեջ առանձնանում է Սուրբ Ստեփանոս Նախավկան, որին նաև առաջին մարտիրոս ու նախասարկավագ են կոչում, քանի-որ հանուն քրիստոնեության նահատակված առաջին սուրբն էր և ժողովրդի կողմից ընտրված առաջին յոթ սարկավագներից:
Ըստ Ղուկաս Ավետարանչի՝ Ստեփանոսը «...հավատով և Սուրբ Հոգով լցված մի մարդ էր»: Ըստ «Վարք Սրբոցի»՝ Ստեփանոսը Հիսուս Քրիստոսին տեսել ու երկրպագություն է մատուցել, երբ Փրկիչ Կայափեա քահանայապետի ատյանի առջև էր: Իսկ երբ Քրիստոս դուրս է գալիս ատյանից, Ստեփանոսն իր գլխի ծածկոցը փռում է նրա ոտքերի առջև:
Ըստ ավանդության Սուրբ Ստեփանոսը ներկա է եղել նաև Փրկչի խաչելությանն ու թաղմանը, նաև առաքյալների հետ էր, երբ Հարության ավետիսը ստացան: Ստեփանոսին մկրտել ու անունն են տվել Պետրոս եւ Հովհաննես առաքյալները: Մկրտության ժամանակ ջրի վրա լուսեղեն պսակ է երևում, որի համար էլ սրբին կոչում են Ստեփանոս, որը հունարեն պսակ է նշանակում:
Նրա նվիրվածությունը, խիզախությունը, Սուրբ հոգով լցված իմաստությունը շարժել է հրեաների նախանձը և նրան հանիրավի մեղադրել ու դատապարտել են: Սուրբ Ստեփանոսը նահատակվել Երուսաղեմի շրջակայքում: Սրբի վերջին բառերն են եղել՝ «Ահա տեսնում եմ երկինքը բացված և մարդու Որդուն, որ կանգնած է Աստծո աջ կողմը»։
Սուրբ Ստեփանոսը հայ ժողովրդի պաշտելի սրբերից է, նրան են նվիրված պատմական Հայաստանի տարբեր վայրերում կառուցված նշանավոր շատ վանքեր ու եկեղեցիներ: Սրբի կերպարը նաև հանդիպում ենք ժողովրդական ավանդություններում:
Հայ առաքելական Սուրբ եկեղեցին շարակնոցում հատուկ կանոն է սահմանել նվիրված Սուրբ Ստեփանոսին: Նշանավոր է հատկապես Հովհան Օձնեցու՝ սրբին նվիրված յոթ երգից բաղկացած կանոնը։ Շարականներում Սուրբ Ստեփանոսը խիզախ ու իմաստուն հավատացյալ է, ով մարտնչում և հաղթում է թշնամուն, իսկ նահատակությունից հետո դառնում բարեխոս բոլոր քրիստոնյաների համար:
Նահատակ բարի Քրիստոսի եղեր այսօր ի միջի մերում.
եւ մտեր ի վերնատունն խորհրդոյ յաւիտենականի։
Որ ընտրեցար ի դասս երկնաւոր զօրացն.
պսակեցար ի թագաւորէն.
զանաթառամ զպսակն.
եւ մկրտեցար արեամբդ քո սրբոյ.
առաջին վկայ Քրիստոսի Սուրբ Ստեփանոս.
նախասարկաւագ մեծ։
Մարտեար ընդդէմ թշնամւոյն այսօր եւ գնեցեր արեամբդ քո զարքայութիւնն
ի պարծանս ազգի մարդկան,
ճգնաւոր Քրիստոսի։
Գոհութիւն երեքսրբեանին,
որ ընկալաւ զվկայդ իւր զսուրբ Ստեփանոս
ի վերինն Երուսաղէմ։
Որ ընտրեցար՝ ի կոչումն առաքելական քարոզութեանցն արժանաւոր լինելով սուրբ Ստեփանոս.
բարեխօսեա առ Քրիստոս վասն անձանց մերոց։
Որ խնդրեցեր զթողութիւն ի վերայ քո քարաձիգ ժողովոյն սուրբ Ստեփանոս.
եւ այժմ վասն քո ուխտաւորացս աղաչեա զընդ աջմէ Հօր նստեալն։
Որ արժանի եղեր զմարտիրոսականն առնուլ պսակ նախդ ի վկայս.
առ պսակիչն սրբոց եւ վասն մեր բարեխօսեա։
Ճանապարհ վկայից յետ Քրիստոսի գտար.
եւ աստուածային փառացն արժանաւոր եղեր.
բանսարկուն զինու քո վիրաւորեցաւ։
Այսօր դասք հրեշտակաց ուրախանան ընդ ճգնութիւն սրբոյն Ստեփանոսի նախավկային։
Քանզի գոչէ եկեղեցի քո Քրիստոս.
զյաղթանակ մարտ հեղման արեան սորա ի վերայ մեծի անուանն քոյ Տէր։
Բազում համարձակութիւն է սորա առաջի Աստուծոյ ի ձեռն հեղման սուրբ արեանն իւրոյ.
քանզի յօժարութեամբ մատնեաց զանձն իւր չարաչար եւ դառն տանջանաց վասն մեծի անուանն Տեառն։
Քանզի արհամարհելով անարգեաց զանցաւոր զկեանս աշխարհիս եւ փափագեաց յաւիտենական կենացն.
եւ միշտ եւ հանապազ ուրախանայ ընդ Տեառն իւրոյ յանսպառ յուրախութիւնսն։
Հաստատութիւն ի Քրիստոսէ հայցեա սուրբ Եկեղեցւոյ։
Զի եւ մեզ ուսուսցես փառաւորել Սուրբ զԵրրորդութիւնն։