Այս հատորը երկար ատենէ ի վեր պատրաստ էր հրատարակութեան, երբ
Քառասունչորսօրեայ Պատերազմը եւ անոր յաջորդող իրադարձութիւններու
դաժան շղթան կասեցուցին ամէն բան։ Պէ՞տք էր հրատարակել։
Կարելի՞ էր ի լոյս բերել այն տողերը, որոնք գրուած էին այլ տիեզերքի մը
մէջ բոլորովին տարբեր մտաշխարհի մը ընկալումներով եւ տեսիլքով։ Այս
հարցականը միշտ կը մնայ ներսս։ Ան միշտ կը հալածէ զիս։
Հողը եւ գիրը նոյն իրականութեան լրացուցիչ մասերն են։ Անոնք կ՚ապրին
իրարմով։ Անոնք կը սնուին նոյն արարչութեան ակերէն։
Սփյուռքահայ բանաստեղծ Կարօ Արմենեանի այս խոստովանությամբ է ամփոփվում նրա՝ 2024 թ. Երևանում լույս տեսած «Մարմին եւ Արիւն» ժողովածուն: Այս գիրքը՝ Երրորդ Նուագն է, այսինքն երրորդ հատորը նրա ստեղծագործությունների: Այն լույս է տեսել 46-ամյա դադարից հետ: «Մարմին եւ Արիւն» գրքի առաջին երկու հատորները լույս են տեսել համապատասխանաբար՝ 1970 և 1977 թվականներին:
Մէկ կողմէ շարունակական վազքը երկրէ երկիր եւ միւս կողմէ քաղաքական
կեանքի պատասխանատւութիւնները անհնարին
դարձուցին շատ բան։ Այնուամենայնիւ ես յամառօրէն գրեցիօրուան բոլոր լուսանցքները իմս ընելով։
Գիրքը լույս է ընծայել «Զանգակ» հրատարակչությունը, հատորի խմբագիրը՝ Յարութիւն Պէրպէրեանն է:
Մասնագիտությամբ տնտեսագետ Կարօ Արմենեանը ծնվել է Դամասկոսում, կրթություն ստացել Բեյրութում, ապա Միացյալ Նահանգներում: Ակտիվորեն զբաղվել է նաև հասարակական ու կուսակցական գործունեությամբ: Բացի երեք գրքերից, սփյուռքահայ մամուլում նաև Հայաստանի գրական ու հասարակական պարբերականներում հրապարակել է իր արձակ ու չափածո գործերը, հրապարակախոսական հոդվածները:
«Մարմին եւ Արիւն» գրքի երրորդ նվագն ամփոփում է բանաստեղծի վերջին 15 տարիների գործերը, թեև գրքում ավելի վաղ գրված երկեր էլ կան: Դրանք ընդգրկված են են ՃԳՆՈՒԹԻՒՆ, ՄԱՅՐԱՔԱՂԱՔ, ՈՐԴԻՔ ՈՐՈՏՄԱՆ, ՀԱՅՐ բաժիններում: Թեմատիկ առումով բազմազան այս գրքում կարող ենք գտնել անդրադարձներ սփյուռքահայ կյանքին, բայց շատ ավելի ժողովրդի ու հայրենքի ճակատագրին, մարդու, իրականության ու ժամանակի բախման, անհատի մենության և այլ թեմաներին: Հայ մարդու, ընդհանրապես, ժամանակակից մարդու էության, կյանքի իմաստի ու նպատակի փնտրումները, նրա տագնապներն ու կորսված երազները ինքնահատուկ ձևով, երբեմն հրապարակախոսական շնչով, երբեմն քնարական նուրբ անդրադարձներով ու փիլիսոփայական վերաիմաստավորմամբ իրացվում են այս գործերում: Բանաստեղծությունների քնարական հերոսն ընդվզում է տիրող աշխարհակարգի, հուսահատության ու համակերպվածության դեմ, անդրադառնում մեր երկրի ու ժողովրդի կյանքի վերջին ցավալի ու ողբերգական իրադարձություններին, ոտքերի տակ ամուր հող փնտրում ու արթնության կոչեր հնչեցնում:
Ներկայացնում ենք մեկական բանաստեղծություն գրքի յուրաքանչյուր շարքից:
*****
երբ կը մտնես լեռնաշխարհը
եւ կածանն է որ կ’անհետի
դէմդ կ’ելլեն անանուններն
ամէն կողմէ
գոռում գոչումն այս անձկալի
կ’ալեկոծի
երկրիդ խորքէն
երբ կը քալես տագնապահար
կամ կը կանգնիս
դուն միս մինակ
երբ կը հալին ենթահողերն
ու կը վիժին
ձորերդ ի վար
երբ աղջամուղջն այս անհնար
կը բռընկի ինքնիր բոցէն
ու կը յղէ
կայծն իր վերջին
հօրենական
իր դարբնոցէն
երազներուդ
պատմուճանն է որ իր կողէն
կը պատռուի
կը պարպուին աստղաբոյլեր
կ’իջնեն գետեր
կողերդ ի վար
կը հալածեն քեզ հեղեղներ
կ’ոռնան գայլեր
եւ կը ծնին հազար ուլեր
հազար ուլեր ապերասան
երբ կը մտնես լեռնաշխարհը
գագաթն ի վեր
ճգնիս պիտի
ազատն ի վեր քշես
քու ձիդ
սանձն իր պոկես
նետես երկինք
հրես ոտքով բեռն անհեթեթ
թափես անդունդ
իր գանձին
հետ
երբ կը մտնես լեռնաշխարհը
մի վեհերիր դուն
քու շուքէդ
մի տնտղեր հազար հլու
պատրուակներ
մի դողդղար հարցիդ առջեւ
անպատասխան
փախուստ մի տար
քու անցեալէդ
երբ կը մտնես լեռնաշխարհը
մի կմկմար
այսպէս երկմիտ
ու անքանքար
մի վարանիր
կեանքիդ համար
անօգնական
մի թարթափիր
այսպէս տխմար
մի թարթափիր
այսպէս տխմար
ԻՄԱՍՏՆԵՐԸ
իմաստները խաթարուած են
բաժնուած են մարմիններէն
մարմինները պարպուած են
անոնց քաշն է
որ կը ճնշէ
իրականը մկաններն են
կուտականին
իր ողջ սաղմով
մենք լծուած ենք
մենք ագուցուած
մեզ կը տանին
մեզ տանողը կշռոյթն է
բիրտ շուրջպարը
իր մահացու յանկերգով
ոչ ոք գիտէ
թէ ի՞նչ ճամբով
ի՞նչ անցքերէ
սպրդելով
հասնիս պիտի
քու հերթիդ
ամէն ծպտուն ամէն լուտանք
ամէն կռիւ ու խարդաւանք
գաղտագողի
իր կապն ունի
կախումն իր նենգ
մեր արիւնէն
ինչպէ՞ս կ’ապրին ու կը ծնին ու կ’արթննան
կը վարակեն անջրպետներն
իրենց ցաւով
կը կծկուին
ճամբու կէսին
ու երկունքով
ծնունդ կու տան
մարդ չի գիտեր
ո՞ր արմատէն
ածանցուելով
եւ ո՞ր գիւղէն
ո՞ր շունն է որ
ձայն պիտի տայ
եւ աւետէ
Արքան այս նոր
իմաստները անթեղուած են
օտարուած են մեր կեանքերէն
մերկացած են
եւ հասած են վերջին տողին
եւ կերտած են նոր գոյութիւն
ամէն առտու
ելլէ պիտի
ու շտկուի
ու կմկմայ
դրան սեմին
եւ ժխորն իր
չարահնար
երազներու
թողած ետին
իջնէ գործի
Փա՜ռք Աստուծոյ
Օգոստոս 1, 2010
ԱՆՀՈՂ
ինչպէ՞ս հարթենք ճամբայ ով ինքնութիւն անհող
ինչպէ՞ս դուրս գանք պիտի այս ժխորէն
ինչպէ՞ս հանենք ոտքի բազմութիւններն այս մեղկ
քու այլանդակ դժնի տառապակոծ կողէդ
դուն քարշ կու տաս այսպէս քու պարտքերդ լափող
քեզ անընդհատ խժռող
կարգալուծող
լկտի
աններող է ոգին
անրջող է ան խենթ
մարտնչող է ոգին
տեսանող է ան մերկ
խարազանող դաժան
անբարեկամ
անսիրտ
դաւանամոլ
վսեմ
արիասիրտ ու լերկ
անպաշտպան է ոգին
վէրքեր ունի ան նենգ
ու ջարդուած քունքեր
չարչարանաց երկրէն
ինչպէ՞ս ելլենք ճամբայ խաւարամած մտքով
ինչպէ՞ս խեղդենք պիտի լինելութիւնն այս բոզ
Ապրիլ 13, 2014
ԱՐԹՆՈՒԹԻՒՆ
գիշերուան խաւարը մի խաթարէք
ձեր լոյսերով
թող լուսաբացը մտնէ
թաղին ծայրէն
բոպիկ ոտքով
անշշուկ
լաւ է լսել լռութեան մէջ
ծերունի ՄըքՔորմիքին հռընդացող ինքնաշարժը
որ կը տաքնայ
եւ տեսնել պատանի Հոմերը որ դռնէ դուռ անցնելով
կը շպրտէ օրաթերթը տանդ սեմին երբ դեռ
մութ է ամէն կողմ
դուրսը ցուրտ է եւ կը ձիւնէ
թող որ վառեմ բուխերիկը
եւ խօսիմ առաջին բոցերուդ հետ
հայրս է
դեռ գիշերանոցը վրան
վերարկուին մէջ պլլուած
կ’իջնէ վար
եւ ձեռքերը շփելով
եւ վանելով ձմեռը
ցած ձայնով կը հարցնէ
ի՞նչ լուր երկրէն
Ապրիլ 18, 2022
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան