Ինչպե՞ս է հնարավոր վերակենդանացնել լքված ու անգործուն հանրային-մշակութային տարածքները, հնարավոր է արդյո՞ք դրանք դարձնել անցյալի ու ներկայի կապն ապահովող և ներկայում ակտիվ համայնքային հաղորդակցման հարթակներ, խթանել արվեստի տարբեր ոլորտների արվեստագետների համագործակցությունը և նպաստել մարզային մշակութային կյանքի զարգացմանը։ Այս հարցերը որպես նպատակ սահմանել են Ջերմուկ քաղաքում հունիս 14-ին մեկնարկող «Լռությունից հետո» մշակութային միջոցառման կազմակերպիչները։
«Ճարտարապետություն․ ուրվական անցյալ և չբացահայտված ներկա»․ այսպես է կոչվում ToC մշակութային կազմակերպության ծրագիրը, որն էլ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) աջակցությամբ և համագործակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահի ու Ջերմուկի համայնքի նախաձեռնել է Ջերմուկի Մշակույթի տան, թեև ժամանակավոր, սակայն խորհրդանշական «վերակենդանացման» ծրագիրը։ Միջոցառման համադրողը Սոնա Հովհաննիսյանն է, արթ մենեջերը՝ Մարիաննա Աճեմյանը։
Խարհրդային շրջանում Ջերմուկի Մշակույթի պալատն ու հարակից տարածքները ակտիվ մշակութային հարթակներ էին։ Այստեղ բազմազան միջոցառումներ, արվեստի բիենալեներ էին տեղի ունենում։ Մինչ օրս այդ միջոցառումների արդյունքները քանդակների տեսքով սփռված են տարածքում։ Մշակութի պալատն արվեստի նոր շնչով, ձայներով ու գույներով լցնելու, անցյալն հիշեցնելու, բայց նաև նոր բովանդակություն հաղորդելու և ստեղծելու առաքելությունը «Լռությունից հետո» միջոցառման շրջանակում տրված է երեք ժամանակակից արվեստագետների։
Գեղարվեստական տպագրող Սոֆի Մուսոյանը, լուսանկարիչ Արմեն Տեր-Մկրտչյանը և քանդակագործ Մանվել Մաթևոսյանը կներկայացնեն 2025 թվականի ապրիլին արվեստագետների ռեզիդենսի ընթացքում ստեղծված աշխատանքները։ Գործերը ստեղծվել են որպես արձագանք Ջերմուկի Մշակույթի պալատի ներկա վիճակի՝ նպատակ ունենալով խթանել նոր դիսկուրսներ լքված մշակութային կենտրոնի շուրջ։ «Լռությունից հետո» ցուցադրության մասն է ռեժիսոր Մարատ Սարգսյանի արվեստագետների ստեղծագործական գործընթացի տեսապատումը:
Խորհրդային շրջանում համբավավոր առողջարանային քաղաքը անկախությունից հետո սոցիալական լուրջ խնդիրների առջև կանգնեց։ Իհարկե, այս տարիների ընթացքում առողջարանային գործը որոշակիորեն զարգացավ, սակայն, մշակութային կյանքը, կարծես թե այդպես էլ չաշխուժացավ։ Ու այս իրավիճակի խոսուն վկան Ջերմուկի մշակութային պալատի լքված ու ավերակ շենքն է։ Արցախյան վերջին պատերազմի ու հաջորդող ողբերգական իրադարձությունների, հարևան երկրի ոտնձգությունների հետևանքով, այսօր Ջերմուկը կանգնած է անվտանգային լրջագույն խնդիրների առջև և այս համատեքստում անչափ կարևոր է քաղաքի հանրային-մշակութային կյանքի աշխուժացմանը միտված միջոցառումների իրականացումը, հատկապես միջազգային համագործակցությամբ։
«Ճարտարապետություն․ Ուրվական անցյալ և չբացահայտված ներկա» ծրագիրը, որի նպատակն է մոռացված շինությունների ստեղծագործական հետազոտությունն ու դրանց՝ քաղաքացիական մասնակցության տարածքներ դարձնելը, «Լռությունից հետո» նաև նախատեսվող այլ միջոցառումներով ձգտում է կամրջել անցյալն ու ներկան, ստեղծել տարբեր արվեստագետների արդյունավետ համագործակցության հարթակ՝ նպաստելով հանրային-մշակութային երկխոսության զարգացմանը։ Միջոցառման բացումը՝ Ջերմուկի պատկերասրահում (Չարենցի 1) հունիսի 14-ին, ժամը՝ 15:00։ Միջոցառումը կգործի մինչ հուլիսի14-ը։