Հայկական առաջին հնչունային ֆիլմը՝ «Պեպոն» հայ կինոյի ամենանշանավոր գործերից է: Նկարահանվել է 1935 թ., ռեժիսորը Համո Բեկնազարյանն է: Հայ կինոյի այս գլուխգործոցի ստեղծմանն իրենց մասնակցությունն են ունեցել մեր մշակույթի այնպիսի նշանավոր դեմքեր ինչպիսիք են՝ դերասաններ՝ Հրաչյա Ներսիսյանը, Ավետ Ավետիսյանը, Դավիթ Մալյանը, Համբարձում Խաչանյանը, Հասմիկը, Տատյանա Մախմուրյանը, Նինա Մանուչարյանը, երաժշտության հեղինակ՝ Արամ Խաչատրյան, Պեպոյի երգի բնագրի հեղինակ՝ Եղիշե Չարենցը և այլք: Հայ կինոյի այս գլուխգործոցի նկարահանման մի ուշագրավ դրվագ է ներկայացնում արձակագիր, դրամատուրգ Միքայել Շաթիրյանը:
1933 թվականն էր: Ես այն ժամանակ սովորում էի Երևանի բանֆակի էլեկտրատեխնիկական բաժանմունքում և հենց ավարտելուց առաջ մեզ ուղարկեցին կինոստուդիա միամսյա պրակտիկայի: Իսկ այնտեղ այդ ժամանակ կատարվում էր «Պեպոյի» նկարահանումը: Հիշում եմ, թե ինչպես լուսավորման արտադրամասի պետ ուստա Գուրգենը, հավաքեց մեզ՝ պրակտիկանտներիս և բացատրեց, որ հայկական առաջին հնչուն կինոնկարն է, որ մեր տաղավարը հարմարեցված չէ հնչուն ֆիլմերի նկարահանման համար, ուստի այժմ գլխավոր ուշադրություն է դարձվում այն բանին, որ ոչ մի կողմնակի աղմուկ՝ նաև «արտադրական», չլինի: Մասնավորապես մենք՝ պրակտիկանտներս, պետք է աշխատենք որպես լուսավորողներ և յուրաքանչյուրս պետք է կանգնենք լուսավորման ածխային լապտերներից մեկի մոտ, ուշադրությամբ հետևելով նրան, որովհետև բավական մի փոքր անփութություն, որ այրվող էլեկտրոդների միջև առաջանա բացվածք, աղեղը կձգվի, կսկսի թարթել, իսկ ամենագլխավորը, կսկսի շչալ՝ փչացնելով ամբողջ ձայնագրումը։
Մենք դա հասկանալը՝ հասկանում էինք, բայց… չէ՞ որ այն պատանեկան օրերին մենք կինոյի թունդ երկրպագուներ էինք, ջանասիրաբար հաճախում և անխտիր դիտում էինք բոլոր նկարները, ըստ որում մեր աչքերի առաջ սկսեց կատարվել աներևակայելի հրաշքը, երբ «մեծ համրը» խոսեց: Մենք արդեն դիտել էինք «Կյանքի ուղեգիր», «Հանդիպակաց» և այլ հնչուն նկարներ, և այն, որ մակագրությունների փոխարեն մենք լսում էինք կենդանի խոսք, կրակոցներ, ձիերի սմբակների դոփյուն և թռչունների երգ, լսում էինք երգ և երաժշտություն՝ այդ բոլորը անասելի ուժեղացնում էր ֆիլմերի էմոցիոնալ ներգործությունը և ստիպում մտածել՝ ինչպե՞ս է այդ բոլորը կատարվում: Եվ հիմա, ահա, մենք գտնվում էինք այդ հրաշքի հենց «խոհանոցում», տեսնում էինք թե ինչպես է ստեղծվում հնչուն ֆիլմը...
Նկարահանվում էր եկեղեցու դրվագը, երբ Կեկելը գալով այնտեղ, լսում է բամբասող կանանց քչփչոցները այն մասին, որ նրա փեսացուն, չստանալով խոստացած օժիտը, լքել է նրան, և ամոթի ու վշտի զգացումով դուրս է փախչում եկեղեցուց: Տաղավարում, եկեղեցու ներսը պատկերող դեկորների մեջ, կանգնած էր մեծ երգչախումբը և հնչյունային ռեժիսոր Դ. Բլոկի հսկողությամբ բազմիցս փորձում էր Եկմալյանի նշանավոր պատարագը՝ երգելով «Սուրբ, սուրբ», «Հորժամ» և այլ հատվածներ... Օպերատոր Դ. Ֆելդմանը իր հերթին ստուգում էր լույսի դասավորությունը. ռեժիսորի բազմաթիվ օգնականները և դիմահարդարները զբաղվում էին մասսայական տեսարաններով՝ հիմնականում հին Թիֆլիսի զգեստներով և լաչակներով, տարիքավոր կանանցով՝ նրանց նստեցնում էին «եկեղեցում», բացատրում էին, թե ով որտեղ պետք է գտնվի և ինչ պիտի անի նկարահանման ժամանակ...
Եվ այդ իրարանցման և վազվռտուքի մեջ «թագավորում էր» նա՝ հանգիստ, մի փոքր լիքը դեմքով և կկոցած աչքերով Համո Բեկնազարյանը, որի անունը մենք վաղուց արդեն լսել էինք և արտասանում էինք հիացմունքով, որովհետև արդեն գիտեինք, որ նա հայկական առաջին կինոռեժիսորն է, որ բեմադրել է ամբողջ Խորհրդային Միությունում բավական հայտնի «Նամուս», «Շոր և Շորշոր» և շատ այլ կինոնկարներ:
Ի դեպ՝ այդ օրերին ես կյանքումս առաջին անգամ տեսա նաև մի այլ նշանավոր մարդու, որի անունը ընդմիշտ մտել է մեր թատրոնի ու կինոյի պատմության մեջ` Հրաչյա Ներսիսյանին: Այդ տեղի ունեցավ ցերեկը, նա հենց նոր էր ավարտել փորձնական առաջին գրիմներից մեկը և անցնելով բակով, կանգ առավ տաղավարի մուտքի առջև: Նրա կողքին կանգնած էր Դավիթ Մալյանը, և ես լսեցի Ներսիսյանի մի փոքր հեգնական բացականչությունը.
- Դե՛, ինձնից ի՞նչ Պեպո պիտի ստացվի։ Ես պոլսեցի եմ և պետք է խաղամ պարոնյանական խաղացանկի դերերը, իսկ Պեպո պետք է խաղա ձեզանից՝ թիֆլիսեցիներից որևէ մեկը։
Շատ տարիներ անց, երբ ես դարձա Գ. Սունդուկյանի անվան թատրոնի դիրեկտոր և մտերմացա Հ. Ներսիսյանի հետ, նրան հիշեցրի այդ խոսակցության մասին և հարցրի՝ իրո՞ք նա այն ժամանակ իրեն անհարմար էր զգում Պեպոյի դերի համար, նա պատասխանեց.
- Հավատա, որ դա այդպես էր. ես անկեղծորեն կարծում էի, որ խցկվում եմ ոչ իմ գործի մեջ։ Եվ միայն, երբ նկարն ավարտվեց, և եւ «կողքանց» դիտեցի ինձ, երբ ես լսեցի և կարդացի բազմաթիվ գովասանքներ իմ հասցեին, ապա մտածեցի. «Կեցցե Համոն, իսկական ռեժիսոր է, քանի որ կարողացել է իմ մեջ նկատել այն, ինչ ես գլխ չէի ընկել։ Եվ հարկավ, առանց նրա օգնության և կողմնորոշ ձեռք ես չէի կարող գլուխ հանել այդ դերից...
Եվ ահա մի քանի օրվա նախապատրաստությունից հետո, վերջապես սկսվեցին դրվագի նկարահանումները: Ես ամբողջովի կլանված էի ֆիլմի ստեղծման այդ բարդ պրոցեսով, երբ աչքերով ականջներով կլանում էի այն ամենը, որ կատարվում էր իմ շուրջը: Դիտում էի, թե ինչպես էին նկարահանվում ընդհանուր պլանը, ապա միջինները և խոշորները, ինչպես են աշխատում գլխավոր հերոսները և ինչ է արվում մասսայական տեսարաններում, ում ի՞նչ ցուցումներ է տրվում, – մի խոսքով, ինչպես է ստեղծվում նկարը, որը հանդիսատեսը դիտում է չզգալով, թե ինչպիսի տիտանական աշխատանք է թափված յուրաքանչյուր դրվագի, յուրաքանչյուր կադրի համար։
Ահա այդ ժամանակ տեղի ունեցավ այս դեպքը: Ես կանգնած էի իմ լապտերի առաջ և ուշադիր հետևում էի նկարահանման հրապարակում կատարվող դեպքերին: Ինձնից ոչ հեռու չոքել էր մի պառավ կին՝ աղոթողի դիրքով: Բայց, հավանաբար, նա մասսայական տեսարանի այն մասնակիցներից էր, որին ընտրել էին ըստ «տիպաժի»: Մինչ այդ չառնչվելով կինոյի հետ, գիտենալով, որ լուսանկարվելիս չպետք է շարժվել, նստել էր անշարժ, հայացքն ուղղելով դեպի երկինք և ցուցադրաբար ձեռքերը վեր կարկառած։ Այստեղ ես չհամբերեցի և որոշեցի ուղղել նրան:
– Մայրիկ, ի՞նչ ես քարացել, գոնե շրթունքներդ շարժիր, մեկ-մեկ, գլուխդ խոնարհիր, որ երևա, թե աղոթում ես։
Ես խոսքս դեռ չէի ավարտել, երբ իմ լապտերը սկսեց դռռալ և այնպես, որ ես ցնցվեցի ու սկսեցի տենդորեն ոլորել պտուտակը, աղեղը կրճատելու համար։ Եվ այն ժամանակ հնչեց ինչ-որ մեկի հեգնական ձայնը:
– Ռեժիսորությամբ զբաղվելու փոխարեն, լավ կանես, որ զբաղվես քո գործով, իսկ ես իմ գործը գլուխ կբերեմ առանց քեզ:
Շրջվեցի և ապշեցի. Աստված իմ, դա Համո Բեկնազարյանն էր, կանգնել է և հեգնական ժպիտով նայում է ինձ:
Աղբյուրը՝ Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին, Երևան, 2023: