Ծնունդով Արևմտյան Հայաստանի Արմտան գյուղից, գրեթե ամբողջ կյանքը Կ. Պոլսում ապրած Հակոբ Մնձուրին (1886-1978 թթ.) հայ արձակի ամենաինքնատիպ դեմքերից է: Մեծ Եղեռնի օրերին կորցնելով իր ամբողջ ընտանիքը՝ նա շարունակեց ապրել Կոստանդնուպոլսում, ունեցավ ծանր ու դժվարին կյանք, սակայն իր մոտ 200 պատմվածքներում ինչպես իր սփյուռքահայ մյուս գրչակիցները վերստեղծեց կորսված դրախտը՝ հայրենի գյուղն ու արդեն գոյություն չունեցող նախկին կյանքը: 2024 թվականին Զանգակ հրատարակչությունը լույս է ընծայել Հակոբ Մնձուրու Երկերը։ Սա առաջին փորձն է Հայաստանում հնարավորինս ամբողջական հրատարակելու արևմտահայ այս բացառիկ հեղինակի երկերը։ Երկերի առաջին հատորում ընդգրկված է Հ․ Մնձուրու երեք հայտնի ժողովածուների 122 պատմվածք և այլ նյութեր, որոնք հրատարակվում են առաջին անգամ։ Գիրքը կազմել, ծանոթագրել ու առաջաբանը հեղինակել է բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը։
Նրա՝ «Կապույտ լույս» (1958թ.), «Արմտան» (1966թ.) և «Կռունկ, ուստի՞ կու գաս» (1974թ.) ժողովածուներում նաև մամուլում հրատարակված պատմվածքներում հարազատ գյուղն ու մարդիկ ներկայանում են այնպես, ինչպիսին եղել են մինչ 1915 թ..։ Թվում է, որ ժամանակը կանգ է առել և ինչ-որ տեղ հեռվում՝ Մնձուր լեռների փեշերին դեռ ապրում են նրա հերոսները՝ աշխատասեր, բարի, երբեմն ծուռ, նեղացկոտ, իրենց չարքաշ կյանքով ու փոքրիկ վայելքներով: Եվ այնտեղ է ապրում ստորև ներկայացվող՝ «Կապույտ լույս» ժողովածուի պատմվածքներից մեկի հերոսուհին՝ Նուռ Մամը։ Այս զարմանալի կերպարին հանդիպում ենք Մնձուրու մի քանի պատմվածքներում։ Այս պատմվածքում Նուռ Մամը հեքիաթասացի դերում է ու երեխաներին քուրսու շուրջ հավաքած պատմում է մեզ ծանոթ ու անծանոթ հեքիաթներ։ Ժողովրդական հյութեղ բառ ու բանը, երեխաների աշխույժ մասնակցությունը, սկսվող բայց չավարտվող հեքիաթները վերականգնում են կորսված ու դատարկված հայրենքի շունչն ու մթնոլորտը։ Պատմվող հեքիաթները ինչպես և հեղինակի հայրենի երկրի կյանքը սկսվել է ու ինչ-որ տեղ անավարտ մնացել, սակայն այս հուշ պատառիկներում և նաև ընթերցողների մեջ այդ հեքիաթները շարունակվելու հնարավորություն են ստանում՝ ապրեցնելով այն պատմող մարդկանց ու վերականդանացնելով կորսված հայրենիքը։
ՆՈՒՌ ՄԱՄԸ
Գոլով թոնիրին վերի կուշտը լայնլայն այտերով, մեծղի կազմով Նուռ Մամը նստեր է:
Իր աջ ու ձախ կողմը, քյուրսիին բոլորտի քըշարվեր ու խելոքխելոք նստեր են տասնյակ մը փոքրիկներ, իր թոռներն ու դրացի տուներու երախաները:
Կըսես թոնրատունը դպրոց մըն է, Նուռ Մամը կարդացող, մանուկները՝ սանիկներ: Ու հիմա Նուռ Մամը պիտի սկսի, այբբեն պիտի ըսե, ու սանիկները՝ մատիկները քերականներուն վրա, մեկ
ձայն, մեկ բերան պիտի կրկնեն, ինչ որ ան արտասանե:
Բայց չէ՛, Նուռ Մամը կարդացող չէ: Ան կարդալ չգիտեր, ան հեքիաթ գիտե, շա՜տ-շա՜տ հեքիաթ: Խոստացեր է հեքիաթ պատմելու, ու անոր համար երախաները բոլորվելով նստեր են: Ան հեքիաթասաց է:
Միջօրետք է: Դուրսը ձյուն մը հանդարտ ու խաղաղ կտեղա:
Իր թոռնիկներեն աղջնակ մը, Նանոն, կխոսի.
– Նուռ Մամ, Նուռ Մամ, ո՞ւր է, հեքիաթ պիտի զրուցեիր մեզի, ըսե նայինք:
–Պիտի զրուցեմ,– կպատասխանե Նուռ Մամը: Որ խելոք նստիք, որ խոսք տաք աղմուկ չհանելու, պիտի ըսեմ:
Բոլոր մանկիկները միաբերան կկրկնեն.
– Պիտի կենանք, խելոք պիտի ըլլանք. Նուռ Մամ, որ ձայն հանենք, մի’ ըսեր:
Սև թաղիքե գլխարկին վրա մեծածավալ լաջակով ու բերանակալով Նուռ Մամը կհարե գորովով.
–Բզեզին պատմությունը ըսեմ ձեզի, կուզե՞ք, Ճան Խաթուն, ՄերճանԽաթունը, ուր է բզեզը ինկեր է առվին մեջ, կխեղդվի, մկնիկ մը օգնության կհասնի. «Ձեռքդ տուր որ քա շեմ»՝ կըսե մկնիկը. «Դա՛ն գնա, հոտ կուգա քենե»՝ կպատասխանե բզեզը: Ձիավորներու խումբմը կանցնի դաշտին մեջտեղեն. «Ձիավորնե՜ր... կտրի՜ճ ձիավորներ... հասի՛ք, ազատեցեք իս. Ճան Խաթուն, Մերճան Խաթունը ջուրն է ինկեր կխեղդվի»: Ձիավորները ձիերը կկայնեցնեն ու մտիկ կընեն: Ամայի դաշտին երեսը մա՛րդ չկա, այս ձայնը ուրկե կուգա, ու խելք չեն կրնար հասցնել: Անի կապատմե՞մ ձեզի: Միտքդ կուգա՞, Նանո, դուն որ պզտիկ էիր, շատ պզտիկ, գիրկս կուգայիր կնստեիր, երբ որ քեզի կպատմեի, շատ կուրախանայիր:
– Չէ՛, չէ՛... ես ան չեմ ուզեր հիմա,– կպատասխանե Նանոն,– դուն ուրիշ մը պատմե:
– Թերզուն Աղջիկը պատմե՞մ, որ կուզեք ան պատմեմ,– կշարունակե Նուռ Մամը: Իշխանին տղան ամեն իրիկուն պարտեզը պտտիլ կելլե, թերզուն աղջիկը կտեսնե, կզարնվի անոր. «Թերզու աղջիկ, ռեհանին տերևը քանի՞ է» «Պեկորդի պեկ ես, երկնքին աստղերը քանի՞ են»: Ու աղջիկը կմերժե պեկորդին առնելու: «Իշխանաձուկե՜ր, համե՜ղ, համե՜ղ համե՜ղ իշխանաձուկեր...»։ Պեկորդին ձկնորսի լաթեր է հագեր, ձուկ կծախե. կողովը կցուցադրե թերզիին տանը առաջքը: Մայր ու աղջիկ դուրս կուգան, կսքանչանան: «Մեկ համբույր մը... ես դրամ չեմ ուզեր»: Մայրը կհամոզե աղջիկը: Ի՞նչ կըլլա, մարդ չտեսներ, համբույր մը տուր: Իրիկուն է. պեկորդին նորեն պարտեզը կուգա. «Թերզո՛ւ աղջիկ, թերզո՛ւ աղջիկ, ռեհանին տերևը քանի՞ է»: «Պեկորդի պեկ ես, երկնքին աստղերը քանի՞ են»: «Դա՛ն գնա, ձուկ ծախողեն համբուրվողը»: Վա՜յ, պեկորդին պարտեց զինքը ըսել է, կեցիր դուն... պատմե՞մ ասիկա:
–Քառսուն աղջիկներուն հեքիաթը պատմե, Նուռ Մամ,– կընդմիջե դրացի տունեն ծաղկավեր, կռտուն Խորոն, որ մինչև վիզը թաղվեր է քյուրսիին մեջ:
– Հա, հա, Նուռ Մամ, պատմե,– կձայնակցին երախաները:
–Կպատմեմ, կպատմեմ:
– Լճակը...– կձայնե հանկարծ իր մանչ թոռնիկը: Արոն, լճակը: Քույր մը, աղբար մը կըլլան: Աղբարը օր մը դուրս ելեր է, քույրը ջուր տաքցուցեր, տաշտը դրեր, հաներ է լաթերը ու պիտի լոգնա...
–Հապա Սըհա՞կը,– մատիկները իրար զարնելով կհարե ժպտուն, թրթռուն Շողերը,– Սըհակը աղվոր չէ՞, Խաթումամ, անամենեն աղվորն է: Գիտե՞ս, ան թռչուն չէ եղեր: Լալեն, լալեն թռչունի է փոխվեր, ու հիմա ամեն գիշեր կալերուն պատերուն մոտ, հովիտներու բարտիներուն վրա կուգա ու մութին մեջ ողորմուկողորմուկ կկանչե, «Սըհակ... Սըհակ... Սըհա՜կ...» Հարսիկս ըսավ ինծի: Երեկ չէ առջի օր հարսիկս գլուխս սանտրած ատենը պատմեց ինծի:
– Կկուն ալ թռչուն չէ եղեր,– կնկատե ցուրտեն, ձյուներուն հետ խաղալեն կարմրած, ճաթռտած ձեռքերով Սերոն: Գոգոր անունով աղբար մը ունի, ան ժուռ կուգա մարդ չեղած ձորերը՝ «Գո՛գոր... Գո՛գո... Գո՛գո...» կանչելով: Մտիկ որ ընես ձայնը, գիտես թե իրավցնե մարդ է, մարդու ձայն է, տղա մըն է որ պահվտեր է քարի մը ետին ու կկանչե այդպես:
– Ես մեկն ալ չեմ սիրեր, Փշիկը կսիրեմ,– կհայտնե դեղնամազ Նարոն: Գիտե՞ս, արտերու, լեռներու տղեկ մը կըլլա ատենոք, կարմրուկ շաքարի պես բերանիկով, ոսկի մազերով: Բլուրներուն վրա
կվազե ու կխաղա: Ու օրին մեկը փուշ մը կմտնե տոտիկը: Ցավին չդիմանար: Գեղ մը կելլե կերթա, բակի մը դուռը բաց է, ներս կնայի որ ալյուրոտ երեսներով պառավ մը նստեր է բոցերով թոնիրի մը դումին մոտ, րապաթը ձեռքը հաց կեփե. «Մամա, մամա, ի՞նչ կըլլա, տոտիկս փշիկ մըն է մտեր, կցավի, ըրի, ըրի, ես չկրցա հանել, դուն հանե: Որ հանես քեզի թոռնիկ կըլլամ»: Մաման կհանե, տղեկը կփախի ու կերթա նորեն կխաղա, մեկ մըն ալ միտքը կիյնա, թե փշիկը ինչո՞ւ տվեր էր պառավին: Կդառնա, կուգա. «Մամա, փշիկս տուր, ես փշիկս կուզեմ, ո՞ւր է փշիկս», ու տոտիկները կզարնե գետին: Պառավը կըսե, թե փշիկը թոնիրին բոցերուն մեջ է նետեր, ալ ի՞նչ պես կգտնվի, իրեն թոռնիկ էր եղեր, ալ ինչո՞ւ սիրտը կհատցնե, բայց տղեկը կպնդե նորեն: Ետքեն պառավը շատ մը թոնրահացեր կուտա, կկախե ուսիկեն վար, կերթա, կերթա որ՝ առվի մը մոտ հովիվներ նստեր են, անոնք հոտը պառկեցուցեր են, իրենք ալ կաթ կուտեն: «Ո՞ւր է, կըսե, կաթ ունիք, դգալ ունիք ու հաց չունիք, կուզե՞ք, այս հացիկներս ձեզի տա՞մ»: Հովիվները կուրախանան, տղեկը կնստեցնեն իրենց մոտ, հացերը կաթին մեջ կփշրեն, տղեկն ալ միասին կսկսին ուտել: Այս հեքիաթը գիտե՞ս, Նուռ Մամ, երբ որ կպատմեն՝ ինծի կուգա թե մեր Խաչի-Դարի առուն է, հովիվներն ալ նստեր են մեր ուռենիներուն տակը:
Բայց հարաշարժ, լեզվանի Նանոն Ծղրիթ Մորքուրը կուզե: Պետք է որ Նուռ Մամը ան պատմե, իր ուզածը:
– Ծղրիթ Մորքուրին հեքիաթը, Նուռ Մամ, ան պիտի պատմես, հա՞: Մայր մը դռանը շեմին կնստի ու իր աղջիկը կգովե: «Աղվո՛ր, ինչպե՜ս աղվոր, լուսունկին տասնըհինգեն ալ աղվոր երեսներով: Պոյով ու պոսով, պոյը ջրարբի արտի ցորենի ճե՜ղ է: Մազ չէ, սըռմայի թել է մազերը: Որ ծամերը քակելու ըլլա, ոսկի քողք է որ կիջնա վերեն վար: Որ կուժ մը շալկե ու աղբյուրը երթա, նայողը հեյրա՛ն կըլլա: Որ նստի ու գորգ գործե, բուրդի թել չէ որ կբանի, տասը մատներեն տասը տեսակ նախըշ է որ կթափե: Որ բուրդ մանելու ըլլա, լիրը կմանե, լիրը կգզե ու հարսնիքին օրը ցերեկվան պարին ալ կհասնի: Ի՞նչ ընեմ, մեր աղջիկը չըլլար ու էլին տունը հարս երթար: Էլին աղջիկը ըլլար, ու մեր տունը հարս գար»: Ու օրին մեկն ալ հեռու երկիրե մը երիտասարդ ձիավոր մը կուգա: Այս հեքիաթը պիտի ըսես, Նուռ Մամ:
Ու իրարանցում մըն է կհաջորդե թոնրատան մեջ: Բոլոր մանուկները կաղմկեն, կուզեն որ իրենց ուզածը պատմե:Նուռ Մամը կսաստե բոլորը: Հասկցավ: Խելոք չեն նստիր: Այդ բոլորն ալ պիտի պատմե, ու նաև ուրիշ շատ հեքիաթներ, բայց կարգով, ու ինք պիտի որոշե: Հիմա առաջին անգամ Եղնիկ Աղբարեն պիտի սկսի:
– Ուր է՝ քույր մը, աղբար մը կըլլան. գիտե՞ք ասիկա, ծարավ են ու կանցնին անապատե մը: Կհասնին տեղ մը, ուր անձրև է եկեր. ոչխարներու հոտ մըն է անցեր, կճղակներուն կոխած տեղերը ջուր է հավաքվեր. Աղբարը կհարցնե. «Քուրուկ, խմե՞մ սա փոսիկին ջրեն»:
– «Չէ՛, չէ՛, չէ՛, չէ՛... որ խմես խոյիկ մը կըլլաս, որ խոյիկ մը ըլլաս՝ անտեր քուրուկդ ո՞վ պիտի պահե»: Ավելի անդին կերթան, եզներ են անցեր:
– «Քուրուկ, խմեմ, հա՞, ասփոսիկներուն ջրեն»: «Չէ՛, չէ՛... որ խմես՝ մոզիկ մը կըլլաս, որ մոզիկ մը ըլլաս, անտեր քուրուկդ ո՞վ պիտի պահե»: Նորեն կերթան, կերթան՝ որ եղնիկներ են անցեր:
– «Քո րուկ, աս փոսիկներեն խմեմ հա, ի՞նչ կըլլա»:
– «Վա՜յ ինծի, որ խմես՝ եղնիկ մը կըլլաս, որ եղնիկ մը ըլլաս, անտեր քուրուկդ ո՞վ պիտի պահե»: Ու ետք նուետքը քուրուկն է չդիմանար, թույլ կու տա: «Պուտ մը, պտիկ մը պի տի խմես»: Ու տղեկն է կխմե, ու մեկեն եղնիկ մը կըլլա, հինայի գույնով, պոչիկով, եղջյուրիկներով, պզտի՜կ, պզտի՜կ եղնիկ մը, ձագո՜ւկ մը: Ասիկա պիտի պատմեմ այսօր: Անկե ետքն ալ ամեն օր մեկմեկ հատ:
– Հա՛, հա՛, Նուռ Մամ, Եղնիկ Աղբարը պատմե, ատ՝ ամենեն աղվորն է,– կկրկնեն բոլորը միաբերան,– մենք լավ չենք գիտեր հեքիաթը:
Ու երախաները կհամաձայնին, կհանդարտին, կսեղմվին իրարու ու ակնապիշ մտիկ կընեն:
Նուռ Մամը կսկսի հեքիաթը: Կհրճվի՛ն մանուկները: Ամենուն աչքերուն մեջ ու դեմքերուն վրա հիացում կա:
Տաք, գոլով է թոնիրը։