Ծերունին և ծովը (The Old Man and the Sea) Էռնեստ Հեմինգուեյի թերևս ամենահայտնի և նրա կենդանության օրոք՝ 1952 թվականին լույս տեսած վերջին ստեղծագործությունն է։ Արձակի ճանաչված վարպետը թեև մինչ այդ էլ հայտնի էր իր նշանավոր վեպերով ու պատմվածքներով, սակայն որոշակի ստեղծագործական ճգնաժամի կամ դադարի մեջ էր գտնվում, և այս վիպակի հրատարակությունը վերադարձրեց նրան գրականության երկնակամար։ Վիպակը լույս տեսավ Life ամսագրում 1952 թ․ սեպտեմբերի 1-ին և ամսագրի այդ համարի ամբողջ տպաքանակը՝ 5 միլիոն օրինակ, վաճառվեց ընդամենը երկու օրում։ Հենց այս ստեղծագործության համար Հեմինգուեյը 1953 թ․ ստացավ Պուլիտցերյան, իսկ 1954-ին Նոբելյան գրական մրցանակ։
Բնության, այս դեպքում ծովային տարերքի դեմ գոյության կռիվ մղող մարդու մասին վիպակի գաղափարը հեղինակը, իր իսկ խոստովանությամբ, հասունացրել է իր ստեղծագործական կյանքի ամբողջ ընթացքում։ Ընդհանրապես, Հեմինգուեյի ստեղծագործության մեջ կյանքի տարբեր հանգամանքների դեմ կռիվ մղող, իրերի դրության հետ չհամակերպվող, ուժեղ մարդկանց կերպարները շատ են։ Այս ստեղծագործության հերոս ձկնորս Սանտյագոն գալիս է լրացնելու հերոսների այդ շարքը, բյուրեղացնում ու ամբողջացնում հեղինակի նախորդ ստեղծագործությունների գաղափարական հիմնական միտումները։ Վիպակի բավական փոքրիկ գեղարվեստական տարածության մեջ հեղինակին հաջողվել է լավագույնս ցույց տալ մարդկային կյանքի ամբողջ ողբերգականությունը, որը ծնվում է գոյության համար մղվող պայքարից, շարունակվում հաղթանակի հույսերով ու ձեռքբերումների պատրանքներով, ապա ավարտվում մի տեղում, որտեղից սկսվել էր։ Մարդը մեծ զոհողությունների գնով, կարծես թե, գոնե բարոյապես հաղթում է, բայց հարց է առաջանում․ ինչ է տալիս այդ թվացյալ հաղթանակը և փոխհատուցվում է արդյոք մարդու տառապանքը։ Եվ ընդհանրապես ինչո՞ւ համար է պետք գոյության այս կռիվը։ Ներկայացնում ենք այդ նշանավոր ստեղծագործությունից մի հատված։
Էռնեստ Հեմինգուեյ
Ծերունին և ծովը
(հատված)
Մութ էր. սեպտեմբերին մութը միշտ հանկարծ է իջնում, մայրամուտից անմիջապես հետո։ Նա պառկել էր՝ հենված աղմտած տախտակներին, և ամեն կերպ ջանում էր հանգստանալ։ Երկնքում երևացին առաջին աստղերը։ Նա չէր իմանում
Ռիգել աստղի անունը, բայց երբ տեսավ դա, հասկացավ, որ շուտով կերևան և մյուսները, և այն ժամանակ հեռավոր բարեկամները նորից իր հետ կլինեն։
— Այս ձուկը նմանապես իմ բարեկամն է,— ասաց նա։— Ես երբեք այսպիսի ձուկ չէի տեսել ու ոչ էլ լսել, որ այսպիսի ձկներ էլ են լինում։ Բայց ես դրան պետք է սպանեմ։ Ինչքա՜ն լավ է, որ մենք ստիպված չենք սպանել աստղերին։
«Պատկերացրու մի մարդ, որ ամեն օր ճգնում է սպանել լուսնին, իսկ լուսինը փախչում է նրանից։ Հապա եթե մարդն ստիպված լիներ ամեն օր արև որսա՞լ։ Ո՛չ, ինչ էլ ասես, մենք դեռ բախտավոր ենք»,— մտածեց նա։
Հետո նա սկսեց խղճալ մեծ ձկանը, որը ուտելու բան չուներ, սակայն խղճալը ամենևին չէր խանգարում նրա՝ սպանելու վճռականությանը։ Քանի՜ մարդու կկշտացնի։ Բայց մարդիկ արժանի՞ են արդյոք նրանով սնվելու։ Իհարկե, ո՛չ։
Աշխարհում ոչ ոք արժանի չէ նրանով սնվելու, հապա մի նայեցե՛ք՝ ինչպես է իրեն պահում և ինչպիսի վեհանձնությամբ։ «Շատ բան չեմ հասկանում ես,— մտածեց նա։— Բայց ինչքան լավ է, որ ստիպված չենք սպանել արևին, լուսնին ու աստղերին։ Բավական է, որ ուտելիք ենք շորթում ծովից ու սպանում ենք մեր եղբայրներին։
Հիմա ես պետք է մտածեմ թիերից արգելակ շինելու մասին։ Դա ունի իր և՛ լավ, և՛ վատ կողմերը։ Ես կարող եմ այնքան պարան կորցնել, որ կկորցնեմ և ձուկը, եթե նա ուզենա պոկ գալ, իսկ թիերից շինված արգելակը նավակը կզրկի
արագաշարժությունից։ Նավակի թեթևությունը կերկարաձգի թե՛ իմ, թե՛ ձկան տառապանքները, բայց դա միաժամանակ և իմ փրկության երաշխիքն է։ Չէ՞ որ այս ձուկը, եթե ուզենա, կարող է ավելի արագ լողալ։ Ինչ էլ որ լինի, պետք է մաքրել
թյունիկի փորը, քանի դեռ չի հոտել, ու մի քիչ ուտել՝ ուժովանալու համար։
Հիմա մի ժամ էլ հանգստանամ, իսկ հետո եթե տեսնեմ, որ ձուկը ոչ մի մտադրություն չունի, կանցնեմ խելի վրա ու պետք եղածը կանեմ և թիերի մասին էլ որոշում կկայացնեմ։ Իսկ մինչ այդ կհետևեմ, թե ձուկն ինչպես կպահի իրեն։ Թիերի
այդ օյինը խելացի հնարամտություն է, բայց հիմա արդեն պետք է հաստատ գործել։ Ձկան ուժը դեռևս լրիվ տեղն է, իսկ ես նկատեցի, որ կարթը մտել է նրա բերանի անկյունը, նա էլ բերանն ամուր փակել է։ Կարթի պատճառած տանջանքներն այնքան էլ մեծ չեն, նա շատ ավելի տանջվում է քաղցից և այն վտանգի զգացողությունից, որն ինքը չի հասկանում։ Ուրեմն հանգստացի՛ր, ծերո՛ւկ, թող նա ջանք թափի, մինչև քո հերթը գա»։ Նրան թվաց, թե ինքը հանգստացավ առնվազն երկու ժամ։ Լուսինը հիմա ուշ էր ծագում, և նա չէր կարող ժամանակը որոշել։ Ճիշտ է՝ նա հանգստացավ այնպես
միայն, հարաբերական իմաստով։ Առաջվա պես ուսը զգում էր ձկան ծանրությունը, սակայն ձախ ձեռքը հենելով ցռուկի կողափայտին՝ նա ջանում էր ծանրությունը հետզհետե ավելի փոխադրել նավակի վրա։
«Որքան հեշտ կլիներ ամեն ինչ, եթե կարողանայի պարանը կապել նավակին,— մտածեց նա։— Սակայն բավական է, որ ձուկը թեկուզ մի քիչ ձիգ տա, ու պարանը կտրաքի։ Ես պետք է իմ մարմնով անընդհատ թուլացնեմ ձգումը և ամեն
րոպե պատրաստ լինեմ զույգ ձեռքով բաց թողնել պարանը»։
— Բայց չէ՞ որ դու դեռ չես քնել, ծերո՛ւկ,— ասաց նա բարձրաձայն։— Անցել է կես ցերեկ ու մի գիշեր, այնուհետև ևս մի ցերեկ, իսկ դու շարունակ անքուն ես։ Մտածիր ինչպես անես, որ թեկուզ մի քիչ քնես, քանի դեռ նա հանգիստ է ու գժություն չի անում։ Եթե դու չքնես, գլխումդ ամեն ինչ կխառնվի։
«Հիմա գլուխս պայծառ է,— մտածեց նա,— նույնիսկ շատ պայծառ։ Նույնքան պայծառ, ինչքան իմ քույրերը՝ աստղերը։ Բայց մեկ է, անհրաժեշտ է, որ մի փոքր քնեմ։ Աստղերն էլ են քնում, լուսինն էլ է քնում, արևն էլ է քնում, և նույնիսկ օվկիանոսն է
երբեմն քնում այն օրերին, երբ հոսանք չկա, և կատարյալ լռություն է տիրում»։
«Չմոռանաս մի քիչ քնել,— հիշեցրեց ինքն իրեն։— Ստիպի՛ր քեզ մի փոքր քնել, պարանը թողնելու որևէ պարզ ու անվրեպ միջոց գտիր։ Հիմա գնա նավախել ու մաքրիր թյունիկի փորը։ Իսկ թիերից կազմած արգելակը վտանգավոր բան է, եթե
քնես»։ «Բայց կարող եմ առանց քնելու էլ յոլա գնալ,— ասաց ինքն իրեն։— Այո՛, կարող ես, բայց դա էլ շատ վտանգավոր է»։
Նա սկսեց չորեքթաթ գնալ դեպի նավախել՝ ջանալով չանհանգստացնել ձկանը։ «Գուցե նա էլ նիրհել է,— մտածեց ծերուկը։ Բայց ես չեմ ուզում, որ նա հանգստանա։ Նա պետք է քարշ տա նավակը, մինչև որ մեռնի»։
Հասնելով նավախելին՝ նա շրջվեց և ձկան ամբողջ ծանրությունը փոխադրեց ձախ ձեռքի վրա, իսկ աջով պատյանից հանեց դանակը։ Աստղերը լուսավորում էին պայծառ, թյունիկը լավ երևում էր։ Ծերունին դանակը խրելով նրա գլխի մեջ՝ խելի տակից դուրս քաշեց։ Ոտքը դնելով ձկան վրա արագ ճեղքեց փորը՝ պոչի ծայրից մինչև ստորին ծնոտը։ Հետո դանակը ցած դրեց, աջ ձեռքով մաքրեց թյունիկի փորը ու պոկեց խռիկները։ Փորը ծանր էր ու լպրծուն, և երբ կտրեց դա, երկու հատ թռչող ձուկ գտավ այնտեղ։ Դրանք թարմ էին և պինդ, ծերուկը դրեց դրանք կողք կողքի, հատակին, իսկ փորոտիքը շպրտեց ծով։ Իջնելով ծովի մեջ՝ փորոտիքը լուսավոր հետք էր թողնում իր ետևից։ Աստղերի աղոտ լույսի տակ թյունիկը կեղտասպիտակ էր թվում։ Ոտքը դնելով ձկան գլխին՝ ծերունին պոկեց մի կողի մաշկը։ Այնուհետև շրջեց
ու պոկեց մյուս կողի մաշկը և կտրեց կողերի միսը գլխից մինչև պոչը։ Թյունիկի կմախքը նետելով դուրս՝ նայեց, թե ջրի մեջ շրջանակներ չե՞ն երևում, բայց տեսավ միայն դանդաղորեն խորքն իջնող ձկան կմախքի լուսավոր հետքը։ Այդ
ժամանակ նա շրջվեց, երկու թռչող ձկները դրեց թյունիկի մսի կտորների միջև և դանակը պահելով պատյանի մեջ՝ նորից զգուշությամբ հասավ ցռուկին։ Նրա մեջքը կռանում էր պարանի ծանրությունից, իսկ ձուկը նա տանում էր աջ ձեռքով։
Վերադառնալով նավացռուկ՝ ձկան միսը շարեց տախտակների վրա ու թռչող ձկներն էլ դրեց նրանց կողքը։ Դրանից հետո պարանը փոխադրեց թիկունքի դեռևս չցավացող մասը և նորից ծանրությունը գցեց նավակողին հենած ձախ ձեռքի վրա։
Կռանալով նավակողից՝ թռչող ձուկը լվաց ծովի մեջ և միաժամանակ ստուգեց, թե որքան արագ է հոսում ջուրը իր ձեռքի տակից։ Նրա ձեռքը լուսավորվում էր թյունիկի մաշկը պոկելու հետևանքով, և նա տեսնում էր, թե ինչպես է ջուրը հոսում նրա շուրջ։
Հիմա ավելի դանդաղ էր հոսում, և ձեռքի կողը քսելով նավակի եզրին՝ նա տեսավ, որ ֆոսֆորի մասնիկները դանդաղորեն են գնում դեպի նավախելը։
— Կա՛մ հոգնել է, կա՛մ հանգստանում է,— ասաց ծերունին։ Պետք է արագ վերջացնել ուտելու գործը ու մի քիչ քնել։
Նա կերավ սուկիներից մեկի կեսը և մի թռչող ձուկ, որ մինչ այդ մաքրեց աստղերի լույսի տակ՝ զգալով, թե ինչպես օդը հետզհետե սառում է։
— Ի՞նչը կարող է թյունիկից ավելի համեղ լինել, եթե եփած ուտես,— ասաց նա։— Բայց որքա՜ն զզվելի է նա հում վիճակում։ Էլ երբեք առանց աղի ու լիմոնի ծով դուրս չեմ գա։
«Թե գլխումս խելք լիներ,— մտածեց նա,— ամբողջ ցերեկը ջուր կցողեի նավացռուկին, կթողնեի՝ չորանար, և երեկոյան աղ կունենայի։ Այո՛, բայց չէ՞ որ թյունիկը բռնեցի մայրամուտից քիչ առաջ։ Այնուամենայնիվ, շատ բան չեմ
կանխատեսել։ Բայց և այնպես ամբողջ կտորը ծամեցի, ու սիրտս չի խառնում»։
Արևելքում երկինքը պատվեց ամպերով, և ծանոթ աստղերը հանգչում էին իրար ետևից։ Թվում էր, թե նա մտնում է ամպերից կազմված մի հսկայական կիրճ։ Քամին դադարել էր։
— Երեք կամ չորս օր հետո եղանակը կվատանա,— ասաց նա։— Բայց դեռ ոչ այսօր, ոչ էլ վաղը։ Մի քիչ քնիր, ծերո՛ւկ, քանի դեռ ձուկը հանգիստ է պահում իրեն։ Նա աջ ձեռքով բռնեց պարանը և ազդրն էլ սեղմեց ձեռքին՝ ամբողջ մարմնով
դիմահարվելով նավակի կողին։ Այնուհետև մեջքի վրա մի քիչ ցած տարավ պարանը և ձախ ձեռքով բռնեց դա։
«Աջ ձեռքը պարանը կպահի այնքան, մինչև որ թուլանա։ Իսկ եթե քնած տեղս թուլանա, ինձ կարթնացնի ձախ ձեռքը՝ զգալով, որ պարանն իջնում է ծով։ Աջ ձեռքի դրությունն, իհարկե, հեշտ չի լինի, բայց նա վարժվել է զրկանքներ կրել։ Եթե թեկուզ մի քսան րոպե կամ կես ժամ քնեմ, այդ էլ լավ է»։
Նա ընկավ նավակողի վրա, ձկան ամբողջ ծանրությունը փոխադրեց աջ ձեռքի վրա ու քնեց։
Երազում առյուծներ չտեսավ, բայց փոխարենը տեսավ ծովախոզերի մի հսկայական երամակ, որ ձգվել էր ութ կամ տասը մղոն, և որովհետև զուգավորման շրջանն էր, օդ էին ոստնում նրանք ու կրկին սուզվում այն ջրափոսի մեջ, որտեղից
դուրս էին գալիս։ Հետո էլ տեսավ, որ ինքը պառկած է գյուղում՝ իր մահճակալին, և հյուսիսային քամին փչում, մտնում է խրճիթը, որից խիստ մրսում է, իսկ աջ ձեռքը կարկամել է, որովհետև բարձի փոխարեն դրել է գլխի տակ։ Դրանցից հետո միայն նա տեսավ մի երկար, դեղին ծանծաղուտ, ապա մթնշաղին դուրս եկավ այդտեղ առաջին առյուծը, որի ետևից գալիս են ահա մյուսները, նա կզակը հենել է խարիսխ գցած նավի պատվարին, ցամաքից եկող իրիկնային քամին պարուրում է նրան, նա սպասում է, թե ուրիշ առյուծներ էլ չե՞ն երևա, ու խիստ երջանիկ է։
Լուսինը վաղուց էր ծագել, բայց նա շարունակում էր քնել, իսկ ձուկը միահավասար արագությամբ տանում էր նավակը ամպեղեն կիրճը Նա զարթնեց ցնցումից, աջ ձեռքի բռունցքը խփվեց նրա դեմքին, իսկ պարանը, դաղելով ձեռքը, սրընթաց իջնում էր ծով։ Ձախ ձեռքի գոյությունը նա չէր զգում, ուստի փորձեց աջ ձեռքով կասեցնել պարանը, բայց սա խելագարի նման շարունակում էր իջնել ծով։ Վերջիվերջո ձախ ձեռքն էլ շոշափեց պարանը, և ծերունին մեջքը հենեց դրան, և հիմա պարանը դաղում էր նրա թիկունքն ու ձախ ձեռքը, որի վրա էր փոխադրվել ձկան ծանրությունը։ Նա նայեց պահեստի կծիկներին ու տեսավ, որ դրանք արագ արձակվում են։ Այդ վայրկյանին ձուկը, պայթեցնելով օվկիանոսի
հարթությունը, դուրս եկավ ու նորից ծանրորեն ընկավ ծով։ Հետո կրկին ու կրկին ոստնեց, իսկ նավակը սլանում էր առաջ, թեև պարանը շարունակում էր դուրս վազել նավակից, և ծերունին ծայր աստիճան ձիգ էր տալիս, մի ակնթարթ բաց թողնում, ապա դարձյալ ամբողջ ուժով ձգում՝ ենթարկելով կտրվելու վտանգին։ Նա ինքն էլ քաշվել, կիպ սեղմվել էր ցռուկին, դեմքը փակչել էր թյունիկի մսի կտորին, բայց նա չէր կարող շարժվել։
«Ահա սրան էլ սպասում էինք,— մտածեց նա։— Հիմա դիմացի՛ր»։
«Իմ պարանի վրեժը կլուծե՜մ դրանից, կլուծե՜մ»։
Նա չէր կարող տեսնել ձկան ոստյունները, լսում էր միայն, թե ինչպես շառաչով ճեղքվում է օվկիանոսը, ապա հետևում է ծանր ճողփյունը, երբ ձուկը նորից է ընկնում ջուրը։ Նավակից դուրս սլացող պարանը անողոքաբար կտրում էր ձեռքը, բայց նա գիտեր, որ այդպես կլինի, և ջանում էր ձեռքի կոշտուկապատ մասը ենթարկել դրան, որպեսզի պարանը ափն ու մատները չվիրավորի։
«Եթե տղան հետս լիներ,— մտածեց ծերունին,— կջրոտեր պարանը։ Այո՛, եթե տղան այստեղ լինե՜ր։ Եթե միայն տղան այստեղ լինե՜ր»։ Պարանն անընդհատ սլանում էր դուրս, բայց հիմա ավելի դժվար էր սլանում, և
ծերունին ստիպում էր ձկանը նվաճել ամեն մի մատնաչափը։ Նա կարողացավ բարձրացնել գլուխը ու դեմքը հեռացնել թյունիկի մսից, որը նրա այտոսկրի ճնշումից բլիթի պես տափակել էր։ Այնուհետև նա չոքեց, հետո էլ դանդաղորեն ոտքի ելավ։ Նա դեռևս բաց էր թողնում պարանը, սակայն ավելի ու ավելի ժլատորեն։ Հասնելով այն տեղին, որտեղ խավարում ոտքով կարող էր տնտղել պարանի կծիկները՝ նա համոզվեց, որ պաշարը դեռ մեծ է։ Իսկ ջրի մեջ այնքան պարան կա, որ ձուկը հեշտությամբ չի հաղթահարի դրան։ «Ուրեմն այսպես,— մտածեց նա,— հիմա ավելի քան տասը ոստյուն գործեց նա
ու փուչիկները օդ լցրեց, հիմա այլևս չի կարող իջնել ջրի խորքը (որտեղից չի կարելի դուրս քաշել նրան) և մեռնել այդտեղ։ Շուտով կսկսի պտույտներ գործել, և այն ժամանակ ես ստիպված կլինեմ քրտինք թափել։ Հետաքրքիր է՝ ի՞նչը համբերությունից հանեց նրան։ Արդյոք քա՞ղցը հուսահատության հասցրեց, թե՞ խավարում որևէ բան վախեցրեց։ Միգուցե հանկարծակի վախ զգաց։ Բայց չէ՞ որ հանդարտ և ուժեղ ձուկ էր դա։ Այնքան ինքնավստահ ու այնքան անվախ էր թվում
ինձ։ Տարօրինակ է»։
— Ավելի լավ է, ծերո՛ւկ, ինքդ մոռացիր վախը և ավելի հավատա քո ուժերին,— ասաց նա։— Թեկուզ և կաշկանդել ես նրան, բայց մի մատնաչափ պարան էլ չես կարող դուրս քաշել։ Սակայն շուտով նա կսկսի պտույտներ գործել։
Այժմ ծերունին պարանը պահում էր ձախ ձեռքով և ուսերով։ Նա կռացավ ու աջ ձեռքով ջուր վերցրեց՝ թյունիկի տափակած միսը դեմքից սրբելու համար։ Վախենում էր, որ սիրտը կխառնի, ինքն էլ կթուլանա։ Դեմքը լվանալուց հետո ծերունին աջ ձեռքը մտցրեց ծով ու պահեց աղի ջրի մեջ՝ նայելով պայծառանալ սկսող երկնքին։ «Հիմա ձուկը լողում է համարյա դեպի արևելք,— մտածեց նա։— Այդ նշանակում է, որ հոգնել է ու հոսանքով է ընթանում։ Շուտով կստիպվի պտույտներով գնալ։ Ահա այդ ժամանակ էլ կսկսվի իսկական աշխատանքը»։ Որոշ ժամանակ ձեռքը աղի ջրում պահելուց հետո դուրս հանեց ու զննեց։
— Այնքան էլ սարսափելի չէ,— ասաց նա։— Իսկ տղամարդու համար ցավը դատարկ բան է։
Ծերունին զգույշ բռնեց պարանը՝ ջանալով, որ նոր վերքերից ոչ մեկի վրա չընկնի, և մարմնի ծանրությունն այնպես տեղափոխեց, որ կարողանա ձախ ձեռքն էլ նավակի մյուս կողմից մտցնել ջրի մեջ։
— Այն ոչնչությունը, որ դու ես, այնուամենայնիվ վատ չպահեցիր քեզ,— ասաց նա ձախ ձեռքին։— Բայց եղավ մի պահ, երբ դու դավաճանեցիր ինձ։ «Ինչո՞ւ երկու լավ ձեռքով չեմ ծնվել ես,— խորհրդածեց նա։— Գուցե հանցավորը ես եմ, որ ժամանակին ձախ ձեռքիս չեմ սովորեցրել կարգին աշխատել։ Բայց, վկա է աստված, նա ինքն էլ կարող էր սովորել։ Անկեղծորեն ասած՝ այս գիշեր այնքան էլ չխաբեց նա ինձ և կարկամումից միայն մի անգամ փետացավ։ Բայց եթե դա
կրկնվի, ապա ավելի լավ է պարանը միանգամից կտրի նրան»։
Այս խորհրդածությունից հետո ծերունին իսկույն հասկացավ, որ իր գլուխը մշուշապատվել է, և վատ չէր լինի մի կտոր ևս թյունիկ ծամել։ «Չեմ կարող,— ասաց ինքն իրեն։— Ավելի լավ է միտքս պղտորվի, քան թե սրտխառնուքից թուլանամ։ Իսկ
ես գիտեմ, որ չեմ կարող ներսումս պահել այն միսը, որի վրա էր ընկել իմ երեսը։
Միսը կպահեմ ծայրահեղ դեպքում ուտելու, քանի դեռ չի փչացել։ Միևնույնն է, հիմա արդեն ուշ է կազդուրվելու համար։ Հիմա՛ր ծերուկ,— նախատեց ինքն իրեն,— չէ՞ որ կարող ես ուտել երկրորդ թռչող ձուկը»։
Ահա այդտեղ է նա՝ փորոտիքը հանված, մաքրված, և ձախ ձեռքով վերցնելով թռչող ձուկը՝ կերավ, երկար ծամելով փշերը՝ կերավ ամբողջովին, առանց մնացորդի։ «Սա ավելի սննդարար է, քան որևէ այլ ձուկ,— մտածեց նա։— Համենայն դեպս,
դրա մեջ կա այն, որի կարիքն զգում եմ ես։ Դե, հիմա ես արեցի այն ամենը, ինչ կարող
էի։ Թող միայն նա սկսի պտույտ գալ, մենք նրա հետ կռիվ կմղենք»։