Գաբրիել Գարսիա Մարկեսը 1982 թվականին գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանանալով՝ նա դարձավ առաջին կոլումբիացին, որը ստացել էր այդ մրցանակը:
Մարկեսի տարբեր տեղծագործություններ աշխարհի ամենատարբեր լեզուներով են թարգմանվել, այդ թվում՝ հայերենով։ Այս հոդվածով ձեզ ենք ներկայացնում գրողի այն ստեղծագործությունները, որոնք կան հայերեն թարգմանությամբ։
«Նահապետի աշունը»
Թարգմանությունն իսպաներենից՝ Կառա Չոբանյանի
«Նահապետի աշունը» վեպը (1975) հեղինակի գնահատմամբ իր կարևորագույն ստեղծագործությունն է: Վեպի հերոսը՝ Կարիբյան ափի երևակայական երկրներից մեկի՝ դեպքերի բերումով իշխանության ղեկին հայտնված, անփոփոխ, անմահ թվացող զառամ նախագահը, մարմնավորում է ոչ միայն 20-րդ դարի լատինամերիկյան երկրների իրական, այլև ժամանակակից բոլոր բռնակալներին: Մոգական ռեալիզմի շնչով հագեցած այս կոթողային գործը ասք է, արձակ պոեմ, բազմաձայն մենախոսություն բռնակալի և նրա մենության մասին:
«Գեներալն իր լաբիրինթոսում»
Թարգմանությունն իսպաներենից՝ Կառա Չոբանյանի
Քիչ բան է հայտնի Լատինական Ամերիկան իսպանական գաղութատիրությունից ազատագրող ամենակարկառուն առաջնորդներից մեկի՝ Սիմոն Բոլիվարի վերջին ուղևորության մասին Մագդալենա գետով, երբ ժողովրդի կողմից Ազատարար հռչակված, ռոմանտիկ, երդվյալ իդեալիստ այդ հերոսը, բազմաթիվ քաղաքական և ռազմական դավադրությունների թիրախ դառնալով, միասնական, մեծ ու հզոր Ամերիկա ստեղծելու իր երազանքը փլված տեսնելուց հետո, հիվանդ ու լքված, հավատարիմների փոքրաթիվ շքախմբի հետ որոշում է Եվրոպա մեկնել: Համադրելով պատմական հայտնի փաստերն իր վառ երևակայության հետ, դեգերելով գեներալի հիշողությունների լաբիրինթոսում՝ հեղինակը լրացնում է այդ բացը, իր անզուգական վարպետությամբ իրականությունը դարձնում առասպել, իսկ առասպելը՝ իրականություն:
«Սերը խոլերայի ժամանակ»
Թարգմանությունն իսպաներենից՝ Ռուզաննա Պետրոսյանի
Նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը խոլերայի ժամանակ» վեպն անվերապահ և անմնացորդ սիրո մասին պատմող ցնցող պատմություն է՝ սեր, որն ունակ է հաղթահարելու ամեն ինչ՝ ժամանակ ու տարածություն, կյանքի դժվարություններ ու նյութապաշտություն, մարդկային հոգու անկատարություն ու հուսահատություն: Ֆերմինա Դասան մերժում է Ֆլորենտինո Արիսայի պատանեկան սերն ու երազանքները և ամուսնանում խոլերայի դեմ ակտիվ պայքարող բժիշկ Խուվենալ Ուրբինոյի հետ, որը, ի տարբերություն զգայական և զգացմունքային Ֆլորենտինո Արիսայի, չափազանց զուսպ է և հավասարակշռված: Մելամաղձոտ ու անչափ հուզիչ այս պատմությունը համեմված է Մարկեսի ֆանտաստիկ սարկազմով, ծիծաղաշարժ դրվագներով, հին ժամանակների ոգով, սիրային զեղումներով և մեծ քնարականությամբ: Ամուսնու մահից, անցած երջանկության վերհուշից և մենության ցավոտ ապրումներից հետո Ֆերմինային բախտ է վիճակվում ճաշակել հասուն սերը, և երկու զառամյալ սիրահարները տրվում են սիրո ճամփորդության վայելքին՝ հավատացնելով, որ սերը ժամ ու ժամանակ չունի:
«Գնդապետին գրող չկա»
Թարգմանությունն իսպաներենից՝ Կառա Չոբանյանի
Հռչակավոր գրողի այս վիպակը, որ ստեղծվել է 1957 -ին և լույս տեսել 1961-ին, նրա առաջին, բայց և ամաենահայտնի գործերի թվում է, թեև զերծ մոգական ռեալիզմի տարրերից: Վիպակի հերոսը՝ տասնհինգ տարի իր թոշակին սպասող տարես գնդապետը, XX դարի իսպանալեզու գրականության ամենասիրելի և սրտառուչ կերպարներից է: Հեղինակն ինքը վիպակն իր լավագույն ստեղծագործություններից է համարել՝ նշելով. «Ստիպված էի «Հարյուր տարվա մենություն»-ը գրել, որպեսզի կարդան «Գնդապետին գրող չկա»- ն:
«Հայտարարված սպանության քրոնիկոն»
Թարգմանությունն իսպաներենից՝ Կառա Չոբանյանի
Մեծանուն գրողի այս գործը (1981), որ դասվում է XX դարի իսպանալեզու լավագույն 100 վեպերի շարքին, իրական հիմքեր ունի: Գիրքը պատմում է պատվի համար կատարված մի սպանության մասին, որն իրականում ոչ ոք չէր ցանկանում, անգամ մարդասպանները, և կարող էր տեղի չունենալ, բայց տեղի է ունենում մարդկային անտարբերության ու անլրջության, եսասիրության ու թեթևամտության, ինչպես և բազում անհեթեթ պատահականությունների զուգադիպության հետևանքով:
«Երեքշաբթի օրվա սիեստան»
Թարգմանությունն իսպաներենից՝ Կառա Չոբանյանի
Պատանեկան տարիքի ընթերցողներին ուղղված այս գիրքն ընտիր պատմվածքների ժողովածու է՝ ծաղկաքաղ կոլումբիացի ականավոր գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսի չորս հայտնի ժողովածուից՝ «Երկնագույն շան աչքերը» (1974), «Մեծ մոր թաղումը» (1962), «Միամիտ Էրենդիրայի և նրա անհոգի տատիկի անհավանական ու տխուր պատմությունը» (1972), «Տասներկու թափառական պատմվածք» (1992):
«Հարյուր տարվա մենություն»
Թարգմանությունն իսպաներենից՝ Կառա Չոբանյանի
Պատմելու արվեստի անգերազանց վարպետ Գարսիա Մարկեսի այս վեպը, որ «մոգական ռեալիզմի» կատարյալ դրսևորում է համարվել և «խոսքի գոթական տաճար» որակվել, XX դարի ամենաընթերցված ու ամենաշատ թարգմանված գործն է և շարունակում է նույնը մնալ նաև XXI դարում: Երևակայական Մակոնդո քաղաքը հիմնադրած Բուենդիաների տոհմի վեց սերունդների հարյուրամյա կյանքի պատմությամբ հեղինակն ամփոփ ներկայացնում է XIX դարի և XX դարի սկզբի Կոլումբիայի պատմությունը:
«Հուշագրություն իմ տխուր պոռնիկների մասին»
Թարգմանությունն իսպաներենից՝ Ռուզաննա Պետրոսյանի
«Հուշագրություն իմ տխուր պոռնիկների մասին» վիպակը պատմում է իննսունամյա ծերունու մասին, որը վճռում է իր հոբելյանական իննսունամյակը «պատվել» տասնչորսամյա աղջնակի ընկերակցությամբ: Ծերունու և աղջնակի միջև շուրջ մեկ տարի ձգվող «արտասովոր» կապը վերջինիս ստիպում է վերհիշել անցյալը, հոդվածագրի մասնագիտությունը, և, իհարկե, ծախու կանանց այցելելու վաղեմի սովորությունը, իսկ հանկարծահաս զգացմունքը գալիս է համոզելու, որ սերը չունի տարիք, ժամ ու ժամանակ, սերը չի անցնում կրքի հետ, այլ կարող է արտահայտվել քնքշանքի, լռության և հիացմունքի ձևով: Իր այս ստեղծագործությամբ Մարկեսը հեռանում է քաղաքական ենթատեքստից և մոգական ռեալիզմից`հյուսելով անչափ ռոմանտիկ, բավական հուզիչ և գեղեցիկ սիրո պատմություն:
«Երկու մենություն: Երկխոսություն լատինամերիկյան վեպի մասին»
Մարիո Վարգաս Լյոսա, Գաբրիել Գարսիա Մարկես
Թարգմանությունը իսպաներենից՝ Ռուզաննա Պետրոսյանի
1967 թվականի սեպտեմբերի 5-ին՝ երեքշաբթի, ժամացույցը կանգ առավ 13:30 րոպեի վրա. Մարիո Վարգաս Լյոսայի և Գաբրիել Գարսիա Մարկեսի միջև երկխոսությունը սկսվեց, բայց նախատեսվածից ավելի երկար տևեց, և քանի որ թեման սպառված չէր, որոշեցին ավարտին հասցնել երկրորդ հանդիպմանը՝ երկու օր անց: «Ես գրում եմ, որպեսզի իմ ընկերներն ինձ ավելի շատ սիրեն»,- ասում է Մարկեսը: Այսինքն՝ գրում ենք, որպեսզի մեզ ավելի քիչ մենակ զգանք և շատ ընկերներ ունենանք: Որպեսզի կարողանանք խոսել այն ամենի մասին, որոնց մասին, երբ բարձրաձայնում ենք, այլևս առաջվանը չեն: