Հուլիսի 4-ը գրականության մեջ նշանավորվել է աշխարհում ամենահայտնի գրքերից մեկի՝ Լուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» վեպի հետ կապված երկու իրադարձությամբ: Նախ 1862 թ. հենց այս օրը ընտանեկան պիկնիկի ժամանակ Չալզ Դոջսոնը Ալիս Լիդդելին սկսում է պատմել աղջնակի մասին, որը հետևելով կախարդական ճագարին հայտնվում է հրաշքների աշխարհում: 10-ամյա Ալիսը համոզում է Չարլզին պատմությունը թղթին հանձնել: Այդպես էլ լինում է և 1865 թ. կրկին հուլիսի 4-ին լույս է տեսնում «Ալիսը հրաշքների աշխարհում» գիրքը: Հեղինակը հանդես է գալիս Լուիս Քերոլ գրական կեղծանվամբ: Աշխարհի ամենասիրված գրքերից մեկի հետ կապված հետաքրքիր այլ փաստեր ևս կան, որոնք էլ կներկայացնենք ստորև:
Գրքի հեղինակը՝ Չարլզ Դոջսոնը մաթեմատիկոս էր և փիլիսոփա: Նա դասավանդում էր Օքսֆորդում գտնվող կիրակնօրյա դպրոցում, որտեղ էլ դպրոցի տնօրենի դստեր համար առաջին անգամ պատմում է Ալիսի զարմանալի պատմությունը:
Ըստ ուսումնասիրողների հեղինակի մասնագիտությունը՝ մաթեմատիկան, մեծապես ներկա է գրքում: Մասնավորապես տարբեր հատվածներում Լուիս Քերոլը ծաղրում է իր ժամանակի նոր մաթեմատիկական տեսությունները:
Գիրքը թարգմանվել է 175 լեզուներով, նաև հայերեն: Սակայն թարգմանության տեսանկյունից այն մեծ դժվարություն է ներկայացնում, քանի-որ շատ դժվար է թարգմանել հեղինակային նուրբ հումորն ու բառախաղերը, որոնցով լցված է վեպը:
Գրքի առաջին վերնագիրն էր՝ «Ալիսի արկածները գետնի տակ», սակայն հետագայում վերնագիրը փոխվում է: Գրքի ինքնագիրը հեղինակը նվիրում է Ալիս Լիդդելին և այն այժմ պահվում է Բրիտանական թանգարանում:
1931 թ. գիրքն արգելվում է Չինաստանում: Պատճառն այն էր, որ կենդանիները վիպակում խոսում են մարդկային լեզվով, իսկ այդ ժամանակներում ծագող արևի երկրում համարում էին, որ անընդունելի է երեխաներին սովորեցնել, որ կենդանիները կարող են մտածել ու խոսել մարդկանց պես:
1955 թ. անգլիացի հոգեբան Ջոն Թոդը հայտնաբերում է մի նյարդային խախտում, որով տառապողները ունենում են հալյուցինացիաներ կապված տարածության ընկալման, շրջապատող առարկաների չափսերի փոփոխությունների հետ: Հիվանդությունը ստանում է «Ալիսան հրաշքների աշխարհում ախտանիշ» անունը: Ենթադրվում է, որ Լուիս Քերոլը նույնպես նման խախտում է ունեցել:
Գիրքը հայերեն է թարգմանվել մի քանի անգամ տարբեր ծավալներով ու վերնագրերով: Առաջին անգամ՝ 1971 թ.: Վերջին շրջանի հրատարակություններից նշանակալի են՝ «Ալիսը հրաշքների աշխարհում և Ալիսը հայելու աշխարհում»(Երևան, Զանգակ, 2014 թարգմ.՝ Ս.Սեֆերյան, Ս. Մկրտչյան) և «Ալիսը հրաշքների աշխարհում. հայելու միջով» (Երևան, Անտարես, 2022 թարգմ.՝ Ն. Թորոսյան) գրքերը: