Այսօր դժվար է պատկերացնել, որ եղել են ժամանակներ, երբ ինչ-որ գրքեր արգելված են եղել: Սակայն դեռ անցյալ՝ 20-րդ դարում այդպիսի շատ ու շատ վեպեր են եղել, որոնք բարոյական նորմերին չհամապատասխանելու, անպատշաճ բառաշերտեր և գռեհկաբանություններ պարունակելու, բաց, սեքսուալ տեսարանների նկարագրությունների առկայության պատճառով արգելված են եղել տասնյակ տարիներ:
Բայց արգելքը վեպերի ճանաչվածությանն ու ընթերցվածության բարձր ցուցանիշներին ամենևին չի վնասել, այլ բոլորովին հակառակը՝ հավելյալ ուշադրություն ու հետաքրքրություն է ծնել նման գրականության շուրջ: Բոլորն ուզում են իմանալ, կարդալ, հասկանալ՝ ի՛նչն է պատճառն արգելքների:
Մեր այս հոդվածով կներկայացնենք 5 վեպ, որոնք ժամանակին արգելված են եղել, և որոնք այսօր կան արդեն հայերեն որակյալ, բնագրային թարգմանությամբ:
1. Դիասերը
Առաջին անգամ հայ ընթերցողին է ներկայացվում իր անհաշտվողական կեցվածքով հայտնի ֆրանսիացի գրող Գաբրիել Վիտկոպի արձակը: Գիրքն ընդգրկել է մի շարք լեզուներով անիցս վերահրատարակված «Դիասերը» և հեղինակի կողմից իր «ամենագեղեցիկ տեքստը» որակված «Ս-ի մահը» վիպակները՝ երկու արտասովոր ու առինքնող երկ,որոնցից ամեն մեկը կեցության մռայլ բավիղները թափանցելու յուրատեսակ հնարավորություն է տալիս և անխուսափելիորեն տանում դեպի Մահ։
2. Մոսկվա-Պետուշկի
Ժողովածուն ներառում է 20-րդ դարի ռուս գրականության ամենաինքնատիպ ներկայացուցիչներից մեկի Վենեդիկտ Երոֆեևի ամենահայտնի ստեղծագործությունները՝ «Մոսկվա-Պետուշկի» վիպակը և «Վասիլի Ռոզանովը էքսցենտրիկի աչքերով» էսսեն, ինչպես նաև երկու հարցազրույց մեծ գրողի հետ:
3. Տարրական մասնիկներ
«Տարրական մասնիկները» վեպը թեժ ու բուռն բանավեճերի ալիք է բարձրացրել հանրության լայն շրջաններում երկու հազարամյակների սահմանագծին՝ զգլխիչ հանդգնությամբ քողազերծելով արևմտյան աշխարհի մերօրյա զեխ, ցոփ ու շվայտ կենսափիլիսոփայական կործանարար ախտերը:
4. Տղամարդու սերը
«Տղամարդու սերը» վեպը դատավարության է ենթարկել իր անպարկեշտ բովանդակության համար: Այնինչ, Լըմոնեի վեպի հերոսները ուժեղ անհատականություններ էին, ովքեր ամբողջովին տրված էին սիրո պարգևած կրքին՝ այրվելով նրա կրակների մեջ: Նրանք փորձում են ներդաշնակ լինել բնությանը, նրանց կյանքում գերակայում են բնազդները, իսկ ամենից շատ նրանք գնահատում են իրենց ազատությունը:
5. Խեցգետնի արևադարձը
Արդի գրականության անկյունաքարերից մեկը հռչակված այս վեպը, թոթափելով տաբուները, ոչ միայն ընդմիշտ փոխեց ամերիկյան գրականության դեմքը, այլև դարձավ նշանակալից ավանդ՝ ի նպաստ ազատ խոսքի:
«Խեցգետնի արևադարձը»պատմում է ամերիկացի վիպասան Հենրի Միլերի՝ Փարիզում անցկացրած տարիների, նրա սեքսուալ արկածների մասին: Այն տպագրվել է նախ Փարզում 1934 թ. 1000 տպաքանակով և 30-ականների համար բավական թանկ գնով՝ 50 ֆրանկ: Այդ տարիներին Ֆրանսիայում թույլատրվում էին «անբարո» բովանդակությամբ գրքեր հրատարակել, եթե դրանք ֆրանսերեն չէին: Իսկ Միլերի վեպն անգլերեն էր, ուստի չտպագրելու պատճառ չկար: