Art365-ը ներկայացնում 2022 թվականի առաջին երեք ամիսների Զանգակ հրատարակչության բեսթսելերները։
10․ Փախուստ սիրուց
Փախուստ սիրուց, ինքն իրենից, մարդկանցից, կյանքից: Սիրային, ողբերգական ու կատակերգական յոթ պատմություն մարդկային ցանկությունների ու ներքին հակասությունների, մտերմության ու միայնության, մեղքի ու անելանելի իրավիճակների, կյանքի մասին պատկերացումների ու պատասխանատվության մասին:
9․Ընթերցողը
Գերմանացի գրող Բերնհարդ Շլինկի «Ընթերցողը» վեպը տասնհինգամյա պատանու և երեսունվեցամյա կնոջ սիրո պատմություն է, որն ընդհատվում է այդ կնոջ անսպասելի անհետացումով: Տարիներ անց պատանին, որն արդեն իրավաբանություն էր ուսանում, կնոջը հանդիպում է դատարանում: Պարզվում է, որ նա հսկիչ է եղել համակենտրոնացման ճամբարում: Վեպում յուրօրինակ ձևով քննարկվում են հոլոքոստի, նացիոնալ-սոցիալիստական ժամանակների իրողությունները, մեղքի և քավության խնդիրը:
8․ Ինֆեռնո
Երկրի և մարդկության փրկության սևեռուն գաղափարով տարված տաղանդավոր գիտնականի ահասարսուռ ուղերձի հետքով են ընթանում գրքի հերոսները: Ամերիկացի պրոֆեսորը և նրա հնարամիտ ուղեկցորդուհին խելահեղ որոնումների մեջ են հիասքանչ Ֆլորենցիայում, Վենետիկում և Ստամբուլում: Արդյո՞ք զուր են ջանքերը... Վեպում անդադար փախուստ է և փնտրում. ընթերցողի առջև մերթ ընդ մերթ հառնում է Դանտե Ալիգիերիի դժոխքը՝ Ինֆեռնոն, և ոչ միայն «Աստվածային կատակերգության»՝ գաղտնաբառեր ծառայող տողերում, այլև Վերածննդի մեծագույն վարպետների կտավներում:
7. Ոչ մի շաբաթ առանց Չարենցի
Ընտրանիում ընդգրկված են Եղիշե Չարենցի փոթորկուն կյանքի ու հանճարեղ ստեղծագործության առանցքային դրվագները, նրա սիրված ու լայն հանրությանն անհայտ գործերը, ժամանակակիցների հուշերը, նամակներ, հոդվածներ, հատվածներ ելույթներից, օրագրային գրառումներ և այլն։ Չարենցյան ողբերգական ու հակասական պատումը ներկայացնում է մեծ ու հանճարեղ անհատին՝ անձնական ու ազգային ողբերգությունների, պատերազմների ու հեղափոխությունների, գաղափարական փնտրտուքների, վերելքների ու անկումների բովում։
Գրքում երևում են նաև բանաստեղծի միջավայրն ու ժամանակը՝ ներշնչող կամ հուսահատության մատնող իրադարձություններով, բանաստեղծին ոգեշնչող,
խրախուսող և, ընդհակառակը, նրա գրական ընթացքը խոչընդոտող մարդկանցով։
6․ Օդապարուկ թռցնողը
Աֆղանստանի լեռները խաղաղ էին մի ժամանակ, և մայրաքաղաք Քաբուլը՝ հարուստ, բարեկեցիկ ու կանչող: Օդապարուկ թռցնելու ամենամյա մրցույթին սպասում էին բոլորը՝ անկախ ծագումից ու դիրքից: Ամիրի համար այդ մրցույթն իր հոր՝ Բաբայի ուշադրությունն ու հարգանքը նվաճելու միակ հնարավորությունն էր, և վերջապես նա հաղթում է իր ընկեր ու սպասավոր Հասանի զոհողության շնորհիվ: Հաղթանակն անդառնալիորեն փոխում է տղաների կյանքը՝ բաժանելով նրանց մինչև այն պահը, երբ Ամիրի համար «կրկին լավը դառնալու հնարավորություն կար»:
5․ Մտածել ինչպես Շեռլոկը
Այս գիրքն աշխարհի ամենահայտնի խուզարկուի հնարքների և մեթոդների օգնությամբ մեծ լիցք կհաղորդի քո դիտողականությանը, հիշողությանը և տրամաբանելու կարողությանը:
Այն հարուստ է վարժություններով, գիտական հիմնավորումներով և Շեռլոկ Հոլմսի մասին պատմվածքներից մեջբերումներով:
Գիրքն անդրադառնում է հիշողության, ոչ խոսքային հաղորդակցության, ստի բացահայտման, ներքին զգացողության, ունկնդրելու հմտությունների, զգոնության, կենտրոնացման, հանգստի, տրամաբանության, արագ ընթերցանության, դիտողականության, տեղեկույթի գաղտնագրման ու գաղտնազերծման, ինչպես նաև շատ այլ թեմաների:
Այս գիրքը կարդալուց հետո վերնաշապիկի թևքերին, տաբատի փողքերին կամ կոշիկի մաշվածությանը կսկսես այլ կերպ նայել:
4․ Մտածի՛ր և հարստացի՛ր
Ամերիկացի հեղինակի աշխարհահռչակ գրքում ներկայացված են հարստանալու, դրամ ստեղծելու քայլերն ու միջոցները, որոնք հիմնված են ինչպես հեղինակի սեփական, այնպես էլ շատ մեծահարուստների փորձի վերլուծության վրա, կիրառվել և օգտակար են եղել բազմաթիվ մարդկանց հաջողակ դառնալու համար:
3․Ես մինչ քեզ
Կյանքում լինում են շրջադարձային պահեր, վայրկյաններ, որոնք անկախ մեր կամքից փոխում են այն ամենը, ինչ հետո է լինելու, այն ամեն ինչը, որ մենք կզգանք ու կհասկանանք այդուհետ: Լուիզայի և Ուիլի հանդիպումը գուցե կենցաղային դիպված է, մեկի համար՝ ծանր ֆինանսական պայմաններից դուրս գալու հնարավորություն, մյուսի համար՝ պարտադրված կենսական անհրաժեշտություն, իսկ գուցե պատահականություններ չեն լինում. բոլոր պարագաներում նրանց հանդիպումը գլխիվայր է շրջում երկուսի կյանքն էլ, և ամենամթում երևում է ընտրության հնարավորություն՝ կողքինի կյանքը դարձնելու ավելին, քան նա կարող է պատկերացնել:
2․Աստղեր նվիրողը
Անգլիայի իր միապաղաղ կյանքից ախուսափելու համար երիտասարդ ու բարետես Բենեթ Վան Քլիվի հետ մեծ ակնկալիքներով ամուսնացած Էլիսին Քենթաքիի փոքրիկ Բեյլիվիլ քաղաքում հիասթափություն էր սպասվում. ամուսնական կյանքը հեռու էր նրա պատկերացումներից։ Վան Քլիվների տան ձանձրույթից ու ծանր մթնոլորտից Էլիսին փրկելու է գալիս աշխատանքը նոր հիմնված շրջիկ գրադարանում։ Այն Էլիսի համար արդարության, ընկերության և իրական սիրո հաղթանակի ճանապարհ է դառնում։
1․Ուտել, աղոթել, սիրել: Մի կնոջ փնտրտուքը Իտալիայում, Հնդկաստանում և Ինդոնեզիայում
Ամերիկուհի գրող Էլիզաբեթ Գիլբերթի հուշագրություններն ամփոփող «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը կանացի ուխտագնացություն է, զգայական հաճույքի, հոգևոր լուսավորման ու կենսական Ներդաշնակության փնտրտուք Իտալիայի, Հնդկաստանի ու Ինդոնեզիայի մշակութային ոլորաններում ։ Սրամտությամբ, ինքնահեգնանքով, ազատագրության մղումով լի այս երաշխարհային ճամփորդությունը կենտրոնացնում է ընթերցողի ուշադրությունը էականի վրա, շեղում անկարևորից, ձևակերպում պոստֆեմինիստական աշխարհում ապրող ու առաջին հայացքից երջանիկ կյանք վարելու բոլոր նախադրյալներն ունեցող կնոջ խնդիրը, օրակարգ բերում հարցեր, որոնց շուրջ քանիցս մտորելու անհրաժեշտություն կա, ու առաջարկում դասեր, որոնք միանգամայն փոխադրելի են ժամանակի ու տարածության մեջ։