Ի՞նչ է պետք լավ խմբագիր դառնալու համար, ո՞վ է լավ խմբագիրը, ինչպե՞ս պետք է կառուցվեն գրող-խմբագիր հարաբերությունները, տեքստի հետ ինչպե՞ս պետք է աշխատի լավ ու ճիշտ խմբագիրը...
Այս հարցերի շուրջ է այսօր խոսելու գրականագետ, խմբագիր Սևակ Ղազարյանը:
1. Գրականության ընթերցումից հաճույք ստանալ նույնքան, որքան սեքսից
Լավ խմբագիր դառնալու համար առաջին հերթին պետք է սիրել գրականությունը (կամ արվեստի այն ճյուղը, որ ուզում ես քննել)։ Սիրել այնպես, որ առանց դրա չպատկերացնես կյանքդ, կենցաղդ, օրդ։ Եվ գրականության հետ հարաբերվելիս զգալ նույն հաճույքը, ինչ զգում ես սեքսից։ Բայց ոչ թե շարքային, այլ այն սեքսից, որ անում ես սիրելի մարդու հետ։
2. Հնարավորինս շատ լեզուներով գրականություն ընթերցել
Թեև (եզակի բացառությամբ) լավ խմբագիր կարելի է դառնալ միայն մեկ լեզվի շրջանակում, սակայն չափազանց կարևոր է ծանոթ լինել ինչպես «քո» լեզվով գրված, այնպես էլ ընդհանուր համաշխարհային գրանությանը։ Եվ որքան ավելի լավ ես ծանոթ խոշոր գրականությանը, այնքան ավելի մեծ հնարավորություն ունես հաջող խմբագիր դառնալու։ Իսկ գրականությանը «լավ ծանոթ» լինել հնարավոր է միայն բնագրին տիրապետելու դեպքում։
3. Հնարավորինս շատ գրականություն ընթերցել
Լավ խմբագիր դառնալու համար պետք է անընդհատ ընթերցել։ Ընդ որում՝ հիշելով առաջին կետը և փոքր-ինչ հակասելով դրան՝ երբեմն այս կամ այն գործի ընթերցումը կարող է ոչ թե սիրելի մարդու հետ սեքս անելու պես հաճելի լինել, այլ ընդհակառակը՝ բռնաբարվելու պես անտանելի։ Բայց լավ խմբագիր լինելու համար, հատկապես երիատասարդ, անփորձ հասակում՝ պետք է կարդալ ամեն ինչ։ Նույնիսկ երբ որևէ վեպի կամ վիպակի 10-րդ էջից պարզ է, որ աղբ ես կարդում (իսկ առջևում դեռ 90 կամ 190 էջ կա), միևնույնն է, պետք է մինչև վերջ ընթերցել։ Ինչո՞ւ։ Որովհետև լավ խմբագիրը պետք է իմանա ու կարողանա բացատրել՝ ոչ միայն ինչպես է պե՛տք գրել, այլև ինչպես պետք չէ՛ գրել։ Իսկ դրա համար անհրաժեշտ է մեծաթիվ աղբ կարդալ։
4. Հնարավորինս շատ գրականագիտական գրականություն ընթերցել
Ճիշտ է՝ գրականագիտական վերլուծություններն ու կարծիքները հաճախ չափազանց սուբյեկտիվ են (ինչպես արվեստի ընկալումն ընդհանրապես), բայց խմբագրական վարպետության հասնելու համար պետք է գոնե ընդհանուր առմամբ տեղյակ լինել վերջին երկու հարյուրամյակների գրականագիտական պահանջներից։ Սա չի նշանակում, թե խմբագիրը պարտավոր է հետևել այդ պահանջների թելադրանքներին, ընդհակառակը՝ խմբագիրը պետք է պատրաստ լինի իր «նորարար» կամ «ավանդույթներ քանդող» գրողին աջակցելու՝ անգամ եթե այդ նորարարությունը կամ քանդումը հակասում է ընդունված գրականագիտական պահանջներին։ Սակայն այդպես վարելու՝ նախկինը գրագիտորեն քանդելու կամ արժեքավոր նորը ստեղծելու համար, պետք է տեղյակ լինել վերոհիշյալ պահանջներից։
5. Գրականություն զգալու տաղանդ ունենալ
Ինչ խոսք՝ ցանկացած գործում ամենակարևորը աշխատասիրությունն է, որը, որպես կանոն, հաջողության հասնելու 90 տոկոսն է։ Բայց ամեն դեպքում տաղանդի գործոնն էլ է կարևոր։ Ու որքան էլ տարօրինակ հնչի՝ գրականություն (ընդհանրապես՝ արվեստ) զգալ-հասկանալու համար որոշակի տաղանդ է պետք։ Ես ճանաչում եմ խմբագիրների, որ «սրբորեն» հետևում են նախորդ թվարկածս պայմաններին, բայց անհաջող խմբագիրներ են, որովհետև, ցավոք, չունեն գրականությունը ճշմարիտ ընկալելու տաղանդ՝ ճիշտ այնպես, ինչպես ոմանք զուրկ են, օրինակ, բնության գեղեցկության ընկալման տաղանդից։
6. Հնարավորինս օբյեկտիվ լինել
Ցանկացած գործում անհնար է առավելագույնս օբյեկտիվ լինել։ Բայց խմբագիրները շատ հաճախ փորձում են սեփական գրական ճաշակը թելադրել իրենց գրողներին։ Սա անթույլատրելի է։ Լավ խմբագիրը պետք է ունակ լինի տեսնելու և հասկանալու, որ գործ ունի X գրողի X աշխարհայացքի և X հնարավորությունների հետ։ Ըստ այդմ՝ նա պետք է սահմանափակվի եղած նյութով, էական չէ՝ «լավն» է այն, թե «վատը», «հզոր» է, թե «թույլ»։
7. Չմոռանալ, որ դու ընդամենը խմբագիր ես, այլ ոչ թե գրող
Հաճախ, երբ հանդիպում են փորձառու խմբագիրն ու սկսնակ գրողը (կամ անվանի խմբագիրն ու անհայտ գրողը), խմբագիրն իրեն գրողի տեղն է դնում և եղած տեքստը ոչ թե «խմբագրում» է, այլ «նորից գրում»։ Սա նույնպես անընդունելի է։ Անգամ ամենաթույլ տեքստի հետ աշխատելիս՝ խմբագիրը պետք է առավելագույնս որակյալ դարձնի այն՝ տվյալ տեքստի հնարավորության սահմաններում, այլ ոչ թե փորձի նոր տեքստ գրել։ Ինչո՞ւ։ Որովհետև, նախ՝ դրանից գրողը ոչինչ չի շահում (նրա հաջորդ գրքի տեքստը կրկին թույլ է լինելու), և հետո՝ եթե խմբագիրն իսկապես գրելու այդքա՜ն մեծ ցանկություն ունի, ապա թող ի՛ր գիրքը գրի, ոչ թե ուրիշինը։ Վերջապես՝ պետք է չմոռանալ, որ խմբագիր-գրող հարաբերություններում գլխավորը ԳՐՈՂՆ է։
Միևնույն ժամանակ՝ բարեխիղճ խմբագիրը թույլ գրողին կմատնանշի բոլոր այն կետերը, որ վկայում են այդ թուլության մասին, և կասի՝ «կներե՛ս, բայց քո հնարավորությունները դեռևս այս են»։
8. Լրացնելով նախորդ երկու կետերը
Հնարավորինս օբյեկտիվ լինելով ու գրողական նկրտումներից հրաժարվելով՝ լավ խմբագիրը պետք է նաև զիջող լինի։ Իհարկե, նա պարտավոր է գրողին ցույց տալ այս կամ այն բառակապակցության, նախադասության, դրվագ-հատվածի կամ ամբողջ գործի «թույությունը» կամ «կաղելը», սակայն եթե այդ ամենից հետո գրողը իրենն է պնդում, խմբագիրը պետք է զիջի (ծայրահեղ դեպքում՝ համագործակցությունից հրաժարվի), որովհետև, ի վերջո, տեքստի հեղինակը գրողն է, և նրա անունն է գրվելու գրքի շապիկին։
9. Ինչպես սեքսում՝ պատրաստ լինել փորձարարության՝ թե՛ նորը տեսնելու, թե՛ նորի պիտակով աղբը զանազանելու
19-րդ դարի երկրորդ կեսին, երբ սկսվեց իմպրեսիոնիստական շարժումը, ժամանակի բոլոր արվեստագետները միաձայն հայտարարեցին, որ այն նողկալի աղբ է։ Բայց անցավ ընդամենը 15-20 տարի տարի, և իմպրեսիոնիզմն համաշխարհային ճանաչում գտավ՝ խորապես ազդելով 20-րդ դարի հետագա շարժումների վրա (պոստիմպրեսիոնիզմ, կուբիզմ, սյուռեալիզմ, մոդեռնիզմ և այլն)։ Սակայն զարմանալին այդ չէր, այլ այն, որ (հատկապես նկարչության մեջ, թեև նույնը մասնակիորեն վերաբերում է ինչպես գրականությանը, այնպես էլ արվեստի մյուս ճյուղերին), արվեստաբանները սկսեցին վախենալ որևէ նոր ուղղություն կամ շարժում քննադատելուց։ Ինչո՞ւ։ Որովհետև նրանք չէին ուզում կրկնել իրենց «հայրերի կամ պապերի» սխալը՝ հայտարարել թե այս կամ այն շարժումը աղբ է (ու սխալվել), քանի որ X տարի անց այդ շարժումը կարող էր մեծ հռչակ ձեռք բերել։ Արդյունքում՝ ամբողջ 20-րդ դարի արվեստը (հատկապես կերպարվեստը) գրեթե զուրկ մնաց քննադատությունից, հետևաբար և՝ որակյալ խմբագրումից։
Եվ այսօր իրավիճակը գրեթե չի փոխվել. որևէ մեկը ներկ է ցփնում կտավին, ու ոչ ոք չի համարձակվում ասել, որ եղածը ընդամենը «կտավին ցփված ներկ է», կամ որևէ մեկը գրում է՝ «ես քեզ սիրեցի, երբ չսիրեցի», ու ոչ ոք չի ասում՝ «տղա/աղջիկ ջան, Փարիզում մի շատ լավ հոգեբուժարան կա…» (կամ գոնե՝ «էլ մի՛ գրի, էլի՜»)։
Ինձ թվում է, թե 19-րդ դարի արվեստաբան-խմբագիրները արվեստի (հավանաբար նաև՝ սեքսի) ընկալման հարցերում շատ պահպանողական էին, քանի որ պատրաստ չէին նորին, անսովորին, առավել ևս՝ արտասովորին։ Սակայն լավ խմբագիրը, հաշվի առնելով պատմական ողջ փորձը, պետք է բաց լինի ցանկացած նորարարության՝ անգամ սեփական անունը «արատավորելու» գնով։ Բայց, միևնույն ժամանակ, նա պետք է կարողանա հստակ հասկանալ՝ արդյոք իր նորարար գրողին խորհուրդ տալ նույն կերպ շարունակել, թե Փարիզի հոգեբուժարանի հասցեն տրամադրել։
10. Եվ ամենակարևորը՝ սիրել սեփական աշխատանքը
Իմ խորին համոզմամբ՝ մարդ որևէ գործում կարող է հաջողել ու մեծ բարձրունքների հասնել միայն սեփական աշխատանքն իսկապես սիրելու դեպքում։ Այսինքն՝ պետք չէ խմբագիր լինել ճարահատ (որովհետև այլ բան չես կարող անել)։ Ընդհակառակը՝ վերհիշելով ու ձևափոխելով Լև Տոլստոյի հայտնի միտքը՝ կասեմ. «Եթե կարող եք չխմբագրել, ուրեմն՝ մի՛ խմբագրեք»։