1865 թ. մարտի 17-ին է ծնվել մեծ հայագետ Մանուկ Աբեղյանը: Նրա բանագիտական, գրականագիտական, լեզվաբանական բազում ուսումնասիրությունները այսօր էլ չեն կորցրել իրենց արդիականությունը և գիտական նշանակությունը: Մ. Աբեղյանը բանասիրության դոկտոր էր, Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս: Նրա բանահավաքչական, ապա նաև բանագիտական գործունեության շնորհիվ, փրկվել են մեր բանահյուսության գանձերը, ուսումնասիրվել ու հանրայնացվել: Art365-ը ներկայացնում է մեծ հայագետի կյանքի ու գործունեության հետ կապված ուշագրավ փաստեր.
«Սասնա ծռեր» էպոսի երկրորդ տարբերակի գրառումը
Մանուկ Աբեղյանը 1886 թ. Էջմիածնում մոկացի Նահապետից(Նախո) գրառում և 1889 թ. Շուշիում հրատարակում է «Սասնա ծռեր» էպոսի երկրորդ տարբերակը: Առաջին՝ Գարեգին Սրվանձտյանցի գրառած տարբերակից հետո հայտնաբերվածնոր բնագիրը հնարավորություն է տալիս համեմատական ուսումնասիրություն կատարել և փաստում է, որ էպոսը բավական տարածված է եղել հայոց մեջ: Նույն տարի էլ լույս է տեսնում էպոսին նվիրված Մ. Աբեղյանի առաջին ուսումնասիրությունը՝ «Ազգային վեպը»:
Մանկավարժական ու գրական գործունեություն Շուշիում
Գերազանցությամբ ավարտելով Գևորգյան հոգևոր ճեմարանը, Մ. Աբեղյանը հայոց լեզվու և գրականություն է դասավանդում Շուշիում: Այստեղ էլ մի գրական խմբակ է կազմում, որտեղ էլ առաջին անգամ ընթերցում է էպոսի իր գրառած պատումը: Շուշիում 1888 թ. լույս է տեսնում նրա հեղինակած առաջին ու վերջին բանաստեղծական ժողովածուն՝ «Նմուշներ» խորագրով:
Մ. Աբեղյանը Գոգոլի թարգմանիչ
1890-ական թվականներին Մ. Աբեղյանը մանկավարժական, խմբագրական, գրական նաև թարգմանական գործունեություն է ծավալում Թիֆլիսում: 1892 թ. նրա թարգմանությամբ լույս է տեսել Նիկոլայ Գոգոլի «Տարաս Բուլբան»: Հետագայում այս գործը հայերեն է թարգմանել նաև Ակսել Բակունցը:
Կրթություն Եվրոպայում
Մանուկ Աբեղյանը ուսումնառություն է անցել Ենայի, Լայպցիգի, Բեռլինի, նաև Սորբոնի համալսարաններում: Ուսումնասիրել բանասիրություն, պատմություն, փիլիսոփայություն, լեզվաբանություն: Ենայի համալսարանում որպես ավարտական աշխատանք ներկայացրել է գերմաներեն գրված «Հայ ժողովրդական հավատալիքները» մեծարժեք ուսումնասիրությունը:
Աբեղյան և Կոմիտաս
Մանուկ Աբեղյանի ու Կոմիտասի գործակցությամբ 1903 թվականին լույս է տեսնում «Հազար ու մի խաղ» խորագրով ժողովրդական երգերի առաջին հիսնյակը, իսկ 1905 թվականին՝ երկրորդ հիսնյակը: Այս երկու բացառիկ ժողովածուների շնորհիվ ներակայացվում են հայ ժողովրդական հայտնի ու սիրված խաղիկներն ու երգերը:
Նոր ուղղագրություն
Հայերենի նոր ուղղագրության հեղինակը Մ. Աբեղյանն է: Ուղղագրական ռեֆորմին, որն ինչպես այն ժամանակ այսօր էլ վեճեր է հարուցում Մ. Աբեղյանը անդրադարձել է դեռևս 1913 թ., սակայն գործնական քայլեր ձեռնարկվել են Հայաստանի Խորհրդայնացումից հետո: 1921 թ. Աբեղյանն առաջարկում է փոփոխություններն իրականացնել աստիճանաբար, մի քանի տասնամյակի ընթացքում, սակայն Հայաստանի լուսժողկոմը փոփոխությունները որոշում է գործադրել միանգամից: Սա էլ դժգոհությունների ու քննադատության առիթ է դառնում:
Գիտության և արվեստի ինստիտուտ
1925-1930 թթ. Մ. Աբեղյանը եղել է գիտության և արվեստի ինստիտուտի նախագահ:
Ուսումնասիրություններ
Մ. Աբեղյանն է հեղինակել հայ հին ու միջնադարյան գրականությանը, տաղաչափությանը, առասպելաբանությանն ու էպիկական բանահյուսությանը նվիրված ամենաընդգրկուն ու կարևոր ուսումնասիրությունները՝ «Հայ հին գրականության պատմություն», «Հայ վիպական բանահյուսություն», «Հայոց լեզվի տաղաչափություն» և այլն:
«Սասնա ծռեր» ժողովածուն
1936 թ. սկսյալ Պետհրատի գեղարվեստական բաժնի վարիչ Եղիշե Չարենցի առաջարկությամբ Մ. Աբեղյանը Կ. Մելիք-Օհանջանյանի հետ միասին կազմում ու հրատարակում են «Սասնա ծռեր» էպոսի բանավոր տարբերակներն ընդգրկող 3 ժողովածու:
Էպոսի համահավաքը
Մ.Աբեղյանն է կազմել «Սասունցի Դավիթ» էպոսի համահավաքի առաջին՝ «Սանասար և Բաղդասար» ճյուղ առաջին և երկրորդ մասերը: