• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Օդիսսեաս Էլիտիս. Նոբելյան բանախոսություն

Օդիսսեաս Էլիտիս. Նոբելյան բանախոսություն

Օդիսսեաս Էլիտիսը(1911-1996) հունական և եվրոպական 20-րդ դարի պոեզիայի ամենահայտնի դեմքերից է: 1979 թ. գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր: Առաջին գիրքը՝ «Ուղենիշերը» լույս է ընծայել 1939 թվականին: Հետո  մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, հաղթահարել ծանր  հիվանդություն: Հետպատերազմյան շրջանի բանաստեղծություններում առաջին գրքի՝ ծովի ու արևի հավերժական պատկերները ժամանակա­վորապես փոխվում են համաշխարհային չարիքի մոտիվներով,  բանաստեղծության գովաբանական–հիմներգային հնչեղությունը՝ փոխարինվում է ողբասացական տրամադրություններով ու հրապարակախոսական երանգներով: 1948 թվականից Օդիսսեաս Էլիտիսն ապրել է եվրոպական տարբեր քաղաքներում, հիմնականում Փարիզում: Շփվել Անդրե Բրետոնի, Պոլ Էլյուարի, Թոմաս Էլիոթի, Ալբեր Կամյուի, Ժան-Պոլ Սարտրի, նկարիչներ` Պաբլո Պիկասոյի ու Անրի Մատիսի հետ, որոնք հետագայում կատարել են նրա գրքերի ձևավորումները:

1970-ական թվականներին լույս են տեսել  «Լուսածառն ու տասնչորսերորդ գեղեցկությունը», «Արև գերիշխան», «Մոնոգրամ» և այլն ժողովածուները, որոնք նրան համաշխարհային հռչակ են բերել:

«Պոեզիայի համար, որը հունական ավանդույթի համատեքստում, զգայական ուժով և ինտելեկտուալ խորաթափանցությամբ պատկերում է ժամանակակից մարդու պայքարը հանուն ազատության ու ստեղծագործելու իրավունքի», -այս ձևակերպմամբ է Էլիտիսին  տրվել գրականության Նոբելյան մրցանակը:

Ներկայացնում ենք Օդիսսեաս Էլիտիս Նոբելյան բանախոսությունը՝ Շուշան Կարապետյանի թարգմանությամբ:

 

Պարոնա՛յք ակադեմիկոսներ,

տիկնա՛յք և պարոնա՛յք,

քանի որ ինձ արտոնված է խոսել, ուրեմն կխոսեմ լուսավորության և թափանցիկության մասին: Զի սրանք հատկություններն այն, որ ձևավորեցին երկիրն այն, որտեղ ինձ բախտ վիճակվեց մեծանալ և ապրել: Եվ հենց այդ հատկություններն էին, որ զգում էի միշտ, թե ինչպես են կամաց-կամաց դասավորվում իմ ներսում՝ արտահայտվելու պահանջով:

Առհասարակ ճիշտ կլինի, որ ամեն մեկն արտահայտի այն, ինչ թելադրված է անհատական փորձով ու սեփական լեզվի առանձնահատկություններով: Շատ հաճախ, երբ անլույս  ժամանակներ են, այն ինչ ուղղորդում է յուրաքանչյուրիս, միմիայն սուր և ուժեղ տեսողունակությունն է: Խոսքը բնական կարողության մասին չէ, երբ ինչ-որ մեկը բոլոր առարկաները բոլոր մանրամասներով ընկալում է, այլ մետաֆորիկ իմաստով, երբ պահում է դրանց էությունը և ուղղորդում դեպի մաքրություն, դեպի այնպիսի ոլորտ, որ ենթադրում է նաև դրանց մետաֆիզիկական իմաստաբանությունը: Եղանակը, որով կիկլադեսյան ժամանակներում քանդակագործները աշխատում էին նյութի հետ, երբ համարյա հասել էին այն հաղթահարելուն, ցույց էր տալիս դա շատ հստակ: Ինչպես նաև այն եղանակը, որով բյուզանդական սրբանկարիչներին հաջողվեց անխառն գույնով ներկայացնել «Աստվածայինը»:

Իրականության մեջ այդպիսի ներթափանցող և նաև այլակերպող միջամտություն կատարել, ինձ թվում է, պոեզիայի բարձրագույն կոչումն է: Չսահմանափակվելով «իրապես եղածով»՝ տարածվելով «հնարավորը ըստ

հավանականության կամ անհրաժեշտության» վրա[1]:  Մի բան, որ իրականում միշտ չէ հարգանքի արժանացել: Գուցե որովհետև հավաքական  նևրոզները թույլ չեն տվել: Կամ գուցե, որովհետև օգտապաշտությունը չի թողել մարդկանց աչքերը բաց այնքան, որքան պետք էր: Գեղեցկությունը և լույսը պատահում է` ընկալվում են ոչ իրենց ժամանակին կամ ոչ առանց ցավի: Եվ, այդուհանդերձ: Ներքին ընթացքը, որ պահանջում է մոտենալ Հրեշտակի ուրվագծին, վստահ եմ, ավելի ցավոտ  է մյուսից, որը ծնում է բոլոր տեսակի դևերին:

Իհարկե, է առեղծվածը:

Է գաղտնիքը:  Սակայն գաղտնիքը բեմադրություն չէ` ստվերների ու խավարի խաղի հաշվին, որ մեզ պարզապես տպավորի: Դա այն է, ինչ առեղծված է մնում  նույնիսկ լիարժեք լույսի ներքո: Միայն  այդ ժամանակ այն ստանում է  փայլը, որը գրավում է մեզ, և մենք այն կոչում ենք  գեղեցկություն:

Գեղեցկությունը բաց ճանապարհ է, թերևս միակը, առ մեր էության անհայտ տարածքը, առ այն, ինչը գերազանցում է մեզ: Քանզի այդ է ըստ էության պոեզիան. արվեստ` առաջնորդելու և  հասնելու նրան, ինչը գերազանցում է մեզ:

Աշխարհում սփռված անհաշվելի առեղծվածային նշաններից, ինչպես օտար լեզվի վանկերից  բառերի, և դրանցից էլ արտահայտությունների կազմումն է, որոնց  ապակոդավորումը  մեզ մոտեցնում է ավելի խորքային ճշմարտությանը:

Ի վերջո, որտե՞ղ է ճշմարտությունը: Անկման և մահվա՞ն մեջ, որի ականատեսն ենք  ամեն օր մեր շուրջը, թե՞ պտտող ֆիզիկական ուժի մեջ, որը մեզ դրդում է հավատալու, որ այս աշխարհը անկործան է և հավերժ: Խելամիտ կլինի խուսափել բարձրագոչ արտահայտություններից, գիտեմ: Սակայն դրանք լայնորեն կիրառվում էին տիեզերքի ծագման տեսություններում, որոնք ժամանակ առ ժամանակ նոր կյանք էին ստանում, բախվում միմյանց, զարգացում ապրում  և մարում: Սակայն նյութը մնում էր և մնում է:

Իսկ պոզիան բարձրանում է մի կետի, որտեղ ողջամտությունը վայր էր դրել իր զենքերը, որպեսզի դրանք վերցնի պոեզիան և մտնի արգելված գոտի` ցույց տալով, որ հենց ինքն է այն ուժը, որ ամենաքիչն է ենթարկվել ավիրման:

Բանաստեղծությունը փրկում է մաքուր, մշտական, կենսակայուն տարրերը, որոնք ընկալվում են որպես աննշմար մասնիկներ գիտակցության մթության մեջ, ինչպես ջրիմուռները ծովի խորքերում:Ահա թե ինչու մենք կարիք ունենք թափանցիկության: Որպեսզի հստակ տեսնենք հանգույցներն այն թելի, որն անցնում է դարերի միջով և մեզ օգնում կանգուն մնալ այս երկրագնդի վրա: Հերակլիտից մինչև Պլատոն, և Պլատոնից մինչև Հիսուս ուսումնասիրում ենք այդ «կապը», որն իր զանազան դրսևորումներով հասնում է մինչև մեր օրերը և մեզ ասում է գրեթե նույն բանը... որ այս աշխարհի կազմատարրերով ստեղծվում է մեկ այլ աշխարհ՝ «անդինը»՝ երկրորդ իրականությունը, որ գտնվում է մեր բնակության վայրից վեր, հակառակ կողմում:

Մի իրականություն, որի իրավունքը մենք ունենք, և որին եթե չենք հասնում, մեր սեփական թուլությունն է պատճառը:

Ամենևին էլ պատահական չէ, որ լուսավոր դարաշրջաններում Գեղեցկությունը նույնացվում էր Բարության հետ, իսկ Բարությունը՝ Արևի: Ըստ այդմ, գիտակցությունը մաքրվում է և կատարելագործվում լույսով, սև նշանները նահանջում են և հանգում՝ թողնելով բաց տարածություններ, իսկ նրանց տեղը – ինչպես ֆիզիկական ճշգրիտ օրենքներում – գալիս են լրացնելու հակադիր բևեռները: Եվ դա տեղի է ունենում այնպես, որ վերջնական ստեղծված արդյունքը հիմնվի երկու բևեռների վրա էլ, այսինքն` «այստեղ»-ի և «այսուհետ»-ի վրա: Հերակլիտեսը չէ՞ր խոսում հակադիր ուժերի բախումից ծնվող ներդաշնակության մասին[2]:

Կլինի Ապոլոնը թե Աֆրոդիտեն, Քրիստոս, թե Աստվածածինը, որոնք կմարմնավորեն և կանձնավորեն կարիքը` տեսնելու նյութականացած այն, ինչը երբեմն-երբեմն կանխազգում ենք, նշանակություն չունի: Նշանակություն ունի միայն շունչն անմահության, որ մեզ ներշնչում են նրանք:  Իմ համեստ կարծիքով, և մի շարք հստակ դոգմաներից վերացարկվելով, պոեզիան պարտավոր է մեզ ներարկել այդ շունչը:

Ինչպե՞ս չանդրադառնամ այստեղ Ֆրիդրիխ Հյոլդերլինին՝ մեծ բանաստեղծին, որը նույն ոգով նայել է Օլիմպոսի աստվածներին, նույն ոգով` Հիսուսին: Այն կայուն հավատարմությունը, որ նա ցուցաբերում է սեփական տեսողության տեսակին, անգին է: Եվ ոլորտն այն, որ մեզ համար բացահայտել է նա, շատ մեծ է: Կասեի՝ երկյուղելի մեծ: Հենց դա է, որ նրան ստիպեց, դեռ այն ժամանակ, երբ նոր էր սկիզբ առնում այն վատը (որը մեզ այսօր անխնա հարվածում է), բղավել  «Wozu Dichter in durftiger Zeit!»[3]:

Ժամանակներն ավաղ մարդու համար մնացին հավետ durftiger: Բայց և պոեզիան միշտ կա, արարվում է: Երկու ֆենոմեն՝ նախատեսված որպես ուղեկից մեր երկրային ճակատագրի համար, մեկը մյուսով պայմանավորված: Այլ կերպ հնարավոր էլ չէ: Քանի որ և՛ գիշերը, և՛ աստղերը մեզ տեսանելի են միայն արևի շնորհիվ: Սակայն կարող է լինել, որ արևը, ինչպես անտիկ ժամանակների մի իմաստուն է ասել, գերագնահատի իր կարողությունները` նվաստանալով մինչև «հանդգնություն»[4]: Մենք էլ անհրաժեշտություն ունենք ճիշտ հեռավորության վրա գտնվելու բարոյականության արևից, ինչպես երկրագունդը բնական արևից, որպեսզի կյանքը հնարավոր լինի:


Առաջ մեղավոր էր մեր անգիտությունը: Այսօր մեղավոր է գերիմացությունը: Այս ասելով` չեմ համալրելու այն մարդկանց շարքերը, որոնք քննադատում են տեխնոլոգիական առաջընթացը: Իմաստությունը ծեր է այնքան, որքան իմ երկիրը, որն ինձ սովորեցրել է մարսել արդյունքը, ընդունել առաջընթացը` իր բոլոր ածանցյալ հետևանքներով հանդերձ, որքան էլ տհաճ լինեն դրանք:

Իսկ այդ դեպքում պոզիա՞ն: Ինչ է այն իրենից ներկայացնում այդպիսի հասարակության մեջ: Պատասխանում եմ. այն միակ տարածքն է, որտեղ թվերի ուժը չի գործում: Հիրավի: Եվ այս տարվա ձեր որոշումը՝ Նոբելյան մրցանակով, հանձին ինձ, պարգևատրել մի փոքրիկ երկրի պոեզիա, ցույց է տալիս, թե որքան ներդաշնակ կարող է լինել մասնակն ընդհանուրի հետ արվեստում, և այն, որ արվեստը միակ ուժն է աշխարհում, որ պահպանում է համամարդկային արժեքները մեր օրերում:

Գիտեմ` անհամեստ կլինի, որ իմ արժանիքներից խոսեմ: Եվ էլ ավելի անհամեստ կլինի, երբ գովերգեմ իմ տունը: Սակայն լինում են դեպքեր, երբ «անհամեստությունն» օգնում է ավելի հստակ տեսնելու իրերի դրությունը: Եվ հենց այսօր այդ դեպքն է:

Սիրելի´ ընկերներ, ես գրում եմ մի լեզվով, որով խոսում է միայն մի քանի միլիոն մարդ: Մի լեզու, որով արդեն երկուսուկես հազար տարի խոսում են առանց դադարի, մի լեզու, որն այդ երկուսուկես հազար տարում չնչին փոփոխություններ է կրել:

Այդ ֆենոմենալ երևույթը համապատասխանում է իմ երկրի հոգևոր-նյութական էությանը, որ փոքրիկ է տարածական առումով և անծայրածիր` ժամանակային: Եվ սա նշում եմ ոչ այն պատճառով, որ ուզում եմ պարծենալ, այլ որ ցույց տամ դժվարությունները, որ հաղթահարում է մի պոետ, երբ իր ամենասիրելի առարկաներն անվանում է այն բառերով, որոնք օգտագործում էին Սաֆոն կամ Պինդարոսը դեռևս Քրիստոսից առաջ, որոնք, չունենալով տարածվելու այժմյան հարուստ հնարավորությունները, այդուհանդերձ ճանաչվեցին և ընթերցվեցին ողջ աշխարհում:

Եթե լեզուն լիներ պարզապես ու միայն հաղորդակցման  միջոց, խնդիր գոյություն չէր ունենա: Պատահում է, սակայն, որ այն հրաշագործության գործիք է դառնում կամ բարոյական արժեքների հանդերձ: Լեզուն, անցնելով դարերի միջով, ձեռք է բերում առանձնահատուկ գոյավիճակ: Եվ գոյավիճակն այդ ծնում է որոշակի պարտավորություններ:

Եկեք չմոռանանք, որ այդ քսանհինգ դարերից և ոչ մեկը, կրկնում եմ՝ ոչ մեկը չի եղել,  որի ընթացքում գրված չլինի բանաստեղծություն հունարեն լեզվով: Այդ ժառանգությունն այն հսկայական ծանրությունն է, որ իր ուսերին կրում է նորագույն հույն պոեզիան:

Ոլորտը, որը գծագրում է նոր հույն պոեզիան, ինչպես ցանկացած ոլորտ` ունի երկու հակադիր բևեռ՝ հյուսիսային և հարավային: Մի բևեռում Դիոնիսոս Սոլոմոսն[5] է, որին դեռ Մալարմեից առաջ հաջողվել է եվրոպական գրականության մեջ հարթել պահպանողականության և խստության ծայրահեղությունները` հօգուտ մաքուր պոեզիայի ըմբռնման` իր բոլոր դրսևորումներով, ենթարկել զգուցմունքը գիտակցությանը, ազնվացնել արտահայտչականությունը և գործի դնել լեզվական բոլոր կարողությունները հրաշքին հասնելու համար:

Մյուս բևեռում Կ. Պ. Կավաֆիսն[6] է, նա, ով,  Թոմաս Էլիոթի հետ զուգահեռ, հասավ պարզության սահմանին, արտահայտչականության մեծ ուժ ունեցող ճշգրտությանը` բացառելով ցանկացած պերճախոսություն անձնական ապրումների արտահայտություններում:

Այդ երկու բևեռների միջև քայլում էին մեր մյուս մեծ պոետները՝ Անդրեաս Կալվոսը, Կոստիս Պալամասը, Անգելոս Սիկելիանոսը, Նիկոս Կազանձակիսը, Յորղոս Սեֆերիսը[7].  մեկը մի քիչ շատ մի բևեռին մոտ, մյուսը՝ ավելի քիչ: Փաստորեն ստացվեց այսպես, մի փոքր կոպիտ ու սխեմատիկ, նոր-հունական պոեզիայի քարտեզագրություն:

Մեզ` հաջորդներիս համար  խնդիրը այդ հարուստ ժառանգությունը կրելն էր, մեր ուրույն ճանապարհը գտնելը և այդ փորձը ժամանակակից ապրումների, մտահոգությունների արտահայտության համար կիրառելը:

Գրական առանձին մեթոդներից անդին, պարտավորվում ենք հասնել մի համադրության, որը մի կողմից իր մեջ անպայմանորեն կրի հունական ավանդույթի տարրերը, իսկ մյուս կողմից արտահայտի մեր դարաշրջանի սոցիալական և հոգեբանական հարցադրումները: Այլ կերպ ասած` հասնենք «եվրոպացի հույնի» տեսակը ներկայացնելուն:

Չեմ խոսում հաջողությունների մասին, խոսում եմ ջանքերի մասին: Գրականության ուղղություններն ունեն իրենց նշանակությունը գրականության պատմության ուսումնասիրության համար:

Ինչպե՞ս, սակայն, զարգանան այդ ուղղություններն ազատ, երբ բարքերը մեր օրերում չափազանց բարդ են ստեղծագործողի համար: Եվ ինչպե՞ս ձևավորել մշակութային ընդհանուր տարածք, երբ լեզվական խոչընդոտները մնում են անհաղթահարելի: Ձեզ ճանաչում ենք և մեզ ճանաչում եք 20 կամ նույնիսկ 30 տոկոսով միայն` այնքան, որքան մնում է ձեզանից ու մեզանից թարգմանությունների մեջ: Հատկապես մենք բոլորս, որ շատ կոնկրետ ավանդույթի կրողներն ենք և տենչում ենք խոսքի հրաշքին, այն կայծին, որը երկու ճիշտ ընտրված բառերի միացությունից կարող է ծնվել, բայց այդպես էլ մնում ենք համր, չվարակող: Տառապում ենք մեկ ընդհանուր լեզվի բացակայությունից: Եվ այդ բացակայությունը, եթե ավելի լայն մասշտաբներով նայենք, ազդում է նաև մեր ընդհանուր հայրենիքի՝ Եվրոպայի քաղաքական և հասարակական իրակա­նության վրա:

Ասում և բացահայտում ենք ամեն օր, որ ապրում ենք քաոսային ժամանակներում: Եվ դա հիմա, երբ մեր նյութական գոյության միջոցների տեղաբախշումը կատարվում է այնպիսի ճշգրիտ, կարելի է ասել` ռազմական դասակարգմամբ, և հսկվում է անողոքությամբ: Հակասությունը դրանից էլ ավելի ակնառու է: Երբ երկու մասերից մեկը գերսնվում է, մյուսը թերսնվում: Այն գովելի ուժը, որը միավորում է մեկ ամբողջության մեջ Եվրոպայի ժողովուրդներին, կանգնել է այսօր մեր մշակույթի թերսնված և գերսնված կողմերին հաշտեցնելու անհնարինության առաջ: Մեր ընդհանուր արժեքներն էլ չեն դառնում ընդհանուր լեզու մեզ համար:

Պոետի համար, որքան էլ տարօրինակ թվա, բայց ճշմարիտ է, միակ ընդհանուր լեզուն զգայություններն են: Արդեն հազարավոր տարիներ երկու մարմինների իրար հպվելու ձևերը չեն փոխվել: Ոչ էլ հանգեցրել են ինչ-որ բախման, ինչպես տասնյակ գաղափարախոսություններ, որոնք արյունահե­ղության պատճառ դարձան, և դատարկաձեռն թողեցին մեզ:

Իսկ երբ խոսում եմ զգացմունքների մասին, նկատի չունեմ մակերեսայինը, շուտ ծնվողն ու մահացողը: Նկատի ունեմ խորքայինը, այն, որը մեզ մոտեցնում է մեր էությանը: Նկատի ունեմ «զգայարանների հարաբերակցությունը» հոգու մեջ: Տարբեր արվեստներում մեր զգայարանները խոսում են տարբեր հարաբերակ­ցությամբ: Ինչ-որ բույր կարող է լինել ճահիճ, կարող է լինել մաքրություն: Ուղիղ գիծը կամ կորը, սուր կամ խորը ձայնը մեր տեսողական և լսողական շփման թարգմանություններն են: Մենք բոլորս գրում ենք լավ կամ վատ բանաստեղ­ծություններ՝ ըստ մեր կենսափորձի և տաղանդի:

Ծովի պատկերը, որ գտնում են Հոմերոսի ստեղծագործության մեջ մեզ փոխանցվում է անփոփոխ: Ռեմբոն հիշատակում է այն որպես « C'est la mer allée

//Avec le soleil»[8] և այն նույնացնում  հավերժության հետ: Արքիլոքոսի այն աղջնակը, որը ձեռքում պահել է մրտենու մի ճյուղ, վերակենդանանում է Մատիսի մի կտավում և մեր մեջ ծնում է մի զգացողություն ՝ շոշափելի, միջերկրածովյան, մաքրության: Այստեղ յուրաքանչյուրս էլ կարող ենք մտածել, արդյո՞ք բյուզանդական սրբանկարներում պատկերված Կույսը շատ է տարբերվում այդ աղջնակից: Գրեթե ոչնչով, որովհետև հաճախ երկրային լույսը դառնում է գերբնական, և հակառակը: Մի զգացմունք, որ մենք ժառանգել ենք անտիկներից, և մեկ ուրիշը` Վերածնունդից, այսօր ծնունդ են տալիս երրորդին, որը նման է իրենց` ինչպես երեխան է նման լինում իր ծնողներին:

Կարո՞ղ է պոեզիան նման ուղիով գնալ: Զգացմունքներն իրենց անդադար ինքնամաքրումի միջով կհասնե՞ն սրբության: Այդ ժամանակ միայն նրանց նույնականությունը կվերդառնա  նյութական աշխարհ և կազդի այդ աշխարհի վրա:

Բավարար չէ, որ մեր երազանքները բանաստեղծություններ դարձնենք: Քիչ է:  

Բավարար չէ, որ հրապարակախոսնեք: Դա էլ արդեն շատ է:

Խորքում նյութական աշխարհը պարզապես իրերի կույտ է: Վերջնական արդյունքը կախված է այն բանից, թե ինչպիսի ճարտարապետ կլինենք: Դրախտը կկառուցենք, թե` Դժոխքը: Եվ այնուհանդերձ, պոեզիան միշտ հավաստիացրել է մեզ, անգամ durftiger ժամանակներում, որ չնայած այդ ամենին` մեր ճակատագիրը մեր ձեռքերում է:


[1] Հատվածական մեջբերում Արիստոտելի «Պոետիկայի» 9-րդ գլխի՝ բանաստեղծի ու պատմաբանի տարբերության մասին պարբերությունից. «Նախորդից նույնպես հետևում է, որ պոետի խնդիրն է խոսել ոչ թե իրապես եղածի, այլ այն բանի մասին, ինչ կարող է լինել, այսինքն` հնարավորը ըստ հավանականության կամ անհրաժեշտության»: Տե´ս Արիստոտել, Պոետիկա, Երևան, 1955, էջ 163:

[2] Ակնարկում է հույն փիլիսոփա Հերակլիտի (Ք.Ա. 520-450) տիեզերական ներդաշնակության փիլիսոփայության դրույթները:

[3] «Չգիտեմ, և ինչի՛ համար ― բանաստեղծ օրերում խղճուկ»: Մեջբերում Ֆրիդրիխ Հյոլդեռլինի «Հաց ու գինի» էլեգիայից: Տե´ս Ֆրիդրիխ Հյոլդեռլին, Բանաստեղծություններ /գերմաներենից թարգմանությունը` Հակոբ Մովսեսի/, Երևան, 2002, էջ 143:

[4] Հիբրիս (հին. hուն. ὕβρις,) - ինքնասիրահարվածություն: Անտիկ մշակույթում հիբրիս բառով բնութագրվում էր առաջնորդի ավելորդ ինքնավստահ պահվածքը, որն աստվածներն ընկալում էին որպես իրենց ուղղված մարտահրավեր, որին հաջորդում էր պատիժը:

[5] Դիոնիսոս Սոլոմոս (1798-1857) - հույն բանաստեղծ, որի  «Ազատության օրհներգը» (1823), ստեղծագործությունը դարձել է Հունաստանի պետական օրհներգը:

[6] Կոնստանտինոս Կավաֆիս (1863-1933) - հույն հանրահայտ բանաստեղծ: Նրա համաշխարհային հռչակին նպաստել են ստեղծագործությունների անգլերեն թարգմանությունների հրատարակութ­յունները Թ.Էլիոթի «The Criterion» ամսագրում:

[7] Անդրեաս Կալվոս (1792-1869), Կոստիս Պալամաս (1859-1943), Անգելոս Սիկելիանոս (1884-1951), Նիկոս Կազանձակիս (1883-1957), Յորղոս Սեֆերիս (1900-1971, գրականության Նոբելյան մրցանա­կի դափնեկիր (1963)): 19-20-րդ դարերի հունական գրականության կարկառուն ներկայացուցիչներ:

[8] Ակնարկում է Արթյուր Ռեմբոյի (1854-1891) «Հավերժություն» (L'Eternité), բանաստեղծության տողերը` «Գտնվել է կրկին://Ո՞վ:–Հավերժությունը://Դա արևի ձեռքից// Բռնած քայլող ծովն է»           (թարգմանությունը`Գ.Գասպարյանի): Տե´ս, Արթյուր Ռեմբո, Բանաստեղծություններ, Երևան, 1991, էջ 72:

Աղբյուրը՝ Օդիսսեաս Էլիտիս, Քամին Աստվածամոր: Բանաստեղծություններ և Նոբելյան բանախոսություն, հունարենից թարգմ.՝ Շուշան Կարապետյանի, Երևան, 2016: 

Art 365

07.11.2021

Սուս կարդանք

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.