2024 թվականը հոբելյանական է աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի համար։ Հունվարի 9-ին լրանում է մեծ արվեստագետի ծննդյան 100-ամյակը։ Հոբելյանական տարին Art365-ը սկսում է Փարաջանովի մտքերի փոքրիկ ծաղկաքաղով։
Ես 50 տարի այնքան գեղեցիկ եմ ապրել: Սիրել եմ, շատախոսել, հիացել, ինչ-որ բան ճանաչել, գուցե քիչ եմ հասցրել ստեղծել, բայց անչափ շատ բան եմ հասցրել սիրել: Մարդկանց եմ շատ սիրել: Միջակության հանդեպ անհանդուրժող էի:
Երեսուն տարի անց ես վերադարձա այն քաղաքը, որտեղ ծնվել եմ 1924 թվականին: Վերադարձա ծերացած, վերդարձա մի մարդ, որի ուսերին ասես երկու թև կա․ մեկին՝ փառք, հաղթանակ, ճանաչում, մյուսին` ստրկություն, գերություն, բանտարկյալի նվաստացում:
Ես քիչ եմ նկարահանել: Իմ պահարանում 23 չնկարահանված սցենար կա: Ինձ համար դժվար է: Բայց ոչինչ: Մենք մեր մահով կտանենք մեր մի մասնիկը, որը գաղտնիք կմնա։
Ես հասկացել եմ, և սա ամենասարսափելին է… Ես հարավն ու արևելքն եմ: Կեղտոտ եւ մաքուր։
Ես աշխարհից վրեժխնդիր կլինեմ սիրով։
Ամենասարսափելին հիասքանչին անուն կպցնելն է։
Ժամանակը մեծահոգի է ու արդարացի. այն մաքրում է հիշողությունը, դատապարտվածներին ազատում զրպարտություններից ու վիրավորանքներից, հարություն է տալիս մոռացվածներին, դատում անարդարներին։
Ես ծաղիկներ նկարող խելագար ծերուկ եմ։
Ես չունեմ ո՛չ պետական գիտելիքներ և ոչ էլ պարգևներ: Ես ոչ ոք եմ: Ես ապրում եմ Վրաստանում՝ Թիֆլիսում, իմ ծնողների հին տանը, և երբ անձրև է գալիս, ես հովանոցով եմ քնում և երջանիկ եմ, որովհետև դա նման է Տարկովսկու ֆիլմերին: