«Արդ, Աստծո խնամքով և առաջնորդությամբ ես և աստվածասեր քրիստոսապսակ Հայոց արքա Տրդատը կամեցանք սիրո եւ միաբանության համար տեսության գնալ քրիստոսասեր և բարեպաշտ աշխարհակալ Հռոմեացիների կայսր Կոստանդին Մեծին (...) Որոշ ժամանակ մնալով նրանց մոտ՝ սիրո և միաբանության դաշինք կնքեցինք միմյանց հետ՝ Քրիստոսի արյամբ գրելով և միջնորդելով, որպեսզի մինչեւ աշխարհի վախճանը անկապտելի լինի Հայոց եւ Ֆռանկաց միջեւ ուխտն ու միաբանությունը …», -կարդում ենք Մատենադարանի ամենամեծ ձեռագրում՝ Մշո ճառընտիրում, պահպանված Սուրբ Գրիգոր Լուսավորչի Կտակում։
Հայ մատենագրության մեջ և օտար աղբյուրներում բազմիցս հիշատակվում է աշխարհի առաջին քրիստոնյա տիրակալներ՝ Հայոց թագավոր Տրդատ Մեծի ու Հռոմի Կայսր Կոստանդին Մեծի հանդիպման, ապա նաև երկու երկրների միջև վերահաստատված դաշինքի պատմական ավանդությունը։ Հռոմ֊Հայաստան կրոնական ու քաղաքական հարաբերությունների այս դրվագը, հետագայում նաև որպես ազգային-ազատագրական պայքարի գաղափարական ուղղություն, ժամանակի ընթացքում հարստացվել է նոր մանրամասներով։
Թուղթ սիրո եւ միաբանության(Դաշանց թուղթ), Ժողովածու, 1569-1570թ.թ., Բաղէշ,գրիչ՝ Յակոբ սարկավագ,
ծաղկող՝ Վարդան Բաղիշեցի
Տարբեր աղբյուրներում այս իրադարձությունը տարբեր կերպ է ներկայացվում, սակայն հիմնականն այս է․ արքայական և իշխանական դրոշակները պարզած, փողեր հնչեցնելով՝ Տրդատը մեծ շքախմբով ուղևորվում է Հռոմ՝ ճանապարհին այցելելով սուրբ Գրիգորի ճգնավորական քարայր՝ նրան ընկերակից դարձնելու համար։
Իտալիայում նրանց մեծ հանդիսավորությամբ դիմավորում են իշխանները, և ուղեկցում Հռոմ։ Կոստանդինի հետ կայսերական կառքին բազմած՝
Հայոց արքան ու կաթողիկոսը նախ այցելում են Սուրբ Պետրոսի տաճար, որտեղ պատրիարք Եվսեբեբեոսի գլխավորությամբ աղոթում են, ապա մտնում պալատ։ Թանկարժեք նվերների փոխանակումից հետո երկու միապետները միմյանց պատմում են իրենց կյանքի, քաջագործությունների և դարձի հրաշագործ հանգամանքները։ Ապա կնքում են դաշինքը։ Հայաստան վերադառնալով՝ բոլոր եկեղեցիներում տոնակատարություն է կազմակերպվում, որտեղ պատարագի ժամանակ հիշատակվում են Կոստանդինն ու նրա մայրը՝ Հեղինեն։
Կոստանդին Մեծի եւ Տրդատ Մեծի, Սբ. Սելբեստրոս պապի եւ Սբ. Գրիգոր Լուսավորչի հանդիպումը, որմնանկար, XVII դարի կեսեր,
Նոր Ջուղա (Սպահան) Սբ. Ամենափրկիչ վանք, նկարիչներ՝ Մինաս, Հովհաննէս Մուրքուզ, Տէր Ստեփանոս, Տէր Կիրակոս, Բարսէղ
«Նույնպես եւ Տրդատ արքային, իբրեւ սիրելի եղբոր, մեծ ուրախությամբ սեր ցույց տվեց, մանավանդ նրա աստվածածանոթության համար առավել եւս դաշինք կնքեց նրա հետ՝ միջնորդ դարձնելով տեր Քրիստոսի նկատմամբ ունեցած հավատը, որպեսզի միշտ հաստատուն պահեն մտերիմ բարեկամությունն իրենց թագավորությունների միջեւ, եւ Հայոց արքայի հավատը Երրորդության հանդեպ առավել եւս հաստատ լինի»:
Ագաթանգեղոս
Կոստանդին Մեծի եւ Տրդատ Մեծի, Սելբեստրոս պապի եւ Գրիգոր Լուսավորչի հանդիպումը, յուղաներկ սրբապատկեր, Սբ. Ստեփանոս մատուռ
XVII-XVIII դդ., Նոր Ջուղա
Այս ուշագրավ իրադարձությանն է նվիրված Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում բացված նոր ցուցադրությունը։
«Կոստանդին Մեծ և Տրդատ Մեծ. հայ-հռոմեական դաշինքը պատմության մեջ և պատկերներում» ցուցահանդեսն իրականացվել է «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ և Հայաստանում Իտալիայի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ, Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով։ Ցուցահանդեսի գիտական ղեկավարներն են Նազենի Ղարիբյանը և Վահե Թորոսյանը, համադրողը՝ Գայանե Բաբայանը։
Ցուցադրությունն ընդգրկում է Մատենադարանի հավաքածուի 13-18-րդ դարերի ձեռագրեր, գրքեր, Դաշանց թղթի պատմությունը ներկայացնող այլ ցուցանմուշներ։
Մասնավորապես Նոր Ջուղայի եկեղեցիներում պահվող, այս իրադարձությունը ներկայացնող որմնանկարի ու գեղանկարի վերատպություններ:
Այս առիթով հրատարակվել են նաև հայերեն և անգլերեն պատկերագրքեր։
Ցուցահանդեսը կգործի նոյեմբերի 24-ից մինչև 2023 թ. մարտի 31-ը։