Ավետարան ըստ Ղուկասի
Հիսուսի ընծայումը տաճարին
22 Իսկ երբ Մովսեսի հաստատած Օրենքի համաձայն նրանց ծիսական մաքրության ժամանակը լրացավ, Հովսեփն ու Մարիամը մանկանը տարան Երուսաղեմ՝ Տիրոջն ընծայելու, 23 որովհետև Տիրոջ Օրենքում գրված է.
«Պետք է Տիրոջը նվիրվի ամեն արու զավակ, որ իր մոր առաջին զավակն է»,
Ստեֆան Լոհներ, Տիրոջ ընծայումը
24 ինչպես նաև Տիրոջ Օրենքի համաձայն՝ զոհ մատուցելու «մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ»։ 25 Այն ժամանակ Երուսաղեմում Սիմեոն անունով մի մարդ էր ապրում։ Սիմեոնն արդար և աստվածավախ էր և Իսրայելի փրկությանն էր սպասում։ Սուրբ Հոգին նրա հետ էր 26 և նրան վստահեցրել էր, որ նա չպիտի մեռներ, մինչև չտեսներ Տիրոջ Օծյալին։
Ա․ Շիշկին, Սիմեոն և Հիսուս
27 Արդ, Սուրբ Հոգուց առաջնորդվելով, նա գնաց տաճար։ Երբ ծնողները մանուկ Հիսուսին տաճար բերեցին, որպեսզի կատարեն այն, ինչ Օրենքն էր պահանջում մանկան համար, 28 Սիմեոնն իր գիրկն առավ փոքրիկին և գոհաբանեց Աստծուն՝ ասելով.
Տեառընդառաջ, Մուղնու Ավետարան, 11 դ․, նկարիչ՝ Հովհաննես Սանդղկավանեցի
29 -Այժմ, ո՛վ Տեր, համաձայն քո խոստման՝ թող որ քո ծառան մեռնի խաղաղությամբ, 30 քանզի աչքերս տեսան Փրկչին, 31 որ ուղարկեցիր դու բոլոր ժողովուրդներին, 32 որպես լույս՝ լուսավորելու հեթանոսներին և լինելու փառքն Իսրայելի՝ քո ժողովրդի։
33 Հիսուսի հայրն ու մայրը զարմանքով էին լսում այս խոսքերը, որ Սիմեոնն ասում էր մանկան մասին։
Ա․Եգորով, Սիմեոն, 1830-1840 թթ․
34 Սիմեոնն օրհնեց նրանց, ապա ասաց մանկան մորը՝ Մարիամին.
-Այս մանուկը Իսրայելի ժողովրդից շատերի անկման 35 և շատերի փրկության պատճառ պիտի դառնա։ Նա նաև հակառակության նշան պիտի լինի և շատերի սրտերի խորհուրդները հայտնի պիտի դարձնի։ Իսկ գալով քեզ՝ քո սրտի միջով էլ սուր պիտի անցնի։
Ռեմբրանտ Վան Ռեյն, Սիմեոնը և Աննան ճանաչում են Աստծուն Հիսուսի մեջ, 1627 թ․
36 Այնտեղ էր նաև Փանվելի աղջիկը՝ Աննա մարգարեուհին, որ Ասերի ցեղից էր։ Աննան բավականին առաջացած տարիքում էր. նա միայն յոթ տարի էր ամուսնական կյանք վարել 37 և այժմ ութսունչորս տարեկան այրի կին էր։ Տաճարից չէր հեռանում, այլ ծոմապահությամբ և աղոթքով գիշեր-ցերեկ պաշտամունք էր մատուցում Աստծուն։ 38 Արդ, նա ևս նույն ժամին գալով՝ գոհություն հայտնեց Տիրոջը և սկսեց մանկան մասին խոսել բոլոր նրանց հետ, ովքեր Երուսաղեմում Փրկչին էին սպասում։
Տեառնընդառաջ, Ավետարան, 1338, նկարիչ՝ Մելիքսեդեկ
Շարական Օրհնութեան
Այսօր անսկզբնական ծնունդ հայրական ծոցոյ Բանն եկաւորեալ ի տաճարն՝
ընծայէ զարարածս Հօր ի յերկինս:
Այսօր բարձեալ եղեւ ի գիրկս ծերունւոյն,
որ բանիւ զարարածս բարձեալ ունի. օրհնաբանեսցուք:
Այսօր եւ մեք՝ հաւատացեալքս,
ընդ ծերունւոյն Սիմէոնի զԲան համագոյ Հօր եւ Սուրբ Հոգւոյն օրհնաբանեսցուք:
Այսօր ի տաճարն եկեալ Կենարարն
եւ ի գիրկսն Սիմէոնի գգուեցաւ,
զՈր խնդութեամբ ընկալաւ Երուսաղէմ:
Այսօր երկիրս երկինք անուանեցաւ,
զի Տէրն տերանց իջեալ յերկնից ի յերկիր
եւ ընծայիլ յանձն առնու ի գործոց ձեռաց Իւրոց:
Ջոտտո, Ընծայումը տաճարին