Վահագն աստծո մասին մեզ հասած խորենացիական հատվածը, հայ ու այլազգի ուսումնասիրողներին ապշեցնում է իր բանաստեղծական կառուցվածքով, բովանդակությամբ: Շատերն այստեղ կոդավորված իմաստներ են տեսել: Ուսումնասիրողները մինչ օրս վիճում են, թե Վահագնը ամպրոպի, արևի, թե պատերազմի աստված է: Դժվար է հստակ ասել, սակայն կարող ենք ասել, որ Վահագնի պաշտամունքը շատ տարածված է եղել: Եվ պատահական չէ, որ Վահագնը կապվել է հայ ամենասիրված թագավորներից մեկի՝ Տիգրանի հետ, համարվել նրա որդին:
ԼԱ
ԹԵ ՈՐՈՆՔ ԵՆ ՍՐԱ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ ԵՎ ԻՆՉ ՑԵՂԵՐ ԶԱՏՎԵՑԻՆ ՍՐԱՆԻՑ
Ինչպես, որ ինձ, պատմողիս սիրելի է հավաստի պատմել այս պատմության մեջ բուն և առաջին Տիգրանի և նրա գործերի մասին, հիշելով զրույցներն այն Երվանդյան Տիգրանի մասին, նույնպես սիրելի պետք է լինեն ընթերցողիդ ինչպես այդ մարդն ու նրա գործերը, այնպես էլ նրա վերաբերյալ պատմությունները: Ուստի ես սիրում եմ ըստ քաջության այսպես կոչել` Հայկ, Արամ. Տիգրան, որովհետև քաջերի սերունդները քաջերն են, իսկ նրանց միջև եղածներին ով ինչպես ուզում է` թող կոչի: Բայց դիցաբանական տեսակետից ևս ճշմարիտ է մեր ասածը: Չկա ոչ մի Արամազդ, բայց միայն նրանց համար, որոնք կամենում են, որ Արամազդ լինի. և այսպես կոչված չորս Արամազդներից մեկն է միայն` ճաղատ Արամազդը: Այսպես նաև շատերը կան Տիգրան անունով, բայց սա մեկ և միակն է Հայկազուններից, որ Աժդահակին սպանեց, և գերի տարավ նրա տունը և Անուշին, վիշապների մորը, և Կյուրոսին, նրա բարի կամքով և հոժարությամբ օժանդակ ունենալով` Մարաց և Պարսից իշխանությունը հափշտակեց:
Սրա որդիներն են Բաբ, Տիրան և Վահագն, որի մասին մեր աշխարհի առասպելներն ասում են.
«Երկնում էր երկինք, երկնում էր երկիր,
Երկնում էր և ծովը ծիրանի.
Երկունքը բռնել էր ծովում
Նաև կարմիր եղեգնիկին:
Եղեգնի փողովը ծուխ էր ելնում,
Եղեգնի փողովը բոց էր ելնում
Եվ բոցից դուրս էր վազում
Մի պատանեկիկ:
Նա հուր մազեր ուներ, (ապա թե)
Բոց մորուք ուներ,
Եվ աչքերն էին արեգակներ»:
Մենք մեր ականջներով լսեցինք, թե ինչպես այն ոմանք երգում էին փանդիռներով: Դրանից հետո երգում ասում էին, թե կռվել է վիշապների հետ ու հաղթել, և Հերակլեսի քաջագործություններին շատ նման բաներ էին երգում նրա մասին: Բայց ասում են նաև, թե սա աստվածացրած է, և Վրաց աշխարհում սրա հասակով արձան կանգնեցնելով` պատվում էին զոհերով:
Սրա սերունդներն են Վահունիները: Սրա կրտսեր որդուց Առավանից ծագել են Առավենյանները: Սրա որդին էր Առավանը, սրանը` Ներսեհը, սրանը` Զարեհը, սրա սերունդից են Զարեհավանյան կոչված ցեղերը: (Զարեհի) առաջին որդին էր Արմոգը, սրանը` Բագամը, սրանը` Վահանը, սրանը`Վահեն: Սա Ալեքսանդր Մակեդոնացու դեմ ապստամբելով` մեռնում է նրա ձեռքով:
Աղբյուրը՝ Մովսես Խորենացի, Պատմություն հայոց /թարգմ. ծանոթագր. և առաջաբ.` Ստ. Մալխասյան, խմբ.` Վ. Առաքելյան, Ա. Աբրահամյան/, Երևան, 1968:
Քանդակը՝ Կ.Նուրիջանյանի