2022 թվականին լրացավ բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ Վահագն Դավթյանի (1922-1996 ) ծննդյան 100-ամյակը: Սիրված բանաստեղծի գործերը նրա մահից տասնամյակներ անց էլ գրավում են ընթերցողին իրենց քնարականությամբ, հոգեբանական նրբությամբ, բանաստեղծական պատկերների ինքնատիպությամբ: Միաժամանակ Վ. Դավթյանը հաջողության է հասել նաև պոեմի ժանրում: Վ. Դավթյանի առաջին գիրքը լույս է տեսել հեռավոր 1947 թ.-ին: «Առաջին սեր» կոչվող գրքին հաջորդել են տասնյակ գրքեր ու ժողովածուներ, որոնցից առավել հայտնի են՝ «Թոնդրակեցիներ»(1961), «Ամառային ամպրոպ»(1964), «Գինու երգը»(1966), «Ասք սիրո»(1982), «Լույս առավոտի»(1984) և այլն: Art365-ը ներկայացնում է Վահագն Դավթյանի բանաստեղծությունների մի փոքրիկ փունջ:
Բանաստեղծի աստղը
Բացվել էին երկնքի բոլոր դռներն այդ գիշեր,
Երկնքով լույս էր հոսում,
Աշխարհն ասես ծայրեծայր սիրո շշուկ էր ու սեր
Ու աստծո հետ էր խոսում:
Եվ ծղրիդները բոլոր հարբել լույսից ու բույրից,
Տաղեր էին հորինում,
Իսկ ես մանկան թախիծով մեր տան կավե կտուրից
Իմ աստղն էի որոնում:
Եվ մեկը կար, մեկը կար, որ այնպես մեծ էր ու մով
Ու դող ուներ իր շուրթին,
Բայց բռնկվեց նա հանկարծ ու գեղեցիկ անկումով
Կախվեց մթին անդունդին:
Ես աչքերս փակեցի...Ինչ-որ հավք էր մորմոքում,
Ինչ-որ թախիծ էր ու ցավ...
Հենց այդ գիշեր երևի իմ արյան մեջ ու հոգում
Բանաստեղծը արթնացավ...
Զարթնել են նորից տարիներն անցած
Զարթնել են նորից տարիներն անցած
Եվ աղմկում են, որպես խենթ հեղեղ,
Աղմկում որպես գետակն այն պայծառ,
Որ իմ մանկության ընկերն է եղել։
Ու կարծես իմ դեմ նորից երամով
Աղավնիներն են պոկվում քարափից,
Կրակ է թափում երկինքը այն մով,
Ու հևում է օդն ամառվա տապից,
Քարոտ մի կածան ձորի լանջերից
Կախվում էր մինչև գետակը կապույտ,
Վազում էինք մենք, ու մեր կանչերից
Զրնգում էին անձավները մութ։
Ահա և գետը... Մի քանի վայրկյան՝
Ու ճողփում էր նա մեր թևերի տակ,
Մեզ հետ լողում էր արևը ամռան
Ալիքների մեջ զով ու կապուտակ։
Հետո հագեցած ջրի զով շնչից,
Մենք պառկում էինք ափի ավազին,
Վերում երկինքն էր կապուտակ ու ջինջ՝
Նման մեր պայծառ, պայծառ երազին...
Երկինքը... Նա մեզ թևեր պարգևում
Ու կարծես կանչում,տանում էր վերև,
Եվ թվում էր, թե արար աշխարհում
Միայն կապույտ կա ու միայն արև։
Ու թվում էր, թե աշխարհը արար
Հյուսված է միայն երգից ու խաղից,
Հյուսված արևի շողերից վարար
Ու բաց երկնքի կապույտ ծիծաղից:
Հիմն կնոջ
Լուսաբացին, երբ քնատ քո ձևերն են նվաղում,
Մարմինդ ի վար տաք հողի շնչառությունն է խաղում։
Ու երբ ելնում ես զարթնած, նետում քողը քո հագի,
Քեզ հետ զարթնում է ասես քնած շունչը կրակի:
Հողի պես սուրբ ու բեղուն և կրակի նման նենգ,
Դու՝ հայտնություն հրաշքի, տառապանքի դու օրենք։
Դու՝ առաջին ձնծաղիկ՝ տրված լույսին ու քամուն
Եվ շուրթերս արյունող անապատի դու սամում։
Դու՝ հավատի մաքրություն ու մեղավոր դու հերձված,
Դու՝ մեկնելի մեղեդի ու սեպագիր առեղծված։
Շրթունքներս ճաքճքող ծարավի դեմ ու քաղցի
Հաղորդություն դու գինու, հաղորդություն դու հացի:
Քե՛զ եմ գալիս ես անվերջ ծարավս ու քաղցս առած,
Եվ արյունն իմ հնամյա ծնկաչոք է քո աոաջ։
Այո, սիրելիս...
Այո, սիրելիս, իմ ու քո սերը նման եղավ շատ
Մի վտանգավոր
Եվ սակայն թովիչ մի ճամփորդության:
Բարեբաստիկ էր ծովային քամին,
Առագաստները և սրտերը մեր շատ էին լեցուն
Ու մենք նավեցինք...
Մեր ճանապարհին
Մենք հայտնություններ արինք հիասքանչ՝
Գտանք անանուն,
Անհայտ կղզիներ,
Նրանց քնքշագին անուններ տվինք
Եվ բնակեցրինք
Մեր երազներով,
Թախծություններով
Ու մեր հույսերով։
Եվ հայտնություններ արինք մենք ուրիշ,
Տեսանք, որ ծովը
Հույսի այն փոքրիկ, աննշմար կղզուց
Մինչև երազի կապուտակ կղզին,
Շատ է մթամած,
Եվ մրրիկն այնտեղ շատ է մոլեգին։
Եվ հայտնություններ արինք մենք ուրիշ՝
Տեսանք, որ չքնաղ երազի կղզու
Ափի ժայռերը շատ են ուղղաձիգ,
Եվ ափ ելնելու չկա ոչ մի ճար։
Եվ արինք նաև հայտնություն մի այլ՝
Որ այդ ծովն ունի միայն մի խորհուրդ...
Ընթանալ անվերջ, չհասնե՜լ սակայն...
Երկիր
Երկի՛ր, քարի մոլուցք ու մոլեգնած դու ջուր,
Երկի՛ր, սեզի սոսափ ու կապույտի սահանք,
Աստծուն խոյահարող լեռան քարե եղջյուր
Ու զղջացող վիհի քարե ապաշխարանք:
Երկի՛ր, ձյունահողմի ճերմակ ու ձիգ գանգատ
Եվ անդունդներն ընկած մրրիկների հարցում,
Երկիր, քարափն ի վար ջրի կապույտ զանգակ,
Ծաղկաթերթի թախիծ ու մամուռի արցունք։
Երկի՛ր, պղնձի ճիչ, որձաքարի հառաչ
Եվ խաչքարին խաչված գեղեցկության աղերս,
Երկի՛ր, արեգակի ու անհունի առաջ
Դու ծնկածալ աղոթք, վեր խոյացող դու ծես։
Երկի՛ր, որդին եմ քո, դար ու դարեր անկանգ
Ես գնում եմ քեզ հետ ճամփիս վիհ ու բարձունք
Ես՝ քարեղեն մոլուցք, ձյունահողմի գանգատ,
Ծաղկաթերթի թախիծ ու մամուռի արցունք:
Հայրենիք
...Եվ թվում է ինձ՝ աղջամուղջի մեջ այն վաղնջական
Բարբառել մի ձայն, այսպես է ասել ձայնն այդ բարբառող.
-Այստեղ քար է բիրտ, անդունդ է մթին, վիհեր են անկման,
Արի քեզ տանեմ ես ուրիշ մի հող:
Արի քեզ տանեմ մի ուրիշ աշխարհ, հեռավոր դաշտեր,
Ուր հողը փափուկ, ուր ջուրը առատ ու խոտն է թավիշ...
Իսկ ես ասել եմ.- Այստեղ եմ ծնվել, կմնամ այստեղ,
Թեկուզ կաղկանձեմ ու ոռնամ ցավից...
Նախ քարանձավ էր... Ու ես առաջին խարույկիս բոցով
Որձաքարերի վայրենությունն եմ քնքշորեն շոյել,
Հետո կայծքար եմ առել ու նրա տխուր զնգոցով
Երազանքներս եմ պատերին փորել։
Ժայռերի վրա արյունոտվել են ոտքերն իմ բոբիկ,
Լեռնալանջերի մրրիկները ցուրտ իմ կուրծքն են վառել,
Եվ իմ բարբառը արձագանքելով քարերի մեջ բիրտ,
Ինչ-որ քարեղեն զնգոց է առել:
Այդ բիրտ բարբառով, երկի՛ր, քնքշանք եմ քեզ շշնջացել,
Քնքուշ անուններ տվել ծառերիդ ու թռչուններիդ,
Իմ հոգում նիրհող առասպելների ծալքերը բացել,
Կապույտ եմ հանել, կախել վիհերիդ։
Քո մերկ ժայռերին իմ երազների կանաչն եմ հինել,
Սրտիս հառաչն ու հոգուս շառաչն եմ խառնել գետերիդ,
Հորինել եմ ես գեղեցիկ ու մերկ աստվածուհիներ,
Շնորհել լազուր ու սուրբ եթերիդ։
Թախիծ եմ դրել սոսափյունի մեջ քո բարակ ուռու.
Առեղծվածների մշուշով լցրել այրերդ խավար,
Լուսնի լույսի հետ որպես հմայիլ ու որպես հուռութ
Բաղձանք եմ կախել քարափներդ ի վար։
Ես ոգիներ եմ դրել փչակում քո կաղնիների,
Սոսյաց անտառում հմայողների հանդես եմ բացել,
Հողիդ եմ տվել ես աճյունները իմ նախնիների,
Եվ մայրացել է հողն ու հայրացել։
Ու երբ եկել են, որ խլեն ինձնից լեռնաշխարհն այս լուրթ,
Խոցվել եմ հաճախ ես ոսոխների նետ ու նիզակից,
Արյունս կաթ-կաթ ծծվել է հողում, և այս հողը սուրբ
Դարձել է այդպես ինձ արյունակից...
Ու երբ նորից է բարբառել հեռվից ձայնն այդ հմայող,
Ու երբ նորից է խոստացել չքնաղ ու կանաչ ափեր,
Ասել եմ նրան.- Չկա այսպիսի հայրենիք ու հող,
Քանզի այստեղ եմ արյունս թափել։
Այս հողին եմ ես դարեդար խառնել արցունք ու կարոտ,
Խառնել տառապանք, հրաշք եմ խառնել ու խառնել ոգի,
Որ երբե՜ք, երբե՜ք չթողնեմ կյանքում երկիրն այս քարոտ
Ու երբե՜ք, երքե՜ք չտամ ոչ ոքի...
Հավատում եմ քեզ
Հավատում եմ քեզ, իմ հայ ժողովուրդ,
Քե՛զ, որ լեռներում այս բարձրիկ ու լուրթ
Ապրել ես դարեր, դարեր մաքառել
Եվ քո կրակը միշտ վառ ես պահել...
Քե՛զ, որ առաջին հասկն ես սերմանել,
Քե՛զ, որ առաջին գինին ես քամել,
Լույսի դեմ չոքել հեթանոսորեն,
Փառաբանել ես ողկույզ ու ցորեն,
Քե՛զ, որ կերտող ես դարերում եղել,
Քարեր ես ձևել, ժայռեր ես պեղել,
Քարի քար խղճից հանել ես բարին,
Ազնվությունդ տվել խաչքարին
Եվ քո վաստակով, քո կոթողներով,
Քո մատյաններով, սիրո տողերով,
Գողթան երգերով, խորունկ վերքերով
Եվ խոյանքներով քո լույս հանճարի
Կանգնել ես դարեր սրի դեմ չարի...
Ցեղեր են եկել, արշավել ցեղեր,
Քո արդար ու հին արյունն են հեղել,
Ասպատակել են ու ջարդել են քեզ,
Դարեր ու դարեր աղարտել են քեզ,
Բայց դու Նարեկով ինքդ քեզ զտել,
Քո սուրբ հարության հրաշքը գտել
Եվ քո վաստակով, քո կոթողներով,
Քո մատյաններով, սիրո տողերով,
Գողթան երգերով, խորունկ վերքերով
Եվ խոյանքներով քո լույս հանճարի
Հասել հողմերին այս ահեղ դարի։
Հավատում եմ քեզ, իմ հայ ժողովուրդ,
Քե՛զ, իմ տառապանք, իմ խորին խորհուրդ,
Քե՛զ, որ Դեր-Զօրի խորշակով կիզված,
Եվ այդպես ցրիվ, և այդպես կիսված,
Ապրեցիր նորից, նորից տևեցիր,
Դեպի երազդ նորից թևեցիր,
Հավատում եմ քեզ, քո արմատներին,
Քո հոգու թաքուն խորխորատներին,
Բիրտ ու բարբարոս քո կարծրությանը,
Խոնարհ ու փխրուն քո թախծությանը,
Քո հին արյանը, քո արյան կանչին,
Քո հզոր լեզվին՝ մեծասքանչին,
Քո մաքուր գինուն, քո արդար հացին,
Հարատևության քո առեղծվածին...
Գիտե՛մ, այս դարի հողմերում վրդով
Դարերից բերած խորին խորհրդով
Քեզ պիտի նորից Նարեկով զտես,
Խաչքարիդ ազնիվ լույսով մկրտես,
Ջրդեղես պիտի Չարենցյան հրով
Ու քո վաստակով, քո կոթողներով,
Քո մատյաններով, սիրո տաղերով,
Քո մաքուր գինով, քո արդար հացով,
Հարատևության քո առեղծվածով
Հավերժես պիտի լեռներում այս լուրթ,
Հավատո՛ւմ եմ քեզ, իմ հայ ժողովուրդ...