1882 թվականի փետրվար 2-ին է ծնվել իռլանդացի աշխարհահռչակ արձակագիր, բանաստեղծ ու լրագրող Ջեյմս Ջոյսը: Ջոյսը մոդեռնիսատական գրականության կարկառուն ներկայացուցիչ է: Նրա ստեղծագործությունները ահռելի ազդեցություն են թողել 20-րդ դարի համաշխարհային գրականության զարգացման վրա, անդրադարձել նաև մշակույթում: «Վեպերի վեպ» է համարվում Ջոյսի «Ուլիսեսը». մի զարմանալի, անչափ հետաքրքիր, սակայն դժվարընթեռնելի գործ, որը մոդեռնիստական գրականության բարձրակետն է: Այս վեպի ընթերցման դժվարություններին, սակայն մեծ հաճույքին Art365-ն արդեն անդրադարձել է(Ինչո՞ւ կարդալ սարսափելի ու չքնաղ «Ուլիսեսը»), իսկ այժմ ներկայացնում ենք ուշագրավ մեջբերումներ վեպից:
Յուրաքանչյուր կյանք մեկը մյուսի հետևից իրար հաջորդող շատ օրեր է ներկայացնում: Մենք թափառում ենք ինքներս մեր միջով՝ հանդիպելով ավազակների, ուրվականների, հսկաների, ծերերի, երիտասարդների, կանանց, այրիների, մեզ հոգեհարազատ մարդկանց, բայց ամեն անգամ հանդիպում ենք ինքներս մեզ:
Նա ետևում մի մեծ ապագա էր թողել:
Սերը սիրում է սիրել սերը:
Մենք չենք կարող փոխել մեր հայրենիքը, եկեք փոխենք զրույցի թեման:
Մարդը կարող է ամբողջ կյանքն ապրել մենակ։ Դե, գուցե: Բայց, այնուամենայնիվ, նրան պետք է, որ ինչ-որ մեկն իրեն թաղի, թեև նա էլ կարող է փորել իր գերեզմանը։
Այն ինչին հավատում ես ամբողջ էությամբ, այն էլ գոյություն ունի:
Աստված ստեղծեց սնունդը, իսկ սատանան խոհարարներին:
Երբեք չես իմանա ում մտքերն ես «ծամում»:
Ով ոչնչի մասին չի հարցնում, նրան ոչ մի բանի մասին չեն ստի:
Չկա վտանգ, չկա ուղեղ:
Պատմությունը մղձավանջ է, որից փորձում եմ արթնանալ:
Ուզում ես ինձ ճանաչել, հաց կիսիր հետս:
Գեղեցկության զգացումը մեզ մոլորեցնում է:
Ի՞նչ ընդհանրություններ կան լուսնի ու կնոջ միջև, որոնք թվում էին նրան:
Նրա վաղնջականությունը, նախորդող և հաջորդող երկրային սերունդների հաջորդականությունը. նրա գիշերային տիրակալությունը. որպես ուղեկից նրա կախվածությունը. նրա անդրադարձող լույսը, նրա կայունությունն իր բոլոր փուլերում. բարձրանալն ու իջնելը սահմանված ժամերին, աճումը և նվազումը. նրա արտաքինի անփոփոխությունը. նրա պատասխանների անորոշությունը այն հարցերին, որոնք պատասխանի հուշումներ չունեն. նրա իշխանությունը ջրերի մակընթացության և տեղատվության վրա. նրա կարողությունը՝ սիրահարեցնելու, ընտելացնելու, գեղեցկությամբ օժտելու, խելագարեցնելու, հանցագործությունների մղելու և աջակցելու այդ գործում. նրա արտաքինի խաղաղ անթափանցելիությունը. նրա ինքնաբավ, բռնակալ, անողոք և փայլուն մտերմության անտանելիությունը.ինչպես հանգստություն, այնպես էլ փոթորիկներ ներկայացնող նրա նշանները. նրա լույսի գրավչությունը, նրա շարժումը և ներկայությունը. նրա խառնարանների սարսափելի նախազգուշացումները, նրա անջուր ծովերը, նրա լռությունները. նրա շքեղ փայլը, երբ այն տեսանելի է, և գրավչությունը, երբ այն մնում է անտեսանելի: