Իմ խաղա՜ղ, կապո՜ւյտ մանկություն,
Դու նման ես լճակն ընկած
Արծաթե լուսինի դիսկին։—
Դու կայիր— ու չկաս հիմա դու,
Արևի դեմ դու, թույլ, հանգար—
Բայց արդյոք կայի՞ր դու իսկի...
1897 թվականի, մարտի 13-ին է ծնվել է Եղիշե Չարենցը։ Բանաստեղծի մի շարք գործերում կարելի է գտնել ակնարկաներ նրա մանկության ու պատանեկության վերաբերյալ։ Իհարկե, այդ պատկերներում Չարենցն իրեն բնորոշ իրականությունը միֆականացնելու սկզբունքով շատ բաներ այլ կերպ է ներկայացնում, սակայն, փորձենք հենց այդ պատառիկներով ու մտերիմների հուշերով տեսնել, թե ինչպիսին էր մանուկ ու պատանի Չարենցը․
Ես եկել եմ հեռո՜ւ Իրանից։
Հայրենիքս է— Խանի Մակուն։
Իմ հոգում— արև՛ն Իրանի,
Իրանի արև՛ն է իմ հոգում։
Իսկ արյան մեջ երգում է իմ—
Նաիրյան տխրությունն անծիր...
Իր «Չարենց-Նամե» պոեմում և մի քանի այլ գործերում բանաստեղծը որպես իր ծննդավայր նշում է Իրանի Մակու քաղաքը, սակայն իրականում Եղիշե Սողոմոնյանը ծնվել է Կարսում։ Մակուից էին Չարենցի ծնողները, որոնք Կարսում էին հաստատվել 1886 թվականին։ Հայրը՝ Աբգար աղան, մայրը՝ Թեկղի(Թելլի) Միրզոյանը չորս որդի և երեք աղջիկ ունեին։ Աբգար աղան զբաղվում էր գորգերի, մորթիների առևտրով։ Աստվածավախ, խստապահանջ մարդ էր, ուխտի էր գնացել Երուսաղեմ։
Հայրը ցանկանում էր, որ որդին վաճառական դառնա և մտահոգվում էր, որ Եղիշեն ավելի շատ գրքերի աշխարհի հետ է կապված։ Բանաստեղծի դասընկեր Ա․Փալանջյանը հիշում է․
«Հայրը մի օր ինձ գանգատվեց, թե ՝ «էս մեր փիլիսոփան ճաշի ժամանակ էլ մի ձեռքով գիրք է բռնում, մյուսով թանապուրի գդալը»։
-Կարդալը օգտակար գործ է, հորեղբայր, -փորձեցի մեղմացնել հոր դժգոհությունը։
-Բան չունեմ ասելու, որդիս, -շարունակեց խոսքը Աբգար աղան, -բայց վախենում եմ, թե վերջը սոված բանաստեղծ դառնա։ Մի գլուխ թղթեր է մրոտում»։
Իր ամենաանձնական գործերից մեկում՝ «Չարենց-Նամե» պոեմում, բանաստեղծը հորն ու մորը ներկայացնում է այսպես․
Ես Կարսում եմ—
Նորի՛ց,
Նորի՛ց...
Մանկական շրթերըս կախած՝
Ես տեսնում եմ մորս
Նորից—
Ստինքները՝ երկու ձագար…
Դեռ հոգիս մի նետ է հանգիստ՝
Օրերիս աղեղին կպած։
Հեռևում— մորմոքը զանգի։Ահա հայրս՝ հագին կապա...
Նրա դեմքը՝ արծաթե ափսե,
Վրան քիթը՝ կեռ մի դանակ։
Թափել է ժամանակն անսեր
Մազերին— ճերմակ նիրվանա։Ահա մայրս՝ գնում է ջրի,
Գլխին՝ Թեհրանի լաչակ...
Սուլում է քամին Նաիրի—
Ուզում եմ բարձր ճչալ։
Պարզում է ձեռքերն առաջ
Հոգիս, որպես որբ տղա.—
Ուզում է— արևկեզ հարավ,
Ուզում է արևի ծնծղան...
Իսկ երբ մայրս մազերին իր ձյուն
Դնում է ոսկեմուգ հինա—
Թվում է՝ մազերի միջով
Ես կարող եմ Թեհրան գնալ...
Կարող եմ հասնել Հնդուչին,
Տիրանալ գանձերին Շահի...
Մանկություն... ոսկեթև՜ թռչուն...
Դեղնավուն ոսկի՜ հինայի...
Մեկ այլ հայտնի գործում՝ «Հարդագողի ճամփորդներում» կարդում ենք․
Մշուշի պես մեր մանկությունը անցավ՝
Գորշ, անարև, անմխիթար մանկություն:
Զառանցանքի պես մանկությունը անցավ ―
Ու հեռացանք։ Ու չենք դառնա կրկին տուն։
Լո՜ւռ հեռացանք ու քայլեցինք անդադրում՝
Երազելով հավերժական հեռուներ։
Կյանքը դարձավ հավերժական մի փնտրում ―
Մութ, անհեթեթ, տարօրինակ կյանքը մեր։
Եղիշե Չարենցը սովորել է Զ․Ջամբազյանի հայկական դպրոցում, ապա Կարսի ռեալական դպրոցում։ Այստեղ էլ գրել է իր առաջին բանաստեղծությունները։ Հիմնականում երգիծական, քնարական բնույթի բանաստեղծությունները ընդգրկվել են աշակերտական ձեռագիր «Գարուն» ալմանախում։
Տասերեք թվի ամառը, հունիսին,
Նաիրյան քաղաքի մի փողոցով խաղաղ
Անցնում էր, հոգսը երեսին,
Տասնըվեց տարեկան մի տղա։—
Վտիտ էր։ Միջահասակ։ Ուսերը նեղ։
Գանգուր մազեր ուներ, գունատ ճակատ։
Հագին սև շապիկ սատինե՝
Խունացած, առնվազը երեք ամառ հագած։
Դեղին երիզներով դպրոցական գլխարկը
Գանգուր, խիտ մազերին նստել էր ձիգ։
Նա գնում էր դանդաղ, քայլում էր գլխահակ,
Անտարբեր շրջապատին, ինչպես ձի։
Նա դուրս եկավ տնից։ Կեսօր էր։
Քիչ հետո հայրը երևի գալու էր ճաշելու։
Նա չէր սիրում հորը։
Իսկ հոր համար տղան դարձել էր հանելուկ։
Այսպիսին էր պատանի Չարենցն ըստ "Homo sapiens" պոեմի։
Ըստ հուշերի պատանեկան տարիքում սիրել է ինչպես ակտիվ շփումներն ու խաղերը, այնպես էլ առանձնության մեջ՝ ավելի հաճախ Կարսի քաղաքային պուրակում գրքերի ընթերցանությունը․
Նա կարդում էր երկար, նստած ալեյում,
Այն հին կաղնու ներքևը, որի բնին
Անցյալ տարի ամառը մի տաքգլուխ
Դանակով փորագրել էր «Արփենիկ»։
Նա կարդում էր անհագ, լափելով
Էջերը, գլուխները։ — Գրքի թերթերից
Մեկը, տիտանային, կարծես շանթ էր թափում
Եվ այրում իր հոգին, իր կրքերը։
Homo sapiens
«1914 թ․ հունիսին էր․ ընկերներով այգում զբոսնելիս աչքս ընկավ կանաչ շապոյով, բաց շականակագույն թիկնոցով, ծխամորճով և մեծ ձեռնափայտով մի պատանու։ Տղան հագնված էր իր հասակին ոչ համապատասխան․․․Զբոսնելիս, մի երկու օր անընդհատ, ես հետևում էի տղային և այն եզրակացության եկա, որ նա տարօրինակություններ է անում, չարանալով աղջիկների վրա, որոնց հետ ծանոթ չէ և շատ կուզեր ծանոթանալ․․․Ձեռքս մեկնելով՝ առաջարկեցի նրան ծանոթներ լինել։ Թերևս ծաղր համարելով իմ առաջարկը, նա ծույլ շարժվեց տեղում, արժանապատվությամբ բարձրացավ և մենք ծանոթացանք», -հիշում է Կարինե Քոթանճյանը։
Սակայն հենց բանաստեղծի կամ նրա պոեմների քնարական հերոսի խոստովանությամբ մանկությունը շատ շուտ է ավարտվում․
Ես ինքս էլ լավ միտ
Չբերի—
Թե ո՞նց՝ Կարսի այգուց—
Տասնհինգ թվի վերջերին—
Արթնացա... զորքերի շարքում։
Կամավոր։
Հայկական բանակ։
Հրացան։ Թնդանոթ։ Ռումբեր։
Եվ ահա— Այգեստանը Վանա։