Նոյեմբերի 27-ը Եղիշե Չարենցի հիշատակի օրն է։ Art365-ը ներկայացնում է բանաստեղծի կյանքի վերջին շրջանում գրած բանաստեղծություններ, որոնք Չարենցն անվանել է «Իմ լերան աղոթքը»։ «Լերան աղոթքը»՝ «Հայր մերն» է, որն ըստ Մատթեոսի Ավետարանի, մեր Տեր Հիսուս Քրիստոս սովորեցնում է աշակերտներին «Լերան քարոզի» ընթացքում։ Քրիստոս Լերան քարոզում ներկայացնում է քրիստոնյաների կյանքի ամենակարևոր առաքինություններն ու տալիս երանիներ, նաև խրատներ երջանիկ ու առանց մեղքերի ապրելու համար։ Չարենցյան «Լերան աղոթքները» արձագանքելով կտակարանային այս դրվագին, գաղափարական այլ նորություններ են բերում։ Դրանք հեղինակի անդրադարձն են իր կյանքին ու անցած ուղուն, շնորհակալությունն ունեցածի համար, նաև ցավը կորուստների ու չհասցրածի վերաբերյալ։
Իմ լերան աղոթքը
Քառասնամյա կյանքի քարն ուսերիս վրա,
Արարչական գործիս անագորույն կեսին
Հղում եմ Քեզ կրկին ահավասիկ ես իմ
Խոհն անտրտունջ երթիս աղոթքը իմ լերան:
Քե՜զ, ո՛վ Բաշխող խոհի և շնորհող եռանդ,
Քեզ՝ Տվողիդ հանճար, և՜ ինքնություն, և՜ ձիրք. —
Դող՝ տարփուհուն պարող, շնորհք՝ բանաստեղծին,
Որ բարբառեն բանիվ և գեղգեղեն ձեռամբ…
Շնորհապարտ եմ, Տե՜ր, ինձ լիաբուռ ձոնած
Շնորհների համար և ձիրքերի անեղծ, —
Որ կոչեցիր երգիչ ու բանաստեղծ
Նվիրեցիր տավիղ և էվոլյան քնար…
Շնորհապարտ եմ, Տե՜ր, ես առավել սակայն,
Որ կոչեցիր դու ինձ ոչ սոսկական քերթող, —
Այլև ասպետ, և պետ, և զինակիր
Եվ սերմնացան աննինջ՝ դժնի ժամանակի:
***
Իբր ադամանդ մաքուր տառապանքով թրծած,
Պայծառացավ նա հար՝ և կարծրացավ անվերջ, —
Հայրենական հողում որքան ապաքինվեց՝
Ստրկության դժնի կոշկոճներով քերծած: —
Ո՛վ Տեր, գիտե՜ս, որ այս հողն հոգևոր ցողող
Իբր հայրենի հողի վաղվաղակի մշակ —
Դեմքիս հազարամյա հալածանքի նշան՝
Հերկդ եմ հերկել խոսքի ադամանդյա խոփով…
Գիտես, որ հար՝ ելած նախքան լուսաստղը վաղ՝
Ինքըս՝ ոգով անխոնջ լծված իբր համր եզ՝
Խոփն եմ քաշել խոհիս — և ինձ հենց ինքըս ես
Խարազանել խստիվ, որ չընթանամ դանդաղ, —
Եվ վաստակել եմ մինչ ուշ գիշեր խրթին,
Մինչև վերջին կաթիլն առօրյական ուժիս, —
Ապա քնել եմ ես դաշտում քնով ուշիմ
Որ լուսաստղից առաջ — կրկին ելնեմ երթի: —
Սակայն գիտես դու, Տեր, որ ոչ ինձ լուծիդ
Ծանրությունն է ընկճել
Ոչ զեփյուռը շնչով շոյել է դեմքիս վճիտ
Զովացուցիչ քրտինքը — իբրև բալզամ —
***
Օ, ո՜չ. — դու չե՜ս լսել երբեք տրտունջը իմ
Ոչ հոգնության, ոչ չար հերյուրանքի հանդեպ.
Թեկուզ իջել են ծանր, օրհասական ամպեր
Իմ ուսերին խոնջած և անտերունչ շնչին…
Ինձ չի՜ ընկճել երբեք և ո՜չ մի ծանր քար,
Եվ ոչ մի սև կոշկոճ՝ ընկած խոփիս առջև. —
Ես չեմ շեղվել երբեք, — երբեք ետ չեմ դարձել
Ակոսներից երկար, և քարքարոտ, և դար: —
Ես չեմ շեղել երբեք հերկն հայրենի Խոհի, —
Եվ հանդուրժել, որ բյուր սերունդների հերկած
Հին գրքերում մնա անգամ չնչին մի քար
Նետված օտար ձեռքով, որ խարանե Ուղին…
Եվ մառախուղ, և մեգ, և կողմերից օտար
Հռնդալով թռչող ոչընչաշունչ քամի, —
Եվ վայրենի վրեժ դժնի բարեկամի,
Եվ ոսոխի ժանիք արյունոտած —
Հեղեղատներ՝ հանկարծ հայրենական հողի
Անդաստաններն համայն հեղեղատող, —
Չեն ընդհատել երբեք այս Տքնությունն անդուլ
Հազարամյա արյամբ սրբագործված Խոհի…
Եվ դու, ով իմ Տեր, որ՝ չնայած անվերջ,
Անհատնելի, նորանոր, որոմային ձիրքով՝
Զարհուրելի կենսունակ, ինչպես անհուն ձեռքով
Աղետալի բեղմնությամբ ցանված որոմ անկեզ,
Յուրաքանչյուր անարատ բողբոջի կողքին,
Ահ, որպիսի ամեհի, անմարելի խանդով
Հռընդում են, բազմանում ու բազմանում անթիվ
Իրարամերժ սաղմերն այս սև — դժնի դժոխքի…
Եվ այն գիտես, ով Տեր, դու, որ որոմն անցան՝
Սաղմն անմշակ այդ սերմի՝ հրի պես լափող, —
Ինչպես մորեխ ինքնակեր՝ զարհուրելի թափով
Բազմանալով, լափելով սերունդների անծայր:
Անխզելի տքնությամբ՝ հերկում միևնույն՝
Ամենօրյա, տվնջյան աշխատանքով ցանած
Բերքն անաղարտ, — խժռելով դեռ նորընծա կանաչ,
Անգամ արմատ ձգած պիրկ շյուղեր ինքնահուն, —
Հրկիզելով, խանձելով, իբր անխորհուրդ հրդեհ —
Հազարամյա մեր ցանի բերքն այսօրվա կանաչ, —
Հրկիզելով անգամ մեր երգն այսօրվա անհաս,
Ողջ կենսաբաղձ մի սերունդ՝ սեզ նորածիլ իբրև դեռ, —
Միևնո՜ւյնն է, ո՛վ Տեր, հանճարավոր անմահ, —
Ո՛վ ինձ խորհուրդ պարգևող և անխորտակ ոգի, —
Զրահավոր քո տված իմաստությամբ՝ գիտեմ,
Որ՝ ինչպես բոց ինքնաչափ՝ ընդերքներին անմաս, —
Ինչպես երեկ, ինչպես միշտ՝ չգտնելով շուրջն իրենց
Հեշտ, դյուրակեզ ոչ մի շյուղ այլևս կենդանի, —
Լափլիզելու են իրենց զարհուրելի խանդով
Եվ մոխրացած՝ <...> հողն հայրենի:
Թեկուզ անինչ իմ ողին երբեմնակի բեկված՝
Թողած ակոս, թողած հերկ, թողած հազարամյա,
Անձկալի տքնությունն — իր հին, զառամյալ
Ողբն է հյուսել՝ սգալով կարոտն աներկբա, —
Շնորհակալ եմ, Տեր, ինձ շնորհած անմահ
Իմաստության համար այն՝ զրահավոր, որով՝
Կարողացել եմ տեսնել թե ծիլ, թե որոմ, —
Եվ սնել ծիլ բազմաթիվ՝ ուժերին անմարս…