Եղիշե Չարենցը ձերբակալվում է 1937 թ․ հուլիսի 26-ին։ Պատճառը վերջին մեկ տարվա ընթացքում գրական ու քաղաքական կյանքում տեղի ունեցող փոփոխություններն էին, Չարենցին ու համակրիրներին ուղղված՝ ազգայնականության և այլ մեղադրանքները։ Առիթը, այդ օրերին հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող Չարենցի պահվածքը։ Նրա ընտանիքին Ծաղկաձորում գրողների տանը դուրս են հանում սենյակից և բարկացած բանաստեղծը հայհոյախառն խոսքեր է ուղղում այդ օրերի իշխանությունների հասցեին․
«Սա բանտ է, ուղղիչ տուն չէ․․․ինձ բանտ բերելուց հետո անցել է մի քանի ամիս, բայց ինձ մոտ ոչ մի քննիչ չի եկել, ոչ մի հարցաքաննություն չի եղել և ոչ մի արձանագրություն չի կազմված, և ես չգիտեմ, թե ինչումն են ինձ մեղադրում․․․եթե այն է, որ ես Ծաղկաձորում հայհոյել եմ Ամատունուն-լավ եմ արել, պատրաստ եմ կրկնել նույնը, նա մեր Աղասու գլուխն ուտողներից է», -հիշում է Չարենցի խոսքերը Դ․ Դզնունին։
Չարենցին ձերբակալելու որոշում ընդունած մարդիկ՝ Ա․ Ամատունին և Խ․ Մուղդուսին արդեն սեպտեմբերին հեռացվում են իրենց պաշտոններից ապա գնդակահարվում։ Այս իրադարձությունները հույս են ներշնչում Ե․ Չարենցի կնոջը՝ Իզաբելային, որ կարող է Չարենցն ազատվել բանտից։ Իզաբելան նամակ է գրում ԽՍՀՄ Ժողկոմխորի նախագահի տեղակալ Անաստաս Միկոյանին․
«Արդեն երկու ամիս է, ինչ ամուսինս բանտարկված է Հայաստանի ներքին գործերի նախկին ժողկոմ Մուղդուսու կողմից, ըստ որի՝ նա բանտարկվել է «որպես խուլիգան»։ Բայց առ այսօր, հակառակ մեր սոցիալիստական պետության բոլոր օրենքների, նույնիսկ քննություն չի կատարված և հայտնի չէ, թե ինչո՞ւ է նա ձերբակալված։ Ես ուզում էի հեռագրել առաջնորդ Ստալինին, բայց ինձ խորհուրդ չտվեցին։ ․․․Իմ ամուսինը տառապում է ծանր հիվանդությամբ, 10 տարիների ընթացքում նա ահագին չափերի հասնող(մինչև 150 գ․) մորֆի է ընդունում։ Վերջին երկու տարիների ընթացքում նա գամված էր անկողնուն, բայց և ստոր թշնամիները այստեղ էլ նրան հանգիստ չթողին, շարունակելով նրան ամեն կերպ ստորացնել և վիրավորել, վտարելով նրան պրոլետգրողների միությունից, նրա ընտանիքը երբեմն հասցնելով ամենասուր կարիքի, սովի, չտպագրելով նրա ստեղծագործությունները, որոնցից մի բանաստեղծություն, նվիրված առաջնորդ ընկ․ Ստալինին, ուղարկում եմ Ձեզ»։
25․10․1937 թ․
Ապա Իզաբելան ներկայացնում է բանտի անմարդկային պայմանները, որոնք մղել են բանաստեղծին ինքնասպանության փորձ անել և խնդրում է կամ իրեն ընդունել, կամ միջոցներ ձեռնարկել Չարենցին բանտից ազատելու համար։ Սակայն բանաստեղծին ոչ միայն չեն ազատում, այլև ձերբակալում է նրա կնոջը։ Նոյեմբերի սկզբին հենց փողոցում, տրամվայի գծերի մոտ, նրան ուժով խցկում են մեքենան և տանում ՆԳԺԿ ներքին բանտ: Բանաստեղծի երեխաները միայնակ են մնում։ Փոքրին իր մոտ է վերցնում տատիկը, իսկ ավագին ուղարկում են մանկատուն:
Չարենցի հուշագիր Ռ․ Ղազարյանը պատմում է, որ Իզաբելան այդ օրերերին ստացել է նաև բանաստեղծի՝ բանտից ուղարկված գրությունը՝ գրված շապիկի վրա․
«Իզաբելա, լավ նայիր երեխաներին, փրկիր ձեռագրերս և այդ հարցով դիմիր միայն Ռեգինային և վստահիր նրան»։
Հուշագիրները վկայում են, որ Չարենցը բանաստեղծություններ է գրել բանտախցի պատերին, ծխախոտի տուփերի ստվարաթղթի վրա, դիմում գրել Ստալինին, որը պատռել են։ Հյուծված, հոգեկան ու ֆիզիկական ծանր վիճակում գտնվող բանաստեղծը մահանում է բանտի հիվանդանոցում 1937 թ․ նոյեմբերի 28-ի առավոտյան։ Ականատեսների վկայությամբ նրա վերջին խոսքեր են լինում․
«Ես գնում եմ այս աշխարհից որպես Չարենց ու կդառնամ նորեն որպես Չարենց»։
Անվերնագիր
Կնոջս և բարեկամիս՝ Իզաբելային
Իմ մահվան օրը կիջնի լռություն,
Ծանր կնստի քաղաքի վրա,
Ինչպես ամպ մթին կամ հին տրտմություն,
Կամ լուր աղետի՝ թերթերում գրած։
Ծանոթ կնոջ պես այրի կամ դժբախտ,
Բարեկամուհու նման տխրատեսք,
Լուրը կշրջի փողոցները նախ,
Ապա կմտնի դուռ-դարպասից ներս...
Իբրև ծերունի մի թերթավաճառ՝
Հուշիկ քայլերով և համարյա կույր,
Կշրջի բոլոր տներն անպատճառ
Ու կհայտնվի ամեն մի բակում։
Ստվերի նման, սահած տնից-տուն,
Կկանգնի անտես հյուրի պես մռայլ,
Կկանգնի, ինչպես դժնի լռություն՝
Տարածված ամբողջ քաղաքի վրա։
Եվ համր մի պահ՝ գիշերվա կեսին,
Բոլորի սրտում կկանգնի հանկարծ
Անհաղորդ, ինչպես հեռավոր լուսին,
Իմ դեմքը՝ արդեն հավիտյան հանգած։
Եվ մարդիկ՝ երեկ կյանքիս անծանոթ,
Եվ երբեք, երբեք դեմքս չտեսած,
Եվ մարդիկ՝ միայն երբեմն ինձնով
Իրենց ֆանտաստիկ առասպելն հյուսած,
Եվ մարդիկ՝ անգամ երգերիս անգետ,
Մարդիկ, որ թեև կյանքիս արձագանք՝
Մնացել են լոկ վկա անտարբեր
Եվ կարծել են, թե ես վաղո՜ւց չկամ,—
Այդ բոլոր մարդիկ իմ մահվան բոթից,
Որպես ընդհանուր աղետից սարսած՝
Զարմացած կզգան ինձ այնքա՜ն մոտիկ
Եվ հանկարծ այնքա՜ն թանկ ու հարազատ...
Եվ երկրում, ինչպես բարձրանա փոշի,
Եվ հոգիներում, ինչպես հուշ հառնի,—
Ելնելով անցած օրերիս նաշից,
Իմ ուրվականը պիտի սավառնի։
Եվ քաղաքներում, և գյուղերում խուլ,
Անցորդներն՝ իրար անծանոթ անգամ,
Աչքերում իրար և հայացքներում
Պիտի միևնույն թախիծը կարդան...
Եվ դեմքով տխուր և լուռ աչքերով
Պիտի միևնույն սուգը հաղորդեն,
Երգերիս հանդեպ անսահմա՜ն ներող,
Մոռացած բոլոր հանցանքներս արդեն...
Կբանան ոմանք իմ գիրքը գուցե,
Կթերթեն դանդաղ, կկարդան տողեր,
Տարտամ շարժումով գիրքը կգոցեն,
Եվ թախիծը խոր հուշս կողողե։
Եվ գուցե միայն սենյակում մի խուլ,
Գլուխը թեքած պատկերիս վրա՝
Կնայի մի կին աչքերիս տխուր,
Եվ կարցունքոտվեն աչքերը նրա։ —
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Եվ ինչպես կյանքում՝ տարինե՜ր առաջ,
Հուշերում հանկարծ անցյալը բուրի,
Երազանքներում գուցե իմ անցած
Եվ արդ իմ հառնած գրքում հուշերի...
Այն, որ ե՛ս էի, որ ի՛մն էր առաջ,
Արդեն չի հառնի և ոչ մի գրքում
Եվ ո՛չ մի գրքում՝ աշխարհում գրած,
Եվ ո՛չ մի գրքում, և ո՛չ մի գրքում...
15. XII 1936 թ․
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան