Հրանտ Մաթևոսյանը Եղիշե Չարենցի ստեղծագործությանը անդրադարձել է բազմիցս ու տարբեր առիթներով։ Գնահատել նրա դերը հայ գրականության զարգացման, ընդհանրապես հայ մշակույթի ու հայոց գաղափարական պատմության մեջ։ Այդ անդրադարձներից առանձնացրել ենք երկուսը, որոնք ընդգրկվել են Մաթևոսյանի կազմած Չարենցի ընտրանիում ու «Գիրք ճանապարհիի» լուսապատճենային հրատարակության մեջ։ Այստեղ մեծ արձակագիրը չափազանց խտացված տալիս է հանճարեղ բանաստեղծի կյանքի, նրա ապրած ժամանակի ու նրա գործունեության հետագա ազդեցության գնահատականը։ Ընդ որում, ինչպես բնորոշ է Մաթևոսյանին, նրա խոսքը որքան որ Չարենցի ժամանակի մասին է, այնքան էլ իր օրերի ու նաև մարգարեական է հնչում մեր օրերի համար և կարևոր ուղերձներ ունի նաև մեզ համար։
Չարենցի «Գիրք ճանապարհին»
1997 թվականին, Հրանտ Մաթևոսյանի նախաձեռնությամբ լույս է տեսնում Եղիշե Չարենցի «Գիրք ճանապարհի» վերջին ժողովածուի լուսապատճենային հրատարակությունը։ Բանաստեղծի ծննդյան 100-ամյակին նվիրված այս բացառիկ գիրքը բացվում է Հրանտ Մաթևոսյանի առաջաբանով։
Ընթացքի, մաքառումի, ճանապարհի այս գիրքը՝ այս «Գիրք ճանապարհին», իմացության լույսի այս հեղեղը մեր անբառ արոտների վրա, հանրության զանգվածից մեզ դեմքի և անունի բերող այս արարիչ հայացքը՝ որ յուրաքանչյուրիս մեջ իրեն է տեսնում և իր մեջ յուրաքանչյուրիս, լուռ հպատակության ճամբարներից մեզ դուրս քշող այս սուր ու չար ճիչը, գամփռի հավատարիմ այս աղիողորմը մարդու հայրենիքի մեր ծանր կապանքի առաջ, բռնության քարից մարդու մեր պատկերը կորզող այս երդվյալ ջանքը, անասունից զատվելու, քարից թոթափվելու, թոթափումի մեր զորությունը եղավ և բացարձակեց նաև մեր իսկ անթոթափելի թշնամանքը թոթափումի մեր զորության հանդեպ. գիրքը խարույկի տրվեց:
Եթե հավերժ այս քանդումի և անվերջ այս նորոգումի մեջ խոսքը մեղք և շնորհ ունի, - ունի՛, «Ի սկզբանե էր բանն», հավատավոր բանի այս գիրքը անցյալի և ապագայի միջև անկոր մարդկանց մեր ներկան էր բացում, և այս «Գիրք ճանապարհին» մենք այրեցինք, և բացվեց, ծավալվեց, գնաց ու տարիներով գնաց եղծված բանի ամուլ աշխարհը լուռ սպանդի, լծկանային կոռի, անլեզու հպատակության աշխարհը: Բայց այդ խարդախված բանի այդ լուռ թագավորությունը «Գրքի» այս լայնաթռիչ ու բարձր հաղթակամարի սահմանասյուներից դենն է, գիրքը այդ երկրի վրա բացվող դարպասներ չունի, հաղթակամարի այս կողմը բարձր մարդկանց Չարենցյան մեր աշխարհն է, անխաթար բանի նորոգ աշխարհը, հայրենի պղնձակոփ ամրոցը և պղնձե գայլը այդ ամրոցի ճակատին։
Չարենցը՝ տիրական մարդկանց արևային աշխարհ բացողը
Նույն թվականին լույս է տեսնում նաև Հրանտ Մաթևոսյանի կազմած Եղիշե Չարենցի երկերի ընտրանին, որը բացվում է արձակագրի նախաբանով։
․․․էպոխան նույն հրեշի իր ծանր գալարներն է անում, ամբողջ ժողովուրդներ ու հայրենիքներ են խելագարվում, իսկ մեծ հայեցողը, այլև հիացողը ո՛չ ընկրկողը, ո՛չ սարսափահարը մեծ՝ հիացողը որպես միայն թշնամի հսկաներ են հիանում միմյանց զենքուզարդով, որպես միայն երկիրն ինքն է հայում իր ծաղկումն ու փլուզումը՝ մեծ հայեցողը, այլև ճակատողը, մաքառողը, մարտնչողը, էպոխայի հետ ժանիք ժանիքի կռվողը, էպոխային վերքերի վիհեր տվողն ու խոր վերքեր առնողը մենք ողջերս չենք
ինքն է՝ Չարենցը՝ մարտիկը և արքան, մարդու հայրենիքի այս հարատև կռվի ոչ մի պահը չուրացած և ոչ մի մարտը չշրջանցած, արյուն տալով գահակալ բարձունքի հասած մարտիկը:
Ութսուն տարի առաջ իր հայտնության վեհությունը և վաթսուն տարի առաջ իր կորստյան մեծությունր նա հենց այս ահագնությամբ էլ տեսնում էր, որ իր խոսքով տիրական մարդկանց արևային մի աշխարհ է բացվում, անլեզվության ստորագույն կապանքից ժողովուրդ է ճորտաթափվում, ժողովուրդ է կանգնում ժամանակի հետ խոսքի շքեղ տուրևառի, երկիր է դառնում ազատների հայրենիք, և իր կոպերի հետ աշխարհ է փակվելու, հայրենիք է երես դարձնելու իր զավակներից որպես օտարներից, իր լռության հետ ժամանակն ինքն է լռելու, այլև խորթանալու, այլև թշնամանալու, այլև խուսափելու սերունդներիս ու սերունդներիս խոսքից որպես անհաղորդ, անծանոթ, այլև թշնամի լեզվից, և ինքը նորին անհրաժեշտությունը հարյուրամյա և վաթսունամյա անցյալից պետք է բարձրացնի ժամանակներն ու տարածությունները հպատակեցնողին, և ժամանակներն ու տարածությունները պետք է, ինչպես մեծ տերությունները իրենց նվաճողին, ճանաչեն ու հպատակվեն իրենց եզակի տիրակալին: