1928 թ․ հուլիսի 1-ին Եղիշե Չարենցն աշխատանքի է ընդունվում Պետական հրատարակչության գեղարվեստական ենթաբաժին, որպես՝ վարիչ։ Գրականության ու գրքի հանդեպ պաշտամունք ունեցող բանաստեղծի առջև գործունեության մեծ դաշտ ու հնարավորություններ են բացվում։ Գիրք կարդալու շատ ժամանակ է տրվում և այդ ամենի համար աշխատավարձ են տալիս։
«Ընկ․ Եղիշե Չարենցի պարտականություններն են՝ կարդալ Պետհրատի բոլոր գեղարվեստական երկերը, զեկուցում տալ կոլեգիային և դրանցից հրատարակվելիք գրքերը խմբագրել, որպիսի աշխատանքի համար նա ստանում է ֆիքս հոնորար՝ երկու հարյուր ռուբլի», -կարդում ենք աշխատանքի ընդունման հրամանում։
Եղիշե Չարենցը Պետհրատում աշխատում է 1928-1935 թթ․։ Բանաստեղծն՝ իր գրքի նկատմամբ մեծ սիրով ու գրահրատարակչական գիտելիքներով, գեղարվեստական բարձր ճաշակով կարճ ժամանակում կարողանում է համախմբել ժամանակի հայտնի գրողներին, գրականագետներին, նկարիչներին, հրատարակչական գործի մասնագետներին և հրատարակել մեծաթիվ ու արժեքավոր գրքեր: Այսպես, «Սասնա ծռեր» էպոսի բանավոր տարբերակների առաջին ժողովածուի հրատարակության պատրաստման մասին հիշում է գրականագետ, էպոսագետ Կարապետ Մելիք-Օհանջանյանը.
««Սասնա ծռերի» Ա հատորը պատրաստ էր. տարանք Պետհրատ: Լավ հիշում եմ` ինչպիսի անկեղծ ուրախությամբ Չարենցը դիմավորեց մեզ, երբ «ծռերի» Ա հատորի ձեռագիրը հանձնեցինք նրան: Նրա մեծ, գեղեցիկ աչքերը փայլում էին, ահարկու քթի տակ լայն ժպիտ էր խաղում: Շնորհավորում եմ,-մեկնեց նա իր ձեռքը մեզ,- ահա մի անմահ գործ, որով դարեր շարունակ հիացել ու ոգևորվել է մեր ժողովուրդը, և դեռ շատ ու շատ դարեր էլ ավելի կսիրի ու կպարծենա ու կոգևորվի առհասարակ հայ մարդը»:
Իսկ Մարտիրոս Սարյանը, որը նույնպես աշխատել է բանաստեղծի հետ, այս օրերի մասին հիշում է․
«Ինքը հայրենիքի զինվորի հոգեբանություն ուներ և նույնը պահանջում էր շրջապատից: Ամեն ինչ և ամենքին, հենց իրեն գնահատում էր այդ հոգեբանությամբ: Գիտեր վարակել, ոգեշնչել ու գործի մղել: Հիշում եմ, օրինակ, թե ինչպես էր վարում Պետհրատի գրական բաժինը...Չարենցը մոլի գրասեր էր ու գիրք լավ էր հասկանում: Զարմանալի նուրբ դիտողություններ կաներ ձևավորողին, տեխնիկական խմբագրին, կազմարարին, կարճ ասած, բոլորին ովքեր կապ ունեն գրքի ստեղծման հետ»։ Մ․ Սարյանը մեջբերում է նաև բանաստեղծի խոսքը․ «Պետք է ստեղծենք ժամանակակից գիրք: Տեսնո՞ւմ եք, գերմանացիները, Մոսկվայի մեր «Ակադեմիա» հրատարակչությունը ի՜նչ գրքեր են ստեղծում: Մենք պետք է հասնենք նրանց, բայց մերը՝ հայկականը ստեղծելով: Պետք է գիրքը վերցնես ձեռքդ և անմիջապես զգաս, որ հայկական է: Մեր նախնիները ոսկի ձեռագրեր են թողել մեզ: Չի՞ կարելի նրանցից սովորել: Իհարկե, կարելի է: Գրվածքի ծավալին ու բովանդակությանը համապատասխան «շարվածքի» կապ են որոնել. տեքստն ու նկարազարդումները ներդաշնակելու մասին են մտածել: Ա՛յ, պետք է գտնենք, թե ինչը ոնց են արել: Եթե լուրջ մոտենանք, լավ նայենք, վերցնելու շատ բան կգտնենք նրանց մոտ»:
Տաղ ձոնված գրքերին
Օ՜, գրքերի աշխարհը — տիեզերք է անեզր։—
Արևների նման բազմապիսի,
Ե՛վ աստղերի նման, և՛ շողերի —
Ես սիրում եմ գրքերը, որ աշխարհի մասին
Բարբառում են անձուկ ու մտերիմ։
Տարփանքով, ինչպես պատանին,
Որ սիրում է իր լույս ընկերուհուն փարվել —
Ես սիրում եմ գրքերը թե՛ նոր, թե՛ հին,
Թե արվեստով գրված, թե անարվեստ։
Բայց և կամքով անշեղ, ինչպես ղեկավարը,
Ինչպես ա՛յրն է հասուն ձգտում սիրած գործին,—
Ես սիրում եմ գրքերի աշխարհը
Իմ խոհերի վսեմ այրուձին։—
Նրանք շա՜տ են ու բազմապիսի, տարբեր ու
գունագեղ,
Ծնված զանազան դարերում ու երկրներում,
Յուրաքանչյուրը բերում է մի առանձի՛ն պարգև.
Յուրաքանչյո՛ւրն իր մեջ մի աշխարհ է կրում։—
Մեր կյանքի երկար ճանապարհին
Հանդիպում են նրանք հետզհետե,
Եվ դառնում են ընկեր ու մտերիմ,
Կամ մնում են անցած տարիների ետևը։
Ուղեկից են դառնում մինչև ի մահ
Մի քանիսը միայն` անդավաճան հավետ,—
Եվ այնպիսի՛ գրքեր կան, որ չարքերի նման
Հալածում են մեզ մինչև վե՛րջ։
Գրքեր կան, որ կյանքում մի ակընթա՛րթ միայն
Մեզ ժպտալով՝ անցնում են ու կորչում,
Բայց նրանցից մնում է մեր սրտերում մի բան,
Որ տարինե՜ր ենք մենք անրջում։
Գրքեր կան, որ խոժոռ են ու խստադեմ,
Ինչպես ուսուցիչը, կամ առաջնորդը,—
Եվ այնպիսի՛ գրքեր ես գիտեմ,
Որ համրերի նման անհաղո՛րդ են։
Աղջիկների նման սեթևեթ
կան կարկաչուն գրքեր, որ հանդիպում են մեզ,
Հրապուրում, գերում — և մոռացվում հավետ...
Օ՜, գրքերի աշխարհը — տիեզերք է անեզր։—
Նրանք շա՜տ են ու բազմապիսի,
Յուրաքանչյուրն իր մեջ մի աշխարհ է ուրույն,
Եվ պատմում են նրանք մեզ աշխարհի մասին
Խոսքերով անկրկնելի և անագորույն։—
Կան անզգեստ գրքեր, կան պճնազարդ
Ֆոլիանտներ, որոնք սնամեջ են, ինչպես
Ասորական արքա Բալթասարը,
Որ պճնում էր իրեն պչրուհու պե՛ս։
Եվ անարվեստ գրքեր կան, որ բնության նման
Խառնիխուռն են թվում, խառնիճաղանջ,
Բայց գերում են, կապում մինչև ի մահ,
Եթե անխոնջ ոգով և տքնությամբ ջանաս
Խորասուզվել, բանալ գաղտնիքները նոցա,
Նոցա ներքին դաշնությունն հասկանալ,—
Այդ գրքերը խոհի ամրոցներ են գոցած,
Եվ կբացվեն քո դեմ, եթե լինես անահ։—
Գրքեր կան, որ դրսից նման են հոյաշեն
Դղյակների, սակայն ներս ես մտնում դու երբ —
Գաղջ՝ շնչում է դեմքիդ ամայության փոշին
Եվ սեղմում է կոկորդդ մի մեռյալ ձե՛ռք։
Անտառների նման գրքեր կան թանձր ու մութ,
Կան օվկիանի՜ նման անհուն գրքեր,
Կան զեփյուռի նման, նման քամո՜ւ.
Կան, որ գգվում են մեզ, ինչպես ձեռքեր։—
Ե՛վ սրինգի ձայնով, և՛ շեփորի,
Ե՛վ որոտի ձայնով կան գրքեր,
Եվ կան անձա՜յն գրքեր, որ լռին
Սրսկում են մեր սիրտը եղերական կրքեր...
Օ՜, գրքերի աշխարհը — տիեզերք է անեզր։—
Ես սիրում եմ նրանց բազմախորհուրդ
Այս ինքնությունը դաշն, անկրկնելի,
Նրանց միջև եղած տարբերությունն այս խոր,—
Եվ բոլո՛րն են նրանք ինձ սիրելի։
Արեգակի բոլո՛ր երանգների նման,
Տիեզերքի նման բազմալեզու —
Ես սիրում եմ նրանց երփներանգ
Այս հուրերը կիզուն
Եվ բնության բոլո՛ր ձայների,
Եվ մարդկային կյանքի բուրմունքների բոլոր
Այս ճառագո՛ւմն եմ ես սիրում վերին,
Այս բու՛յլը մշտահոլով։
Եվ այս ամենը՝ մեծ մի դաշնություն կազմած
Կազմած ուրույն մի կյանք, մի ինքնամփոփ
աշխարհ
Մեր տների փայտյա դարակներում բազմած՝
Ապրում են լո՜ւռ կյանքով և կենդանի են հար։
Ես սիրում եմ նրանց լաբիրինթոսն այս լուռ,
Երանգների՜, գույնի՜ շռայլությունն այս մեծ,
Ինձ սիրելի է միշտ բազմազեղումն այս խոր․․․
Օ՜, գրքերի աշխարհը — տիեզե՜րք է անեզր։—
Աղբյուրը՝ Ոչ մի շաբաթ առանց Չարենցի, Երևան, Զանգակ, 2022: