«Անտարես» հրատարակչությունը մի շարք նոր գրքեր է հրատարակել. այս հոդվածով ներկայացնում ենք դրանք: Ծանոթացեք ցանկին և անպայման կարդացեք;
Իտալո Կալվինո, «Անտես քաղաքները»
«Անտես քաղաքները»՝ Իտալո Կալվինոյի հռչակավոր գործերից մեկը (1972), պոստոմոդեռնիստական ոգով և ցնորատեսությամբ դրոշմված յուրօրինակ վեպ է, որը գրողը համարել է «քաղաքների հանդեպ տածած սիրո վերջին պոեմի պես մի բան»: Կալվինոյի բնորոշմամբ «բազմանիստի նման» ստեղծված այս գիրքը կազմված է կանանց անուններով կոչվող 55 երևակայական քաղաքի պերճախոս նկարագրություններից, որոնք ընդմիջվում են այդ նկարագրությունների հեղինակի՝ միջնադարյան նշանավոր ճանապարհորդ Մարկո Պոլոյի և նրա ունկնդիր Խուբիլայ խանի իմաստասիրական զրույցներով: Խորունկ պոետիզմը կառուցվածքի մաթեմատիկական ճշգրտության հետ զուգորդած պատումը առակաբանության ոճով անդրադառնում է կյանքի ու մահվան, ժամանակի, քաղաքակրթության, մշակույթի, հիշողության թեմատիկ շերտերին:
Թարգմանությունը՝ Զավեն Բոյաջյանի։
Պետեր Հանդկե, «Երկրորդ սուրը»
«Երկրորդ սուրը» Նոբելյան մրցանակը ստանալուց հետո Պետեր Հանդկեի գրած առաջին ստեղծագործությունն է։ Վեպի մետաֆորիկ պատկերներում ու գրեթե անորսալի այլուզիաներում կռահվում են հեղինակի մտքերի ու տրամադրությունների արձագանքները։ Ի՞նչ է անարդարությունը, և ի՞նչ է վրեժը։ Ո՞րն է պատմության իրական կարևորությունը։ Վեպը հոգևոր ճամփորդություն է և շրջակա աշխարհի պոետիկ հայեցում։
Գերմաներենից թարգմանեց՝ Կարլեն Մատինյանը։ Խմբագիր՝ Մարգարիտ Առաքելյան
Մարիո Վարգաս Լյոսա, Գաբրիել Գարսիա Մարկես «Երկու մենություն: Երկխոսություն լատինամերիկյան վեպի մասին»
1967 թվականի սեպտեմբերի 5-ին՝ երեքշաբթի, ժամացույցը կանգ առավ 13:30 րոպեի վրա. Մարիո Վարգաս Լյոսայի և Գաբրիել Գարսիա Մարկեսի միջև երկխոսությունը սկսվեց, բայց նախատեսվածից ավելի երկար տևեց, և քանի որ թեման սպառված չէր, որոշեցին ավարտին հասցնել երկրորդ հանդիպմանը՝ երկու օր անց: «Ես գրում եմ, որպեսզի իմ ընկերներն ինձ ավելի շատ սիրեն»,- ասում է Մարկեսը: Այսինքն՝ գրում ենք, որպեսզի մեզ ավելի քիչ մենակ զգանք և շատ ընկերներ ունենանք: Որպեսզի կարողանանք խոսել այն ամենի մասին, որոնց մասին, երբ բարձրաձայնում ենք, այլևս առաջվանը չեն:
Թարգմանությունը իսպաներենից՝ Ռուզաննա Պետրոսյանի
Ուիլյամ Շեքսպիր, «Ջոն արքա».
Լիակատար Շեքսպիր 39 գրքով
Տասնամյակներ շարունակ անտիպ մնացած դաշտենցյան այս թարգմանությունը, որը կատարվել է 1973 թվականին, առաջին անգամ է լույս տեսնում։ Տեքստը հրատարակության պատրաստվելիս խմբագրվել է, կատարվել են թարգմանական և լեզվական շտկումներ։ «Ջոն արքա» քրոնիկի անդրանիկ հայերեն հրատարակությունը ներկայացվում է ուշագրավ տվյալներ և մեկնություններ պարունակող հանգամանալի ծանոթագրություններով։
Խաչիկ Դաշտենցի թարգմանությամբ, Զավեն Բոյաջյանի խմբագրությամբ և ծանոթագրություններով։
Մուրաթ Աթաշ, «Արմինե»
Մուրաթ Աթաշի «Արմինե» վեպը պատկերում է XX դարասկզբին Թուրքիայում՝ Սեբաստիայի շրջանի գյուղերից մեկի հայերի տարագրության, գաղթի ճանապարհին պատահած սահմռկեցուցիչ իրադարձությունների դրվագները՝ մարդկային
խեղված ճակատագրերի ողբերգական պատմությունններով։
Թուրքերենից թարգմանեց Նարինե Թադևոսյանը։ Խմբագիր՝ Անժելա Ավագյան։
Ակսել Բակունց, «Կյորես»
Ակսել Բակունցի «Կյորես» վիպակն առաջին անգամ լույս է տեսել 1936 թվականին: Վիպակում գրողական բարձր վարպետությամբ և տիպական թանձրացումներով պատկերվում է, ըստ էության, պարտության պատմություն: Մի կողմում՝ Կյորեսն է, իր լեզվով, բարքերով ու սովորույթներով, սերունդնեի տոհմիկ դաստիարակությամբ, աշխատանքի և արդարության նկատմամբ ունեցած բնաշխարհիկ զգացումով ու ամեն ինչով բնական, մյուս կողմում՝ Գորիսը, որտեղ նորն է ու ներմուծովին, և որի ճնշմամբ աստիճանաբար փլուզվում է Կյորեսը:
Արքմենիկ Նիկողոսյան, «Չարենց․ Երեք ուսումնասիրություն»
Ժողովածուն ընդգրկում է տարբեր տարիներին գրված երեք ուսումնասիրություն՝ նվիրված Եղիշե Չարենցի ստեղծագործության տարբեր շրջանների և խնդիրների հետազոտությանը։ Նվիրվում է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին:
Խմբագիր՝ Սուրեն Աբրահամյան։
Բորիս Վիան «Օրերի փրփուրը»
Չնայած հեղինակի որդեգրած զավեշտախառն ու աշխույժ պատմելաոճին՝ այս ստեղծագործության մասին արտահայտվողները միաբերան պնդում են, որ «Օրերի փրփուրը» բոլոր ժամանակներում գրված սիրավեպերից ամենահուզիչն է ու հոգեցունցը:
Թարգմանությունը ֆրանսերենից, առաջաբանը և ծանոթագրությունները՝ Աշոտ Ալեքսանյանի
Ալբեր Կամյու «Ընդվզող մարդը» (էսսե)
«Ընդվզող մարդը» փիլիսոփայական էսսեն մարդու էության բացահայտման փորձ է, որ խաղարկվում է հավերժի ու պատմական ժամանակի հանդիպադրման կիզակետում, երկրակենցաղ մարդկությանը մշտուղեկից հասարակական- քաղաքական վայրիվերումների, քաղաքակրթությունների ու դարաշրջանների շռնդալից հերթափոխի բեկումնային հանգուցակետերում: Էսսեն նաև հուսահատ ճիչ է՝ մարդկության ապագայի հոռետեսիլքին ընդելուզված: Նրանում ոգեկոչված գաղափարները ձայնակցում են իր մեծ նախորդների ու ժամանակակիցների, ինչու ոչ՝ նաև հաջորդների արծարծած մտահոգություններին:
Ջեյն Օսթին, «Զգացմունք և բանականություն»
Ընտանիքի հոր մահը խոշոր հողատերերին բնորոշ ապահովված ապրելակերպից զրկում է մորն ու երեք դուստրերին, քանի որ նրանց կալվածքն ու գրեթե ամբողջ ունեցվածքն արական գծով են ժառանգվում: Ծանր որոշումներ կայացնելիս, ստեղծված իրավիճակները հաղթահարելիս, նոր ու անծանոթ միջավայրում իրենց կյանքը կազմակերպելիս Դաշվուդ ընտանիքի կանայք, որոնց միավորում են իրար հանդեպ սերն ու մարդկային վսեմ արժանիքները, անցնում են զգացմունքային դաժան փորձությունների բովով, բայց ի վերջո բանականության ուժով հասնում են իրենց երազած երջանկությանը:
Ջեյն Օսթինն իր այս վեպում նույնպես վարպետորեն նկարագրում է 19-րդ դարասկզբի անգլիացի ազնվականների բարքերն ու կենցաղը, վեր հանում ապականված հասարակության արատները, ինչպես նաև ցույց է տալիս, որ շահի ու եկամուտների հաշվարկի վրա հիմնված այդ հասարակության մեջ նաև ազնիվ ու զգացմունքային մարդիկ են ապրում:
Թարգմանությունն անգլերենից` Արմենուհի Փալանդուզյանի