Աստվածաշնչային Արարատ լեռն ու Մեծ ջրհեղեղից հետո նրա վրա հանգրվանած Նոյյան տապանը դարեր շարունակ հետաքրքրել են մարդկանց։ Տարբեր դարերում հայ ու օտարազգի ճանապարհորդներ ու հետազոտողներ բարձրացել են Մասիս սարը, փնտրել են տապանը, գտել մասունքներ։ Արարատի գագաթը բարձրացած ամենահայտնի դեմքն, իհարկե, հայ մեծ գրող Խաչատուր Աբովյանն է (ավելի մանրամասն տե՛ս այստեղ), իսկ ամենառաջինը՝ ըստ հայ հին մատենագրության՝ Հակոբ Մծբնա Հայրապետն է(3-4դդ․)։ Այս հայտնի հոգևորականը ընդհանրական եկեղեցու սիրելի սրբերից է։ Ըստ վարքերի՝ ազգությամբ պարթև, մեր առաջին հայրապետ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի հորաքրոջ որդին։ Նա Սուրբ Գրիգոր Լուսավորչի հետ Պարթև Անակի տոհմի բնաջնջումից հետո փրկվում է՝ Կեսարիա տարվելով և քրիստոնյա դառնում։
Հետագայում հաստատվում է Մծբին քաղաքում և մարդկանց թերահավատությունը ցրելու համար, որոշում է բարձրանալ Արարատ լեռը և բերել տապանի մասունքը։ Այս ճանապարհորդությունը ի թիվս այլ աղբյուրների ներկայացվում է նաև հայ մատենագիր Փավստոս Բուզանդի «Հայոց պատմություն» երկում։ Ուշագրավ է, որ այս հատվածում Արարատ սարը հիշատակվում է Սարարադ անունով և տեղակայվում ոչ թե մեզ հայտնի վայրում, այլ Կորդվաց լեռներում։ Ըստ ուսումնասիրողների, լեռան անվան փոփոխությունը պայմանավորված է ձեռագրերում երկու կից բառերի սխալ տրոհումով։ Բանն այն է, որ Աստվածաշնչի հայերեն թարգմանության մեջ կարող ենք կարդալ «Ի լերինս Արարատա» (Ծննդ․, Ը, 4) տողը, ըստ այդմ էլ՝ հետագայում «լերինս» բառի վերջին տառը միացել է «Արարատ» բառին։ Հին աղբյուրներում, թերևս ասորական եկեղեցու ազդեցության հետևանքով, տապանակիր լեռը տեղակայվել է Կորդուքում, հետագայում՝ միջին դարերից սկսած արդեն, Արարատը նույնացվել է Մեծ Մասիսին, ինչը տրամաբանական է, քանի որ հենց այս սրբազան լեռն է Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթը։
Հակոբ Մծբնա Հայրապետը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտելի սրբերից է, Հայաստանում նրա անունով կառուցված բազում եկեղեցիներ կան, իսկ սքանչելագործ հայրապետի բերած տապանի մասունքը պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Ըստ եկեղեցական ավանդության, Հակոբ հայրապետը բազում հրաշքներ է գործել։ Հակոբ Մծբնա հայրապետի տոնը մեր եկեղեցին նշում է դեկտեմբեր ամսվա երրորդ շաբաթ օրը՝ Մարուքե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հետ միասին։ Ներկայացնում ենք Տապանի կտորի հայտնաբերման պատմությունն ըստ Փավստոս Բուզանդի։
Փավստոս Բուզանդ
Հայոց պատմություն
Գլուխ Ժ
Մծբինի Հակոբ եպիսկոպոսի մասին
Այն ժամանակները Մծբինի մեծ եպիսկոպոսը՝ մի սքանչելի ծերունի, ճշմարիտ գործերի մեջ վաստակավոր, որի անունն էր Հակոբ, Զգոն կոչված, աստվածընտիր մի մարդ (պարսիկ լինելով հանդերձ), վեր կացավ իր քաղաքից, որպեսզի գա հասնի Հայոց լեռները, Սարարադ լեռը, որ գտնվում էր Այրարատյան տերության սահմաններում, Կորդվաց գավառում։ Նա լի էր Քրիստոսի շնորհներով, այնպես որ նրա ձեռքով հրաշքներ էին կատարվում։ Նա եկավ մեծ փափագով ու ցանկությամբ և աղաչում էր Աստծուն, որ կարողանա տեսնել Նոյի փրկական տապանը, որ ջրհեղեղից հետո այս լեռան վրա հանգրվանեց, որովհետև ինչ որ նա Աստծուց խնդրում էր, ստանում էր։ Արդ՝ երբ նա բարձրանում էր Սարարադյան լեռան անջրդի անապատ, քարքարոտ տեղերով, ինքը և իր հետ եղողները հոգնեցին ու ծարավեցին։ Այդ ժամանակ Մեծ Հակոբը ծունկ չոքեց գետնի վրա և տիրոջը աղոթեց։ Եվ այն տեղից, որտեղ դրել էր իր գլուխը, մի աղբյուր բխեց. և ինքն ու իր հետ եղողները խմեցին։ Մինչև այսօր էլ այդ աղբյուրին ասում են Հակոբի աղբյուր։ Եվ ինքը նույն չարչարալից գործը շարունակում էր, տիրոջն աղոթում էր, որպեսզի ցանկացածը անհապաղ տեսնի։
Արդ՝ երբ նա հոգնած էր վերը, կատարի մոտ, դժվար տեղում, խիստ տանջված էր, քունը տարավ։ Եվ Աստծու հրեշտակը եկավ ու նրան ասաց. «Հակո՛բ, Հակո՛բ»։ Եվ նա ասաց. «Այստեղ եմ, տե՛ր»։ Եվ հրեշտակն ասաց. «Տերը քո աղաչանքներն ընդունեց և խնդրանքդ կատարեց. այդ, ինչ որ գլխիդ տակ դրված է, տապանակի փայտերից է. ահա բերի քեզ համար. այնտեղից է այդ։ Էլ կրկին չձգտես տեսնել, որովհետև տերը այսպես կամեցավ»։ Նա մեծ խնդությամբ ոտքի կանգնելով երկրպագեց տիրոջը մեծ գոհությամբ և տեսավ տախտակը, որ կարծես կացնով կտրած՝ ճեղքած հանած էր ինչ-որ մեծ փայտից։ Առնելով շնորհատուր պարգևը՝ ինքը և հետը եղողները այնտեղից ետ դարձան ու գնացին իրենց ճանապարհը։ Եվ Մեծ Մովսեսը այնպես զվարթ չէր ցնծում Սինեական լեռից իջնելիս, թեպետ չեմ ուզում ասել, որ նրա բերածը պակաս բան էր, իսկ սրանը՝ ավելի։ Որովհետև այն աստվածատես մարդը Աստծուց էր ստացել աստվածադիր հրամանները և ձեռքերին բռնած իջնում էր լեռներից։ Որովհետև այն չարագործ ժողովուրդը տիրոջից երես դարձնելով, կործանվելով՝ տիրադրուժ գտնվեց և իր ձուլածին երկրպագում էր, որով (Աստծու) հրամանը բերողի սիրտը կոտրում, վհատեցնում էր, և հենց տախտակների խորտակելուց հայտնի երևում էր բերողի թախիծը։ Իսկ այս երանելուն, որի մասին այստեղ շարադրում ենք, այնպես չպատահեց, ինչպես այնտեղ եղավ. այլ ինքը և յուրայինները լցված էին հոգևոր մխիթարությամբ՝ կարծելով, որ ընդունողները հոժարությամբ և հույսով սպասում են (նրա վերադարձին) հեռավոր ավետաբեր ճանապարհից։ Որովհետև հայտնի ու անհայտ կերպով միայն մեկ ամենակարողից էին մատակարարվում շնորհներ բոլոր երկրածին ազգերին։
Եվ երբ Աստծու մարդը եկավ, բերեց Նոյան փրկարար տապանի փայտը,— բոլոր բանավորների ու շնչավորների ցեղերին հասած պատուհասի հավիտենական նշանը, հայրենի գործերի նշանակը,— ապա ամբողջ քաղաքը և նրա շուրջն եղած գավառները անչափ, աննման ցնծությամբ և խնդությամբ նրան ընդառաջ ելան։ Նրան համարում էին իբրև Քրիստոսի առաքյալ, իբրև երկնային հրեշտակ, նրան շրջապատում էին, իրենց քաջ հովվին իբրև աստվածախոս էին համարում, փաթաթվում էին նրան, համբուրում էին նրա վաստակավոր ու օգտաբեր ոտքերի հետքերը։ Եվ նրա բերած պարգևները իբրև իրենց համար շնորհներ ընդունում էին հոժարությամբ, որ մինչև այսօր էլ նրանց մոտ պահվում է այդ սքանչելի նշանը՝ հայրապետական Նոյյան տապանի նշանավոր փայտը։
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան
Աղբյուրը՝ Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն, Երևան, 1968: