Հայ պոեզիան զարգացման երկարատև ու արգասաբեր ճանապարհ է անցել։ Սկզբնավորվելով թերևս քրմական ու գուսանական միջավայրերում, այն գրականության զարգացման բոլոր փուլերում՝ իր գրավոր ու բանահյուսական դրսևորումներով, ստեղծել է բանաստեղծական մնայուն ու բարձրակարգ գործեր․ Գողթն երգեր, շարական, տաղ, գանձ, խաղ, հայրեն ու խաղիկ, ապա նաև բանաստեղծության դասական ու նոր գրթե բոլոր տեսակները։ Art365-ը ներկայացնում է հին ու միջնադարյան հայ պոեզիայի և պոետների վերաբերյալ անհայտ ու հետաքրքրի փաստեր։
1.Հայերեն հնագույն բանաստեղծությունը
Հայալեզու բանաստեղծության հնագույն օրինակները գրառել ու մեզ է փոխանցել Պատմահայր Մովսես Խորենացին։ Իր «Հայոց պատմության» առաջին գրքում պատմիչը ներկայացնում է Գողթն գավառի վիպասան-գուսանների բանաստեղծություն-երգերը, որոնցից հնագույնը թերևս Վահագն Վիշապաքաղի հայտնի երգն է։ Այն ընդհանրապես հնդեվրոպական բանաստեղծության հնագույն ու բացառիկ օրինակ է համարվում։
2.Հայ առաջին բանաստեղծը
Հայոց պատմության մեջ հիշատակվող առաջին հայ բանաստեղծը՝ Ք․ ա․ 2-րդ դարում ապրած Արտաշես Ա թագավորի որդի Վրույրն էր։ Ըստ Մովսես Խորենացու Արտաշեսը նրան նշանակում է հազարապետ։ Ցավոք, նրա հեղինակած գործերը մեզ չեն հասել։
3.Հայատառ ստեղծագործած առաջին հայ բանաստեղծը
Քրիստոնեական շրջանի հայ բանաստեղծության առաջին ու հնագույն օրինակները՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի հեղինակած շարականներն են՝ հոգևոր երգերը։ Համարվում է, որ Մեսրոպ Մաշտոցը 130 այդպիսի շարական է հեղինակել։
4.Հայատառ առաջին ակրոստիքոսը
Մեկ այլ բանաստեղծ է՝ Կոմիտաս Աղցեցի(550-628 թթ․) հայոց կաթողիկոսը։ Հայոց այս հայրապետը հայտնի է իր շինարարական գործունեությամբ։ Կառուցել է մասնավորապես Սուրբ Հռիփսիմեի հոյակերտ տաճարը Վաղարշապատում(618)։ Նա է հեղինակել հայերեն առաջին ակրոստիքոսը՝ «Անձինք նուիրեալք սիրոյն Քրիստոսի» շարականը։ Հայերեն այբուբենի 36 տառերով կազմված 36 տներով այս շարականում ներկայացվում է Հռիփսիմյան կույսերի վկայաբանությունը։
5. Առաջին հայ բանաստեղծուհին
Մեզ հայտնի առաջին հայ բանաստեղծուհին 8-րդ դարում ապրած շարականագիր՝ Սահակդուխտ Սյունեցին է։ Սահակդուխտը ժամանակի հայտնի հոգևորական Սահակի դուստրն էր և հայտնի շարականագիր Ստեփանոս Սյունեցու քույրը։ Սահակդուխտը թաղված է Գառնիի ձորում, նրա գերեզմանը ուխտավայր է դարձել ու բժշկել մարդկանց։ Շարականագրի ստեղծած բազմաթիվ հոգևոր երգերից մեզ հասել են նրա «Սրբուհի Մարիամ» սկսվածքով երկու երգերը։
6. Միջնադարի ամենաշատ բառեր ստեղծած բանաստեղծը
Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկում՝ «Նարեկ»-ում 6962 բառ է գործածվում։ Գրիգոր Նարեկացին մոտ 700 նոր բառ է ստեղծել, որոնցից շատերը գործածվում են նաև այսօր։ Այլ հաշվումներով միայն Նարեկացու ստեղծագործություններով վկայված բառերի թիվը՝ 1771 է։
7.Հայ առաջին նկարիչ բանաստեղծը
Նաղաշ Հովնաթանը(1661-1772) ոչ միայն բանաստեղծ էր, այլև աշուղ և նկարիչ։ Ստեղծել է սիրո, որախության, գարնան ու երգիծական երգեր։ Հայտնի է նրանով 1710-ականներին նկարազարդել է Էջմիածնի Մայր տաճարը։