Հոկտեմբերի 5-ը ուսուցիչների միջազգային օրն է: Հայաստանում տոնը նույնպես նշվում է և մեր ուսուցիչներին շնորհակալությամբ հիշելիս, անպայման հիշում ենք նաև հայ ժողովրդի մեծ ու առաջին ուսուցիչներին՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցին, Սահակ Պարթևին, նրանց աշակերտներին: Նրանց գործունեությամբ ու ստեղծագործությամբ 5-րդ դարում և հետագայում զարգացավ դպրոցն ու գիտությունը, ստեղծվեցին մեր մշակութային գանձերը: Պատմահայր Մովսես Խորենացին մեծ սիրով ու ակնածանքով է հիշում իր ուսուցիչներին՝ Սուրբ Մեսրոպին ու Սահակին, ներկայացնում հայ գրերի ստեղծման պատմությունը, ողբում ուսուցիչների մահը: Ներկայացնում ենք «Հայոց պատմության» մի ուշագրավ դրվագ, որտեղ Մովսես Խորենացին խոսում է ուսուցիչների, ուսման նշանակության մասին: Նաև պատմում, թե ինչպես Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթևը նրան ու այլ աշակերտների թարգմանական գործում վարպետանալու համար ուղարկում են ուսումնական ճանապարհորդության՝ Ալեքսանդրիա:
ԿԲ
ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ, ԻՐ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ԵՐԿՆԱՅԻՆ ԶԱՐԴԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ
Նրանք, որ շարունակ հետևում են իմաստասիրության և քննում են մաթեմատիկական գիտությունները, ասում են, թե աստղերը լույս են ստանում լուսնից, լուսինը լցվում է արեգակի լույսով, իսկ արեգակն արփային երկնքից. այնպես որ արփին լույսը սփռում է երկու գոտիներում և այս երկու գոտիները լույս են ստանում արեգակից ըստ դասի, ըստ շարժման և ըստ ժամանակի: Սրա նման մենք էլ մեր հոգևոր հայրերի իմանալի ճառագայթներից մշտապես ցոլանալով, հարավային կողմերը շրջագայլով հասանք Եդեսացոց քաղաքը, թեթևակի նավեցինք դիվանի խորքերի վրայով, այնտեղից անցանք սուրբ տեղերին երկրպագելու և կարճ ժամանակ պաղեստինացոց ուսմամբ պարապելու:
Այսպիսի շրջագայությամբ մտանք Եգիպտոս, այն հռչակված աշխարհը, որ զերծ է անչափ ցրտից և տոթից, հեղեղներից և երաշտից, երկրի գեղեցիկ մասում զետեղված լինելով, ամենատեսակ պտուղներով լիովին լցված, անձեռագործ Նեղոսով պարսպպապատված, որ ոչ միայն պահպանություն է տալիս, այլև ընդունակ է իրենից մատակարարելու բավական կերակուր, և ոռոգման միջոցով տնօրինում է երկրի չորությունը կամ խոնավությունը՝ մշակության համար. և ինչ բան որ երկրումը չկա, գետը հեշտությամբ բերում է և առատություն է սփռում՝ ինչպես կղզու վրա, պատում է երկրի շուրջը և բոլոր տեղերով հոսում է, տասներկու վտակի բաժանվելով: Այստեղ հարմարավոր դիրքում շինված է մեծն Աղեքսանդրիա քաղաքը, ծովի մեջ, բարեխառն կլիմայով. և շինված է արհեստական լիճ, որի պատճառով բարեխառն օդ է շնչում, թե՛ այնտեղից, ուր լճի ջրերը դեպի ծովն են հոսում, և թե ծովին մոտ տեղերից. այսպես հաճախակի քամիներ են շնչում, ծովի կողմից՝ թեթև և լճի կողմից թանձր, որոնց խառնուրդը խիստ առողջարար է կյանքի համար:
Այժմ այս (քաղաքի) առաջը չի նստում Պղոտենիոսը իր հինգ գագաթով, անսպառ աշխարհը պատելով, այլ Մարկոսը իր ավետարանի քարոզությամբ. չկան վիշապի ցեղից դյուցազունների գերեզմաններ, այլ վայելչանում են սրբերի վկայարանները: Ոչ էլ Տուբի ամսի քսանևհինգին խնղաթյուրված տոն է կատարվում բեռնակիր անասուններին պսակելով, լորտուներին սպասավորություն անելով, կարկանդակներ բաժանելով,— այլ նույն Տուբի ամսի տասնևմեկին աստվածահայտնության տոնն է կատարվում, գովում են հաղթող նահատակներին, օտարներին ընդունելություն են անում և աղքատներին տուրքեր բաժանում: Այլևս չեն զոհում Սարապիսի չար դևին, այլ Քրիստոսի արյունը պատարագ են մատուցանում. այլևս չեն հարցնում պատգամ Պրոգեիադ սանդարամետից, այլ սովորում են պես պես գիտություններ նոր Պղատոնից, իմ ուսուցչից, որին անարժան աշակերտ չհանդիսացա և ոչ էլ արվեստ ձեռքբերի անկատար կերպով, թերի ուսումով: Կամենալով նավով Էլլադա գնալ, սաստիկ քամիներով մղվեցինք ընկանք Իտալիա, սուրբ Պետրոսի և Պողոսի հանգստարանները ողջունեցինք և երկար չմնացինք Հռոմայեցիների քաղաքում, Էլլադայով անցանք Ատտիկե, քիչ ժամանակ մնացինք Աթենքում: Ձմեռն անցնելուց հետո ճանապարհ ընկանք Բյուզանդիոն, մեր հայրենիքին փափագելով: