Հայ միջնադարի նշանավոր մաթեմատիկոս, աստղագետ, տոմարագետ Անանիա Շիրակացին(610-690 թթ․) հայոց մեջ ճշգրիտ գիտությունների հիմնադիրն է։ Ի թիվս այլ ուշագրավ գիտական աշխատությունների, Շիրակացին մաթեմատիկայի հնագույն դասագրքի հեղինակն է համարվում։ Նրա թվաբանական խնդիրների ժողովածուն ընդգրկում է 24 խնդիր, որոնք անչափ հետաքրքիր են, ոչ միայն իրենց մաթեմատիկական նշանակությամբ, այլև նրանով, որ արտացոլում են 7-րդ դարի Հայաստանի կյանքը, ազնվականների կենցաղը, պատմության ուշագրավ դրվագներ։ Այս խնդիրներում հաճախ հիշատակվում են Կամսարական իշխանները, ինչը ենթադրել է տալիս, որ գուցե թվաբանական դասագրքի պատվիրատուն հենց այս նշանավոր իշխանական տոհմն է եղել։ Այս խնդիրներում հիշատակվում են հին Հայաստանի ազնվական ու ժողովրդական կենցաղի այնպիսի մանրամասներ, որոնք մենք չենք կարող գտնել մատենագրության մեջ, օրինակ ինչ էին ուտում, ինչպես էին որս անում մարդիկ, ինչ հարաբերություններ կային և այլն։ Դրանք այսօրվա կրթական եզրաբանությամբ միջառարկայական կապերի լավագույն դրսևորումներ են, քանի որ աշակերտին ծանոթացնում էին պատմությանը, աշխարհագրությանը, կենդանական ու բուսական աշխարհին, դաստիարակում խիզախություն, հայրենասիրություն, բարոյական դասեր տալիս։ Ներկայացնում ենք մեծ գիտնականի այս խնդիրներից ծաղկաքաղ։ Լուծեք խնդիրները՝ զգալով, թե ինչ էին զգում 7-րդ դարում ապրող աշակերտները։
Առաջին խնդիր
Ես հորիցս այսպես լսեցի․ պարսիկները դեմ հայերի մղած պատերազմի ժամանակ մեծ քաջագործություններ է կատարվում` Զորակ Կամսարականի կողմից, որպես թե մեկ ամսվա մեջ երեք անգամ հարձակվում է պարսկական զորքերի վրա: Առաջին անգամ նա կոտորում է զորքի կեսը, հետապնդելով՝ երկրորդ հարձակման ժամանակ կոտորում է քառորդ մասը, երրորդ անգամ հարձակվելիս՝ տասնմեկերորդը, իսկ մնացածները, թվով երկու հարյուր ութսուն, փախչում են Նախիջևան:
Արդ՝ մնացածների հաշվով մենք պարտավոր ենք իմանալ, թե կոտորածից առաջ որքա՞ն էր պարսկական զորքը։
Երկրորդ խնդիր
Իմ մերձավոր մարդկանցից մեկը, մեկնելով Բահլ, շահավոր մարգարիտներ ձեռք բերեց։ Տուն վերադառնալով և հասնելով Գանձակ, նա մարգարիտների կեսը ծախեց հատը հիսուն դրամով, գալով Նախիջևան վաճառեց քառորդ մասը՝ հատը 70 դրամով, ապա հասնելով Դվին, ծախեց տասներկուերորդ մասը՝ հատը 50 դրամով:
Երբ նա եկավ մեզ մոտ՝ Շիրակ, նրա մոտ մնացել էր ընդամենը 24 հատ մարգարիտ։ Արդ՝ մնացածի հաշվով իմացիր, թե ընդամենը քանի՞ մարգարիտ է եղել և քանի" դրամ էր մարգարիտների գինը:
Հինգերորդ խնդիր
Սպաների ռոճիկը բաշխվում է այսպես. քառորդ մասը տրվում է պատվավորներին, ութերորդ մասը՝ ավագներին, իսկ 150 կենդինարը՝ մյուս հեծյալներին: Արդ՝ իմացիր, թե ընդամենը քանի՞ կենդինար է:
Վեցերորդ խնդիր
Իմ պարտեզում կար հազար: Մի հռոմեացի, զբոսնելու նպատակով մտնելով այնտեղ, կերավ այդտեղ եղած հազարի հինգերորդ և տասնհինզերորդ մասը: Գիտենալով այդ մարդու որկրամոլությունը, ես նրան դուրս արեցի և, մտնելով պարտեզ, համրեցի և տեսա, որ պարտեզում կա 110 հատ հազար։
Արդ՝ իմացիր, թե ընդամենը քանի հազար եղել, և հռոմեացին քանի՞սն է կերել:
Յոթերորդ խնդիր
Ես Մարմետում էի, Կամսարականների ոստանում: Գնալով Ախուրյան կոչվող գետի ափը, տեսա ձկների վտառ, ուռկան գցել տվեցի, բռնեցի այդ ձկների կեսը, քառորդ և յոթերորդ մասը, իսկ որը ուռկանից ազատվեց, ընկավ թարփի մեջ, որի մեջ գտա 45 հատ:
Արդ՝ իմացիր, թե վտառի մեջ ընդամենը քանի՞ ձուկ կար:
Ութերորդ խնդիր
Պարսիկների դեմ հայերի ապստամբած ժամանակ, երբ Զորակ Կամսարականը սպանեց Սուրենին, հայ ազնվականներից մեկը դեսպան ուղարկեց պարսից թագավորի մոտ՝ այդ գույժը նրան հաղորդելու: Դեսպանը գնում էր օրական 50 մղոն: 15 օր հետո, երբ Զորակ Կամսարականն այդ իմանում է, դեսպանին բռնելու համար նրա ետևից հետապնդողներ է ուղարկում, որոնք անցնում էին օրական 80 մղոն(ճանապարհ):
Արդ՝ իմացիր, թե նրանք քանի՞ օրում կհասնեին դեսպանին:
Իններորդ խնդիր
Կամսարականները որսի էին դուրս եկել Գենում` և որսացել էին շատ երեներ, ինձ որսաբաժին բերել տվեցին մի վարազ: Քանի որ այն վիթխարի էր, ուստի ես կշռեցի, պարզվեց, որ նրա փորոտիքն ամբողջ քաշի չորրորդ մասն էր, գլուխը՝ տասներորդ մասը, ոտքերը՝ քսաներորդ ժանիքները՝ իննսուներորդ, իսկ մարմինը քաշում էր 212 լիտր։
Արդ՝ իմացիր, թե ամբողջ վարազը քանի՞ լիտր էր:
Տասներորդ խնդիր
Մարմետի մոտ՝ Երասխ գետում մի լոքո բռնեցին: Ես կշռեցի այն։ Պարզվեց, որ նրա գլուխը կազմում էր ամբողջ բաշի չորրորդ մասը, պոչը՝ վեցերորդ, իսկ մեջքը՝ 140 լիտր։
Արդ՝ իմացիր, թե ամբողջ ձուկը քանի՞ լիտր էր:
Տասներկուերորդ խնդիր
Մի նավակ էի ուզում սարքել, բայց ունեի ընդամենը երեք դրամ, ուրիշ ոչինչ չունեի: Դիմեցի իմ մերձավորներին. «Տվեք ինձ ամեն մեկդ մի բան, որ կարողանամ սարքել նավակը»: Նրանցից մեկը տվեց նավակի կշռի երրորդ մասի արժեքը, մեկը՝ չորրորդի, մեկը՝ վեցերորդի, մեկը՝ յոթերորդի և մեկն քսանութերորդի: Ես սարքեցի նավակը:
Արդ իմացիր, թե ընդամենը քանի՞ դահեկան արժեքի էր նավակը։
Տասներեքերորդ խնդիր
Իմ աշակերտներից մեկը Խարա քաղաքից ընտիր խնձորներ է գնում և ցանկանում է ինձ ընծա բերել։ Ճրանապարհին նրան հանդիպում է կատակողների երեք խումբ: Առաջին խումբը վերցնում է խնձորների կեսը և չորրորդը, երկրորդ խումբը՝ մնացածի կեսը և չորրորդը, երրորդ խումբը՝ նույնպես մնացածի կեսը և չորրորդը, իսկ մնացած խնձորները՝ հինգ հատ, բերում հասցնում է ինձ:
Արդ՝ իմացիր, թե ընդամենը քանի՞ խնձոր է եղել:
Տասնիններորդ խնդիր
Մի մարդ մտավ երեք եկեղեցի։ Առաջին եկեղեցում Աստծուց հետևյալը խնդրեց. «Տուր ինձ այնքան, որքան ես ունեմ, և ես կտամ քեզ քսանհինզ դահեկան»: Այդպես խնդրեց նաև երկրորդում և տվեց քսանհինգ դահեկան, նույնը՝ նաև երրորդում, և նրա մոտ ոչինչ չմնաց։
Արդ՝ իմացիր, թե սկզբում նա քանի՞ դահեկան ուներ:
Քսաներորդ խնդիր
Շիրակի և Արշարունիքի տեր Ներսեհ Կամսարականի որսատեղին գտնվում էր Արտին լեռան ստորոտում: Մի գիշեր այնտեղ են մտնում բազմաթիվ ցիռերի երամակներ։ Ծառաները, որսալու փորձ չունենալով, վազում են Թալին գյուղը և պատմում այս մասին: Կամսարականն իր եղբայրների ազնվականների հետ շտապում է որսատեղին: Սկսում են կոտորել երեներին: Նրանց կեսը բռնվում է թակարդով, քառորդ մասին նետահար են անում, մատաղ երեներին, որոնք ամբողջի տասներկուերորդ մասն էին կազմում, բռնում են ողջ-ողջ, իսկ 360 երե սպանվել էր նիզակով
Արդ՝ իմացիր, թե ընդամենը քանի՞ հատ էին։
Քսանմեկերորդ խնդիր
Արշավիրի որդի Ներսեհ Կամսսարականը, որ այս Ներսեհի անվանակիցն ու նախահայրն էր, բահղլուճների դեմ մղած պատերազմում, հաղթելով նրանց, մեծ թվով գերիներ է վերցնում: Երբ հասնում է Արքունի դուռը, գերիների կեսը նվիրում է պարսից թագավորին, իսկ մնացած կեսի յոթերորդը՝ նրա որդուն: Ապա նրանց հրաժեշտ տալով՝ վերադառնում է իր երկիրը։ Ճանապարհին գալով գարիկպետի տուն նրա կողմից անչափ մեծարվում է ոչ թե նախարարի, այլ թագավորի պատվասիրությամբ, և սա տալիս է նրան մնացած գերիների ութերորդը: Հետո գալիս է սպայապետի մոտ, որին Խորավարան էին կոչում, նրա կողմից ավելի ևս մեծարանքի արժանանալով՝ տալիս է մնացած գերիների տասնչորսերորդ մասը: Ավելի ևս առաջ գալով, հասնում է իր երկիրը: Նրան դիմավորելու է դուրս գալիս իր կրտսեր եղբայրը՝ Հրահատը, որին տալիս է մնացած գերիների տասներեքերորդ մասը: Ապա նրան դիմավորելու են գալիս հայ ազնվականներ, որոնց նվիրում է մնացած գերիների իններորդ մասը։ Հասնելով Վաղարշապատ՝մնացածի տասնվեցերորդ մասը տալիս է սուրբ եկեղեցիներին։ Վերջապես՝ մնացած գերիների քսաներորդ մասն էլ տալիս է իր ավագ եղբորը՝ Սահակին։ Եվ իրեն ընդամենը մնում է 570 մարդ։
Արդ՝ իմացիր, թե քանի՞ գերի է եղել։
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան
Աղբյուրը՝ Անանիա Շիրակացի․ մատենագրություն, Երևան, 1979