Սուրբ Հարության տոնից մեկ շաբաթ առաջ ու Ծաղկազարդի տոնին նախորդող շաբաթ օրը հիշատակվում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշքներից մեկը՝ Ղազարոսի հարությունը: Այս դրվագը հիշատակում է միայն Հովհաննես Ավետարանիչը: Ղազարոսը, նրա քույրերը՝ Մարթան ու Մարիամը, բարեպաշտ մարդիկ էին, որոնց հետ մտերիմ էր Հիսուս: Նրանք Երուսաղեմից ոչ հեռու գտնվող Բեթանիա գյուղից էին, և Քրիստոս Երուսաղեմ գնալիս լինում էր նրանց տանը: Ըստ արևելյան ավանդության, Ղազարոսը Հիսուս Քրիստոսի 72 աշակերտներից էր և հարությունից հետո ապրեց 15 տարի ու Կիպրոսում եպիսկոպոս ձեռնադրվեց առաքյալների կողմից: Ղազարոսին կանչով ու հրեաների ներկայությամբ նրան Հարություն տալով Հիսուս Քրիստոս ցույց տվեց իր աստվածային էության կարևոր նշանն ու իր առաքելության խորհուրդը՝ մարդկանց հոգիների ու մարմինների բժշկությունն ու հարությունը: Art365-ը ներկայացնում է նորկտակարանային այս խորհրդավոր դրվագը, այն արտացոլող գեղանկարչական գործերի ուղեկցությամբ:
Թորոս Ռոսլին, Մալաթիայի Ավետարան, 1268, Մաշտոցյան Մատենադարան
ՂԱԶԱՐՈՍԻ ՅԱՐՈՒԹԻՒՆԸ
Եւ մի հիւանդ կար, Ղազարոս անունով, Բեթանիայից՝ Մարիամի եւ նրա քոյր Մարթայի գիւղից: Սա այն Մարիամն էր, որ իւղով օծեց Տիրոջը եւ իր մազերով սրբեց նրա ոտքերը: Եւ սրա եղբայր Ղազարոսը հիւանդ էր: Սրա քոյրերը նրա մօտ մարդ ուղարկեցին եւ ասացին. «Տէ՛ր, ահաւասիկ նա, ում դու սիրում էիր, հիւանդացել է»: Երբ Յիսուս լսեց, ասաց. «Այդ հիւանդութիւնը մահաբեր չէ, այլ Աստծու փառքի համար է, որպէսզի դրանով Աստծու Որդին փառաւորուի»:
Ալբերտ Վան Ուվետար, 1450
Յիսուս սիրում էր Մարիամին, նրա քրոջը՝ Մարթային, եւ Ղազարոսին: Լսելուց յետոյ, թէ Ղազարոսը հիւանդացել է, նա տակաւին երկու օր մնաց այնտեղ, ուր գտնւում էր: Ապա դրանից յետոյ իր աշակերտներին ասաց. «Եկէ՛ք վերստին գնանք Հրէաստան»: Աշակերտները նրան ասացին. «Ռաբբի՛, հրեաները դեռ նոր էին ուզում քեզ քարկոծել, եւ նորից այնտե՞ղ ես գնում»: Յիսուս պատասխանեց. «Ցերեկը տասներկու ժամ չունի՞. եթէ մէկը ցերեկն է քայլում, չի սայթաքում, որովհետեւ այս աշխարհի լոյսը տեսնում է, իսկ եթէ մէկը գիշերն է քայլում, սայթաքում է, որովհետեւ հետը լոյս չունի»:
Կարավաջիո, 1608-1609
Այս բաներն ասելուց յետոյ նորից ասաց նրանց. «Մեր բարեկամ Ղազարոսը ննջել է, սակայն ես գնում եմ, որ նրան արթնացնեմ»: Աշակերտները նրան ասացին. «Տէ՛ր, եթէ ննջել է, ապա կ՚առողջանայ»: Բայց Յիսուս նրա մահուան մասին էր ասում, մինչդեռ նրանց այնպէս թուաց, թէ նա քնով ննջելու մասին է խօսում: Այն ժամանակ Յիսուս նրանց յայտնապէս ասաց. «Ղազարոսը մեռաւ. բայց ես ուրախ եմ ձեզ համար, որ այնտեղ չէի. որպէսզի դուք ինձ հաւատաք: Արդ, եկէ՛ք գնանք նրա մօտ»:
Ռեմբրանդտ Վան Ռեյն, 1630
Թովմասը, որ Երկուորեակ էր կոչւում, աշակերտակիցներին ասաց. «Եկէ՛ք մենք էլ գնանք, որ նրա հետ մեռնենք»: Յիսուս եկաւ, նրան գտաւ չորս օրից ի վեր գերեզմանի մէջ: Եւ Բեթանիան Երուսաղէմի մօտ էր շուրջ երեք կիլոմետր: Հրեաներից շատերը եկել էին Մարթայի եւ Մարիամի մօտ, որպէսզի նրանց մխիթարեն իրենց եղբօր մահուան համար: Երբ Մարթան լսեց, որ Յիսուս գալիս է, նրան ընդառաջ գնաց. իսկ Մարիամը տանը նստած էր:Մարթան Յիսուսին ասաց. «Տէ՛ր, եթէ դու այստեղ եղած լինէիր, իմ եղբայրը մեռած չէր լինի.բայց հիմա էլ գիտեմ, թէ ինչ էլ որ Աստծուց ուզես, Աստուած քեզ կը տայ»: Յիսուս նրան ասաց. «Քո եղբայրը յարութիւն կ՚առնի»: Մարթան նրան ասաց. «Գիտեմ, որ յարութեան ժամանակ վերջին օրը յարութիւն կ՚առնի»:
Յիսուս նրան ասաց. «Ես իսկ եմ յարութիւն եւ կեանք. ով հաւատում է ինձ, թէպէտ եւ մեռնի, կ՚ապրի. եւ ով կենդանի է ու ինձ հաւատում է, յաւիտեան չի մեռնի: Հաւատո՞ւմ ես այս բանին»: Նա ասաց նրան. «Այո՛, Տէ՛ր, ես հաւատում եմ, որ դո՛ւ ես Քրիստոսը՝ Աստծու Որդին, որ աշխարհ էիր գալու»: Եւ այս ասելուց յետոյ, գնաց գաղտնաբար կանչեց իր քրոջը՝ Մարիամին եւ ասաց. «Վարդապետն է եկել եւ քեզ է կանչում»:
Երբ նա լսեց, իսկոյն վեր կացաւ եւ եկաւ նրա մօտ:
Ջոտտո, հատված որմնանկարից,
Յիսուս դեռ գիւղ չէր հասել, այլ դեռեւս այն տեղում էր, ուր Մարթան նրան ընդառաջ էր ելել: Իսկ այն հրեաները, որ նրա հետ տանն էին եւ նրան մխիթարում էին, երբ տեսան Մարիամին, որ վեր կացաւ իսկոյն ու գնաց, իրենք եւս նրա յետեւից գնացին. կարծում էին, թէ գերեզման է գնում, որ այնտեղ լաց լինի: Իսկ Մարիամը, երբ եկաւ այնտեղ, ուր Յիսուս կանգնած էր, ու տեսաւ նրան, ընկաւ նրա ոտքերն ու ասաց. «Տէ՛ր, եթէ այստեղ եղած լինէիր, իմ եղբայրը մեռած չէր լինի»:Երբ Յիսուս տեսաւ, որ նա լալիս է, եւ նրա հետ եղող հրեաներն էլ լալիս են, սաստիկ խռովուեց իր հոգում եւ ասաց. «Ո՞ւր դրիք նրան»: Նրան ասացին. «Տէ՛ր, արի՛ եւ տե՛ս»:Եւ Յիսուս արտասուեց: Հրեաներն ասացին. «Տեսէ՛ք ինչքան էր սիրում նրան»: Նրանցից ոմանք ասում էին. «Սա, որ կոյրի աչքերը բացեց, չէ՞ր կարող նաեւ այնպէս անել, որ սա չմեռնէր»: Յիսուս, դարձեալ խռովուելով ինքն իր մէջ, եկաւ գերեզմանը: Սա մի քարայր էր, որի վրայ մի քար էր դրուած: Եւ Յիսուս ասաց. «Այդ քարը մի կողմ դրէք»: Մարթան՝ մեռածի քոյրը, նրան ասաց. «Տէ՛ր, հիմա արդէն նեխած կը լինի, քանի որ չորս օրուայ է»: Յիսուս նրան ասաց. «Քեզ չասացի՞. եթէ հաւատաս, կը տեսնես Աստծու փառքը»:
Անհայտ հայ նկարիչ
Երբ քարը վերցրին, Յիսուս աչքերը վեր բարձրացրեց ու ասաց. «Հա՛յր, գոհութիւն եմ տալիս քեզ, որ ինձ լսեցիր. եւ ես գիտէի, որ ամէն ժամ լսում ես ինձ, բայց այս անում եմ շուրջս կանգնած այս ժողովրդի համար, որպէսզի հաւատան, որ դո՛ւ ինձ ուղարկեցիր»: Երբ այս ասաց, բարձր ձայնով աղաղակեց եւ ասաց. «Ղազարո՛ս, վե՛ր կաց, դո՛ւրս արի»: Եւ մեռելը ելաւ՝ կապուած ոտքերով, ձեռքերը երիզով ամրացուած եւ երեսը վարշամակով պատած: Եւ Յիսուս նրանց ասաց. «Արձակեցէ՛ք դրան եւ թողէ՛ք, որ գնայ»: Հրեաներից շատերը, որոնք եկել էին Մարիամենց մօտ, երբ տեսան, ինչ որ Յիսուս արեց, հաւատացին նրան: Իսկ նրանցից ոմանք գնացին փարիսեցիների մօտ եւ պատմեցին նրանց, ինչ որ Յիսուս արեց:
Ավետարան, 1280, Կիլիկիա, Մաշտոցյան Մատենադարան
(Հովհ. 11:1-46)
Հատվածի ու մեկնության աղբյուրը՝ www.shavigh.am