• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Ձկան փորում հայտնված մարդու զարմանալի պատմությունը․ Հովնան

Ձկան փորում հայտնված մարդու զարմանալի պատմությունը․ Հովնան

Հովնան մարգարեն Աստվածաշնչի 12 փոքր մարգարեներից է, որի մասին գիտենք «Հովնանի մարգարեություն» գրքից։ Հին Կտակարանի շատ այլ ուշագրավ պատմությունների նման, Հովնանի պատմությունը, բացի անչափ հետաքրքիր լինելը նաև խրատական բնույթ ունի։ Հովնանը մարդ էր, որ չի կատարում Աստծո հրամանը, սակայն փորձանքի մեջ ընկնելով ապաշխարում է, Աստծո ողորմածությամբ կատարում իր առաքելությունը։ Միաժամանակ, սա պատմություն է Աստծո զայրույթի, սակայն մեծ սիրո ու հագատարության մասին, յուրաքանչյուր մարդու, նաև հեթանոսների նկատմամբ։ Աստված գթասիրտ է ու ներող, նա փրկում է Հովնանին ու նրան առաքելությունը կատարելու, դարձի  հնարավորություն տալիս։ Հովնանի փախուստի, ծովը նետվելու, ձկան փորում հայտնվելու, ապա փրկության ու Նինվեում քարոզչության տպավորիչ պատմությունն իր արձագանքն է գտել արվեստում։ Art365-ը ներկայացնում է Հովնանի պատմության բնագիրը՝ գեղանկարչական անդրադարձների ուղեկցությամբ։ 

Հովնան, Աստվածաշնչյան նկարազարդում, անհայտ հեղ․, 1280

 

Մարգարեի կոչումը, անհնազանդությունն ու պատիժը

 

1 Տիրոջ խոսքը եղավ Ամաթիի որդի Հովնանին, և ասաց. 2 «Ելի՛ր և գնա՛ Նինվե մեծ քաղաքը և քարոզի՛ր այնտեղ, քանի որ նրա չարության աղաղակն ինձ հասավ»։ 3 Սակայն Հովնանը ելավ Տիրոջ երեսից փախչելու Թարսիս. իջավ Հոպպե և գտավ մի նավ, որ Թարսիս էր գնում. տվեց գինը և այնտեղ մտավ՝ Տիրոջ երեսից նրանց հետ Թարսիս նավարկելու։

4 Տերը հողմ բարձրացրեց ծովի վրա, և մեծ փոթորիկ եղավ ծովի վրա, և նավը խորտակվելու վտանգի մեջ էր։ 5 Նավավարները խիստ վախեցան, և յուրաքանչյուրն աղաղակում էր իր աստծուն, և գույքը, որ նավի վրա էր, ծովը գցեցին, որպեսզի թեթևացնեն իրենցից։ Իսկ Հովնանը, իջնելով նավի մի խորշը, ննջում էր և խռմփացնում։ 6 Նավապետը մոտեցավ նրան և ասաց. «Ի՞նչ ես խռմփացնում, վե՛ր կաց, կանչի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, Աստված թերևս փրկի մեզ, և կորստյան չմատնվենք»։

Հովնան Մարգարե, Սիստինյան տաճարի որմնանկար, Միքելանջելո

 

7 Եվ յուրաքանչյուրն ասաց իր ընկերոջը. «Եկե՛ք վիճակ գցենք և իմանանք, թե ո՛ւմ պատճառով են այս չարիքները մեր դեմ»։ Վիճակ գցեցին, և վիճակը ելավ Հովնանին։ 8 Նրան ասացին. «Պատմի՛ր մեզ՝ ինչո՛ւ են այս չարիքները մեզ վրա, ի՛նչ արհեստ ունես, որտեղի՛ց ես գալիս կամ ո՛ւր ես գնում, ո՛ր երկրից ես կամ ո՛ր ժողովրդից»։ 9 Ասաց նրանց. «Ես Տիրոջ ծառա եմ [եբր․ եբրայեցի եմ], պաշտում եմ Տիրոջը՝ երկնքի Աստծուն, որն ստեղծեց ծովն ու ցամաքը»։ 10 Մարդիկ խիստ վախեցան և ասացին նրան. «Այդ ի՞նչ ես արել», որովհետև իմացան, որ փախել էր Տիրոջ երեսից, քանի որ պատմեց նրանց։ 11 Եվ ասացին նրան. «Ի՞նչ անենք քեզ, որ ծովը մեզնից հանգստանա», քանի որ ծովն է՛լ ավելի էր ալեկոծվել և փոթորիկ էր բարձրացնում նրանց վրա։ 12 Հովնանն ասաց նրանց. «Ինձ վերցրե՛ք ծովը գցեք, և ծովը ձեզնից կհանգստանա, որովհետև ես գիտեմ, որ իմ պատճառով է այս մեծ մրրիկը ձեր դեմ»։

Հովնանը և հսկա ձուկը, 1400

 

13 Մարդիկ ջանում էին նավը ցամաք վերադարձնել, բայց չէին կարողանում, քանի որ ծովն ավելի ու ավելի էր ալեկոծվում ու սաստկանում նրանց դեմ։ 14 Աղաղակեցին Տիրոջը և ասացին. «Քա՛վ լիցի, Տե՛ր, թող կորստյան չմատնվենք այս մարդու անձի պատճառով, արդար արյուն մի՛ բեր մեզ վրա, քանի որ դու, Տե՛ր, ինչպես կամեցար՝ արեցիր»։ 15 Եվ Հովնանին վերցրին ու ծովը գցեցին։ Ծովը դադարեց իր ալեկոծությունից։ 16 Մարդիկ խիստ վախեցան Տիրոջից, զոհ մատուցեցին Տիրոջը և ուխտ կնքեցին։

Հովնան Մարգարեն, Հերրադ Լանդբերգցի, 1180

 

Հովնանի աղոթքը

 

1 Տերը հրաման տվեց մի խոշոր կետի կուլ տալ Հովնանին, և երեք ցերեկ ու երեք գիշեր Հովնանը կետի փորում էր։

2 Հովնանն աղոթեց Տիրոջը՝ Աստծուն, կետի փորի մեջ 3 և ասաց.

«Իմ նեղության մեջ կանչեցի Տիրոջը՝ իմ Աստծուն,

և լսեց ինձ՝ իմ աղաչանքը, դժոխքի որովայնից։

Տե՛ր, լսի՛ր իմ ձայնը։

4 Ինձ գցեցիր ծովի սրտի խորքերը,

և գետերը պաշարեցին ինձ։

Քո բոլոր կոհակներն ու քո ալիքներն անցան իմ վրայով,

5 և ասացի, թե՝ «Մերժվեցի քո աչքից.

արդ նորից կկարողանա՞մ նայել քո սուրբ տաճարին»։

6 Ջրերը թափվեցին ինձ վրա մինչև շունչս։

Դժնդակ անդունդները պաշարեցին ինձ։ Գլուխս մտավ

7 լեռների փապարներով,

իջա երկիր, որի նիգերն իր հավիտենական փականքներն են.

իմ կյանքը դուրս կգա կործանումից։

Տե՛ր իմ, Աստվա՛ծ, 8 իմ հոգու տկարանալու ժամանակ

քեզ կանչեցի,

հիշեցի Տիրոջը.

և թող իմ աղոթքները գան դեպի քո սուրբ տաճարը։

9 Ովքեր պահում էին ունայնությունն ու ստությունը,

թողեցին իրենց ողորմությունը։

10 Բայց ես օրհնության և խոստովանության ձայնով

քեզ պատարագ կմատուցեմ, որ ուխտեցի

և կհատուցեմ Տիրոջ փրկության համար»։

11 Եվ Տիրոջից հրաման տրվեց վիշապ ձկանը, և նրան ցամաք թքեց։

Հովնան Մարգարեին ծովը նետելը, Հեթում թագավորի Ճաշոց, 1286

 

Հովնանը քարոզում է Նինվեում

 

1 Տիրոջ խոսքը երկրորդ անգամ եղավ Հովնանին, և ասաց. 2 «Ելի՛ր, գնա՛ Նինվե մեծ քաղաքը և նրա մեջ քարոզի՛ր ըստ նախկին քարոզության, որ խոսեցի քեզ հետ»։ 3 Հովնանը ելավ ու գնաց Նինվե, ինչպես Տերը խոսել էր նրա հետ։ Նինվեն Աստծու մեծ քաղաք էր՝ երեք օրվա գնալու ճանապարհի չափ։ 4 Հովնանն սկսեց մտնել այն քաղաքը, երբ մի օրվա ճանապարհ անցավ, քարոզեց և ասաց. «Եվս այլ երեք [եբր․ քառասուն] օրեր, և Նինվեն կործանվելու է»։

Հովնանը քարոզում է Նինվեի առջև, Ջոն Մարթին, 18-19 դդ․

 

5 Եվ նինվեացի մարդիկ հավատացին Աստծուն, պահք քարոզեցին, և նրանց մեծից մինչև փոքրը քուրձ հագավ։ 6 Լուրը հասավ նինվեացիների թագավորին. իր գահից ելավ ու հանեց իր պատմուճանը, քուրձ հագավ և նստեց մոխրի վրա։ 7 Թագավորի և իր մեծամեծների կողմից Նինվեում քարոզվեց ու հայտարարվեց, թե մարդ և անասուն, հոտ և արջառ թող ոչինչ չուտեն, չճարակեն և ջուր չխմեն։ 8 Մարդ և անասուն քուրձ հագան և ամբողջ սրտով աղաղակեցին Աստծուն. դարձավ յուրաքանչյուրն իր չար ճանապարհներից և անօրենությունից, որ իր ձեռքում ուներ, և ասացին. 9 «Ո՞վ գիտի, Աստված կզղջա և կդառնա իր խիստ բարկությունից, և կորստյան չենք մատնվի»։ 10 Եվ Աստված տեսավ նրանց գործերը, որ յուրաքանչյուրը դարձավ իր չար ճանապարհներից, և Աստված զղջաց չարիքների համար, որ ասել էր, թե կաներ նրանց, բայց չարեց։

Հովնանին ծովն են նետում, Յոհաննես Սադելեր,1582

 

Հովնանը հասկանում է, թե Տերն ինչո՛ւ խղճաց Նինվեին

 

1 Հովնանն ամբողջությամբ տրտմեց ու խռովվեց։ 2 Աղոթեց Տիրոջը՝ Աստծուն, և ասաց. «Ո՛վ Տեր, դրանք իմ այն բառերը չէի՞ն, մինչ այնտեղ՝ իմ երկրում էի։ Դրա համար էլ շտապեցի փախչել Թարսիս, քանի որ գիտեի, որ դու ողորմած ես և գթած, համբերող ու բազումողորմ և զղջում ես չարիքների համար։ 3 Արդ, Տե՛ր, Տե՛ր, հոգիս վերցրո՛ւ ինձանից, որովհետև ինձ համար ավելի լավ է մեռնելը, քան թե ողջ մնամ»։ 4 Եվ Տերն ասաց Հովնանին. «Իսկապես շա՞տ ես տրտմել»։

5 Հովնանը դուրս ելավ այն քաղաքից, նստեց քաղաքի դիմաց [եբր․ քաղաքից արևելք], իր համար հովանի պատրաստեց և նստեց հովանու տակ, մինչև որ տեսներ, թե ի՛նչ էր լինելու քաղաքին։ 6 Աստված հրաման տվեց դդմենուն, և Հովնանի գլխի վրա ելավ՝ նրա գլխի վրա նրան հովանի լինելու, նրան զովացնելու իր տառապանքներից։ Հովնանը շատ ուրախացավ դդմենու համար։

Կետը Հովնանին դուրս է բերում ափ, Յոհաննես Սադելեր,1582

 

7 Հաջորդ օրը՝ վաղ առավոտյան, Աստված հրաման տվեց որդին. վնասեց դդմենին, և չորացավ։ 8 Եվ երբ արևը ծագեց, Աստված հրաման տվեց տապախառն խորշակ քամուն, և արևն ընկավ Հովնանի գլխին. տառապանքի մեջ էր, և նրա հոգին դուրս էր գալիս, և ասում էր. «Ինձ համար ավելի լավ էր մեռնելը, քան իմ այս կյանքը»։

9 Եվ Տերը՝ Աստված, ասաց Հովնանին. «Իսկապես շա՞տ ես տրտմած մնալու դդմենու համար», և ասաց. «Շատ եմ տրտմած մնալու մինչև մահ»։

10 Տերն ասաց. «Դու ափսոսացիր դդմենուն, որի համար ոչ մի ջանք չէիր թափել ու չէիր աճեցրել այն. գիշերը ելավ և հաջորդ գիշեր կորավ։ 11 Ես չխնայե՞մ Նինվե մեծ քաղաքը, որտեղ բնակվում են ավելի քան տասներկու բյուր մարդիկ, որոնք իրենց աջն ու ձախը չգիտեն, նաև բազում անասուններ»։

 

 

Հովնան, անհայտ հայ նկարիչ, 18 դ․

Art 365

02.02.2023

Հովնան, մարգարե, Աստվածաշունչ, Մանրանկար, Գեղանկարչություն, Եկեղեցական տոներ, Աստված

Սուս կարդանք

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.