«Նանա իշխանուհու կամուրջը» վիպակը Հրանտ Մաթևոսյանի կենդանության օրոք լույս չի տեսել: Այլ անտիպների հետ այն հրատարկվել է միայն 2006 թվականին: Ընդ որում, չհրատարկվելու պատճառը ոչ թե գրաքնությունն է, այլ` հեղինակն ինքը չի ցանկացել այն հրատարակել և այս գործը հյուսվել-լուծվել է Մաթևոսյանի այլ հայտնի գործերի՝ «Աշնան արևի» և «Ծառերի» մեջ.
«Սկսել եմ ու չեմ ավարտել...Կոչվում էր «Նանա իշխանուհու կամուրջը»: Գործողությունները տեղի են ունենում Ծմակուտում, բայց այն ժամանակ Ծմակուտն ինձ ներկայանում էր ոչ թե աշխարհ, այլ ընդամենը լեռնային փոքրիկ գյուղ՝ նահապետական դրախտ: Ուզում էի ցույց տալ՝ ինչպես են այդ դրախտ գալիս չար ու եռանդուն մարդիկ՝ հարսներ այլ վայրերից, կոշկակարներ Թբիլիսիից... Գալիս են ու կործանում են հին Ծմակուտի աշխարհը: Ավելի ճիշտ՝ այդ աշխարհն է նրանց մեջ կործանվում: Ես «աճեցի» այդ ռոմանտիկ սյուժեից այնքան արագ, որ վիպակն ավելի շուտ ծերացավ, քան ես կհասցնեի կեսին... Որպեսզի ես չհասցնեմ ինքս ինձնից առաջ անցնել, երևի հարկավոր է արագ գրել սովորել: Իսկ ես դա չգիտեմ: Եվ երբեք, երևի, չեմ սովորի»,- հիշում է հեղինակը հարցազրույցներից մեկում:
Վիպակի հերոսները՝ «Աշնան արևի» ու «Ծառերի» հերոսուհի՝ Աղունի հայր Իշխանն է ու նրա ազգականները. գործունյա, չար, հաշվենկատ, դաժան մարդիկ: Նրանք հավատում են, որ կյանքը կարճ է և նպատակներին հասնելու համար կարելի է միջոցների առջև կանգ չառնել՝ սպանել, թալանել, խաբել: Սակայն ամենից ցավոտն ու տարօրինակն այն է, որ նրանք ապրում են այս սկզբունքներով, սակայն մնում անպատիժ:
Նույն հարցազրույցում Հ.Մաթևոսյանն ասում է. «իմ ոչ մի ստեղծագործության մեջ չկան միայն արդարներ ու միայն մեղավորներ»: Կարելի է ավելացնել, որ նաև չկան հաղթողներ ու պարտվողներ: «Նանա իշխանուհու կամուրջը» վիպակում՝ հաղթողը ոչինչ չի ստանում, իսկ պարտվողը կորցնում է ամեն ինչ: Կարծես պարտվում է նաև ընթերցողը: Սկզբից մինչև վերջ մենք փորձում ենք կերպարներին իրենց խելահեղ ընթացքի կամ դրա բազմակողմանի ներկայացման մեջ մի պահ որսել ու հասկանալ, բայց հնարավոր չի դառնում: Արդարները դառնում են անարդար և ընդհակառակը, և ի վերջո Աստծո պատկերով ստեղծված բարի մարդկանց, մյուս հերոսները՝ իշխանները, արտաշները բերում են իրենց պատկերին.
«Ծմակուտում ծնվել է ձրիակերների նոր սերունդ, նոր ջոկատ (անվանեք՝ ինչպես կուզեք): Իսկ գիշատիչները՝ «իշխանները» մանրացել են, միաժամանակ՝ բազմացել, շատացել են, ինչպես մոլախոտերը կամ ճնճղուկները: Մարդկային այդ նյութով դժվար է աշխատել»,-գրում է հեղինակը:
Այստեղ կարող ենք հիշել նաև մարդկանց այս տիպին բնութագրող Աղունի խոսքերը «Ծառերը» վիպակից.
«...ձեր փորում տղամարդու սի՞րտ է թե սազը ձեռին աշուղ: Քո պապ Ավետիքի քնա՜ծ, դանդա՜ղ, բա՜րի, էն էլ ես ինչ իմանամ բարի՞ թե վախկոտ չեղած մի պուտ արյունը էդ ո՜նց կարողացավ կտրել մերանի պես քո մեջ Իշխանի տված էն կատաղի վարար արյունը, անդադար, խաբեբա, շողոմքոր, համարձակ, անքուն, վրիժառու, զնգուն-զվարթ-ավազակ առնաուտի արյունը քո մեջ էդ ո՜նց կտրվեց Ավետիքի քնած մի պուտ արյունից: Թե՞ էդքան դուրեկան է ծնկներն օջախին դեմ անել, ժպտալով ննջել ու հուսալ ու հավատալ, թե աշխարհը բարի է: Էծը թուփ - գելը էծ: Է՞ծն ես թե թուփը, գե՞լն ես թե էծը , ո՞րն ես: Կա՛մ - կա՛մ: Չէ՜ մի. դուք սպասեք ձեր դրախտին՝ որ վանքի զանգերն իրիկվա մեջ զրնգան, իրիկվա մեջ վանքի աղբյուրը երգի, հոգնած իրիկվա միջով ձեզ բարձած բերեն, վերցնեն ձեր բեռը քրիստոսի իրիկվա մեջ և ուռչի՜ շնորհակալությունը բկների մեջ, խեղդի - «շնորհակալ եմ, ձի, Բորչալվից, է՜, մի ձմեռվա հաց բերիր երեխեքիս համար, պարտական ենք, ձի»:
Կարդալու ընթացքում քեզ ամեն ինչ այնքան հստակ է թվում ու մռայլ,այս աշխարհ լույսը կարծես չի թափանցում, նույնիսկ թափանցելու դեպքում՝ մարում է: Նույնիսկ արդարները սկսում են հիանալ գործունյա անարդարներով, նրանց հաջողություններով ու աշխարհը գնալով փոխվում է: Բարին ու չարը փոխվում են տեղերով: Թերևս այս հոռետեսական եզրակացությունն է, որ ետ է պահել հեղինակին այս գործը հրատարակելուց: Որովհետև բարին ու լույսն այդուհանդերձ հաղթում են:Որովետև արտաշների կողքին զարմայրներ ու ավետիքներ կան՝ բարի, արդար, աշխատող մարդիկ, որոնց կողմն է հեղինակի համակրանքը: Ընթերցենք հատված վիպակից.
-Սպասիր, խելքը խելք, բայց որոշողը փողն է։ Դու Լենինից մեծ չես, մարդն ասել է չէ․կեցությունը․․․ճի՞շտ է․․․որոշում է․․․ճի՞շտ է գիտակցությունը։ Խելքն ի՞նչ է, նու, խելքը գիտակցությունը է, իսկ գիտակցությունը փողից է գալիս, այսինքն կեցությունից։ Ուրեմն, ի՞նչ դուրս եկավ․փողը բազիս է, խելքը վերնաշենք։ Սրանի՞ց ինչ դուրս եկավ, նու, որ եթե փող ունենաս՝ խելք էլ կունենաս։
-Ես քեզ ասացի Լենինը չի ասել։
-Նու, Մարքսը։ Մի խոսքով։ Կենացդ։
Որ կեցությունն ածանցող է, գիտակցությունն ածանցյալ՝ երևում է հաճախ, որովհետև հաճախ է կերուխում սարքում Արտաշը Իշխանի և իր փողերով, սեղանի տերն ինքն է լինում և սեղանակիցները հաճախ նրանից խելոք, գլուխները շարժում են «ճիշտ է» ձևով, իսկ եթե չեն էլ շարժում, ապա չեն էլ առարկում, այլ միայն ասում են․ «Լենինը չի ասել, Մարքսն է ասել»։
Իսկ Արտաշի համար մեկ է, նրան պետք է միայն այն, որ որևէ հեղինակությամբ արդարացնի իր վարքը իրենից շատ-քիչ ազնիվ մարդկանց առջև։ Մնացած անգամները, իրպեսների հետ Լենինին հիշելու հարկ չի լինում, որովհետև բոլորն էլ իրար հասկանալի են լինում հինգ մատի պես․ծնվել ենք, ապրում ենք, վաղվա աշխարհը մերը չէ․մարդը ծաղիկ չէ, որ ծաղկի ամեն գարուն, մարդը մի անգամ է ծաղկում։
Արաբական տանգո, կնոջ թավշյա ձայն, գինի, լաց, սիրուն աշխարհ, թուխ պտուկներ ու էլիպսե կոնք․․․Կոնքեր, իսկ դու արդեն այն չես․մազերդ թափվում են, հազում ես, ջահել կնյազ չես, աշխարհի ոսկին քոնը չէ․․․Հուզումը խցանում է կոկորդդ։ «․․․և ըմբոշխնեց նրան Ալ․․․չգիտեմ էդ-դինը և պարզվեց, որ նա չհեծած զամբիկ էր ու առաջին անգամ էր տրվում ու հաճույքից աչքերը կուլ էին գնացել, և թողեց նրա բարձի տակ Ալ չգիտեմ էդ-դինը հինգ ոսկի և գնաց բաղնիք, լողացավ, թարմացավ»։ Իսկ դու մաշեցիր քո կյանքը վագոններում, պառավների գրպանները ստուգելով և ճղելով գյուղացիների խուրջինները, որոնց մեջ լինում էր եգիպտացորեն, ռետինե սապոգ, ցինկե ամաններ ու զանգով ժամացույց։ Իսկ արաբականն ի՞նչ էր ասում, արաբականն ասում է՝ նա չհեծած զամբիկ էր և աչքերը կուլ էին գնացել հաճույքից․․․
Արտաշի երևակայությունը սնվում է շատ տեղերից․թերթերում և կյանքում, այո, գոյող մեծ աշխարհի կողքին կա արտաշների աշխարհը, որ կյանքը դարձնում է պորտապար տվող կին, պորտը համբուրելու գին է դնում, տասը ոսկի, գուցե հարյուր, գուցե հազար, բայց այնպիսի գին, որ կվճարի քարանջեցու և Իշխանի խնայգրքույկների ու իր ճարպկության վրա նստող որևէ արտաշ։
Արտաշները շատ են, կամ քչերն են արտաշ դառնում ձգտողների շատ թվից․ոմանց միլիցիան է բռնում, ոմանք դեմ են առնում փակ սեյֆերի, ոմանք էլ մտքով են արտաշ, բայց ամաչում են սեյֆ ջարդելուց կամ վախենում են բռնվելուց։ Ու այդպես էլ մեռնում են անազնիվ բան չարած՝ փաստորեն ազնիվ։Արտաշությունը նրանց երազանքն է, իսկ ի՞նչն է արտաշենց երազանքը․վերևների աշխարհը՝ Բայրոնի, Եկատիրինա թագուհու, հնդկական որևէ ռաջայի, որ մի հիսուն հարճ ունի, ծովակալ Նելսոնի, Իրանի շահնշահի, Ալեքսանդր Դյումայի, կինոդերասանուհիների ենթադրվող աշխարհը, ուր կա հարստություն, գեղեցկություն և տղամարդ ու կին։
Այդ աշխարհը Արտաշին փաստեր երբեմն տալիս է, երբեմն՝ ոչ, բայց նա այդ ոչը վերագրում է իր անտեղյակությանը․հարստություն՝ կա, գեղեցկություն՝ կա, ուրեմն ի՞նչն է խանգարում, որ ասենք, Բայրոնը մտնի Եկատիրինա թագուհու ննջարանը։ Հա, ասենք Պատյոմկինը խանդից տուրուդմփոց կսարքեր։ Եկատիրինան մի ամբողջ երկրի գլուխ չէ, Պատյոմկինը քարտեզին հակված գեներալ չէ, Բայրոնը բանաստեղծ չէ․․․Պարզապես լուռ ապարանքներ են՝ լուսամուտները ծանր վարագուրված, կիսախավար է, գինի՝ ուտելիքներով և այդտեղ իրար կրծում են Եկատիրինա թագուհին, Ռոբեր Թեյլորը, Սիմոնա Սինյորեն, Ալեքսանդր Մակեդոնացին, Բրիջիդ Բարդոն, Լարիոնովան, Սայաթ-Նովան, Մակարովան, Եվգենի Օնեգինը, Թամար թագուհին, Բալզակը, Բաղիրովը և Շոթա Ռուսթավելին․-բոլոր նրանք, ում անունը ռադիոյից կամ որևէ տեղից երբևէ կաթել է արտաշների ականջը։
Սա ցեխոտվածի ցեխոտելու ցանկությու՞ն է, թե՞ աշխարհն ունի մի ուրիշ երես, որ ցույց է տալիս միայն նրանց։ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով, Արտաշն իր պատկերին է բերում աշխարհը։
-Վիկտոր Համբարձումյանին Կանադայի ակադեմիայի անդամ են ընտրել։
-Կեցցե Վիկտոր․․․մալադեց տղա․․․նշանակում է իր գործը լավ է դասավորել Վիկտորը․․․
Ծնվում ենք, դասավորում-ապրում, մեռնում։ Դասավորելու վրա է հիմնված աշխարհը։
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան
Աղբյուրներ՝ Նանա իշխանուհու կամուրջը, Երևան, 2006
Լեզվի պոեզիան/հարցազրույցը՝ Ալլա Մարչենկոյի/ «Вопросы Литературы», N 12, 1980
Լուսանկարը՝ Զավեն Խաչիկյանի