Ինչպես գրականության ու արվեստի, մշակութային, հասարակական կյանքի շատ ու շատ երևույթների մասին, Հովհաննես Թումանյանի մասին Հրանտ Մաթևոսյանի խոսքը ճշգրիտ, բյուրեղացած ու հյութեղ է: Թումանյանի գործին, կերպարին ու գրականությանը, Մաթևոսյանը վերադառնում ու վերադառնում է տարբեր առիթներով, ամեն անգամ կարծես փորձելով թե՛ խոսք ու գրի միջոցով նորովի բացահայտել ու հասկանալ բանաստեղծի մեծությունը, թե՛ ապրումակցել նրան, թե՛ հարգանքի տուրք մատուցել: Գուցե երեքն էլ միաժամանակ: Մաթևոսյանի Թումանյանը անբաժան է հայ ժողովրդից, միաժամանակ կանգնած է բարձր ու գտնվում է խորքում՝ անհասանելի վայրերում, որտեղ մեր մեծերից քչերն են հայտնվել: Իմաստության բարձունքների այդ վայրերն անհասանելի են թվում, սակայն կարող են բացվել մարդու առջև, եթե լինի դրանց հետ առնչվելու ցանկությունը, սերը և ձգտումը լինել ավելին քան կաս:
- «Նրա կյանքն, այո, նույնությամբ կրկնում է իր ժողովրդի հիսնամյա կյանքը, բայց նրա գործն արդեն կրկնությունն է իր ժողովրդի բոլոր դարերի ոլորտների կյանքի՝ առասպելների ժամանակներից մինչև գալիք դարեր: Քաոսի մեջ կանգնած՝ նա ինքը հստակությունն էր, ինչի որ ասում էր եղիր՝ հստակվում ու լինում էր մեկընդմիշտ: Իր հավերժի ճամփորդի նման (ես գիտեմ, որ այնտեղ հավերժի ճամփորդ չէ, խորհրդավոր ծերունի է), իր հավերժի ճամփորդի նման ինքը անցնում է մարդկանց այս երկրով և ուր ոտք է դնում՝ հայոց տարածություններ ու ժամանակներ են բացվում, հայկականության կնիք է դրվում բնության, կենդանիների, մարդկանց ու դեպքերի վրա»:
- «Թումանյանից առաջ մենք ամեն ինչ ունեինք և ոչինչ չունեինք, ինչպես որ աստվածային Բանից առաջ ամեն ինչ կար և ոչինչ չկար: Մենք հող ու հայրենիք, բարեկամ և թշնամի, ջանք ու տառապանք, խինդ ու ծիծաղ և անգամ հազարամյա մշակույթ ունեինք՝ բանարվեստի, զարդարվեստի, երգարվեստի մի ամբողջ լեռնաշխարհ, որի վերընթացն իզուր էր լինելու, եթե չպսակվեր իրենով՝ Արարատով: Մաքուր վաղորդայնի պես, որպես մաքուր վաղորդայն՝ Թումանյանը ցողվեց այդ ամենի վրա, փռվեց, սփռվեց, բացեց, բացահայտեց այդ ամենն ու իրեն այդ ամբողջի մեջ և հավաքեց այդ ամբողջը իրենով ու իր շուրջը: Այդպես մեկ էլ հայրենիքն է իմաստ ու նշանակություն տալիս իր մեծուփոքրի ջանքին, իր կենդան ու անկենդան գոյին»:
- «Թումանյանով՝ մենք կանք: Առանց Թումանյանի՝ մենք չկանք: Տարազգի-տարալեզու գրականության մեծ աշխարհ մենք մտնում ենք Թումանյանով՝ և այդ աշխարհը այլևս մեր հայրենի եզերքն է: Առանց Թումանյանի՝ այդ եզերքը մերը չէ, այլև մենք այդ աշխարհի առջև կանգնած ենք աղքատ ազգականի մեր խեղճ ու ցածր թշնամանքով»:
- «Այնքան լոռեցի՝ որ թվում է, թե նա համազգային էլ բանաստեղծ չէ, այնքան հայկական՝ կարծես նեղ ազգային-կենցաղագիր, վաղածանոթ՝ որպես մեր պապերի խորհուրդները, առարկայական՝ կավի ծանրությամբ՝ հյուսված ամբողջությամբ առարկայից ու շարժումից, իմաստասիրության տարրն իսկ չունեցող նրա գրականությունը մի հոյակապ ճախր է համազգային, համաշխարհային մտքի օլիմպիական բարձունքներում։ Դա գեղարվեստի անթերին է և իմաստասիրության էլ անթերին, որովհետև իմաստասիրություն է գեղարվեստի հուժկու թևերով»։
Աղբյուրը՝ http://www.hrantmatevossian.org/ կայք