Ինձ թվում է, որ շուտով բոլոր օրերը կանցնեն
և միայն դուդուկը կխոսի և մենք բոլորս կլռենք,
որովհետև հնարավոր չէ խոսել,
երբ կոկորդդ լցված է արցունքով:
Ինձ թվում է, որ շուտով,
շատ շուտով կանցնեն բոլոր հնարավոր օրերը:
Եղևնիներից կկախվեն գունավոր խաղալիքներ
և մի աղջնակ ուրախ ոտանավոր կարտասանի
հենակների վրա ճոճվելով և զարմացած կնայի
մեր տխուր դեմքերին, որովետև հնարավոր չէ ժպտալ,
երբ աչքերդ լցված են արցունքով:
Ինձ թվում է, որ վերջում կմնա միայն մի օր:
Համընդհանուր ջերմության ընդամենը մի օր:
Արևոտ ու տաք օր, անտանելի շոգ օր և կեսօրին
կհալվեն սառած սրտերը իրար ետևից
և ջուրը հետզհետե կբարձրանա, և ջրի տակ կմնան
բարձրահարկ շենքերը, լեռները կիսամաշ
և կլինի ջրհեղեղը վերջին
և ջրի տակ կմնանք բոլորս, որովհետև
հնարավոր չէ ապրել,
երբ աչքերդ լցված են արցունքով,
երբ արցունքով է լցված կոկորդդ…
Մի-մի բաժակ օղի խմեցինք
Մի-մի բաժակ օղի խմեցինք, որ լացը թեթև լիներ,
հետո էլի խմեցինք, որովհետև լացը պիտի լիներ երկար,
հետո ձյուն եկավ մի ջահել կնոջ հետ, բոլորովին
մենակ մնացած մի կին, որը խնդրեց չորս
գերեզմանափոս փորել իր ընտանիքի` ամուսնու և երեխաների համար,
ինքը, հասկանալի է, չէր կարող` ի՜նչ կնոջ գործ է
գերեզմանափոս փորելը, ձմռան սկզբին, երբ հողը
քարացել է մեր սրտերի պես, և ոչ օղին է օգնում,
և ոչ էլ դուդուկը. – Չէ, –
հանկարծ ասաց կինը,- մի փոսը
հերիք է, թող բոլորը միասին լինեն, երեխեքս փոքր են,
թող հայրը հետները լինի, ինչքան չլինի երեխա են,
չվախենան հանկարծ…
…Ու ձյունը թեև կտրվել էր վաղուց, բայց կինը
շարունակում էր ճերմակել…իսկ մենք, սևացած
սրտերով կանգնել էինք նրա կողքին և առանց ամաչելու
բարձրաձայն լալիս էինք մեր լացը,
որը պիտի շատ երկար լիներ…
Դեկտեմբերյան այն գիշեր
…Դեկտեմբերյան այն գիշեր դու արտասվեցիր
քաղաքի պարիսպների տակ` չթաքցնելով
արցունքներդ, ինչպես տարիներ առաջ, երբ
հայրդ հրաժարվեց ապրել այս աշխարհում:
Դեկտեմբերյան այն գիշեր` ծալվող ծնկներով,
պարիսպների տակ կանգնած – ես չգիտեի,
մեծ ցավը միայնակ չի գալիս:
Ես էլ էի արտասվում բոլորի հետ: Իսկ հետո,
օրեր և ամիսներ հետո, երբ չարչարվում էի
ու ոչինչ չէի կարողանում գրել, հասկացա,
որ իմ ամենակարևոր բառերն արտասվել եմ
ավերված քաղաքի պարիսպների տակ…