Ամբողջ աշխարհում ընթերցողների շրջանակում մեծ ժողովրդականություն են վայելում նոնֆիքշըն, մոտիվացիոն գրքերը։ Դրանց առավելապես առանձին՝ իրենց գործունեության ոլորտներում հաջողություն ունեցած մարդկանց կյանքի ու փորձառության պատմություններ են՝ համեմված հեղինակների օգտակար խորհուրդներով։ Հայաստանում նույնպես այս գրքերը մեծ տարածում ունեն։ Հայտնի թարգմանական օրինակների կողքին ստեպ-ստեպ հայտնվում են նաև հայ հեղինակների գործեր։ Մարկետոլոգ Գոռ Կարապետյանի «Հաջողության թաքնված կողմը 181 Էջ քո ապագայի մասին» գիրքը լույս է տեսել 2022 թվականին։ Ինչպես վկայում է վերանագիրը, այն հաջողության հասնելուն ուղղված ձեռնարկ է, որն օգտակար խորհուրդներ ունի մասնագիտական կողմնորոշման, առաջնորդության, անձնային աճի վերաբերյալ։ Հեղինակը շեշտում է ներկայացվող նյութի կարևորությունը հատկապես մեր օրերում և հատկապես Հայաստանում՝ կարևորելով այն ներուժը, որ ունեն մեր երիտասարդները և սեփական փորձառությամբ ցույց տալով այն հնարավորությունները, որ կան հաջողության հասնելու համար։ Art365-ը ներկայացնում է մի հատված-պատմություն գրքից։
Հաջողության թաքնված կողմը․ 181 Էջ քո ապագայի մասին
Ի՞նչ անել 10 մլն դոլարը
Հայրը կարծում էր, որ իր որդին անհաջողակի մեկն է։ Նախորդ անհաջող աշխատանքային փորձերը, պարտքերն ու գինեմոլությունն ավելի էին ամրապնդում այդ կարծիքը։ Ինքը ևս իր մասին արդեն լուզերի կարծիք ուներ։ Մի անգամ այգում թափառելիս մոտակա թփերի մեջ մի ճամպրուկ նկատեց։ Շտապելով մոտեցավ ու բացեց, և ի՜նչ՝ լիքը գումար՝ միլիոնավոր դոլարներ։ Արագ փակեց ճապրուկը, աջ ու ձախ նայեց՝ համոզվելու համար, որ իրեն չեն նկատել և շտապեց դեպի իր տուն։ Ամբողջ ճանապարհին վախի ու կասկածանքի, միաժամանակ ուրախության խառը զգացումները եռում էին նրա ներսում։
Տուն հասնելով՝ ներսից կողպեց դուռը, բացեց պայուսակն ու ամբողջ տարողությունը լցրեց հատակին։ Միլիոնավոր դոլարներ։ Մոտ 10 մլն դոլար։ Իրականացած երազանքներ, բոլոր խնդիրների ակնթարթային լուծում, նոր հնարավորություններ։ Ամբողջ գիշեր այս մտքերի պատճառով չէր կարողացել աչք փակել։ Ինչպե՞ս օգտագործել գտածը, որպեսզի ավելորդ ուշադրություն և կասկածներ չառաջացնի, ինչպե՞ս լեգիտիմացնել այդքան գումարը։ Եվ ահա մի միտք։ Եվս մեկ անգամ փորձել հորից պարտքով գումար վերցնել, մի փոքր գործ սկսել ու դրան զուգահեռ սկսել օգտագործել գտած գումարը։ Դա կծառայի որպես ծխածածկույթ և կօգնի ցրել բոլոր հավանական կասկածները։
Այդպես էլ վարվեց։ Հայրը թեև մեծ դժկամությամբ ու կասկածանքով, բայց, այնուամենայնիվ, հերթական հնարավորությունն էլ տվեց որդուն։ Տրամադրված գումարով նա անշարժ գույքի առք ու վաճառքի մի փոքրիկ գործ հիմնեց։ Գնեց մի հարմար հողատարածք և փորձեց առավել թանկ գնով վաճառել։ Գործարքը հաջող ընթացավ։ Այս ամենին զուգահեռ նա իր գտածոն ի պահ դրեց բանկում՝ ոչ ավանդի տեսքով, իհարկե. դա անմիջապես աչք կծակեր ու կասկածներ կհարուցեր։
Ժամանակի ընթացքում ևս մի քանի հաջողակ գործարքներ էլ կնքեց այդ քաղաքում, այնուհետև ընդլայնելով աշխարհագրությունն ու մասշտաբներն՝ այլ քաղաքներ ևս մուտք գործեց։ Ի վերջո, նա շատ հարստացավ՝ նույնիսկ մոռանալով, որ բանկում ի պահ տված խոշոր գումար ունի։
Երբ արդեն բավականաչափ հարստացել էր, հիշեց գտած գումարի մասին, որոշեց այն արդեն ներդնել որպես ավանդ։ Գործարքի ժամանակ բանկի աշխատակիցը մեծ զար մանքով բացահայտեց, որ այդ գումարն ամբողջությամբ կեղծ է...
Պատկերացնո՞ւմ ես՝ այս ամբողջ ընթացքում՝ առաջին անհամարձակ մտքից մինչև կայացած գործարար դառնալու պահը նրան առաջ մղած գումարն ամբողջովին կեղծ էր։
Չնայած դա արդեն կարևոր էլ չէր. նա փաստացի ավելին ուներ, քան գտել էր անցյալում։ Նա ավելին ուներ իր ներսում, իր մտքում, քան որևէ գումար այդ ամենը կարող էր երբևէ ապահովել։ Նա հաղթահարել էր ինքնադատապարտումը, ինքնախղճահարությունը, այլոց, այդ թվում՝ իր ծնողի կաղապարված կարծիքն իր մասին, նա սկսել էր նկատել հնարավորությունները, նա սովորել էր կապեր ձևավորել, հմտություններ զարգացրել։
Եվ հենց դա էր նրան բերել հաջողության. ո՛չ գումարը, ո՛չ գումարի մասին միտքը, այլ խնդիրներ սահմանելու և հնարավոր լուծումներ գտնելու նրա ձգտումը։ Այս պատմությունն ինձ տարիներ շարունակ շատ է ոգևորել. ինձ համար նույնիսկ էական էլ չէ՝ դա իրական դեպք է, թե՝ ոչ։
Միտքը շատ հստակ է ու մոտիվացնող։ Հնարավորություններ միշտ կան, անհրաժեշտ է պարզապես նկատել դրանք, նախաձեռնող, համարձակ ու համառ լինել, և ամեն բան կստացվի։ Մենք ապրում ենք հնարավորությունների մեջ, բայց հաճախ ինքներս մեր մասին կարծիքը կամ այլոց կարծիքը սահմանափակում են մեզ՝ մղելով դեպի անգործության փակուղի։