Հայ ժողովրդի անվանադիր նախնու՝ Հայկ Նահապետի պատմությունը, նրա հաղթանակը Բելի նկատմամբ հայտնի ու սիրված է Մովսես Խորենացու ներկայացմամբ: Այս պատմությունը փոքր ինչ այլ կերպ ներկայացնում է մեր մեկ այլ պատմիչ Սեբեոսը(7-րդ դար): Սեբեոսի պատումը քչերին է ծանոթ է, սակայն այն նոր ու հետաքրքիր մանրամասներով է լրացնում մեզ արդեն հայտնի պատմությունը: Օրինակ, պարզվում է, որ Խորենացու անճոռնի Բելը «հույժ գեղեցիկ տեսք ուներ», նաև կախարդությամբ էր զբաղվում և այլն: Սեբեոսը նաև պատմելու յուրահատուկ ու տարբերվող ոճ ունի: Հետաքրքիր ու ինքնատիպ է Հայկի ու Բելի երկխոսությունը:
Սեբեոս պատմիչը Հայկի և Բելի մասին
Գլուխ Ա
Բայց ես նախ և առաջ սկսեմ պատմել սարսափազդու արքայի և արի մարդու մասին վեպը. նախ նախնիների պատմությունները, որտեղից եղավ ողջ երկրի լրիվ բնակեցման սկիզբը և ապա նրանց կցել հսկայազունների զրուցախառն վեպերն ու ունայն առասպելները անմիտ զորությունների, որոնց, մեծ աշտարակ կառուցելու պատճառով <հողմը> առհավետ ցրեց մեծ անապատով մեկ, ուր անդադար <տարբեր> բարբառների անլուր կացության մեջ Տիտանը սուր վերցրեց ընկերոջ դեմ և առաջինը թագավորեց երկրի վրա Տիտանյան Բելը մարդկային ամենայն ազգերից իրեն բարձր էր կարծում. չէր ճանաչում իր էությունը, այլ մարդկային բոլոր ազգերին իրեն ծառայության էր կանչում: Ապա այն ժամանակ Աբեթածին Հայկը չկամեցավ հնազանդվել Բել արքայի ծառայությանը. հրաժարվեց նրան աստված կոչել: Այնտեղ Բելը մարտի գնաց Հայկի վրա, իսկ արի Հայկը աղեղով հալածեց նրան: Արդ` սա այն Հայկն է, որ Բաբելոնում ծնեց իր որդի Արամենակին: Եվ ծնեց Արամենակը բազում ուստրեր և դուստրեր, որոնցից անդրանիկը Արամայիսն է: Եվ ծնեց Արամայիսը բազում ուստրեր ու դուստրեր, որոնցից անդրանիկը Ամասիան է: Եվ ծնեց Ամասիան բազում ուստրեր ու դուստրեր, որոնցից անդրանիկը Գեղամն է: Եվ ծնեց Գեղամը բազում ուստրեր ու դուստրեր, որոնցից անդրանիկը Հարման է: Եվ ծնեց Հարման բազում ուստրեր ու դուստրեր, որոնցից անդրանիկը Արամն է: Եվ ծնեց Արամը բազում ուստրեր ու դուստրեր, որոնցից անդրանիկը Արա Գեղեցիկն է:
Արդ` այս են տոհմապետ այրերի` Բաբելոնում ծնված անդրանիկների և Արարադի երկրից դեպի հյուսիսի կողմերը գնացածների անունները: Քանզի չվեց գնաց Բաբելոնից Հայկը կնոջով, որդիներով և ամենայն աղխով հանդերձ: Եվ գնաց բնակվեց Արարադ երկրում`այն տանը, որ լեռան ստորոտում էր, որ առաջ շինել էր Զրվանը հոր և եղբայրների հետ:
Եվ ապա Հայկը իբրև ժառանգություն` այն տվեց իր Կադմոս թոռին` Արամենակի որդուն: Եվ ինքը չվեց անցավ այնտեղից էլ դեպի հյուսիս և գնաց բնակվեց մի բարձրավանդ դաշտավայրում, և այն դաշտի անունը Հայրերի անունով կոչվեց Հարք:
Իսկ երկիրը, ինչպես նրան արժանի էր, անվանակոչվեց Հայք, ուր բնակվում են հայազգիներով:
Եվ արդ` այս Հայկը զորությամբ հզոր, էությամբ բարի, աղեղով կորովի և քաջամարտիկ էր: Այն ժամանակ Բաբելոնում թագավորեց հսկա որսորդ Տիտանյան Բելը, չաստվածացյալ բռնակալը, որը սաստիկ զորություն ուներ և հույժ գեղեցիկ տեսք: Եվ բոլոր ազգերի իշխանն էր, որոնք սփռվեցին ամենայն երկրի երեսին: Նա աչառու կախարդությամբ հնարքներ գործադրեց և թագավորական հրամաններ <արձակեց> ամենայն ազգերին, իր ամբարտավան գոռոզությամբ կանգնեցրեց իր արձանը և երկրպագել ու զոհեր մատուցել տվեց` իբրև աստծո:
Իսկույն ևեթ բոլոր ազգերը կատարեցին նրա հրամանները, բայց Հայկ անունով մեկը` ազգերի նահապետ, չհնազանդվեց նրա ծառայությանը, նրա արձանը չկանգնեցրեց իր տանը և չմեծարեց նրան աստվածավայել շուքով:
Նրա անունը Հայկ էր: Նրա նկատմամբ Բել արքան մեծ ոխով լցվեց: Եվ Բաբելոնում զորաժողով արեց ու դիմեց գնաց Հայկի վրա` նրան սպանելու: Եկավ հասավ Արարադ երկիր` այն տունը, որը նրանց նախնիներինն էր, և որը շինել էր լեռան ստորոտում: Կադմոսը փախստական գնաց Հարք` իր հոր մոտ` նրան լուր տալու, և ասում է. «Բել արքան դիմել գալիս է քեզ վրա և եկավ հասավ մինչև <մեր> տան կող- մերը, և ես իմ կնոջով ու որդիներով ահավասիկ փախստական գալիս եմ»:
Հայկը վերցրեց Արամենակին, նրա որդի Կադմոսին, նրանց որդիներին, իր յոթ դուստրերի որդիներին ու սակավաթիվ հսկա այրերի: Եվ Հայկը ելավ Բել արքայի դեմ, բայց չկարողացավ սպառազեն հսկա այրերի բազմությանը դիմակայել: Այնտեղ Հայկը ելավ Բելի դեմ, և Բելը կամեցավ նրան իր ձեռքը գցել: Խույս տվեց Հայկը նրանից և գնաց փախստական, իսկ նրա հետևից փութով գնաց նաև Բելը իր զինակրի հետ:
Հայկը կանգ առավ և ասաց նրան. «Ինչո՞ւ ես կրնկակոխ գալիս իմ հետևից, դարձի՛ր շուտով քո տեղը, որ չմեռնես այսօր իմ ձեռքով, քանի որ իմ նետը չի վրիպում»: Բելը պատասխան տվեց և ասաց. «Նրա համար, որ չընկնես իմ կտրիճների ձեռքը և մեռնես, հանձնվի’ր իմ ձեռքը և խաղաղությամբ ապրի’ր իմ տանը` ղեկավարելով իմ տան որսորդ զինվորներին»:
Պատասխան տվեց նրան Հայկը և ասաց. «Շուն ես դու և շների ոհմակից. և՛ դու, և՛ քո ժողովուրդը: Եվ դրա համար այսօր իսկ պիտի դատարկեմ իմ կապարճը քեզ վրա»: Տիտանյան արքան սպառազինվեց և հույսը դրեց իր կուռ սպառազինության վրա: Եվ Աբեթյան Հայկը մոտեցավ. իր ձեռքին բռնել էր աղեղը, ինչպես մայրափայտի հզոր գերան: Հայկը կանգ առնելով` պատրաստվեց նրա դեմ աղեղով: Եվ գետնից վեր տնկեց նետը լայնալիճ աղեղի մեջ և քաշելով աղեղը` նետով զորությամբ խոցեց երկաթի լանջապանակը և պղնձի վահանի միջով մխրճեց մսեղեն արձանի մեջ. ձգված նետը խրվեց գետնի մեջ. իսկույն գետին կործանեց աստվածակարծյալ հսկային, իսկ նրա զորքը փախուստի դիմեց: Եվ նրանք հետապնդելով խլեցին նրանցից ձիերի, ջորիների և ուղտերի երամակները:
Հայկը դարձավ իր տեղը և գնաց գրավեց Արարադ երկիրը ու բնակություն հաստատեց այն տեղ իր ազգով մինչև այժմ: Եվ երբ ինքը մեռնում էր, այն` իբրև ժառանգություն, տվեց իր Կադմոս թոռանը` Արամենակի որդուն, Հարմայի եղբորը: Իսկ Արամենակին հրամայեց գնալ դեպի հյուսիս, ուր ինքն իսկ դադար առավ նախկինում: Եվ եղավ` Հայկի մահից հետո Արամենակը վերցրեց իր որդիներին, իր դուստրերին ու նրանց ամուսիններին, յոթ քույրերին ու նրանց ամուսիններին, ուստրերին ու նրանց դուստրերին և ամբողջ իր տոհմին ու գնաց բնակվեց դարձյալ առաջին գավառում, որն իրենց հայրերի անունով կոչեցին Հարք: Ապա Արամենակը այն տեղից էլ շարժվեց դեպի հյուսիս և գնալով իջավ մի խոր դաշտավայրային երկիր, որը գտնվում էր բարձրաբերձ լեռների միջև, և նրա միջով կտրումանցնում է հորդառատ գետ, որն անցնելով` Արամենակը բնակություն հաստատեց այն տեղ և այդ լեռնային ու քարքարոտ վայրը շինեց իր ժառանգական երկիրը:
Արամենակից հետո նրա որդի Արամայիսը գետեզրի վրա իր համար շինեց բնակության տուն և նրա անունը, ըստ իր անվան, անվանեց Արամայիր: Եվ նրա որդիները սկսեցին բազմանալ ու լցնել երկիրը: Եվ հիմնեցին գավառներ: Մեռավ և Արամայիսը, և երկրին տիրեց նրա որդի Ամասիան: Եվ ապա նրանից հետո` Գեղամը: Մեռավ Գեղամը, և տիրեց նրա որդի Հարման, ապա` Հարմայի որդի` Արամը: Ապա` նրա որդի Արա Գեղեցիկը, որի անունով էլ այն դաշտը կոչվեց Այրարադ:
Աղբյուրը՝ Սեբեոս, Պատմություն, /թարգ. գրաբ. Գ. Խաչատրյանի և Վ. Եղիազարյանի/, Երևան, 2004:
Նկ.Ջ.Զասսո