Կոստան Զարյանը(1885-1969) ընթերցողական լայն շրջանակներին հայտնի է առավելապես իր «Նավը լեռան վրա» վեպով։ Ոչ պակաս հետաքրքիր ու ուշագրավ է մեծ գրողի «Անցորդը եւ իր ճամբան» վեպը։ Այն հեղինակը գրել է 1926-1927 թթ․ և անվանել «համայնավէպ»։ Ինքնակեսագրական բնույթ ունեցող այս գործում ներկայացվում է 20-րդ դարասկզբից մինչև 1920-ական թվականներն ընկած շրջանի հայ ժողովրդի կյանքն՝ իր մեծ ողբերգություններով, անկումներով, անցյալի ու ներկայի պատմությամբ, տագնապներով, սակայն նաև հոգևոր վերելքի ու զարթոնքի սպասումներով։ Մեծ ներշնչումով գրված այս գործը, թեև որոշ դեպքերում կարող է էսսեների հավաքածու կամ մշակութաբանական ուսումնասիրություն հիշեցնել, սակայն ամբողջության մեջ, ինքնօրինակ մի վեպ է, որն իր հակասական ու վիճելի հատվածներով հանդերձ, խորհուրդներ ունի բոլոր ժամանակների համար։ Ներկայացնում ենք հատված այս չափազանց ուշագրավ գործից։
Անցորդը եւ իր ճամբան
Արեւելք եւ արեւմուտք
Մեր հոգեկան սնունդը Արարատից է գալիս՝ չոր ու ցամաք, տնտեսապէս անպէտք մի լեռ։ Եւ ի զուր չէ, որ հայ ժողովուրդը պատմութեան մէջ չտեսնուած չարչարանքներ է կրել․ միլիոնաւոր զոհեր է տուել, ծով արիւն է թափել այդ լեռը չկորցնելու համար։
Եթե մենք ուրանանք մեր անցեալը, դաւաճանենք մեզ, եւ, հետեւելով իրապաշտ առաքեալների դաւանանքին, ընդունենք քաղաքակրթական շուկայում մեզ վիճակւած փոքրիկ խանութպանի դերը, մենք կը ստորագրենք մեր մահը։
Հայաստանը կը լինի ինչպես այսօր, Մոսկւայի առջեւ դողացող մշտնջենական մուրացիկ, որը պէտք ունի դրամագլխի, որպէսզի աշխատի, պէտք ունի շուկայի՝ որպէսզի ծախի, պէտք ունի դրական գիտութեան՝ որպէսզի մտածի։
Ես ուրանում եմ ծխնելոզային եւ ստամոքսային այդ Հայաստանը։
Ուրանում եմ փոքրամիտ եւ անթռիչք այն մարդկանց, որոնք ոստիկանի ձեւերով, Հայաստանը փոքրիկ շուկայի են վերածում։
Ուրանում եմ նրանց ագահ, անօթի եւ յանդգնութեան այդ աշխարհը, ուր քաղաքացին խլուրդ է եւ «գաղափարականը» ՝ աղւէս։
Մեր երկիրը այն բախտավոր վայրերիցն է, որոնք չեն կերակրում, այլ կերակրւում են։ Այդպէս էր Աթէնքը, այդպէս էր Հռոմը եւ այդպէս է Արեւելքի մեծ մասը։
Ուստի, հայ լինելը պահանջում է մեծ ճիգ, հոգեկան կենտրոնացում, զոհաբերութեան ոգի․ խոր հաւատք եւ առաքելական մոլեռանդություն։
Արեւմուտքը խենթացած գազանի նման, քերում է երկրագնդի մակերեսը նոր գանձեր գտնելու համար, եւ անգիտակցաբար փորում է իր գերեզմանը։ 18-րդ դարից նա ժառանգել է նիւթապաշտ իմացականութեան դիւրին զէնքը, որով կարողանում է յաղթել բնութեան տարերային ուժերին։ Նա ուրանում է հոգական արժէքների աւանդական շաղկապումը, մարդը իրի է վերածում, ազգութիւնը՝ տնտեսական ազդակի ու խորհուրդը՝ նախապաշարումի։ Ու իր ծոցից դուրս եկած լաւագույն խորհողները՝ Շպենգլեր, Կայզերլինգ եւ շատ ուրիշներ, վկայում են նրա մտաւոր մահը։
Բոլշեւիզմը ծնւած է ոչ թէ, ինչպէս շատերը կարծում են եւ ինչպէս առաջ կարծում էի ես եւս, վերջին հարւածը տալու համար մեռնող այդ աշխարհին, այլ ընդհակառակը, բռնութեան ուժով, շարունակելու համար նրա հոգեվարքը։
Նոր մշակոյթային շրջանը սկսւում է Արեւելքում։
Չմոռանանք, որ քրիստոնէութիւնը առաջ եկաւ Հրէաստանի ամենայետամնաց եւ աղքատիկ գաւառի մէջ, Հռոմէական կայսրութէան հզօրագույն դարում։
Հայոց աշխարհը, արիւնի եւ մահի ողբերգական այդ երկիրը, այլեւս յղի է բոլոր կարելիութիւններով։
Արարատի աստւածաշնչական ոգին պատրաստ է ճառագայթելու, նրա թաքնւած ստեղծագործական թափը, հսկայ սերմի նման, պայթելու վրայ է, ու դարը մօտենում է, երբ վերջապէս հայ ժողովուրդը պիտի գտնէ ինքն իրեն։ Լինի այն, ինչ որ է՛։Կատարի իր դերը, ասի իր խոսքը։
Մեզ վիճակւած է ապրել բարձրաւանդակի վրայ։ Մեր դաշտերը եւ մեր լճերը մագլցում են դէպի լեռը։
Վայ մե՛զ, եթէ վար իջնենք, կընկնենք արդի քաղաքակրթութեան ծխնելոյզի տակ, մեքենայի մաս կը դառնանք կամ խանութպան։
Հայաստանում դեռ հովիւներ կան։ Նրանք ճանաչում են աստղերը եւ քաջ գիտեն բոլոր ճանապարհները։
Մշակոյթը հովիւների գիտութիւն է։
Աղբյուրը՝ Կոստան Զարեան, Անցորդը եւ իր ճամբան, Երևան, Սարգիս Խաչենց-Փրինթիֆո-Անտարես, 2020: