Պատմական Ուտիք նահանգի, այսօր Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի հարևանությամբ է գտնվում խոնարհված սակայն իր հմայքն ու հոգևոր նշանակությունը պահպանած Խորանաշատի վանքը։ Այս տարի նշվում է վանքի հիմնադրման 800-ամյակը։ Հեռավոր 1222 թվականին հիմնված վանքը՝ իր եկեղեցիներով հայկական միջնադարյան ճարտարապետության լավագույն նմուշներից է։ Համալիրը բաղկացած է եղել Սուրբ Աստվածածին, Սուրբ Կիրակի, Սուրբ Ճգնավոր եկեղեցիներից, առաջինին կից գավթից և շրջակայքում գտնվող աշխարհիկ բնույթի այլ շինություններից։
Սակայն վանքի մեծ հռչակը կապված է հատկապես նրա գիտակրթական գործունեության ու հոգևոր նշանակության հետ։ Խորանաշատի վարդապետարանում են սովորել 13-րդ դարի այնպիսի նշանավոր գործիչներ՝ պատմիչներ, աստվածաբաններ, հոգևորականներ, ինչպիսիք են՝ Կիրակոս Գանձակեցին, Վարդան վարդապետը ու Գրիգոր Ակներցին, Առաքել, Հովսեփ ու Իսրայել եպիսկոպոսները և այլք։
Վանքը հիմնադրել է նշանավոր գիտնական, ուսուցչապետ, աստվածաբան Վանական վարդապետ Տավուշեցին (1181-1251)։ Իր ուսումն ու քահանայական օծումն ստանալով Նոր Գետիկի հռչակավոր վանքում՝ աշակերտելով վանքի հիմնադիր Մխիթար Գոշին, Վանական Վարդապետը վերադարձել է հայրենի Տավուշ և ամենայն հավանականությամբ 1209 թվականին Վահրամյան իշխանների մեկենասությամբ Չինարի գյուղից մոտ 2.5 կմ արևելք ընկած մի տափարակում հիմնադրել Խորանաշատի Սուրբ Աստվածածին հոյակերտ եկեղեցին։
Եկեղեցու շինարարությունն ավարտվել է 1222 թվականին։ 1229 թ. մոնղոլների արշավանքի հետևանքով վանքն ավերվում է, իսկ Վանական Վարդապետն իր աշակերտների հետ ապաստանում է Տավուշի բերդի հարևանությամ մի ժայռի վրա։ Նա մի քարայրում եկեղեցի է կառուցում ու շարունակում դպրանոցի գործունեությունը։ Սակայն մոնղոլների արշավանքները շարունակվում են և հայտնի է, մի դրվագ, թե ինչպես քարայրում ապաստան գտած բնակչությունը փրկվում է շնորհիվ Վարդապետի խիզախության ու քաջության։ Նա կարողանում է համոզել մոնղոլ առաջնորդին բաց թողnել բնակչությանը։ Վերադառնալով Խորանաշատ՝ Վարդապետը շարունակում է իր գործունեությունը։
Հայտնի է, որ նա 1238 թվականին հատուկ հրավերով՝ որպես հռչակավոր վարդապետ մասնակցել է Գանձասարի Սուրբ Հովհաննես եկեղեցու օծմանը։ Նա կարևոր դերակատարություն է ունեցել այդ շրջանի հասարակական, քաղաքական կյանքում, միջեկեղեցական հարաբերություններում։ Մահացել է 1251 թ․։
Խորանաշատը նշանավոր գրչության կենտրոն է եղել։ Այստեղ մեծ մատենադարան է եղել, գրվել, կազմվել, խմբագրվել ու արտագրվել են բազում մատյաններ, կրոնական բովանդակությամբ ձեռագրեր։ Մաշտոցյան Մատենադարանում են պահվում Խորանաշատում ստեղծված մի շարք ձեռագրեր, որոնցից ամենանշանավորը՝ Խորանաշատի Ավետարանն է(1224):
Խորանաշատի վանքը գործել է շուրջ 200 տարի։ Հետագայում երկար դարեր շարունակել մնալ ուխտավայր ու տարածաշրջանի բնակչության սրբություն։ Վանքի դիրքը հնարավորություն չի տվել անկախության շրջանում այնտեղ վերականգնաման աշխատանքներ կատարել։ Սակայն մի քանի տարի առաջ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի և թեմի հոգևորականների նախաձեռնությամբ վանքը կրկին կենդանացավ։ Այս տարի չինարցի Գևորգ Սաղոյանի նախաձեռնությամբ, հովանավորությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, մասնակցությամբ Մաշտոցյան Մատենադարանի, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի, վանքի ուխտի օրը՝ մայիսի 28-ին հարյուրավոր ուխտավորներ այցելեցին վանք, Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարագ եղավ։
Մատենդարանից եկեղեցի բերվեց Խորանաշատի Ավետարանը։
Հաջորդ օրը Չինարիում վանքին նվիրված գիտաժողով և այլ միջոցառումներ եղան։ Կայացավ Խորանաշատին նվիրված եռալեզու պատկերագրքի շնորհանդեսը։
Հիմնադրումից 800 տարի անց էլ, նույնիսկ խոնարհված վիճակում նշանավոր վանքը Տավուշի բնակչության համար պահպանում է իր նշանակությունը։ Այն որպես ոգեղեն սահմանապահ կանգնած է սահմանին՝ որպես մեր վարդապետների հավատի ու նվիրումի, դեպի լույսն ու գիտությունը ձգտման, մեր ժողովրդի կամքի ու տոկունության խորհրդանիշ։