Նույն երազը մի քանի գիշեր անընդմեջ կրակի տեսքով կրկնվում էր: Բոցն ինչ-որ բանով նաև պղնձե թիթեղից արևի անդրադարձի էր նման, հոսող կապտականաչագույն լույսի կամ ժայռի վրա արևի տակ պառկած պսպղացող երկգույն մողեսի: Արթնանալուց հետո էլ շարունակվում էր զարմանքն ու զմայլանքը, երևակայությունս դեռ վառվում էր տեսածով: Տարօրինակը պղնձե թիթեղից անդրադարձող ճառագայթն էր, որ մեկ էլ հանկարծ անձևությունից կերպարանափոխվում, իմաստ էր ստանում:
Կարծես հոսող լույսի մեջ Մհերի կյանքի ընթացքը պատմող արձանագրություն լիներ. թե ինչպես էր նա ցերեկը երկնքից` կրակ, գիշերը սառնամանիք թափող անապատով, կախարդվածի պես պտտվել. ասես այդքան ժամանակ առաջ տանողն իր ստվերն էր եղել, ստվերը գնացել, ինքն էլ էր գնացել, հետևից շրջապտույտներ տալով, երբեք նրան չէր հասել. ավելի ու ավելի էր հեռացել հայրենի տնից:
Տեսնում էի, թե ինչպես էր քաղցը, մյուս օրը ծարավը տանջել, էն մի օրը շնագայլերի սովահար ոհմակը չորս բոլորը կաղկանձել: Թե ինչպես էին
երբեմն էլ ավազաբնակները հինգ-վեց հոգանոց խմբերով ձին ու զենքերը ձեռք գցելու նպատակով հետապնդել:
Բայց ամենասարսափելին` բոլոր վտանգներից խույս տալուց, ապահով վայր հասնելուց հետո մեկ էլ հանկարծ պարզվում էր, որ հայտնվել էր այն նույն ճանապարհի սկզբին, որտեղից սկսել էր:
Հետո աշխարհի չորս ծագերում թափառել, հուսախաբված Սասուն վերադառնալն էի տեսնում. թե ինչպես էր ծնողների կողմից վտարվել Ագռավաքար` ընդմիշտ այնտեղ թաղվելու, թե ինչպես էր քարայրի պատերի ճեղքերից նրա մենությունը սաստկացնող ծղրիդների կանչերը լսվում, առաստաղից պաղ եղյամը փաթիլներով կաթկթում, և նա դամբարանի խավարից դուրս գալու միայն մի պայման ուներ, ցորենը` ալոճի, գարին մասուրի չափ պիտի դառնար, սպասում ու սպասում էր:
Քնի մեջ վախեցած, խեղդվելով վեր էի թռչում, քրտնքի ու դառը մի բանի հոտի մեջ կորած, երկար ժամանակ չիմանալով` որտեղ էի:
Մի քանի օր տագնապների մեջ լինելով` չգիտեի՝ ում հետ էի խոսում, բայց անդադար հարցնում էի` ի՞նչն էր Մհերին բաժին հասած այդքան դաժան հալածանքների պատճառը, ինչո՞ւ պիտի տառապեր, որտեղից էին անողոք փորձությունները գալիս:
Նույն երազի իրար վրա կրկնվելը միաժամանակ իմ` ազգային վեպի ընկալման ու մտածողության մեջ շատ բան էր փոխել: Կարծես ձեռքիս
տարօրինակ մի բանալի էր հայտնվել, պիտի կարողանայի, առանց շփոթելու, նկուղի հարյուրավոր նուրբ դաջվածքազարդերով դռներից գանձարանի ճշմարիտ դուռը գտնել ու բացել:
Մհերի կամավոր գնալ, պաղ, մութ քարանձավում փակվելը հասկանալու համար փորձում էի այն մանկության տարիներին տեսած կենդանական աշխարհի ինքնապահպանության բնազդին նմանեցնել. ինչպես էին մսագործի ծնկի տակ մամլված ցուլը, խոյը կամ վարազը մորթվելու` շունչը տալուամենավերջին ակնթարթին էգի հետ զուգավորման նմանությամբ անգիտակից ռեֆլեքսային սերմնաժայթքումով հողը ողողում. տեսակը պահպանելու փրկության ակտ էին կատարում:
Գուցե Մհերն էլ զգացել էր կործանարար, իրար հաջորդող չարագույժ աղետների, խոշոր խառնակությունների, տեսակը բնաջնջող սև պատերազմների, որդեսերման սերմը փչացնող պտղաորդի մոտենալու ժամանակը: Գուցե հենց այդ պատճառով
էր հրաժարվել իշխանական Մեծ տան գահից, երկրի առաջնորդը լինելու բոլոր իրավունքներից, անսպառ հարստությունից: Ժողովրդի դարերով կերտած մշակույթը իր մեջ ներառած` գնացել, հազար ինը հարյուր տարի, երկու հազար տարի փակվել էր Ագռավաքարի նախամայր արգանդում, նյութական աշխարհից ամենայն ազգային վաստակած ունեցվածքը տեղափոխել էր հոգևոր ոլորտ` փորձելով իր հետ պահպանության տարած ժառանգությունը քսան դար հետո ապագա սերունդներին վերադարձնելով` փրկել մեր ինքնությունը:
Չնայած ազգային վեպի անտիպ պատումների մի քանի տարբերակներում հակառակն էլ կա: Մհերի հետագա կյանքի վերաբերյալ բոլորովին ուրիշ, մեկ այլ սյուժե էլ է պատմվում, թե ինչպես էր Ոստանակապանով անցնելիս մի իշխանի կողմից գերի վերցվել, հետո ինչպես են մտրակներով ստիպել միայն հաց ու ջրով երկար տարիներ քարհանքում ջորիների հետ ծանր աշխատանքներ կատարել, ինչպես է մինչև խոր ծերություն, տարեցտարի ատամնաթափվելով, ստրկության մեջ ապրել, ինչպես է մի օր էլ լուսադեմին մահկանացու ծերունու նման փլվել, հոգին ավանդել:
Սա է եղել Մհերը, մյուսներից ոչնչով չտարբերվող մարդը, ամբողջը, վերջը:
Բայց, սիրելի ուսանողներ, ավագանու կողմից Մհերի և հասարակ հողածինների կյանքերի միջև հավասարության նշան դնելու մտահղացումը ավելի ուշ` անհնազանդ երիտասարդների` Սասունը ոտնատակ տալու ժամանակ էր հատուկ նպատակներով հորինվել: Սակայն, կարծում եմ, բոլորդ էլ կհամաձայնեք, մեզ դեռևս դպրոցական տարիներին ուսուցանած Մհերի` Ագռավաքարում փակվելու պատմությունն է հարազատ, քանի որ բոլորիս նրան սպասելու հնարավորություն է տրվում:
Մանավանդ, երբ նրա կենդանության, ստույգ այնտեղ գտնվելու փաստը նաև հորթի հետևից գնացող Կոգահովիտ գյուղի հովիվն էլ է հաստատում, թե Համբարձման գիշերը Ագռավաքարի մուտքի մեջ կանգնած մարդը Մհերն է եղել, որի հետ զրուցել էր ինքը:
Այդ խորհրդավոր խոսակցության բովանդակությունն էր, որ հետագայում հովիվը հինգ ցրտադիմացկուն խաղողի վազի ու ծնած կովը հորթի հետ ստանալու դիմաց Սասունի հասարակության և գիտնականների առաջ պատմեց: Նրա` Մհերի հետ գիշերային հանդիպման և զրույցի լուրը միանգամից հեռավոր գավառներ էր հասել, երիտասարդների միտքն ու երևակայությունը բորբոքող ազդակ էր դարձել:
Չնայած ազգային վեպում Մհերի փակվելուց հետո մի ուրիշ բանի մասին էլ է խոսվում: Ձայնը:
Ձայն, որ արդեն մի անգամ էր հնչել և ամեն ուրբաթ էր հնչելու, բայց այն ոչ մեկին ծանոթ չէր, որովհետև լեռներից, անտառներից, ամպերից չէր գալիս: Ոչ եկեղեցական զանգերի, ոչ բնության աղետի, ոչ էլ գործիքներով արտահայտած մարդկային միջամտության արդյունք էր, այլ հողի միջոցով փոխանցվող, խորքի, ընդերքի ղողանջ էր, անընդհատ ուժգնացող թրթիռներով:
Քարայրի խորքից լսվող ձիու խրխինջի մասին ազգային վեպում հպանցիկ է հիշատակվում, բայց կարծում եմ` նրա ղողանջն էր, որ երիքովյան փողի անընդհատ ուժգնացող ձայնի պես Սասնո հասարակարգի և քաղաքական հետագա զարգացումների համար չափազանց վճռորոշ նշանակություն ունեցավ: Ագռավաքարի շրջակա բնակչության և երիտասարդների համար հատկապես ձայնն էր ցուցող եղել, որ գնային Սասուն: Գավառներից հենց նրանց զանգվածային տեղաշարժերն էին երկրի սոցիալ-հասարակական կառույցը կաթվածահար
արել, իշխանությանը խառնաշփոթի էին մատնել:
Մեծ տան երիցավագները, քաղաքապետարանի ավագանու խորհուրդն ինչքան էլ փորձում էին ոստիկանական կարգապահ տեսուչների միջոցով աննախադեպ իրավիճակի դեմն առնել, ժողովրդի վրա ունեցած երբեմնի անվիճելի իշխանությունը ձեռքից չթողնել, արգելել մասսայական տեղաշարժերը, ինչքան էլ իշխանական խնամակալ հոգևոր դատավորները փորձում էին ըմբոստներին աքսորով, զնդաններով վախեցնել, միևնույն է, բոլոր ջանքերը զուր էին անցնում:
Ամեն ուրբաթ Ագռավաքարից լսվող խրխինջը գյուղ գյուղի, ավան ավանի, քաղաք քաղաքի հետևից անդադար Սասուն էր ուղարկում` կանխելով իշխանության` ժողովրդին կրկին դեպի անցյալ տանելու բոլոր փորձերը:
Աղբյուրը՝ Լևոն Խեչոյան, Մհերի դռան գիրքը, Երևան, Անտարես, 2014: