• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Ինչպես կառուցվեց Մատենադարանը. պատերազմ, արգելքներ, խիստ նկատողություն...

Ինչպես կառուցվեց Մատենադարանը. պատերազմ, արգելքներ, խիստ նկատողություն...

1959 թ. մարտի 3-ին է սկսել գործել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի՝ ամբողջ աշխարհում ճանաչելի շենքը: Հայտնի է, որ Մատենադարանի շենքը կառուցվել է 1944-1959 թթ., սակայն  նախագծման աշխատանքները սկսվել են շատ ավելի վաղ՝ 1939 թ., երբ Էջմիածնում պահվող ձեռագրերը Երևանից տեղափոխվեցին Երևան: Շենքի  ճարտարապետ Մարկ Գրիգորյանի արխիվում պահպանվել է կրթության ժողկոմի նամակը, որով  Գրիգորյանին հանձնարարվում է Մատենադարանի շենքի նախագծումն ու կառուցումը:

«Հենց սկզբից հաստատապես որոշվեց շենքի նախագիծը կազմելիս ձեռագրերի պահպանման տեխնիկայի արդի նվաճումները զուգակցել Հայաստանի հնադարյան ճարտարապետական ձևերի օգտագործման հետ», -գրում է Մարկ Գրիգորյանը:

Այս նպատակով ճարտարապետը նախ մեկնում է Լենինգրադ՝ նմանատիպ գրապահոցների ճարտարապետությունն ուսումնասիրելու համար: Սակայն 1941 թվականին սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, և աշխատանքները դադարեցվեցին: 1943 թվականի նոյեմբերի հիմնադրվում է Հայաստանի գիտությունների ակադեմիան, որի առաջնահերթ ծրագրերից է դառնում Մատենադարանի շենքի կառուցման աշխատանքների վերսկսումը: Մարկ Գրիգորյանը դիմում է Թորոս Թորամանյանի դստերը՝ խնդրելով, որ իրեն թույլ տա ծանոթանալ Թորամանյանի արխիվում եղած Անիի գծագրերին: Դա կարևոր  դեր խաղաց Մատենադարանի շենքի ճակատային մասի ձևավորման գործում:


Հայ միջնադարի ճարտարապետությանն ավելի լավ ծանոթանալու համար Մարկ Գրիգորյանը կատարեց երկու ուղևորություն:   1944 թվականի ամռանը նա  պատմաբան Հռիփսիմե Ջանփոլադյանի և ճարտարապետ Ֆյոդոր Պասչենկոյի հետ այցելեց  Հաղպատի և Սանահինի վանքեր: Պասչենկոն այդ տարիներին Խորհրդային Միությունում գրադարանային շենքերի շինարարության առաջնակարգ մասնագետներից մեկն էր: Նույն տարի ճարտարապետը Սամվել Սաֆարյանի հետ եղավ նաև Սյունիքում՝ ուսումնասիրեց Զանգեզուրի պատմական հուշարձաններն ու Տաթևի վանքը:

«Նրա  հիմնական տարրերն են գլխավոր մուտքը և նրա երկու կողմերում ձգվող երկուական եռակողմ նիշերը: Նմանօրինակ սխեմաները շատ հին ծագում ունեն, հասնում են մինչև Եգիպտոս (Էդֆուրի տաճարը): Գլխավոր ճակատի ճարտարապետական ամբողջ բովանդակության զարդաշրջանակի մեջ վերցնելը սիրիական ծագում ունի, բայց Անիի շրջանում այդ եղանակը մենք հանդիպում ենք Պարոնի պալատի վրա, Առաքելոց եկեղեցու գավթում և այլուր», -գրում է Մարկ Գրիգորյանը:

Սակայն շենքի ճակատային մասի նախագծի հիմքում թերևս ընկած է Անիի Առաքելոց եկեղեցու գավթի ճակատի ճարտարապետական թեման: Մարկ Գրիգորյանը, վերցնելով հիմնական համաչափություններն, պարզեցրել է շենքի ձևերը, դարձրել դրանք ավելի լակոնիկ և արտահայտիչ:

Իսկ շենքի ինտերիերի լուծումներում օգտագործված են հայ միջնադարյան ճարտարապետական ձևեր: Նախասրահի կառուցվածքի հիմքում՝ Սանահինի վանքի առաջին գավթի ճարտարապետությունն է, սակայն համապատասխանեցված ժամանակակից պահանջներին: Մատենադարանի ներքին ձևավորման հիմքում միջնադարյան գավիթների և վանական համալիրների մատենադարան-գրադարանների ձևերի մեկնաբանություն է:

Մեծ խիզախություն էր պահանջվում, թեկուզ և նոր մեկնաբանությամբ, սակայն Խորհրդային երկրում նախագծել նոր շենք, որի հիմքում ընկած էր հոգևեր-եկեղեցական կառուցների ճարտարապետությունը: 

Նախագծի ներկայացումից հետո խորհրդակցություններ սկսվեցին ակադեմիկոս Հովսեփ Օրբելու, Մատենադարանի այդ ժամանակվա տնօրեն Գևորգ Աբովի և այլոց հետ: 1944 թվականի նոյեմբերին, Մատենադարանի շենքի նախագիծը ներկայացնող 24 մեծ գծագրատախտակները արդեն ցուցադրվեցին Հայաստանի նկարիչների միության շենքում:

«Մատենադարանի նոր շենքի նախագիծը բավականին լուրջ քննադատվեց», -հիշում է ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը

Թեև նախնական նախագիծը քննադատվեց, սակայն, որոշ փոփոխություններից հետո այդուհանդերձ հաստատվեց և շինարարական աշխատանքները սկսվեցին: Սակայն պատերազմից հետո երկրում այլ առաջնահերթություններ կային և շենքի շինարարությունը ժամանակավորապես դադարեց: Այն վերսկսվեց 1953 թվականին և ավարտվեց 1957 թվականին: 

Շենքը մի յուրօրինակ համալիր է, որի թեմատիկ-գաղափարական ամբողջական ընկալմանը նպաստում են քանդակներն ու արձանները, առանձին դետալներ և այլն: Շենքի ներքևի հարթակում այցելուներին դիմավորում է  Մեսրոպ Մաշտոցի և նրա աշակերտ Կորյունի արձանը (հեղինակ Ղ. Չուբարյան):

Ուշագրավ է, որ ըստ  նախնական ծրագրի, այդտեղ պետք է լիներ մեկ այլ՝ Արա Սարգսյանի հեղինակած Մաշտոցի և Սահակ Պարթևի արձանը: Սակայն ծրագիրը փոխվեց, քանի որ Խորհրդային երկրում  չէր կարող կաթողիկոսի  արձան լինել:  Շենքի մուտքի երկու կողմերում   հայ միջնադարի մշակույթի և գիտության վեց հայտնիների արձաններ են.  մանրանկարիչ Թորոս Ռոսլին (13 դ., հեղինակ՝ Ա. Շահինյան), աստվածաբան և մանկավարժ Գրիգոր Տաթևացի (14 դ. քանդակագործ՝ Ա. Գրիգորյան), մաթեմատիկոս, փիլիսոփա, աստղագետ, տոմարագետ և աշխարհագրագետ Անանիա Շիրակացի (7 դ., քանդակագործ՝ Գ. Բադալյան),  Մովսես Խորենացի (5 դ., քանդակագործ Ե. Վարդանյան), աստվածաբան և օրենսգետ Մխիթար Գոշ (12 դ. քանդակագործ՝ Ղ. Չուբարյան), բանաստեղծ Ֆրիկ (13-14 դ. քանդակագործ՝ Ս. Նազարյան):

Այլ քանդակներ ու բազմաթիվ դետալներ կան, որոնք Մատենադարանի շենքը դարձնում են անչափ տպավորիչ ու ազդեցիկ կառույց: Թերևս դետալների նկատմամբ այս ուշադրությամբ էր պայմանավորված այն հանգամանքը, որ 1956 թվականին շենքի հեղինակին հայտարարվեց կուսակցական խիստ նկատողություն՝ «ճարտարապետության և նախագծման մեջ շռայլություն» թույլ տալու համար:Այսօր սա կարող է տարօրինակ թվալ, քանի որ Մատենադարանի շենքը բոլորի հիացմունքի առարկան է և համարվում է հայ ճարտարապետության լավագույն նմուշներից, սակայն կային նաև այդպիսի ժամանակներ:

 

Աղբյուրը՝ Մարկ Գրիգորյան, Մատենադարանի շենքի նախագծման և կառուցման պատմությունը, ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՐՑԵՐ
(Օժանդակ ձեռնարկ զբոսավարների, երիտասարդ գիտաշխատողների, ասպիրանտների և հայցորդների համար), 2020 գրքից:

Art 365

03.03.2023

Մատենադարան, Մարկ Գրիգորյան, Ճարտարապետություն, Եկեղեցական ճարտարապետություն, երևանի արձաններ, Երևան

Սուս կարդանք

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.