5-րդ դարի հայ պատմագրության նշանավոր ներկայացուցիչ Ղազար Փարպեցու «Հայոց Պատմությունը» ընդգրկում է 387-480-ական թվականների մեր ժողովրդի պատմությունը:Պատմիչը ներկայացնում է Հայաստանի առաջին բաժանումից հետո երկրում ստեղծված իրավիճակը, Վարդանանց պատերազմը և 482-484 թթ. հակապարսկական ապստամբությունն ու հաղթանակները՝ Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ: Ղազար Փարպեցին հայտնի է հայոց մարզպան Վ. Մամիկոնյանի հետ իր մտերմությամբ և նրան ուղղված թղթով՝ նամակով, որտեղ պատասխանում է իր դեմ ուղղված մեղադրանքներին:
Ի թիվս իր «Հայոց պատմության» այլ ուշագրավ գեղարվեստական ու հերոսական հատվածների, պատմիչը մեծ հիացումով ու գորովանքով է ներկայացնում Այրարատ նահանգի բնությունը, բուսաշխարհը, կենդանական աշխարհը, ազնվականների ժամանցն ու վայելքները: Ստորև ներկայացվող հատվածը հայ թագավորների ու իշխանների կյանքն ու կենցաղը պատկերող բացառիկ աղբյուր է: Մենք տեսնում ենք՝ ինչպես էին նրանք որս անում, ինչ էին ուտում խնջույքների ժամանակ, ընդհանրապես, ինչպես էին վայելում կյանքը: Կարդա՛նք ու ներշնչվե՛նք պատմիչի` հայրենի բնության ու մարդկանց նկատմամբ սիրով ու հիացմունքով:
Փառավոր Այրարատի բնությունը
Մեծատարած և որսալից դաշտերը, շուրջը բազմած գեղեցկադիր և խոտավետ լեռները, որոնք կճղակավոր և որոճող և այլ շատ վայրի կենդանիներով լիքն են։ Նրանց գագաթներից առատ ջրեր են հոսում, դաշտերը ոռոգելով առատորեն, անպակաս մատակարարում են անթիվ տղամարդկանց ու կանանց բազմությամբ լցված թագավորական քաղաքին հաց և գինի, անուշահոտ, քաղցրահամ բանջարներ և զանազան յուղալի սերմեր։ Իսկ դեպի լանջակողմերն ու սարահարթ վայրերը, եթե մի նորեկ մարդ իր աչքերը դարձնի, հանդերձներ կկարծի և ոչ թե համասփյուռ ծաղիկների գույներ: Նրանց (լեռների) թանձր և առատ խոտերն արոտական, ընտանի անթիվ ավանակների ու վայրի կենդանիների խմբերին կշտացնելով՝ մորթերն են թանձրացնում, գավակները գիրացնում, և պարարտությամբ ամբողջ մարմինը հարստացնում։ Իսկ անուշահոտ ծաղիկների առատ բույրը, նետավոր, որսասեր քաջ այրերին և գիշեր–ցերեկ հանդում ապրող հովիվներին առողջություն է պարգևում, մտքի սթափությունն է զորացնում ու թարմացնում է։ Այնտեղ կան նաև խելացի ու հմուտ բժիշկների ստուգագույն դեղերի օգտակարության համար անհրաժեշտ զանազան տեսակի բույսերի արմատներ և արագահաս ախտահալած սպեղանիներ, որոնք երկար ժամանակ ցավերի մեջ տառապողներին առողջություն են պարգևում։
Աշխատասեր մարդը
Իսկ դաշտերի՝ ամեն կարգի բարիքներով չափազանց հարստությունը գրավում, կանչում է աշխատասեր մարդկանց: Ինչպես իշխանական հրամանով և իր բարիքներով լիացնելով նրանց, միանգամայն հրապուրում, որքան կարելի է շուտ դեպի իրենց դառնալ։
Նրանք իրենց օգտակարությունը ոչ թե միայն երևութապես են մատուցում մարդկանց, այլ՝ ավելի ջանասեր աշխատողներին երկրի տակ եղած գանձերն են ցույց տալիս, որ այս աշխարհի վայելչությունն ու օգուտը իրենց անձերին պատրաստեն։ Ոսկի, պղինձ, երկաթ ու պատվական քարեր վերցնելով արհեստավոր մարդիկ զարդարում են թագավորներին փառավոր զարդերով ու բանվածքներով. թագերի, խույրերի ու հանդերձների վրա շարելով` ոսկեհյուս միավորում են։ Այլև ջրերի հետ միախառնվելով բնական համեղություն են տալիս ամեն տեսակ կերակուրներին։
Կենդանական աշխարհը
Արարատի ամենացանկալի դաշտը զուր չի բուսցնում իր վրա եղեգնատեսակ բույսերի արմատներ, նրանցից դուրս եկած կարմրագեղ զարդարանքի գույների որդերը օգտասերներին վաստակ ու գեղեցկություն են ընծայում։ Եվ մեծ ու փոքր գետերը նույնպես համով ու տեսքով զանազան, բազմատեսակ ձկներով ուրախացնելով մեծացնում են կարողության պատիվը, ժիր ու վստահ աշխատողների որովայնին հագուրդ տալով։
Երկիրը մաքուր ջրերով սնուցանում է իր մեջ շատ թռչուններ՝ որսասեր ազնվականների ուրախության ու զվարճանքի համար. կարկաչաձայն, քաղցրախոս, քարքարուտներ սիրող ու ժայռերի ծերպերում թաքնվող կաքավների ու սալամբների երամներ, կամ եղեգնաբնակ, թփերում ու մացառներում ապաստանող պարարտամարմին, անուշահամ վայրի աքարներ. այլև ջրասույզ, մամռասեր, խոտակեր, մեծանձն ու մեծամարմին հավքեր, փորը, թանձրն ու սագը և ուրիշ բազմաթիվ ցամաքային ու ջրային թռչուններ։
Ազնվական վայելքները
Իսկ նախարարների գունդը ազատների զավակների հետ բարակներով ու թակարդներով որսի գնալով՝ ոմանք վայրի ցիռերի ու այծյամների ետևից են վազում, հորդորական և միայն աղեղի վերաբերյալ խոսքեր խոսելով, մյուսները եղջերուների ու եղնիկների խմբերին ձիով հետապնդելով, քաջ նետարձակների գործ էին կատարում։ Կեսը` սրերով, մենամարտիկների նման, հաղթանդամ վարազներին էին տապալելով սպանում: Նախարարազուն փոքր տղաներից շատերը դաստիարակների ու ծառաների հետ բազեներով զանազան տեսակ թռչուններ որսալով, բերում էին ուրախության ընթրիքն առատացնելու համար: Եվ այսպես յուրաքանչյուր որսով գոհացած՝ գնում են ուրախությամբ։
Ջրերում աշխատող և որս փնտրող ձկնորսների մանուկները, նայելով նախարարներ տղաներին, դիմավորում են և իրենց բռնած ձկները, գետի կղզուց ձեռք բերած վայրի բազմատեսակ թռչունների ձագեր ու ձվեր ընծայաբերում են իշխաններին։ Նախարարները հոժարությամբ ընդունելով նրանց ընծայածների մի մասը, իրենք էլ ձկնորսների որդիներին իրենց ունեցածներից ընծայում են ավելի շատ։ Ամեն տեսակ բարիքներով բեռնված՝ իրենց պալատները հասնելով, կենդանի մնացած որսերը նվիրում են տանը մնացող աշխատավորներին, մանավանդ և օտարներին։ Պետք է տեսնել բոլորի ընթրիքում իրար վրա դարսված երեների բազմությունը և նրանց գլուխները իրենց առաջ կիտելը, դրանցով ուրախանում են ձկնակեր և մսակեր մարդիկ։
Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան
Աղբյուրը՝ Ոսկեփորիկ.նմուշներ հայ հին ու միջնադարյան արձակից, 1977:
Նկարը՝ Հովհաննես Զարդարյան, Նատյուրմորտ. Արարատյան հովտի հարստությունները (1953), աղբյուրը՝ www.gallery.am