Ըստ եկեղեցական օրացույցի 2023 թ․ հունվարի 30-ին է սկսվում Առաջավորաց պահքը։ Սա տարվա առաջին պահքն է, որը տևում է հինգ օր և սահմանավել է մեր առաջին հայրապետ Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից։ Պահքի ընդհանրապես, մասնավորապես Առաջավորաց պահքի հոգևոր խորհուրդները մեկնաբանում է Սուրբ Գրիգոր Տաթևացին։ Art365-ը ներկայացնում է Գրիգոր Տաթևացու «Պահքի քարոզը»։
ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻ
ՔԱՐՈԶ ՊԱՀՔԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՌԱՋԱՎՈՐԱՑ [ՇԱԲԱԹԱՊԱՀՔԻ] ՄԱՍԻՆ
Պահքի մասին նախ պետք է գիտենալ, որ մարդը հոգի է և մարմին, և քանի որ ուտիքը հեշտալի է մարմնի, իսկ պահքը՝ հոգու համար, առաքյալներն ու սուրբ հայրերը ամբողջ տարվա համար սահմանեցին որքան ուտիք, այնքան էլ պահք: Քանզի ամբողջ տարվա համար [սահմանված է] 180 օր պահք (60 օր]՝ ուրբաթ ու չորեքշաբթի [ օրերի գումարով], և 3 քառասնօրյակ) և [գրեթե] նույնքան՝ ուտիք: Մի քառասնօրյակը [նվիրված է] Քրիստոսի Ծննդյանը, մեկը՝ Հարությանը, իսկ մյուսը՝ Այլակերպությանը: Սա քրիստոնյաների պահքի վերաբերյալ առաքելադիր կանոն է: Իսկ հայրապետները, որպեսզի ժողովուրդը չձանձրանա, երկու քառասնօրյակները բաժանեցին շաբաթապահքերի: Եվ այսօր կա 17 շաբաթապահք: Իսկ [մնացած] 60 օրերը, որոնք թվով հավասար են [մոտ] 9 շաբաթի, [10 շաբաթապահքերի հետ կազմում են] 26 շաբաթ պահք ամբողջ տարվա համար, և [մնում է ] նույնքան ուտիք՝ փոքր-ինչ ավելի կամ պակաս:Դարձյալ, շաբաթապահքն այն է, որ մեծն Ներսեսը՝ Լուսավորչի թոռը, կանոնադրեց, որ ամեն ամսամտին մեկ շաբաթ պահք պահվի, որն այժմ պահում ենք 10 շաբաթապահքերով՝ Աղուհացից և Հինունքից դուրս:
Շաբաթապահքը բազում սրբազան իմաստներ ունի․
Նախ և առաջ [այն խորհրդանշում է] արարչության շաբաթը, որ սրբության և պահքի [ժամանակ] էր մինչև վեցերորդ օրը Ադամի ստեղծվելը, որից հետո [միայն] պահքը լուծարվեց: Քանզի նախքան Ադամը թեև ստեղծվել էին զազաններ ու անասուններ, ձկներ ու թռչուններ, [սակայն] ուտելու հրաման չունեին, մինչև որ Աստված Ադամին հրամայեց, թե՝ «բոլոր պտուղներն ու սերմերը թող ձեզ համար սնունդ լինեն, իսկ [բոլոր կանաչ խոտերը]՝ բոլոր գազանների և երկրի բոլոր սողունների» [հմմտ. Ծն. 1.29-30]:
Երկրորդ՝ Ադամը մեղանչեց հինգ զգայարաններով, [քանի] որ աչքերով տեսավ ու ցանկացավ պտուղը, ականջով լսեց և հեշտացավ մոլորեցնողի ձայնով, ոտքերով ընթացավ դեպի ծառը, ձեռքերով պոկեց պտուղը և բերանով ճաշակեց: Այդպես էլ մենք այժմ հինգ զգայարաններով ենք գործում բոլոր մեղքերը, ուստի և հնգօրյա պահքով սրբում ենք մեր զգայարանները:
Երրորդ՝ երբ Ադամը դուրս ելավ դրախտից, հինգ օր մահացու սգի մեջ էր անսվաղ պահքով, մինչև որ Տերը գթաց նրան և հրեշտակներից մեկին հրամայեց մխիթարել՝ խոստանալով [Իր] Միածնի առաքումը նրա փրկության համար. և հրամայեց ուտել [երկրի] վայրի պտուղներից: Այս խոստումն է հիշեցնում Դավիթ [սաղմոսերգուն]. «Հիշի՛ր քո ծառային տված խոսքը, որի վրա էլ դրեցիր իմ հույսը» (Սաղմ. 118.49): [Եվ] այս խորհրդով էլ շաբաթվա մեջ հինգ օր պահք ենք պահում:
Չորրորդ՝ [Նոյյան] տապանի դռան առջև կենդանիները հինգ օր հավաքվեցին առանց սնվելու, մինչև որ տեղաց [աշխարհակործան] անձրևը, և ապա սուրբ կենդանիները յոթական մտան տապան և փրկվեցին, [ինչը] ցույց է տալիս հնգօրյա շաբաթապահքի սրբությունը, որով մտնում ենք Եկեղեցի և փրկվում մեղքերի ջրհեղեղից:
Հինգերորդ՝ Եգիպտոսից ելնելիս Աստված [իսրայելացիներին] պատվիրեց յոթ օր բաղարջ [հաց] ուտել (տե՛ս Ել. 12.17-20, 23.15, 34.18, Ղևտ. 23.4-8, Թվ. 28.16-25), ինչը խորհրդանշում է շաբաթապահքը, որով մեր հոգին և մարմինը զերծ ենք պահում մեղքերի բոլոր խմորումներից և դուրս ելնում մեղքի եգիպտական ծառայությունից:
Վեցերորդ՝ բորոտների սրբվելու, ինչպես նաև պղծության մերձեցածների համար բանակատեղիից դուրս մնալու համար [սահմանված] էր յոթ օր (տե՛ս Ղևտ. 13.2-6): Այդպես էլ մեր հոգին մեղքերով բորոտանում է ու պղծվում, [և] այդ պատճառով յոթօրյա պահքով Եկեղեցուց դուրս ենք լինում և սրբվում մեղքերից:
Յոթերորդ՝ Աստված [Իսրայելի] ժողովրդին հրամայեց պահել շաբաթների շաբաթը (տե՛ս Ղևտ. 16.29-31, 23.27-32), որը նախօրինակն էր մեր շաբաթապահքերի. ինչպես նաև՝ տոներին յոթական գառներ զոհաբերել, ինչը խորհրդանշում է մեր հինգ զգայարանների մաքրվելը պահքով և հոգին ու մարմինը Աստծուն նվիրելն ու զոհաբերելը:
Ութերորդ՝ հինգ օր է Քավության տոնը 9, իսկ Տաղավարահարաց տոնը՝ յոթ (տե՛ս Ղևտ. 23.27-32), ինչը խորհրդանշում է շաբաթապահքերի սրբությունը, որով դառնում ենք Աստծո տաղավար և բնակարան:Իններորդ՝ ամեն շաբաթ առաջավորության [սեղանի վրա] վեցական [բաղարջ] հաց էր դրվում (տե՛ս Ել. 25.23-30, Ղևտ. 24.5-9), ինչը խորհրդանշում է շաբաթապահքը, որով վեցակի շարժմամբ 10 հաճոյանում ենք Աստծուն:
Տասներորդ՝ Մովսեսը հրամայեց, որ կառուցվեն ապաստանի վեց առանձին քաղաքներ, որպեսզի ակամա մարդասպան դարձածները տարվեն այնտեղ և զերծ լինեն [վրեժխնդրությունից] (տե՛ս Թվ. 35.6, 11-15): Սա խորհրդանշում է վեցօրյա շաբաթապահքը, քանզի այն ակամա մեղանչելիս մեզ համար լինում է որպես ապաստանի քաղաք, ուր մտնում ենք և արդարանում:
Այսպիսի խորհուրդ ունի շաբաթապահքերի յոթօրյակը, որը մշտապես պահում ենք տարվա մեջ:
ԱՌԱՋԱՎՈՐԱՑ ՊԱՀՔ
Իսկ Առաջավոր[աց] պահքի մասին երեք հարց է [ծագում]:
Նախ՝ ինչո՞ւ ենք հինգ օր անսվաղ պահում:
Երկրորդ՝ ինչո՞ւ է այն [լինում] առանց [սուրբգրային] ընթերցվածքների:
Երրորդ՝ ինչո՞ւ է կոչվում Առաջավոր:
Առաջինի խորհուրդները բազմաթիվ են․
Նախ՝ որովհետև մարդու լինելությանը հինգ օր է նախորդել, [ընդ որում՝] առանց կերակրի: Եվ երբ Ադամը դուրս եկավ դրախտից, հինգ օր անսվաղ մնաց, ինչպես ասվեց վերևում:
Դարձյալ՝ նրա որդիները, իրենից սովորելով, պահում էին [այդ հնգօրյա պահքը]: Այս պահքը պահում էր Աբելը և ապա պատարագ մատուցում: Սեթն էլ հինգ օր [սուգ] պահեց, երբ Ադամը մահացավ: Ենովքն էլ [ամեն] ամսամուտի հինգ օր պահք էր պահում: [Այս պահքը] պահեց նաև Նոյը տապան մտնելուց առաջ և [տապանից] ելնելուց հետո. ինչպես նաև՝ Աբրահամը, երբ Իսահակը փրկվեց զոհաբերվելուց (տե՛ս Ծն. 22.9-13): Նաև բոլոր անդրանիկ [որդիները] հինգ օր պահք էին պահում, երբ մահանում էին [նրանց] հայրերը: [Այսպես այս պահքը շարունակ պահվում էր]՝ ավանդվելով հորից որդուն, ինչպես ասում է ս. Բարսեղ [Կեսարացին]:
Դարձյալ՝ Մովսես [մարգարեն] քառասնօրյա պահք սահմանեց ի հիշատակ [իր] քառասնօրյա [ծոմից հետո օրենքի] տախտակները ստանալու (տե՛ս Ել. 24.12, 18, 31.18, 32.15-19, 34.1-4, 28-29), բայց ժողովուրդը հինգ օր պահելուց հետո տրտնջաց, ուստի [Մովսեսը] նրանց պահքն այդքանով սահմանափակեց: Ինչպես նաև [ոսկե] հորթի [պաշտամունքի] հանցանքի (տե՛ս Ել. 32.1-6) դիմաց հրամայեց տարեկան հինգ օր պահք պահել:
Ոմանք էլ հաճախ, [վերը] ասվածներից բացի, հիշում են, որ Աբրահամը Սոդոմի հրկիզումից հետո (տե՛ս Ծն. 19.15-25) հինգ օր պահք պահեց. նաև Հակոբը հինգ օր պահեց, երբ տեսավ [երկինք տանող] սանդուղքը (տե՛ս Ծն. 28.12), և [ևս] հինգ օր, երբ լսեց Հովսեփի [մահվան սուտ] բոթը (տե՛ս Ծն. 37.31-35): Հովսեփն էլ, երբ մտավ [փարավոնի] բանտը (տե՛ս Ծն. 39.20), հինգ օր պահք պահեց:
Այս պահքը մի պատճառ էլ ունի:
Նինվեացիներին Հովնան [մարգարեի] քարոզը կործանում էր սպառնում, ինչպես ասում էր. «Եվս երեք օր, և Նինվեն այլևս չի լինի» (հմմտ. Հովն. 3.4): Իսկ նրանք՝ մարդ և անասուն, մանուկներով հանդերձ, հրաժարվեցին ուտելուց ու ըմպելուց և քուրձ հագնելով ապաշխարեցին և [այս] եռօրյա պահքով փրկվեցին մահից: Այդպես էլ հավատացյալները, որ մեղքերի պատճառով աչքի առաջ ունեն դժոխքը, այս պահքը պահելով փրկվում են հոգով, ինչպես [նինվեացիները]՝ մարմնով, [և շաբաթվա] երեք օրը նրանց [նմանությամբ] է, իսկ չորեքշաբթին և ուրբաթը սովորական պահքն է: [Այսպես] ամբողջ տարվա հանցանքները, որ գործել ենք հինգ զգայարաններով, ջնջում ենք հնգօրյա պահքով [և] Աստծո ողորմությամբ: [Այս պահքի մասին] վկայում են նաև հարավաբնակ հաբեշներն ու ղպտիները, որ մեզանից ավելի շատ են պահք պահում և անգամ անասուններին նինվեացիների պես անոթի են պահում՝ շարժելու համար մարդասեր Աստծո գութը:
Այսպիսով, բազում են պատճառները Առաջավորաց պահքի, որը ոմանք պահում են անսվաղ:
Իսկ երկրորդ հարցը, թե ինչու է այս պահքը առանց Սուրբ Գրքի ընթերցվածքների, այսպես է բացատրվում․
Քանի որ այս պահքը հաստատվեց նահապետների կողմից, ովքեր գրքերից, Օրենքից և Ավետարանից առաջ էին և այդպես պահեցին ու արդարացան, նրանց հիշատակն էլ մենք պահում ենք առանց ընթերցվածքի և պատարագի:
Իսկ մյուս բոլոր պահքերը, ինչպես Քառասնորդականը, այնպես էլ մյուս շաբաթապահքերը և ուրբաթ ու չորեքշաբթի օրերը, պահում ենք Հին և Նոր [Կտակարանների]՝ օրենքի, մարգարեների կամ առաքյալների խոսքերի ընթերցվածքներով, քանզի սահմանվեցին օրենքի, մարգարեների և առաքյալների ժամանակ:
Այսպիսին է այս շաբաթը:
Իսկ երրորդ հարցի մասին, թե ինչու է այս պահքը կոչվում Առաջավոր, վարդապետները բազում պատճառներ են բերում․
Նախ՝ ինչպես ասվեց, այս օրերը մարդու ստեղծվելուց առաջ էին, և այս պահքը պահվեց առաջին նախահայրերի կողմից և ավանդվեց գրքերից և օրենքից առաջ. ուստի և կոչվում է Առաջավոր:
Երկրորդ՝ երբ ս. Գրիգոր Լուսավորիչը ելավ [Խոր] վիրապից, վաթսուն օր վարդապետեց ժողովրդին ու թագավորին [և] հրամայեց հինգ օր պահք պահել հինգ զգայարանների մաքրման համար և ժամանակն ամառային էր: Նաև ս. Սեղբեստրոսը, որը մկրտեց Կոստանդիանոս [կայսրին], [նախ] հնգօրյա պահք նշանակեց նրա և ժողովրդի համար: Եվ հանուն միաբանության ու փոխադարձ սիրո, երկու [պահքերն էլ միավորվելով,] այստեղ՝ [ձմեռային ժամանակում] հաստատվեցին: Բայց նրանք իրենց [ավանդությունը] կորցրին, իսկ մենք Աստծո շնորհով մերը հաստատուն պահեցինք, և Առաջավոր[աց] պահքի սրբածոմության փոխարեն նրանց մնաց անիծյալ հնգ[օրյա] պանրուտեքը:Այս պատճառով կոչվում է Առաջավոր՝ [որպես] առաջին պահք՝ հաստատված մեր լուսավորիչների կողմից:
Երրորդ՝ կոչվում է Առաջավոր, քանզի սա Մեծ պահքի՝ Աղուհացի առաջին շաբաթն է, քանի որ ասում են, թե առաքյալները կամեցան Մեծ պահքը սահմանել յոթանասուն օր՝ ըստ նախահայրերի թվի, ինչպես պատմում է Ղուկաս [Ավետարանիչը] (տե՛ս Ղուկ. 3.23-38): Բայց երբ նորադարձները [մեկ շաբաթ անց] տրտնջացին պահոց [օրերի] շատության համար, առաքյալները երկու շաբաթները բարեկենդան դարձրին, իսկ այս [առաջինը] հրամայեցին պահել ամեն տարի՝ անվանելով Առաջավոր: Իսկ ուրիշներն ասում են, թե առաքյալները կարգել են հիսնօրյա պահք, [բայց] երբ մեկ շաբաթ պահեցին, տեսան, որ նրանում երկու վտանգ կա. մեկը՝ որ Զատիկը կհամընկնի հրեական Զատիկի հետ, իսկ մյուսը՝ որ Տիրոջ չարչարանքներն ու Զատիկը գարնանային գիշերահավասարից առաջ կլինեն: Այս պատճառով [պահքը] երկշաբաթյա բարեկենդանով ընդմիջեցին և այս՝ [առաջին] շաբաթն անվանեցին Առաջավոր:Նաև ս. Կյուրեղը, որ ստեղծեց Կոչման գիրքը, ում օրոք երևաց լուսավոր սուրբ խաչը, իր մոտ մկրտվելու եկողներին, որոնց մեջ էր և հույժ երևելի ու փառավոր պարսիկ Ակակը, [նախ] փորձեց հնգօրյա պահքով, ապա թույլատրեց ուտել երկու շաբաթ՝ [նախքան Քառասնորդական պահքը]: Նա երախաների ուսուցանության համար կարգեց տասնութ ընթերցվածք[ներ]՝ մինչև Մեծ հինգշաբթի օրը, և ապա մկրտեց նրանց:
Սրանք են Առաջավոր[աց] պահքի պատճառները:
Սուրբ Սարգսի տոնը
Իսկ շատ ժամանակ անց ս. Սարգիսը Առաջավորաց պահքի ավարտին՝ հունվարի 31-ին, նահատակվում է Շապուհ արքայի կողմից՝ իր Մարտիրոս անունով որդու հետ: Նա, ըստ վկայաբանության, փախչելով [քրիստոնեական] հավատի համար Հուլիանոս [Ուրացողի հալածանքից], գալիս է հայոց Տիրան արքայի մոտ, ապա, գնալով Շապուհի մոտ, նահատակվում է ի փառս Քրիստոսի:
Բայց մենք այս պահքը նրա անունով չենք կոչում, այլ՝ Առաջավոր[աց]՝ ըստ վերոնշյալ խորհրդի: Մինչդեռ ոմանք, խառնակիչ ու տգետ լինելով, իրենց իսկ արժանի բազում բաներ են չարախոսում մեր հասցեին. իբրև թե մարդու պահք են պահում և մարդ են պաշտում և շատ այլ [հերյուրանքներ]: Բայց մենք այս պահքը Աստծո համար ենք պահում, քանզի ամեն պահք Աստծո համար է և ոչ թե՝ մարդու: Իսկ պահքը ճանաչվում է այդ անվամբ, ինչպես որ, [օրինակ,] Աղուհացի առաջին շաբաթը ս. Թեոդորոսի անունով ենք կոչում, [քանի որ շաբաթ օրը] նրա տոնն ենք նշում, և կամ մյուս՝ [վեցերորդ շաբաթը՝] Ղազարոսի [անունով]: Այսպես բոլոր շաբաթապահքերն էլ [որոշակի անուններ ունեն]. ասում ենք սուրբ Գրիգորի պահք, սուրբ Հակոբի պահք, սուրբ Սարգսի պահք, որոնց անուններով զանազանում ենք պահքերը: [Եվ] պահքը նրանց անունով է կոչվում, քանի որ պահքի ավարտին նրանց [հիշատակն] ենք տոնում:
Եվ դարձյալ, պահելով պահքը, շաբաթվա վերջում նրանց աղաչում ենք միջնորդ լինել, որպեսզի մեր պահքն ու աղոթքը ընդունելի լինեն նրանց բարեխոսությամբ, որ Թագավորի զինվոր[ներն] են: [Քանզի] նրանք, լինելով տոնի տեր[եր]ը, նաև [պահոց] օրերի վերակացու[ներն] են՝ պահեցողներիս և հույսով տոնողներիս համար բարեխոսելով, իսկ չպահողներին վրեժխնդրությամբ պատուհասելով:
Այսպիսով, երեք պատճառով պահքը կոչում ենք սրբերի անունով: Նախ՝ քանի որ նրանց նահատակության [ժամանակը] համընկել է այդ [շրջանի] հետ, մեծ տոնախմբությամբ մեծարում ենք և տոնում շաբաթ օրը՝ ըստ Նիկիայի ժողովի, որում [հայրապետները] սահմանեցին մեծ տոները տոնել շաբաթ օրերին և պատարագ մատուցել: Երկրորդ՝ որպեսզի նրանց անվամբ պահքերը տարբերենք միմյանցից: Եվ երրորդ՝ [որովհետև] նրանց Աստծո առաջ բարեխոս ենք համարում, որպեսզի մեր պահքն ընդունելի լինի, և որ Ինքը՝ ամենողորմ, ամենագութ և մարդասեր Աստված, նայի նրանց՝ Իրեն սիրող սրբերի նահատակությանը և նրանց բարեխոսությամբ, ում հիշատակն է այսօր, ընդունի մեր աղաչանքները և կատարի մեր խնդրվածքները՝ թողություն շնորհելով մեր բոլոր մեղքերին ու հանցանքներին. և Իր սրբերին մասնակից և տոնակից դարձնի բոլոր հավատացյալներիս և ջերմեռանդ տոնասերներիս՝ Քրիստոսի հանդեպ հավատով, սիրով և հույսով:
Եվ Նրան՝ փա՜ռք և պատի՜վ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Աղբյուրը՝ www.sacredtradition.am