Իր հասարակական ու քաղաքական ակտիվ գործունեության պատճառով 1908 թվականի դեկտեմբերի 23-ի Հովհաննես Թումանյանը ձերբակալվում է և տարվում Թիֆլիսի Մետեխի բանտ․
«Երբ քնից արթնացանք' տեսանք հայրիկի ձեռագրերը թափած գետնին, գրասեղանի արկղները , գրադարանի պահարանների դռները բաց և գրքերը հատակին թափված: Մանրամասն խուզարկելուց հետո ձեռագրերը մեծ կապոցներով կապեցին ու խառը լցրին պարկերի մեջ: Հայրիկին ու մեծ եղբորս' Մուշեղին, դուրս տարան: Դուրսը ձյուն էր, լուսնյակ գիշեր: Լուսանում էր: Պատշգամբից նայեցինք, ոստիկանները հայրիկին ու եղբորս շրջապատած տանում էին», -հիշում է Նվարդ Թումանյանը։
Բանաստեղծին տեղավորում են բանտի 15-րդ խցում։ Կալանավորներից մեկը հետագայում հիշում է, որ բանաստեղծը շփոթված էր, բայց ժպիտով։ Նա պատմել է, որ իր հետ վարվել են քաղաքական հանցավորի պես, լուսանկարել են գլխարկով, առանց գլխարկի, նստած, կանգնած, ձախ թևին համար են կպցրել, թանաքի մեջ թաթախած մատը թղթի վրա դրոշմել:
Բանտարկության ընթացքից պահպանված հուշերից հայտնի դառնում, որ Թումանյանը խցակիցների հետ չի խաղացել խմորից պատրաստված քարերով նարդի, դոմինո կամ շախմատ: Բանտախցի նրա հարևանը Ավետիք Իսահակյանն է եղել, որի հետ միասին հեռակա ձևով մասնակցել են աշուղ Ջիվանու թաղմանը։ Բանն այն է, որ այդ ժամանակ վախճանվել է աշուղ Ջիվանին և նրա պետք է թաղեին Խոջիվանքի գերեզմանատանը։ Դեպի հայկական գերեզմանատուն ճանապարհն անցնում է Մետեխի բանտի մոտով: Բանաստեղծներն աշուղ Ջիվանուն հրաժեշտ են տվել վանդակավոր պատուհաններից թաշկինակները թափահարելով:
Կալանավորներից մեկը հիշում է, որ բանաստեղծը «սովորաբար ման էր գալիս կամերայի երկարությամբ և հոգնելուն պես քաշվում էր իր տեղը, հանգստանում: Մեկ-մեկ է զբաղվում էր գրելով...»: Վստահաբար չգիտենք, թե ինչ էր գրում Թումանյանը, բայց բանտարկության օրերից մեզ են հասել նրա ամենահայտնի ու սիրված գործերից երկուսը՝
«Մի կաթիլ մեղրը» և «Վայրէջքը»:
ՎԱՅՐԷՋՔ
Քառասուն տարի բըռնած ճանապարհ՝
Շիտակ, անվեհեր
Գընում եմ ես վեր—
Դեպի Անհայտը սուրբ, աշխարհքը պայծառ։
Քառասուն տարի ճամփովն ահարկու
Անցել եմ էսպես
Ու հասել եմ ես,
Խաղաղությանն եմ հասել ես հոգու։
Թողել եմ ներքև, մեծ լերան տակին,
Ե՛վ փառքը, և՛ գանձ,
Ե՛վ քեն, և՛ նախանձ—
Ամենը, ինչ որ ճընշում է հոգին։
Եվ էն ամենը, արդ նայում եմ ես—
Տեսնում եմ նորից
Իմ լերան ծերից—
Էնպես հասարա՜կ, դատարկ են էնպե՛ս...
Եվ ես իմաստուն ու բեռըս թեթև,
Անհոգ ծիծաղով,
Երգով ու տաղով
Իջնում եմ զըվարթ իմ լերան ետև։
Այս չքնաղ բանաստեղծությունը Հովհաննես Թումանյանը գրել է իր 40 ամյակի օրը՝ 1909 թ․ փետրվարի 19-ին։
«1908 թվի դեկտեմբեր ամսին, ցարական ժանդարմերիան Օհաննեսին և ինձ ձերբակալեց և, զանազան հակապետական մեղադրանքով, վեց ամիս պահեց Թիֆլիսի Մետեխի բանտում։ Կամերաներով դրացի էինք իրար։ Բանտում լրացավ, փետրվար ամսին, Օհաննեսի 40-ամյակը։ Այդ առիթով նա գրեց «Վայրէջք» բանաստեղծությունը։ Մենք տխրության ու ուրախության խառն զգացմունքով տոնեցինք նրա տարեդարձը» , -հիշում է Ավետիք Իսահակյանը։
Նվարդ Թումանյանը հիշում է․
«Մի օր` տեսակցության ժամանակ, հայրիկը Թամարին գրկելիս բարակ ծխախոտի թուղթ դրեց երեխայի գիրկը։ Եկանք տուն, տեսանք ծխախոտի թղթի վրա գրված «Մի կաթիլ մեղրը» և «Վայրէջքը»: Վերջինը գրել էր ծննդյան 40-ամյակին` 1909 թվականի փետրվարին»։ Նվարդը հիշում է նաև Ամենայն հայոց բանաստեղծի խոսքը «Վայրէջք» բանաստեղծության մասին․
««Վայրէջքը» իմ ամենալավ բանաստեղծություններից է, շատ է լավը, Մետեխի բանտում եմ գրել ծննդյանս 40-ամյակի օրը»