Դրամատուրգ, հրապարակախոս Ստեփան Զաքարյանի Թուղթ առ Փրկիչ պիեսն առաջին անգամ հրատարակվել է 1995 թ․ , երկրորդ անգամ՝ 2023-ին՝ հեղինակի Խոր Վիրապ ժողովածուում։ Պիեսը հիմնված է Մովսես Խորենացու պատմության մեջ արձանագրված Եդեսիայի Աբգար թագավորի՝ Հիսուսի Քրիստոսին ուղղված նամակ-հրավերի, Փրկչի պատասխանի, հարակից իրադարձությունների պատմության վրա։ Աբգար թագավորի թիկնապահ Անանը գալիս Երուսաղեմ ու Փրկչին հանձնում հրավերը, ընդունում է քրիստոնեություն ու ցանկանում մնալ ու պաշտպանել Հիսուս Քրիստոսին, սակայն Քրիստոս մերժում է Աբգար թագավորի հրավերն ու Անանի օգնությունը։ Նա իր օրհնությունն է բաշխում Աբգարին, Անանին ու հայ ժողովրդին՝ առանց տեսնելու հավատալու համար և որպես պարգև ուղարկում հրաշագործ դաստառակը՝ իր դեմքի պատկերով։
Թուղթ առ Փրկիչ
ՀԻՍՈՒՍ – Հա՛յր, որ երկնքում ես, քո անունը սուրբ լինի, քո արքայությունը գա, քո կամքը լինի ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Քո կամքը լինի և ոչ՝ իմ, քո կամքը լինի և ոչ՝ իմ...
Աչքերը փակ շարժում է շուրթերը, ներս են մտնում Թովմասն ու Անանը, Հիսուսը խոսում է՝ աչքերը փակ, նույն դիրքով։
ՀԻՍՈՒՍ – Քեզ ասում էի, Անան, որ դու կվերադառնաս, և մենք կրկին կհանդիպենք։
ԱՆԱՆ – Իմ արքան քեզ թուղթ է ղրկել, ուսուցիչ։ Աղաչում եմ՝ չմերժես։
ՀԻՍՈՒՍ – Թովմաս...
ԹՈՎՄԱՍ – Այո, տեր իմ...
ՀԻՍՈՒՍ – Կարդա։
ԹՈՎՄԱՍ (Անանից թուղթը վերցնելով՝ կարդում է) – «Աբգար Արշամի աշխարհի իշխան, բարերար փրկիչ Հիսուսիդ, որ Երուսաղեմում հայտնվեցիր, ողջույն։ Ես լսել եմ քո մասին և այն բժշկությունների մասին, որ կատարվում են քո ձեռքով առանց դեղերի ու արմատների, որովհետև, ինչպես ասում են, դու կույրերին տեսողություն ես տալիս, կաղերին քայլեցնում, բորոտներին մաքրում, չար ոգիները և դևերը հանում և առհասարակ երկարատև հիվանդություններով չարչարվողներին բժշկում ես.
դու նաև մեռածներին ես կենդանացնում։ Երբ այս ամենը քո մասին լսեցի, մտքումս դրի այս երկուսից մեկը, կամ որ դու Աստված կլինես, որ երկնքից իջել և այս բաներն անում ես, կամ Աստծու Որդի կլինես, որ այդ անում ես։ Այդ պատճառով քեզ գրեցի, աղաչելով, որ նեղություն կրես, գաս ինձ մոտ և բժշկես իմ ունեցած հիվանդությունը։ Նաև լսեցի, թե հրեաները քեզանից դժգոհում են և ուզում են քեզ չարչարել, բայց ես մի փոքր և գեղեցիկ քաղաք ունեմ, որ երկուսիս էլ բավական է»։
ՀԻՍՈՒՍ – Թովմաս։
ԹՈՎՄԱՍ – Այո, ուսուցիչ։
ՀԻՍՈՒՍ – Իմ անունից թուղթ գրիր հայոց Աբգարին։
ԹՈՎՄԱՍ – Ի՞նչ գրեմ, ուսուցիչ։
ՀԻՍՈՒՍ – Երանի նրան, ով ինձ հավատում է՝ ինձ տեսած չլինելով, որովհետև իմ մասին այսպես է գրված, թե որոնք ինձ տեսնում են, ինձ չեն հավատա, իսկ որոնք չեն տեսնում, կհավատան և կապրեն։ Իսկ որ դու ինձ գրեցիր, որ գամ քեզ մոտ, ես այստեղ պետք է կատարեմ այն բոլորը, որի համար ուղարկված եմ։ Երբ այս բոլորը կկատարեմ, կհամբառնամ Նրա մոտ, որ ինձ ուղարկեց և երբ համբառնամ, քեզ մոտ կուղարկեմ իմ այս աշակերտներից մեկին, որ քո ցավերը բժշկի և կյանք շնորհի քեզ և քեզ հետ եղողներին։ԱՆԱՆ – Աղաչում եմ, Տե՛ր, փոխիր վճիռդ, ընդունիր արքայիս հրավերը, Եդեսիայում կապրես արքայավայել, յուրաքանչյուր ցանկությունդ կկատարենք։
ՀԻՍՈՒՍ – Ես չունեմ այլ ցանկություն, քան իմ Հոր կամքը կատարելը։
Թովմա՛ս...
ԹՈՎՄԱՍ – Լսում եմ, ուսուցիչ։
ՀԻՍՈՒՍ – Անանի ուղեկիցներին տար, մեր ունեցած ձկից, հացից նրանց բաժին հանիր։ Հեռվից են գալիս, հոգնած են, քաղցած։
ԹՈՎՄԱՍ – Անանն էլ թող գա, ուսուցիչ, նա էլ քաղցած կլինի։
ՀԻՍՈՒՍ – Անանի քաղցը ձկով, հացով չի հագենա։ Թող ինձ հետ մնա։ Նրա քաղցը լոկ ես կհագեցնեմ։ Թովմասը Անանի ուղեկիցների հետ հեռանում է։
ԱՆԱՆ – Եթե մերժում ես արքայիս հրավերը, ուսուցի՛չ, իմ խնդիրքն աղաչում եմ, չմերժես։
ՀԻՍՈՒՍ – Նույնն ես խնդրելու, ինչ անցյալ անգա՞մ...
ԱՆԱՆ – Այո, թույլ տուր այս բազուկն ու սուրը քեզ ծառայեն։ Թույլ տուր կռվեմ ու մեռնեմ քեզ համար։ Համոզվել եմ, հավատում եմ խոսքիդ, գիտեմ, որ հենց այնպես ոչինչ չես ասում։ Եվ երբ քեզ պատահի այն, ինչ պատահելու է, ես ինձ չեմ ների, որ կողքիդ չեմ եղել, այս սուրն ու բազուկը քեզ չեն պաշտպանել։
ՀԻՍՈՒՍ – Դու քեզ չես ների, երբ կողքիս լինես, և թևերդ թուլանան, չկարողանաս սուրդ դուրս քաշել։
ԱՆԱՆ – Ինչո՞ւ, ինչո՞ւ պիտի թևերս թուլանան, ու չկարողանամ սուրս դուրս քաշել։
ՀԻՍՈՒՍ – Քանզի այն, ինչ գրված է իմ մասին, պիտի կատարվի, ոչ ոք չի կարող բեկանել։
ԱՆԱՆ – Նույնիսկ քո Հայրը՞։
ՀԻՍՈՒՍ – Իմ Հայրը, որ ստեղծեց երկինք ու երկիր, ամենազոր է։ Նրա խոսքն իսկ բավ է, որ կորսվեն իմ մահը փնտրողները։ Բայց ես կամովին ընտրեցի այս ճամփան։ Եվ դուք, դուք ստիպեցիք։
ԱՆԱՆ – Մե՞նք...
ՀԻՍՈՒՍ – Այո, դուք, որ սերվեցիք Ադամից, Եվայից, ապա Նոյից բազմացաք ու լցրիք աշխարհը։ Դուք, որ ամեն ժամ աղաղակում եք, դժգոհում, բողոքում և իմ Հայրը լսեց ձեր աղաղակը։
ԱՆԱՆ – Մեր աղաղա՞կը...
ՀԻՍՈՒՍ – Մի՞թե չեք սոսկում մահից, հալածանքից, տառապանքից, մի՞թե չեք ընդվզում անարդարության, կեղծիքի դեմ։
ԱՆԱՆ – Այո, բայց...
ՀԻՍՈՒՍ – Եվ մի՞թե ձեր սիրելիներին, մտերիմներին կորցնելով՝ Աստծու դեմ չեք ըմբոստանում, իմ Հորը դաժան, անարդար չեք համարում։
ԱՆԱՆ – Բայց, Տեր իմ...
ՀԻՍՈՒՍ – Եվ եթե դուք ձեր որդիներին սիրում եք, մի՞թե Նա չի սիրում իր Որդուն... Մի՞թե չի սիրում ձեզ, որ իր ստեղծածն եք... Ես Նրա սերն եմ բերել ձեզ, Նրա արդարությունն ու ճշմարտությունը, ես եկել եմ հաղթելու մահին։
ԱՆԱՆ – Եվ մահին հաղթելու համար պիտի մեռնե՞ս։
ՀԻՍՈՒՍ – Պիտի ցուցանեմ, որ հոգին մարմնի մեջ և մարմնից դուրս կենդանի է, որ մեռելներից հարություն, համբարձում կա և ոչ ոք, որքան էլ կամենա, չի կարող հակառակվել Նրա կամքին, Նրա, ով հարություն է տալիս մեռածին։
ԱՆԱՆ – Որ այդպես է, թույլ տուր բաժանվեմ այս սրից և կողքիդ լինեմ այնպես, ինչպես նրանք, որ քեզ ուսուցիչ են կոչում։
ՀԻՍՈՒՍ – Ոչ, Անան, քեզ սիրեցի այնպես, ինչպես կաս և քեզ չեմ բաժանի սրից, որ միշտ արդարի, խեղճի պաշտպան է եղել։ Գիտեմ՝ սուրդ պատյանում չի մնա, երբ մատնեն ինձ, ծաղրեն, հալածեն...
ԱՆԱՆ – Քեզ չեմ հասկանում, Տեր, մեկ այս ես ասում, մեկ այն։ Եթե թևերս չեն թուլանալու և կարողանալու եմ սուրս դուրս քաշել, ինչո՞ւ հապաղենք։ Դու գիտես անցյալն ու գալիքը, ինչ լինելու է գիտես, ուրեմն գիտես և նրանց, ովքեր մատնելու, ծաղրելու, հալածելու են քեզ։ Աղաչում եմ, ցույց տուր նրանց և դու մի կողմ քաշվիր, ես իմ անելիքը գիտեմ։
ՀԻՍՈՒՍ – Դու ոչինչ էլ չգիտես, Անան, չգիտես։ Եթե իմանայիր երջանիկ կզգայիր քեզ։
ԱՆԱՆ – Երջանի՞կ...
ՀԻՍՈՒՍ – Ես ուզում եմ այս աշխարհիկ կյանքում նույնպես երջանիկ լինես... Ուզում եմ՝ մարմնով ճաշակես այն, ինչ ես չճաշակեցի՝ շատ զավակներ ունենաս... Ուզում եմ՝ նրանց սովորեցնես սուր, նետ, աղեղ բանեցնել, սովորեցնես պաշտպան կանգնել արդարի, խեղճի դատին... Իրավ է, սուր բարձրացնողը սրով էլ կընկնի... Եվ թող զավակներդ սուր բարձրացնողի դեմ սուր լինեն, ահ, սարսափ... Բայց ոչ թե իմ, այլ թող իմ երկնավոր Հոր կամքը լինի։
ԱՆԱՆ – Քո Հայրը, գիտեմ, որ լսում է քեզ ու կատարում խնդիրքներդ, երանի Նա ինձ էլ լսեր, այնժամ կխնդրեի...
ՀԻՍՈՒՍ – Նա կարդում է հոգիդ և արդեն իսկ գիտի՝ ինչ ես խնդրելու։
ԱՆԱՆ – Իրա՞վ...
ՀԻՍՈՒՍ – Նա ամենքին է լսում, բայց յուրաքանչյուրին տալիս է արժանի չափով։
ԱՆԱՆ – Երանի արժանացներ ինձ...
ՀԻՍՈՒՍ – Խնդրիր և կստանաս...
ԱՆԱՆ – Իմ Տիրոջ երկնավոր Հայր, աղաչում եմ քեզ...
ՀԻՍՈՒՍ – Սպասիր, Անան, որպեսզի այսօր և մեկընդմիշտ համոզվես, որ իմ երկնավոր Հայրը լսում է քեզ և ես ու Հայրս մեկ ենք, հոգուդ, մտքիդ մեջ խնդրիր... Եվ ես քեզ կասեմ, թե ինչ խնդրեցիր ու կհաղորդեմ իմ երկնավոր Հոր պատասխանը։ Անանը ծնկի է իջնում, լուռ, աղոթում է։
ՀԻՍՈՒՍ – Եվ հիմա, որպեսզի իմ երկնավոր Հոր սրտով լինի, ավելացրու՝ բայց ոչ թե իմ, այլ թող որ քո կամքը լինի։
ԱՆԱՆ – Բայց ոչ թե իմ, այլ թող որ քո կամքը լինի։
ՀԻՍՈՒՍ – Ամեն։ Հիմա լսիր և քեզ կասեմ՝ ինչ էիր խնդրում։ Ասում էիր՝ Քո Որդին մի հատիկ է, իմ նմանները բազում են աշխարհում։ Քո Որդին անմեղ է, մենք՝ մեղավոր, Քո Որդին բարի է, աննախանձ, մենք՝ չար, քինախնդիր։ Եվ քանզի Քո Որդին է, կատարում ես նրա բոլոր խնդիրքներն ու ցանկությունները... Գիտեմ, որ կկատարես նրա այն ցանկությունը ևս, որ ինձ բազում զավակներ կամեցավ։ Բայց ահա խնդրում եմ քեզ, թող ես ու իմ զավակները մատաղ լինենք Քո Որդուն, միայն թե չմատնեն նրան, չծաղրեն, չհալածեն, չսպանեն։
ԱՆԱՆ – Իրավ է, Տեր, իմ ու իմ զավակների նման քանի՜ քանիսն են եկել և անցել, իսկ քո նմանը երբևէ չի ծնվել և ո՞վ գիտե՝ կծնվի՞ երբևէ։
ՀԻՍՈՒՍ – Անան, Անան, դու չհասկացար՝ ին՞չ խնդրեցիր։ Եվ քո արքան էլ չհասկացավ՝ ինչ թուղթ ղրկեց ինձ՝ իր քաղաքն, իր ունեցվածքը, իր իշխանությունը կիսելով ինձ հետ, և ես ընդունում եմ։ Եվ ես կբնակվեմ քո և քո արքայի սրտերում, ձեր սերունդների սրտերում։ Ոչ դու, ոչ արքադ չհասկացաք՝ ինչ ծանր բեռ, լուծ վերցրիք ու դրիք ձեր սերունդների, ձեր ազգի ուսերին։ Բայց իմ երկնավոր Հոր կամքն էր, նա քո սրտում դրեց այդ խնդիրքը, նա քո արքային հուշեց ունեցածն ինձ հետ կիսելու միտքը, նա գրեց
ճակատագիրը սերունդների, մի ողջ ազգության, որին հանուն ինձ պիտի հալածեն ու ծաղրի ենթարկեն։
ԱՆԱՆ – Տեր իմ, ներիր հանդգնությանս համար, բայց մի անգամ էլ եմ խնդրում. սերունդները դեռ գալու են, ես կենդանի եմ, կանգնած եմ քո առջև և ուզում եմ այս սրով ու բազկով պաշտպանել քեզ, ուզում եմ վրեժ լուծել քո թշնամիներից, ուզում եմ մեռնել քեզ համար։
ՀԻՍՈՒՍ – Անան, սիրելիս, ես եկել եմ նաև նրանց համար, ում դու թշնամի ես անվանում։ Այո, ես եկել եմ նաև նրանց համար, ովքեր իմ մահն են տենչում, ովքեր ատում են ինձ։ Ես իմ Հոր Որդին եմ, Հոր, որ միակ Աստվածն է, Արարիչը, իր արեգակը ծագեցնում է և՛ բարիների, և՛ չարերի վրա։ Եվ ես եմ արեգակը։
ԱՆԱՆ – Դու այնժամ ճիշտ էիր ասում, Տե՛ր։ Ես իմ ողջ կյանքում քեզ եմ որոնել։ Ահա գտել եմ և չեմ ուզում կորցնել։
ՀԻՍՈՒՍ – Ինչպես օտար ճամփեքում տանդ, հայրենիքիդ ես կարոտում, այնպես ինձ ես կարոտելու։ Եվ երբ շատ, անչափ շատ կարոտես, այլևս երբեք չես կորցնի։
ԱՆԱՆ – Զարմանալի է, Տեր, կողքիս ես, բայց արդեն կարոտում եմ։ Ինչպե՞ս եմ ապրելու առանց քեզ, ինչպե՞ս եմ կտրելու մոլոր ճամփաներն այս աշխարհի։
ՀԻՍՈՒՍ – Դու գտել ես կատարյալ ճամփան։ Հանուն մերձավորի անձը զոհելու, սիրո ճամփան։ Դու գտել ես ինձ և ես քեզ սիրում եմ։
ԱՆԱՆ – Եթե սիրում ես, ընդունիր ընծան իմ, ընդունիր կյանքս, քանզի առավել ոչինչ չունեմ քեզ տալու։
ՀԻՍՈՒՍ – Ես եմ տալու քեզ ավելին... Ոչ միայն քեզ, այլև արքայիդ ու ազգիդ եմ տալու... Տալու եմ մարմինս ու արյունս, որպես նշան՝ իմ կենդանագիր պատկերն եմ տալու, որպես նշան՝ իջևանելու եմ համբարձումից հետո ազգիդ մեջ, որպես կենդանի նշան իմ ճամփան, իմ ճակատագիրն եմ տալու ազգիդ, որի արքան իր ունեցվածքը, իր քաղաքը, իր տունն ու օջախը սրտանց կամեցավ կիսել ինձ հետ, որ առանց տեսնելու հավատաց։ Եվ, իրավ, երանի նրանց, որ առանց տեսնելու կհավատան, կհավատան ու երանի կտան քեզ, որ տեսար։
ԱՆԱՆ – Տեսա ու վախենում եմ, Տե՛ր, չտեսնեմ այլևս։
ՀԻՍՈՒՍ – Մի՛ վախեցիր... Տեսնո՞ւմ ես թաշկինակն այս... Ահա նայիր... Ահա՛ նշանը, ահա կենդանագիր պատկերն իմ, ահա՛ նշանը՝ որ տանելու ես արքայիդ ու ազգիդ, որ ազգիդ հոգու մեջ է դաջվելու և ոչ սրով, ոչ հրով չեն կարողանալու ջնջել։
ԱՆԱՆ – Դու... դու... Դու Աստված ես, կենդանի Աստված...
ՀԻՍՈՒՍ – Իսկ դու, դու Նոյյան աղավնին ես՝ հավատա՛։ Հավատա՛, առանց իմ երկնավոր Հոր կամքի տերև անգամ ծառից չի ընկնում, հավատա՛, իմ Հայրն ընտրեց լյառն Արարատ, որպես փրկության տապան... Եվ ազգդ Նոյի պես է... Համայն ազգերը որպես ծով ու ալիք՝ գալու են զարկեն, զարկվեն տապանին, բայց ազգդ փրկվելու է Նոյի պես, քանզի ես եմ տապանը փրկության։ Եվ դու Նոյյան աղավնին ես, և իմ կենդանագիր պատկերը ձիթենու դալար ոստն է, որ տանում ես Նոյին... Հավատա, Անան, հավատա, երկինք֊երկիր կանցնեն, իմ այս խոսքերը չեն անցնի։ Բազում ազգեր. կխոնարհվեն իմ առջև, ինձ Տեր կկանչեն, բայց քո ազգն է քայլելու իմ ճամփան... Ինչ ինձ են անելու, ազգիդ կանեն... Կհալածեն, կսպանեն, ապա և կպաշտեն։ Եվ այս խոսքերը ոչ մի մատյանում չեն գրվելու՝ կյանքի մատյանից բացի։ Եվ երբ կյանքն այդ իրականություն դառնա, կույրերն, ինչպես այսօր, կփնտրեն գրքերում ու չեն գտնի... Ահա եկել, կենդանի կանգնել եմ նրանց առջև, նայում ու չեն տեսնում, լսում ու չեն լսում, դարձյալ փնտրում են գրքերում։
Այնպես էլ այս ժամանակի վերջում ազգդ է ելնելու, կանգնելու է կենդանի և նայելու ու չեն տեսնելու, լսելու ու չեն լսելու... Բայց, ինչպես չափեն, այնպես էլ նրանց է չափվելու, ինչով փորձեն, նրանով են փորձվելու...
ԱՆԱՆ – Ասում ես՝ ինձ երանի են տալու, բայց ես վախենում եմ՝ անիծեն... Անիծեն, որ գիտենալով քեզ ինչ է սպասվում, կյանքիս գնով քեզ պաշտպանելու փոխարեն, կաշիս փրկելով հեռացա։
ՀԻՍՈՒՍ – Հայրս է կարդում մարդուս միտքն ու հոգին և այն, ինչ ողջ հոգով, սրտով ընծայեցիր, ընդունում է, քանզի նա քո սրտում դրեց սերն այդ ու բերանումդ խոսքն այդ, որ հանուն ինձ կյանքդ չխնայես։ Եվ դու չգիտես, որ այժմ քո խոսքով մի ազգի ճակատագիր վճռվեց։ Այն ազգը, որ քեզ ծնեց ու ղրկեց ինձ մոտ, նա խոսեց քո շուրթերով, նա ինձ համար կյանք խոստացավ... Եվ ազգն այն ինձ համար կյանք է տալու, ինձ համար պատերազմելու է, արյուն է թափելու, սուր է բարձրացնելու, մեռնելու է... Զգույշ, ինչ ասում, խոսում ես, ազգիդ անունից ես խոսում, Հայրս այդպես կամեցավ։ Ով իր կյանքը ինձ նվիրեց, ես իմ կյանքը նրան եմ նվիրելու։ Իմն է ազգդ և ես՝ նրանը... Ով ազգիդ դեմ ելավ, իմ դեմ է ելնելու։ Եվ դատաստանի օրը, երբ գամ իմ Հոր փառքով, փշրելու եմ ազգիդ թշնամիներին, որպես բրուտի անոթ։
ԱՆԱՆ – Միևնույն է, Տեր իմ, հոգով չեմ խաղաղվում։ Երանի ինձ իրավունք շնորհեիր կողքիդ լինելու և մինչև վերջին շունչս այս բազկով ու սրով քեզ պաշտպանելու։
ՀԻՍՈՒՍ – Ես ոչինչ չեմ կարող շնորհել, եթե Հայրն իմ, որ երկնքում է, չպարգևի։ Իմ կենդանագիր պատկերն այս, որ նրա կամքով ձեզ եմ հանձնում, թող լինի նշանը իմ և արքայիդ, ազգիդ և Հորս միջև կնքված պայմանագրի։ Այո, Անան, անձեռակերտ այս նկարը անձեռակերտ տաճարների համար է, որ կառուցել եմ ազգակիցներիդ հոգիներում, անձեռակերտ տաճարների, որ ոչ ոք և ոչինչ չի կարող խորտակել։ Եվ այժմ դու ոչ միայն արքայիդ, այլև իմ սուրհանդակն ես, իմ երկնային Հոր դեսպանը, որ արքայիդ, ազգիդ ես տանում իմ երկնային Հոր կնիքը, որ իմ դեմքն է, արդարության, ճշմարտության, սիրո պատկերը։
ԱՆԱՆ – Շնորհակալ եմ, Տեր։
ՀԻՍՈՒՍ – Դու չգիտես, Անան, և արքադ էլ չգիտի՝ ինչ ծանր պայման կապեց իմ և Հորս հետ, որ երկնքում է։ Ում շատ է տրվում, նրանից շատ է պահանջվում։ Իմ երկնային Հոր դրոշմը, իմ պատկերը սրտում կրող ազգությունը ուրիշ աստված, ուրիշ պատկեր չպիտի պաշտի։ Իմ պատկերը ես եմ, իմ ճամփան է։ Եվ ինչպես ես իմ ճամփան մինչև վերջ պիտի կտրեմ, այնպես էլ ազգդ։ Եվ, ինչպես իմ փոխարեն ոչ ոք չի կարող կրել այն, ինչ ես եմ կրում, այնպես էլ ազգիդ փոխարեն, որ իմ կենդանագիր պատկերն է կրում հոգում, ուրիշ ոչ մի ազգություն չի կարող քայլել։
ԱՆԱՆ – Ինչ լինելու է, թող որ լինի հանուն քեզ։
ՀԻՍՈՒՍ – Հանուն ինձ ու իմ կենդանագիր պատկերի, որ կենդանի հավատքն է առ երկինք ու երկիր ստեղծած կենդանի Աստված, որին վայել է փառք ու օրհնություն հավիտյանս հավիտենից։
ԱՆԱՆ – Չգիտեմ, Տեր, ես միայն քեզ եմ ճանաչում։
ՀԻՍՈՒՍ – Ինձ ճանաչողը ճանաչում է նաև Նրան, ով երկնքում է։ Այնտեղ ինձ են սպասում, այստեղ՝ քեզ։ Գնաս խաղաղությամբ։