Այս անգամ ներկայացնում ենք «Էջ» հրատարակչության՝ 2020 թվականին ամենաշատ վաճառված գրքերից հինգը:
5. «ՓԻՍՈՆ հագնվում է ինքնուրույն», «ՓԻՍՈՆ վատ երազ է տեսնում», «ՓԻՍՈՆ գնում է բժիշկի»«ՓԻՍՈՆ խաղում է բակում»
հեղինակ՝ Աննա Իսաբեկյան
Մանկական գունագեղ և դաստիարակչական գրքերի շարք ամենափոքրերի համար։
4. «Հանճարների գիրքը»
հեղինակ՝ Հարություն Ղուկասյան
Դեռևս միլիոնավոր տարիներ առաջ, երբ մարդկային ռասան գտնվում էր զարգացման նախասկզբնական փուլում և ապրում էր անտառներում, վայրի գազանների պես, երկիր մոլորակի մի գողտրիկ անկյունում, Արրատա անունը կրող քաղաքում իսկական` գերզարգացած քաղաքակրություն կար:
Սակայն Արրատան իր մեջ բազում գաղտնիքներ էր թաքցնում: Օրիոնի համաստեղությունից ժամանած եկվորները հիմնել էին քաղաքը և թաքցնել այնտեղ համատիեզերական իմաստնությունը կրող Հանճարների Գիրքը:
Այս Գրքի համար էլ սկսվում է կատաղի և արյունալի պատերազմ:
Ո՞վ կտիրանա Գրքին: Արդյո՞ք այն կօգտագործվի խաղաղություն և համերաշխություն հաստատելու, թե՞ տիեզերքին տիրանալու նպատակով:
Որոշիչ դերը կունենա Գրքի Հանճարը, ով դեռ պիտի հայտնվի:
3. «Բաբելոնի ամենահարուստ մարդը»
հեղինակ՝ Ջորջ Սամուել Քլեյսոն
«Փողն առատ է նրանց համար, ովքեր հասկանում են այն կուտակելու պարզ օրենքները»:
Գրքի հեղինակը պնդում է, որ Բաբելոնի, աշխարհի ամենահարուստ քաղաքի ժամանակներից ի վեր ֆինանսական աճի օրենքները չեն փոխվել։ Այս գիրքը հանդիսանում է պատմությունների ժողովածու, որոնք ցույց են տալիս, թե ինչպես հարստանալ և չկորցնել հարստությունը:
«Բաբելոնի ամենահարուստ մարդը» տալիս է հնարավորություն նայել աշխարհին և տրված հնարավորություններին այլ կերպ։ Պատահական չէ, որ այն Ռոբերտ Կիյոսակիի («Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» բեսթսելլերի հեղինակ, աշխարհահռչակ ամերիկացի ձեռնարկատեր, գրող և հռետոր) ամենասիրած գիրքն է։ Արդյոք կարելի է աղքատ լինել, եթե փողը գոյություն ունի բոլորի համար, պարզապես պետք է ճիշտ ձևով աշխատել և հմուտ կառավարել դրամի հոսքը։
2. «Ցտեսություն, Ծիտ»
հեղինակ՝ Արամ Պաչյան
Խախտելով տարածության և ժամանակի բնագրային օրենքները` երիտասարդ արձակագիր Արամ Պաչյանի առաջին “Ցտեսություն, ծիտ” վեպը ինքնաստեղծվում և կազմաքանդվում է հենց ընթերցանության ընթացքում, ընթերցողի ամիջական մասնակցությամբ: Ոճական հանդուգն լուծումներով և կտրուկ անցումներով լեզվական հյուսվածքաշերտի անվերջ ձևափոխմամբ վեպը պատկերում է մի բեկոր` ուր երիտասարդ հերոսները բախվելով դեսպոտիզմի դաժան իրողությանը, սահմանում են կյանքի այնպիսի ձևեր, այնպիսի հարաբերություններ, ուր տրամաբանությանը փոխարինում է կեցության անգիտակցական հոսքը: Բանակից զորացրված 28 ամյա զինվորի հալուցինացիաները միմյանց միջով բացվող պատուհաններ են, որոնք վերադարձի և վերջնական հրաժեշտի բացառիկ հնարավորություն են ընձեռում նրան: Բայց այս վերադարձը ոչ թե անցյալը լոկ արտացոլելուն և վերարժևորելուն է միտված, այլ գեղեցկության ակնթարթները հավերժացնելուն և պահպանելուն: Այս վերադարձը որոնումն է, կարոտը և հպումը հիանալու կարողության կորստի, թեկուզ մի աշխարհում, որտեղ կյանքն ու մահը խնդիրներ չեն այլևս: Սիրելով Կլոդ Սիմոնի, Կոստան Զարյանի, Պետեր Հանդկեի, Ֆիլիպ Ռոտի, Իտալո Կալվինոյի ստեղծագործությունները, երիտասարդ արձակագիրը շարունակում է համաշխարհային գրականության լավագույն ավանդույթները` փորձելով պատկերել և ստեղծել սեփական էսթետիկան, որի համարձակ դրսևորումը «Ցտեսություն, Ծիտ» վեպն է:
1. «Կախվածություն»
հեղինակ՝ Սյունե Սևադա
Սյունե Սեւադայի «Կախվածություն» պատմվածքների ժողովածուն ներառում է գրողի վերջին երեք տարվա աշխատանքները, չնայած, որ Սյունեն գրում է արդեն ութ տարի։ Ներկայացված են կայքում հրապարակված, ամսագրերում տպագրված եւ այլ լեզուներով թարգմանված որոշ պատմվածքներ, եւ դեռեւս չհրապարակված գործեր։ Պատմվածքի թեմաները չունեն ուղղվածություն, որոշները սոցիալական են, որոշները՝ ավելի զգայական, մի մասում մարդու ներսի պայքարն է՝ բռնության, սեփական ցանկությունները զսպելու, անհաշտ լինելու հետ, կամ էլ դրսի պայքարը. որոշ պատմվածքներ հղում ունեն Արցախյան ազատամարտին։ Հիմնականում պատմվածքներում հավասարության, խաղաղության ու ազատության ձգտելու գիծն է։ Գիրքը վերնագրած է «Կախվածություն», քանի որ կերպարները չեն փորձում փախչել խնդիրներից՝ չնայելով ներսի-դրսի հանգամանքներին, այլ կարծես բոլորն էլ մնում են՝ իրար կողքի, նույն երկրում, նույն իրավիճակում՝ անկախ բոլոր դժվարություններից՝ ընտրելով լուծումը՝ փախուստի ոխարեն։ Եվ գիրքն էլ կարծես թե ցանկանում է մարդկանց հուշել դադարեցնել փախուստը՝ առաջարկելով մնալ, ընդունել ու փոխել՝ կախվածությունը, գրքի ընդհանուր ենթատեքստում ներկայացնելով դրական լույսի տակ՝ կյանքից կախվածություն ունենալով։