Վերջերս «Էդիթ Պրինտ» հրատարակչության «Արդի» մատենաշարով լույս տեսավ ժամանակակից արձակագիր Արմինե Գաբրիելյանի պատմվածքների անդրանիկ՝ «Շուշաններ» ժողովածուն։ Հեղինակի հետ զրուցել ենք նրա ստեղծագործությունների, գրական աշխարհընկալման և հայ գրականությանն առնչվող այլ հարցերի շուրջ։
- Արմինե՛, Ձեր պատմվածքները ինչպես իրենց փոքրիկ ծավալով, այնպես էլ սյուժեի՝ հաճախ ոչ դասական կառուցվածքով ասես ուրվանկարներ հիշեցնեն, որոնք, սակայն, մեկիկ-մեկիկ իրար հյուսվելով՝ հետզհետե ստեղծում են մի ընդհանուր գեղարվեստական պատկեր՝ թերևս ընթերցողին առավելաբար զգացողություններ և ոչ թե ուղիղ բանաձևումներ մատուցելով։ Սա ճի՞շտ ընկալում է, և եթե այո, ո՞րն է գրական այդ «հնարքի» նպատակը կամ գուցե պատճառը։
- Կարծում եմ, որ հայ գրականության մեջ ուղիղ կերպով մարդուն դաստիարակելու, հայրենասիրությամբ տոգորելու միտումները մնացել են անցյալ և նախանցյալ դարերում։ Ընթերցողը հիմա այլ բան է ակնկալում։ Ուզում է ինքն իրեն տեսնել գրքերում, հուզվել, տխրել, ուրախանալ, զայրանալ, երբեմն հեգնել իրեն ու իր աշխարհը։ Ես էլ հենց գրում եմ այնպես, ինչպես որ տեսնում եմ ինձ ու իմ շրջապատի մարդկանց։
- «Ի՞նչ են ուզում կանայք»․ հաճախ հումորով հնչող այս հայտնի հռետորական հարցին Ձեր հերոսուհիները կարծես խիստ որոշակի պատասխան են տալիս՝ ապրել հարազատների սիրո ու ջերմության մեջ և նույն այդ սերը պարգևել նրանց՝ եղբորը, ամուսնուն, զավակներին, թոռներին։ Բայց միևնույն ժամանակ նրանք բոլորը, ողբերգականորեն, մի ցավ ունեն իրենց սրտում, կա՛մ կորստի ցավ, կա՛մ չիրականացված երազանքի․․․
- Այո՛, իմ հերոսուհիները սիրում են բոլորին և այդ սիրով ու հոգատարությամբ ծածկում իրենց բաժին ընկած ցավն ու տխրությունը․ մեկի համար դա պատերազմի արհավիրքն է, մյուսի համար՝ կորցրած սիրո, առողջության, հայրենի տան։ Կենցաղային մանր ու մեծ հոգսերով տարված՝ նրանք ջերմությամբ են ողողում իրենց աշխարհն ու երջանկություն են փնտրում, թեպետ, ինչպես իրավամբ նկատեցիք, ամեն մեկն էլ մի ցավ ունի իր սրտում։
- Կանանց, կամ կարելի է անգամ ասել՝ մայրերի մասին գրելը Ձեր որդեգրած գրական առաքելությո՞ւնն է, թե՞ միայն այս ժողովածուի բնույթը։
- Չգիտեմ ինչի մասին կգրեմ հետագայում, բայց կգրեմ թերևս կնոջ տեսանկյունից, նրա նուրբ հոգեաշխարհի պատուհանից։
- Ի՞նչ թեմաներ, հիմնահարցեր կան մեր ժամանակներում, որոնց անդրադարձը կուզենայիք տեսնել արդի հայ գրականության մեջ, բայց չեք գտնում կամ քիչ եք նկատում։
- Մի անգամ էլ եմ մեջբերել Խորենացու խոսքը՝ այնքան բաներ կան գրելու և հիշատակելու արժանի, մանավանդ հիմա՝ արտագաղթ, հիվանդություններ, դրսից ու ներսից պատառոտվող երկիր, կորսվող հույսեր, արագ փոփոխվող ու միևնույն ժամանակ անտարբեր աշխարհ, և մարդիկ, որոնք երջանիկ լինելու հավատ ունեն։ Մեր սերունդը կարծես անցյալից մնացած հիշատակների, ներկայի ու ապագայի մի հանրագումար լինի, ու ինչի մասին էլ գրենք, ո՛չ ավելորդ է, ո՛չ սխալ։
- Դուք նաև հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի եք։ Դպրոցներում դասավանդող բանասերները հաճախ են դժգոհում դասագրքերի որակից, բովանդակությունից։ Եթե ինքներդ հնարավորություն ունենայիք, ասենք, հայ գրականության դասագիրք հեղինակելու, ի՞նչ փոփոխություններ կկատարեիք՝ թե՛ հեղինակների կամ նրանց ստեղծագործությունների ընտրության առումով և թե՛ գրականության «մեկնության», վերլուծության։
- Պիտի երեխային ուղղորդենք մեկնությունն ու վերլուծությունն ինքնուրույն անելու։ Ոչ թե դիպաշարը մեկիկ-մեկիկ ամենայն մանրամասնություններով պատմել տանք, այլ մղենք մտածելու, եզրահանգումներ անելու, կարևորը անկարևորից տարբերելու, հերոսների արարքները քննարկելու և այլն։ Այսինքն՝ պատրաստի վերլուծություններ աշակերտին հրամցնելու կարիք բոլորովին չկա։ Այլ բան է մատուցվող նյութը։ Իհարկե, կուզեի շատ տեղ հատկացվեր նաև համաշխարհային և հայ գրականության ժամանակակից լավագույն հեղինակներին։ Ոչ թե ազգային դասականների հաշվին, ինչպես որ թյուրըմբռմամբ ուսուցիչների մի ամբողջ բանակ հանեց արդի գրականության դեմ, այլ լրացուցիչ, արտադասարանային ընթերցանությունների միջոցով։ Նոր չափորորշիչներն այսօր ուսուցչին տալիս են այդ հնարավորությունը՝ մի քանի դասաժամով ուսումնասիրել ու նոր, այլ հեղինակների։ Աշակերտն ունի այդ թարմ շնչի կարիքը։ Բայց ուսուցիչը որքա՞ն է պատրաստ դրան։ Երկարեց խոսքս։ Ինչպես վերևում ասացի, մենք հնի ու նորի մի յուրատեսակ հանրագումար սերունդ ենք։ Պիտի գլուխ հանենք։
- Գրողներ կան, որ սիրում են գրական անցուդարձի մեջ լինել, գրական պրոցեսի ակտիվ մասնակից։ Եվ կան հեղինակներ էլ, որոնք առանձնությունն են նախընտրում․ ստեղծագործում են «մեկուսի» և հետո մի օր գիրք հրատարակում։ Սա, իհարկե, մոտեցման, բնավորության հարց է։ Երբեմն էլ օբյեկտիվ պատճառներ է ունենում։ Դուք Ձեզ ավելի ո՞ր խմբում եք տեսնում։
- Ես գրական անցուդարձերի ակտիվ մասնակից չեմ՝ պայմանավորված խառնվածքովս և անձնական ու աշխատանքային ծանրաբեռնվածությամբ։ Մասնակցում եմ միայն ընկերներիս գրքերի շնորհանդեսներին։ Սակայն համացանցային լայն հնարավորությունների միջոցով աշխատում եմ գտնել, ձեռք բերել նոր հրատարակված գրքերը, բաց չթողնել գրական ոչ մի նոր անուն։ Սիրում եմ մայրաքաղաքից ու աղմուկից հեռու իմ տունը, որ ստեղծագործելու լավագույն վայրն է ինձ համար։
- Թեև գիրքը դեռ նոր է լույս տեսել, սակայն կա՞ն արդեն արձագանքներ և ի՞նչ նոր մտածումներ են առաջ բերում դրանք։
Հիմնական ընթերցողներս կանայք են, որոնք հատկապես Շուշաններին են հավանել։ Կարելի է ենթադրել, որ կանանց դուր է գալիս զուտ կանացի գրականությունը։