Լրացավ 20-րդ դարի երկրորդ կեսի հայ արձակի ամենանշանավոր դեմքերից մեկի՝ Զորայր Խալափյանի(1933-2008) ծննդյան 90-ամյակը: Սիրված գրողը հեղինակել է «Հեղեղ»(1963), «Որտե՞ղ էիր մարդ աստծո»(1966), «Եվ վերադարձնելով Ձեր դիմանկարը»(1971), «Մեռնող հառնող»(1975), «Միջնաշեն»(1991), «Վասիլ Մեծ. կայսր Բյուզանդիայի կամ կճուճների թագավոր»(1995), «Արա Գեղեցիկ և Շամիրամ»(1998) նշանավոր վեպերը, նաև պատմվածքներ ու պիեսներ: Զորայր Խալափյանի «Որտե՞ղ էիր մարդ աստծո» վեպի հիման վրա նկարահանվել է հայկական առաջին բազմասերիանոց համանուն ֆիլմը(1992): Նրա մեկ այլ ստեղծագործության՝ «Թթենին» պատմվածքի հիման վրա նկարահանվել է համանուն կարճամետրաժ ֆիլմը: Արձակագրի ստեղծագործություններն իրենց թեմաներով ու գաղափարներով, հետաքրքիր դիպաշարերով, լիարյուն կերպարներով, իրականության ճշմարտացի պատկերներով այսօր էլ արդիական ու հետաքրքիր են: Նրա ստեղծագործություններում արտացոլվել են խորհրդահայ մտավորականների կյանքը, հայ ժողովրդի պատմության դրվագներ, Արցախի ճակատագրի անդրադարձներ, առասպելաբանական սյուժեներ և այլն: Art365-ը ներկայացնում է սիրված արձակագրի, Գենադի Մելքանյանի 1979 թ. նկարահանած ֆիլմով հայտնի «Թթենին» պատմվածքը՝ մարդկային հարաբերությունների նրբությունների, փոքրիկ հարցերի շուրջ ծավալվող մեծ բախումների, նաև վեհության, տղամարդկային համերաշխության և հայրության դժվարությունների մասին:
ԹԹԵՆԻՆ
Բակերը բաժանող ցանկապատի մեջ աճել էր մի վիթխարի թթենի, ճյուղերը տարածել, հով էր անում հարևանների բակերին:
Աշնանը, ձմռանը և գարնանը ծառը բոլորինն էր: Միայն ամռանը, երբ քաղցրանում էին պտուղները` սկսվում էին վեճերը:
Գասպարի հինգ տղաները հունիսի սկզբներից մինչև հուլիսի վերջը, այսինքն մինչև բերքավարտը, ծառից չէին իջնում:
Մյուս հարևանը` Սամսոնը ուներ երեք աղջիկ, սրանք միայն ցածր ճյուղերից էին թութ ուտում: Հենց փորձում էին ծառն ելնել`
Գասպարի տղաները ծեծում հեռացնում էին:
Սամսոնը պնդում էր, որ ծառը ինքն է տնկել, իսկ Գասպարը ասում էր, թե ծառ տնկողը ինքն է, չնայած թթենին այնքան
մեծ էր և արմատները այնքան էին հեռուն գնում երկուսի էլ անցյալում, որ նրանցից ոչ մեկը ճշգրտորեն չէր հիշում, թե
իրենց մանկության ժամանակ ում էր պատկանում թթենին:
Մի անգամ որոշել էին՝ Սամսոնինն է, ապա վիճարկվել էր որոշումը, ծառն անցել էր Գասպարին, մի քանի տարի անց`
կրկին Սամսոնին: Իսկ հիմա մնում էր անորոշ, հոյակապ, մեծահոգի, անտարբեր, թևերը հավասար տարածած
թե մեկ թե մյուս բակերի վրա: Հավասար ստվեր էր տալիս, հավասար հով էր տալիս, հավասար թութ թափում
երկու բակերի հավերի համար: Միայն նեքևում մարդիկ շարունակում էին լուրջ ու անլուրջ վիճել: Սամսոնը ոչխար էր գնել, տարավ պարտեզում ծառերի տակ կապելու, տեսավ Գասպարի տղաները կրկին թառել են թութ են
ուտում, իսկ իր երեք աղջիկները խեղճ-խեղճ ձեռք են մեկնում ցածի ճղներին:
-Բարձրացեք մեր ծառից թութ կերեք, - ասաց աղջիկների հայրը, - ինչո՞ւ եք խակերը պոկում:
-Չեն թողնում, - բողոքեցին աղջիկները:
-Գոնե թափ տվեք, մերոնք էլ օգտվեն, - ներքևից վերև նայելով ասաց Սամսոնը: - Մանավանդ ծառը մերն է:
-Ծառը մերն է, - աղմկեցին միանգամից հինգն էլ, - ինչո՞ւ է մանավանդ ծառը ձերը:
-Այ երեխեք ջան, ծառը մեր լինելը` մերն է, չեմ ուզում ուղղակի գլուխ դնել: Կերեք ինչքան ուզում եք, ո՞վ է բան ասողը:
Բայց մեր երեխաներին էլ թողեք ուտեն, վատ բան հո չասացի՞:
Հին, ամառից ամառ, սերնդից սերունդ բորբոքվող վեճն էր:
- Կթողնենք, բայց ծառը ձերը չի: Թող բարձրանան մեր ծառը` ինչքան ուզում են ուտեն,- ասաց տղաներից ավագը: - Ուզում եք` մեր ծառը հենց հիմա թափ տանք բոլորդ էլ կերեք, - ասաց մյուսը: - Վատ բան հո չասացի՞:- Ծառը մերն է, - ասաց ամենակրտսերը, - աճել- աճել թեքվել է մեր կողմը: Արի ու մի թիզ երեխայի հետ գլուխ դիր:
- Դուք դեռ ծնված չէիք, որ ծառը մեր կողմ էր թեքվել, - ասաց Սամսոնը: Ոչխարը կապեց, մոտեցավ թթենուն:
- Իջեք, - ասաց նա բարկացած, - իջեք, թե չէ հիմա…Գասպարի տղաները ծառից ցատկոտեցին իրենց պարտեզ, փախան:
- Հայրիկիս ասեմ` ականջդ կտրի, - սպառնագին կանչեց ամենակրտսերը` հազիվ պահելով ցած սահող վարտիքը:
- Դե փախիր,- հարձակողական կեղծ շարժումներ արեց Սամսոնը, երեխաները ավելի հեռու վազեցին: Հասան իրենց տան շեմը, ետ նայեցին: Հարևանի աղջիկները խաղում էին ոչխարի հետ:
- Բաաա, բառաչեց ոչխարը:
- Բաաա,- միաձայն ձայնակցեցին եղբայրները, ծաղրելով հարևանի աղջիկներին:
Սամսոնը հսկայատիպ մի մարդ էր, իսկ Գասպարը` հակառակը, նիհար, բարալիկ, մանր աչքերով տղամարդ էր: Տղաները բոլորը հոր կտորն էին` նույն դիմագծերը, նույն աչքերը, միայն բեղերն էր պակաս: - Հայրիկ, թթենին մե՞րն է, թե՞ Սամսոն քեռունը:
- Թթենին մերն է, քանի եմ ասել:
- Հայրիկ, - ասաց ամենակրտսերը, Սամսոնի ականջը ինչո՞ւ չես կտրում, հը՞: Կկտրե՞ս:Հինգն էլ վստահ էին, չէին կասկածում,
որ իրենց հայրը ինչ ցանկանա` կկատարի: Սամսոնը երևի սարսափելի վախենում էր իրենց հայրիկից:
- Հայրիկը, որ ուզենա, Սամսոն քեռուն մի ձեռքով կբարձրացնի, - ասաց միջնեկը:- Հա, - հիացավ ամենափոքրը: - Հացներդ կերեք, - հրամայեց հայրը այնպիսի ձայնով, որ տղաները համարյա տեսան. հայրը կանգնել է խրոխտ, աջ ձեռքը վերև պարզած, իսկ օդում թփրտում է հսկայական Սամսոն քեռին: Առավոտյան Սամսոնն ու Գասպարը հանդիպեցին ցանկապատի մոտ, բարևեցին:
- Ոչխար ես առել. – ասաց Գասպարը:- -Հա, քրդից մի ոչխար առա: Աշնանը կմորթենք ղավուրմի համար: Թող ծառերի տակ իր համար արածի:
- Խելոք բան ես մտածել:
- Ծառս ջարդեցին, ախար տղաներդ:
- Քո որ ծառը, ես դրանց…Բա ինչո՞ւ չես ասել:
- Թթենին:- Մե՞ր թթենին: Սամսոն ջան, հազար անգամ եմ ասել, չեն լսում լակոտները: Բա մարդ իր ունեցածը կփչացնի՞: Աղջիկներիդ ասա բարձրանան, թութ ուտեն, ինչո՞ւ են տակերինը պճկորտում: Գասպարը իր տրամաբանությամբ Սամսոնին կաշկանդել էր:Սամսոնը որոշեց նույն ոճով տրամաբանել, առանց նուրբ
շրջանցումների միանգամից դիմեց խոսակցության բուն էությանը:
- Այդ ո՞ր օրից է թթենին ձերը, չհասկացանք, - ասաց նա, - որ դու էլ դեռ պատիվ ես անում: - Ամբողջ աշխարհը գիտի, Սամսոն, մենք էլ հո երեխաներ չենք, որ վիճենք: Թութ ես ուզում` կե՛ր ինչքան ուզում ես: Ահա, ծառի այս կեսը լրիվ ձեզ լինի:Սամսոնը ներքին ուրիշ դժկամություն էլ ուներ Գասպարի նկատմամբ. ինքն այդքան հուժկու, աժդահա մի տղամարդ` միայն աղջիկներ ունեցավ, երկչոտ թույլ արարածներ: Իսկ Գասպարը` միսուոսկոր, տաս կիլո քաշ չունի, բայց հինգ տղաներ` հանդուգն, ճարպիկ, լեզվանի երեխաներ:
-Թե տղաներիցդ մեկին ծառին տեսա` չնեղանաս: Թևից բռնեմ այնպես շպրտեմ, որ…
- Դու էլ քո ուժով զարմացրիր… Լավ, հասկացանք, ուժով ես, - դեպի բակի դուռը գնալով, բարձր-բարձր խոսում էր Գասպարը, - ուժով ես, հա փիղ ես… պահ:
Տղաները իրենց պատշգամբից լսում և հրճվում էին:
- Բաաա, - խմբով բղավեցին նրանք և քրքնջացին:Սամսոնն էլ իր աշխատանքին գնաց, մնաց թթենին երկու բակի միջև: Գասպարի տղաները իսկույն թռան, ելան վեր, թառեցին սատանաների նման, թութ էին ուտում, իրար հետ զրուցում, ծիծաղում: Իսկ Սամսոնի աղջիկները միայն ցածի ճղների խակերն էին պոկոտում:
- Ուզու՞մ եք` մեր թթենին թափ տամ, կերեք:
- Թթենին մերն է, - բղավում էին աղջիկները, տղաները վերևում ծիծաղից թուլանում էին:
- Ձերն է, ինչո՞ւ չեք բարձրանում ուտում:
Երեկոյան կողմ Սամսոնը աշխատանքից վերադարձավ, բակի դուռը բացավ թե չէ` Գասպարի տղաները ամեն մեկն իր ճղից թռավ ներքև, փախավ: Բայց դեմն ելած հորը տեսնելով, սրտապնդված կանգ առան: Սամսոնը իր բակի դռնից առաջ եկավ, Գասպարը` իր, մնացին դեմ-դիմաց:
- Հայրիկ, - հուզված գոռգոռաց ամենափոքրիկը, - նրա կանջը կտրիր, ականջը կտրիր…
Գասպարն ասաց Սամսոնին.
- Ի՞նչ է պատահել, հարևան:
- Դու էլ իբր չես իմանում, - ձայնը միանգամից բարձրացրեց Սամսոնը: Նրա թիկունքում վախից կուչ էին եկել աղջիկները:
- Քեզ հիմարի տեղ ես դրել:Ուրեմն, Սամսոնը վիրավորեց Գասպարին: Երեխաները կարկամել, սպասում էին թե ինչ պիտի լինի: Հիմա երևի իրենց հայրը Սամսոնին սպանի, մտածում էին տղաները: Եվ Գասպարը հասկանում էր տղաների միտքը:
- Դա ի՜նչ խոսք էր, - գոռաց նա, սակայն ձայնը իր ուզածից ցածր ստացվեց:
- Դա ի՜նչ խոսք էր, ասում եմ: Աղջիկները փախան տուն, դուռը փակեցին, այնքան վախելու էր Գասպար քեռու ձայնը: Իսկ տղաները ուրախ քրքնջացին:
- Հայրիկ, - հայրիկ, նրան մի ձեռքով բարձրացրու…
- Ներողություն խնդրիր, - դեմքը սպառանգին խոժոռելով, ասաց Գասպարը, չգիտես ինչու` զույգ ձեռքերը կանթելով:
- Դե գնա, - արհամարհանքով նետեց Սամսոնը և շրջվեց նրանից:
- Ի՞նչ, - իբր խիստ զարմանալով` Գասպարը առաջ գնաց, չնայած զգում էր, որ անզգույշ է վարվում:Տղաները կարկամած սպասում էին, նրանց աչքերը ոգևորությունից փայլում էին: Գասպարը մոտենում էր Սամսոնին և աչքի տակով նայում մյուս հարևանների լուսամուտներին: Հակառակի պես ոչ մեկը ձայնը չէր լսում, դուրս չէին գալիս, որպեսզի կռվողներին բաժանեն: Գասպարը հույսը չկտրելով` գնում էր բարձր գոռգոռալով: Սակայն հարևանների դռները մնում էին փակ:Արդեն մոտեցել էր
Սամսոնին, միանգամից ձայնը իջեցրեց.
- Սամսոն, երեխեքի մոտ խայտառակ չանես, - շշնջաց ու հարվածեցՍամսոնի ականջին:
Սամսոնը անակնկալի եկած մնաց կանգնած: Գասպարը` վտիտ, հիսուն-վաթսուն կիլագրամանոց մի տղամարդ, պաղատական իրեն էր նայում: Մանր աչքերում այնքան աղերս կար: Հեռվում կանգնած էին նրա երեխաները` արևավառ,
ոտաբոբիկ, ջլապինդ, հինգ ճարպիկ տղաներ:
Սամսոնը նայեց տան կողմը, աղջիկները չկային: Կրկին նայեց Գասպարին:
- Թյու, - մի տեսակ գարշելով ասաց նա,- քո մարդ ասողի…, ու քիչ մտածելուց հետո ընկավ: Գասպարի դեմքին վախ ու խնդրանք, ժպիտ ու չգիտես էլ ինչեր խառնվել էին իրար: Բայց գոհ ու թեթևացած շունչ քաշեց, աչքի
տակով նայեց տղաներին, միանգամից դադարելով գոռգոռալ:
- Գնա, թե չէ… ասաց գետնին ընկածը, - շառդ քաշիր, ասացի…, - ապա ելավ, դժգոհ ու մռայլ, առանց ետ նայելու հեռացավ:Գասպարի տղաները շրջապատեցին իրենց հորը: Հայրը լուռ գնաց նրանց հետ, մտան տուն: Հափշտակաված, հայացքները հորից չէին կտրում:
- Չլինի-չիմանամ` մեկ էլ բարձրացել եք այդ ծառը, - ասաց հայրը:Երեխաները ապշեցին:
Հիմա, որ իրենց թվում էր` արդեն ուժի միջոցով ծառն ում պատկանելը…
- Ինչո՞ւ, ծառը մերը չի՞:Հայրը բացասաբար գլուխը շարժեց:
- Ծառն այսօրվանից հարևանինն է:Երեխաները չհասկացան նրան:
-Մեղկ է, ասաց ամենակրտսերը, - Սամսոն քեռին մեղկ է, ծառը տանք իրեն:
Հայրը գլխով արեց: Երեխաների դեմքը մի տեսակ հարթվեց, խաղաղվեց,դարձավ բարի ու գեղեցիկ:Մյուսը օրը տղաները հաղթողի մեծահոգությամբ կանգնել սպասում էին մինչև աղջիկները երևացին:
- Կթողնե՞ք բարձրանանք ձեր ծառը` թութ ուտելու, ասացին տղաները:Աղջիկները զարմացան: Հետո ժպտացին, երեքն էլ գլխով արին: